HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Սարգսյանը գտնվում է Եվրոպայում, իսկ որդու՝ Հայկ Սարգսյանի սահմանահատումների արգելքը հանվեց

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը գտնվում է Եվրոպայում: Նրա որդին՝ Հայկ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ  հայրը Եվրոպա է մեկնել՝ հանգստանալու նպատակով: Լրագրողների հարցին՝ Ալեքսանդր  Սարգսյանը պատրաստվո՞ւմ է վերադառնալ Հայաստան, որդին դրական պատասխան տվեց, բայց նշեց, որ տեղյակ չէ՝ երբ է վերադառնալու:

Ալեքսանդր Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է, առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ: ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում քննիչը նրան թույլատրել է լքել Հայաստանը: Հայկ Սարգսյանը հայտնեց նաև, որ հայրը Չեխիայում հանդիպել է իր եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ, ով, հիշեցնենք, այնտեղ հայտնաբերվել էր «Ֆրանկլին Գոնսալես»-ի կեղծ անձնագրով:

Տևական ժամանակ է, լրատվամիջոցներով տեղեկություն է շրջանառվում, որ Նարեկ Սարգսյանը քաղաքական ապաստան է խնդրել Չեխիայից: Հայկ Սարգսյանն ասաց, թե նման տեղեկության ծանոթ չէ:

Այսօրվա դատական նիստին դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց Սարգսյանին վերադարձնել նրա անձնագիրն ու ոստիկանությանը հանձնարարել դադարեցնել նրա սահմանահատումների վրա դրված արգելքը:

Նման միջնորդություն ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանը, մեջբերելով Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումը, նշեց, որ անձի նկատմամբ գրավ կիրառելու պարագայում վերանում է անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ պահելու հիմքը, նման պարագայում վերանում է նաև նրա սահմանահատումների վրա արգելք դնելու հիմքերը:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն առարկեց միջնորդության դեմ՝ հիշեցնելով, որ Հայկ Սարգսյանն իրեն մեղադրանք առաջադրելուց հետո որոշել է լքել Հայաստանի սահմանը: Մեղադրողը նշեց նաև, որ կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վերադարձվում է,  երբ քրեական հետապնդումը դադարեցվում է նրանց նկատմամբ:

Մեղադրողը նշեց նաև, որ չի բացառվում՝ Սարգսյանը խուսափի գործի քննությունից:

Պաշպան Երեմ Սարգսյանն արձագանքելով դատախազ Աբգար Առաքելյանին՝ նշեց, որ թեև նա քաջ տիրապետելով օրենսդրական նորմերին՝ դրանք փորձում է խեղաթյուրել: Ըստ Սարգսյանի՝ սահմանադրական դատարանը հստակ նշել է, որ եթե անձի նկատմամբ ընտրված չէ ստորագրություն, վարույթ իրականացնող մարմինը նրա անձնագիրը չի կարող վերցնել: Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին բերման ենթարկելուն, ապա, ըստ Երեմ Սարգսյանի, այդ որոշումն իրավաչափ չի եղել. Սարգսյանն այդ ժամանակ չի ծանուցվել վարույթն իրականանցնող մարմնին ներկայանալու համար:

«Այսինքն՝ եթե մարդն անձնական գործերի բերումով ցանկանում է  դուրս  գալ հանրապետությունից,  բայց բերման է ենթարկվում, դա խարա՞ն է»,- հարցրեց Երեմ Սարգսյանը:

Դատարանը պաշտանի միջնորդությունը բավարարելու որոշումը հրապարակելիս նշեց, որ Հայկ Սարգսյանի՝ գործի քննությանը չխոչընդոտելու համար երաշխիք կհանդիսանա նրա կողմից նախկինում վճարված գրավը, իսկ եթե նաՀ խախտի գրավի  պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով:

Նշենք, որ Հայկ Սարգսյանը նախաքննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, ապա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց:

Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած  ենթադրյալ սպանության փորձի  ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ: Նրա դեմ ցուցմունք տված անձը՝ Դավիթ Սիմոնյանը մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ներկայանում էր իբրև նրա ընկեր: Սիմոնյանն, ով հայտնի է «Կենտրոնի կյաժ» մականունով, մշտապես մասնակցում էր Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներին այն ընտրատեղամասում, որտեղ քվերկում են  Ալեքսանդր Սարգսյանն ու վերջինիս ընտանիքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter