HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Անանյանը խոստանում է հանձնարարել ՀԴՄ-ների ձեռք բերման գործընթացն ուսումնասիրել

Կառավարության այսօրվա նիստի ավարտին պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԴՄ սարքերի ձեռք բերման արժեքին և ՊԵԿ-ի կողմից սարքերի գնման պայմանագրերը «Հետք»-ին չտրամադրելու հարցին։

Հիշեցնենք, որ մեր ունեցած տվյալներով՝ ՊԵԿ-ը ՀԴՄ նոր սարքերը վաճառել է ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով:

«Ես այդպիսի քննություն չեմ կատարել, որ հերքեմ կամ չհերքեմ։ Չունեմ տեղեկություն, որ այդպիսի առերևույթ հանցագործություն է տեղի ունեցել, որպեսզի քննության ենթակա առարկա դարձնեմ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին պատասխանել է Դավիթ Անանյանը, այնուհետև ավելացրել, որ կհանձնարարի՝ «մի հատ տեսնեն՝ կա օրինակ հանցագործության կատարման վերաբերյալ հայտարարություն տալու անհրաժեշտություն»։

Հիշեցնենք, որ սարքերի ձեռք բերման գինը ներկայացնող պայմանագրերը ՊԵԿ-ը երեկ հրաժարվեց տրամադրել՝ համարելով դա պետական և ծառայողական գաղտնիք։

Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը

ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել»

Թեմայի վերաբերյալ այսօր Դավիթ Անանյանին հարցեր է ուղղել «Ազատություն» ռադիոկայանը։ Լրատվամիջոցի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հարց ու պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ.

«Ազատություն» - «Հետք» պարբերականը գրեց ՀԴՄ սարքերի հետ կապված, որ ՊԵԿ-ը փաստորեն ինքնարժեքից 70% ավել գնով է վաճառել ՀԴՄ սարքերը։ Այնուհետև խնդրել են Ձեզ հրապարակել իրական գնման գինը, դուք հրաժարվում եք։

Դավիթ Անանյան - Չենք հրաժարվել, տրամադրել ենք։ Գրավոր տեղեկատվություն ենք տրամադրել:

«Ազատություն» - Ըստ որի` այդ գնի տրամադրումը կապ ունի ազգային անվտանգության հետ, և փաստորեն հրաժարվում եք «Հետք»-ին տրամադրել, թե որքանով եք չինական այդ ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել։ Ինչու՞ էր ՊԵԿ-ը 70% ինքնարժեքից բարձր վաճառում, և ինչու՞ եք հրաժարվում, ըստ «Հետք»-ի, իրենց տրամադրել գինը՝ որքանով է Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերել այդ սարքավորումները։

Դավիթ Անանյան - Դուք ասեցիք տեղեկատվություն, որը ես չեմ հաստատում։ Տեղեկատվության հիման վրա տվեցիք մի քանի հարց, որին պատասխանել չեմ կարող, որովհետև ես չեմ կարող ասել` ինչու ենք այդպիսի որոշումներ կայացրել, որովհետև Ձեր հարցի նախաբանում կար չճշտված տեղեկատվություն։ Ես Ձեզ ասում եմ հետևյալը՝ միջին ինքնարժեքը մենք ձեռք ենք բերել տարիներ առաջ երկու կազմակերպություններից։ Կազմակերպություններից ձեռք բերման գործընթացը գաղտնի է, որովհետև  գաղտնի որոշումներով է եղել։ Կա այդպիսի տեղեկատվության մի ծավալ, որը հրապարակել չենք կարող։ Բայց մենք ասել ենք, որ դրա միջին ինքնարժեքը երկուսը իրար հետ կազմել է 158 հազար դրամ։ Հիմա որտեղի՞ց են իրենք վերցրել, որ 70% ցածր է, ես չգիտեմ։ Ես հերքում եմ, որ նման տեղեկատվություն ենք տվել։

«Ազատություն» - Հարցը հետևյալն է, որ ՀԴՄ սարքերը 70% ինքնարժեքից ավելի թանկ գնով են առաջարկվել։

Դավիթ Անանյան - Ի՞նչը հերքեմ։

«Ազատություն» - Համապաստախանու՞մ է իրականությանը:

Դավիթ Անանյան - Ես այդպիսի քննություն չեմ կատարել, որ հերքեմ կամ չհերքեմ։ Չունեմ տեղեկություն, որ այդպիսի առերևույթ հանցագործություն է տեղի ունեցել, որպեսզի քննության ենթակա առարկա դարձնեմ։

«Ազատություն» - Պարոն Անանյան, հանձնարարելու՞ եք ուսումնասիրել այս տեղեկությունը՝ արդյոք ինքնարժեքից 70% բարձր գնով է ՀԴՄ սարքերը վաճառվել։

Դավիթ Անանյան - Չկա նման տեղեկատվություն։ Այդ տեղեկությունը լրատվության կողմից տարածված տեղեկատվություն է։ Ես կարող եմ խոստանալ, որ մեկ անգամ ևս կհանձնարարեմ, որ մի հատ տեսնեն՝ կա օրինակ հանցագործության կատարման վերաբերյալ հայտարարություն տալու անհրաժեշտություն։

Տեսանյութը՝ 12-երորդ րոպեից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter