HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետը դժգոհ է Նորագավիթի մաքսատան տարածքի մաքրությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատյան մաքսատուն-վարչության մաքսային ձևակերպումների թիվ 2 բաժին, որն ավելի հայտնի է որպես Նորագավիթի մաքսատուն։

Այս մաքսատանն է տեղի ունենում ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը, և մեքենաները պահվում են այստեղ՝ մինչև մաքսազերծումը։

Փաշինյանը տեղում ծանոթացել է մաքսատան աշխատանքին ու պայմաններին, դժգոհել մաքրությունից։

Անգամ ձեռքով վերցրել է պատի վրայի սարդոստայնը, այն ցույց տվել մաքսատան աշխատակիցներին․«Սա խայտառակ կեղտոտ տարածք է, խայտառակ կեղտոտ տարածք»,- հավաքվածներին ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև մտել է աշխատասենյակներից մեկը, տեսել անկյունում դրված դրոշը և դուրս գալով՝ բարկացած նշել․ «Մարդը ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տեսնի՝ դրոշը կեղտոտ գցա՞ծ ա անկյունում։ Կազատեք բոլորին։ Մի մարդ չմնա այդ սենյակում աշխատած, մի մարդ չմնա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, ապա դիմել իր օգնական Նաիրի Սարգսյանին՝ հորդորելով հետևել այդ գործընթացին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, որը շրջայցի ընթացքում ուղեկցել է վարչապետին, փորձել է պարզաբանել ստեղծված իրավիճակը՝ ասելով, որ տարածքը վարձակալած է և չի պատկանում կոմիտեին։

«Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասո՞ւմ ենք՝ ոչինչ, խոզանոց ա, մերը չի, չե՞նք մաքրում էդ տունը, այդ պայմաններում պե՞տք է ապրենք, չե՞նք մաքրում: Այստեղ նայելու բան չկա, մի ամսից կգանք, կնայենք»,- ասել է վարչապետը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նորագավիթի մաքսատան տարածքը ՊԵԿ-ը 2012 թվականից վարձակալում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից։ Վերջինիս կոմիտեն ամսական փոխանցում է 3 միլիոն դրամ (տարեկան՝ 36 միլիոն դրամ)։ Վարձակալվող տարածքն ունի 4392 քմ մակերես։

2012 թվականին կնքած վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2017 թվականի մարտի 1-ին, սակայն ՊԵԿ-ը վարձակալության ժամկետը երկարացրել է ևս երեք տարով՝ մինչ 2020 թվականի մայիս։

Պայմանագրի ժամկետի ավարտին (2020 թվական) Շողերինա Մկրտչյանը վարձակալության համար ՊԵԿ-ից ստացած կլինի 324 միլիոն դրամ։

Ի դեպ, ՊԵԿ-ը գնումների հաշվետվողական համակարգում՝ armeps.am-ում, մաքսատան տարածքի վարձակալության վերջին պայմանագիրը հրապարակել է այս տարվա փետրվարին։ Այդ պայմանագրով կոմիտեն Շողերինա Մկրտչյանին մաքսատան՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսվա վարձակալության համար 3 միլիոն դրամ է փոխանցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter