
«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» միասի՞ն հանդես կգան ընտրություններում
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հույս հայտնեց, որ «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» միասին հանդես կգան առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Կա հասարակական պահանջ՝ այդ երկու ուժերը միասին տեսնելու»,- ասաց Խ. Քոքոբելյանը:
Բանախոսը նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ երկու քաղաքական ուժի համար դժվար չի լինի հաղաթահարել 5%-ի շեմը: Սակայն ԱԺ ընտրությունները չէ, որ քաղաքական ուժին պետք է մղեն պայքարի:
Խ. Քոքոբելյանը հայտնեց, որ ինքը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ըստ բանախոսի՝ «Ժառանգությունն» այն քաղաքական ուժն է, որը կարողացավ իրեն ճիշտ դրսևորել և պաշտպանել ժողովրդի շահերը: Իրենց միջև միշտ եղել է ակտիվ համագործակցություն, և կան գաղափարական բազմաթիվ ընդհանրություններ:
Երկու ուժերի համագործակցության հարցը վերջնական լուծում կստանա առաջիկա համագումարի ժամանակ, որը, Խ. Քոքոբելյանի խոսքերով, տեղի կունենա մարտի 2-ից 10 ընկած ժամանակահատվածում:
Խ.Քոքոբելյանի խոսքով՝ ընտրությունների ժամանակ իրենք իրենց հույսը դնում են ՀՀ այն քաղաքացիների վրա, որոնք իրենց հույսը կապում են ՀՀ-ի հետ, ուզում են այստեղ մնալ և ունենալ բարեկեցիկ կյանք:
Այժմ կա մեծ արտագաղթ, որորն ունի երկու հիմնական պատճառ՝ աշխատատեղերի և արդարության բացակայություն: Արտագաղթը նմանվում է «ներքին արյունահոսություն է»:
Բացի դրանից՝ տնտեսությունը «խայտառակ վիճակում է», այն պետք է ազատականացվի: Սակայն Հայաստանի հիմնական խնդիրների պատճառը Խ. Քոքոբելյանը համարում է ոչ անկախ դատական համակարգը: Նրա խոսքերով՝ ՀՀ ամենամեծ կապիտալը ՀՀ քաղաքացին է, սակայն ՀՀ-ում նա պաշտպանված չէ:
Խ. Քոքոբելյանն անհրաժեշտ է համարում համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ուզում են պայքարել այս խնդիրների դեմ, անգամ նրանց, որոնց հետ կան գաղափարական հակասություններ, բայց որոնց անցյալն «արատավոր չէ»:
Մեկնաբանել