
Ջրաշենի համայնքապետարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել
Մոտ 3 ամիս է՝ Արմավիրի մարզի Ջրաշենի համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Համայնքապետ Լևոն Վարդանյանի ասելով՝ համայնքապետարանի հաշիվներն արգելանքի տակ են դրվել պետեկամուտների կոմիտեի կողմից՝ 2017-2018թթ. աշխատավարձերի հետ կապված վճարները չկատարելու պատճառով:
Համայնքապետի խոսքերով՝ ՊԵԿ-ում հարուցվել է երկու վարույթ՝ մի դեպքում 600 հազար դրամի, մյուս դեպքում՝ 1 մլն 600 հազար դրամի չափով: Ընդհանուր պարտքը կազմում է մոտ 2 մլն 200 հազար դրամ, որի հետ կապված էլ հաշիվներն արգելանքի տակ են:
Լևոն Վարդանյանը պաշտոնը ստանձնել է 2019թ. հունվարի 8-ին և այդ օրվանից հաշիվները եղել են արգելանքի տակ: Հարկերը հավաքագրվում են և մոտք արվում, սակայն այդ գումարները ևս մնում են արգելանքի տակ, և հնարավոր չէ նույնիսկ հավաքագրածով աշխատավարձ վճարել:
«Այս պահին հաշվի ենք առնում առաջին անհրաժեշտության ծախսերը, որոնցից մեկը խմելու ջրի էլեկտրաէներգիայի ծախսերն են: Դա մի կերպ կարողանում ենք ապահովել»,-ասում է Լևոն Վարդանյանը:
Ջրաշենի ավագանին ուղիներ է փնտրում համայնքում առաջին անհրաժեշտության աշխատանքներն իրականացնելու համար, հակառակ դեպքում՝ գյուղում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Ավագանին մարտի 6-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ ճանապարհների առուների մաքրման աշխատանքներն առաջնային անհրաժեշտություն համարելու համար, սակայն, հաշվի առնելով, որ «համայնքապետարանի բոլոր հաշիվները կալանքի տակ են, որոշեց կատարված աշխատանքի դիմաց ներգրավված անձանց վճարել կանխիկ»:
Համայնքապետ Լևոն Վարդանյանն ասաց, որ այս վիճակը կշարունակվի ևս 1-2 ամիս:
Մեկնաբանել