HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը

Փետրվարի 5-ին կառավարությունը հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կվաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն: 100 հազար դրամը, ըստ կառավարության, կսուբսիդավորի պետությունը։ Ըստ ՊԵԿ-ի՝ նախկին գինը՝ 160 հազար դրամը, սարքի գրեթե ինքնարժեքն էր։

«Հետք»-ը պարզել է, սակայն, որ նոր մոդելի ՀԴՄ-ների ինքնարժեքը մոտ 90 հազար դրամ է։

Պարզել ենք նաև, որ այդ ՀԴՄ-ները ձեռք են բերվել չինական մի ընկերությունից, որի հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունների սեփականատերերը առնչվում են վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% թանկ։

ՊԵԿ-ը գաղտնի է պահում ՀԴՄ-ների գնման պայմանագրերը

Հարկային նոր օրենսգրքով բոլոր տնտեսվարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու վերջնաժամկետը սահմանվել էր 2019թ. հունվարի 1-ը։ Բոլոր հարկ վճարողների համար սահմանվել էր իրացման նույն գինը՝ 160 հազար դրամ՝ ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի 2018թ. տարեսկզբի հրամանով։

Այսինքն՝ 2018թ. ընթացքում ՀԴՄ-ները 160 հազար դրամով արդեն իսկ իրացվել են այն տնտեսվարողներին, որոնք 2017թ. արդյունքներով (կախված տարվա իրացման չափերից) պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներ ունենային, իսկ 2019թ. հունվարի 1-ից դրանք պարտադիր պետք է դառնային բոլոր հարկ վճարողների համար։

ՀԴՄ-ների գինը տնտեսվարողների համար նվազեց 2019 թ.-ի փետրվարի 5-ին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ Նույն օրը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաման ստորագրեց, որով նոր սերնդի ՀԴՄ-ի իրացման արժեքը սահմանվեց 60 հազար դրամ։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը սարքերը 60 հազար դարձնելու իր հրամանից մոտ մեկ ամիս առաջ լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի՝ Վարդան Հարությունյանի սահմանած 160 հազար դրամը գրեթե սարքի ինքնարժեքն է։

«Մեքենան, որը ներմուծվել է, նրա ինքնարժեքը կազմել է 158 հազար դրամ, վաճառքի գինը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով սահմանվել է 160 հազար դրամ, գրեթե այնքան, ինչքան ինքնարժեքն է»,- ասել էր Դավիթ Անանյանը։

Այն, որ 160 հազար դրամը սարքի գրեթե ինքնարժեքն է, նաև հրապարկված էր ՊԵԿ-ի կայքում՝ մինչև դրանց գինը 60 հազար դրամ դարձնելը։

«Երևան տոնավաճառ»-ում հարցումներ կատարեցինք՝ պարզելու, թե տաղավարներում առևտրով զբաղվողները ինչ մոդելի սարքեր են ձեռք բերել 2019թ. հունվարին։ Պարզվեց, որ նրանց գնած նոր սերնդի ՀԴՄ-ները «PAX S900» մոդելի են։

«Հետք»-ը Պետական եկամուտների կոմիտեից հարցումով տեղեկացավ, որ «PAX S900» ՀԴՄ-ները ներկրվել են չինական «Պաքս Թեքնոլոջի» (PAX Technology) ընկերությունից։ Հարցրել էինք նաև սարքի ինքնարժեքը, սակայն ՊԵԿ-ը «PAX S900»-ի ձեռքբերման հստակ արժեք չտրամադրեց՝ նշելով գների միջակայք՝ 110 հազար 247 դրամ - 150 հազար 445 դրամ։ 

«Հետք»-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեին նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը ստանալու համար։ Սակայն կոմիտեն հրաժարվեց տրամադրել՝ պատճառաբանելով, որ մատակարարող կազմակերպությունների ընտրության և գնման ընթացակարգերը սահմանվել են կառավարության գաղտնի որոշումներով և ենթակա չեն բացահայտման։

ՊԵԿ-ը պետական գնման պայմանագիրը համարում է բացահայտման ոչ ենթակա տեղեկատվություն։ Մենք ՊԵԿ-ին առաջարկել էինք փոխանցել պայմանագրերը՝ փակելով առևտրային գաղտնիք համարվող տողերը, սակայն նույնիսկ այս դեպքում հարկային մարմինը չի տրամադրում ՀԴՄ-ների ձեռք բերման պայմանագրերը։

Նշենք, որ ֆինանսների նախարարության գնումների հաշվետվողականության համակարգում (armeps.am) հրապարակված են պետական տարբեր մարմինների և օտարերկրյա ընկերությունների միջև կնքված բազմաթիվ պայմանագրեր, դրանք գաղտնի չեն պահվում։

«Վրացի գործարարն» օգնեց պարզել սարքի ինքնարժեքը

«Հետք»-ը վրացի գործարարի անունից նամակ գրեց չինական «PAX Technology» ընկերության գլխամասային գրասենյակին՝ տեղեկացնելով, որ ցանկանում է այդ սարքերից ներկրել անմիջապես ընկերությունից և խնդրեց հայտնել «PAX S900»-ի արժեքը։

Ընկերությունից նախ ճշտեցին, թե ինչ քանակի ՀԴՄ-ներ է ուզում ներկրել վրացի գործարարը՝ տեղեկացնելով, որ «գինը կախված է քանակից»։ Մեր պատասխանում փոքր խմբաքանակ նշեցինք՝ 150-200 հատ, և պարզվեց, որ սարքն այս դեպքում արժե 185 ԱՄՆ դոլար (մոտ 90 հազար դրամ)։

Ընկերությունից ճշտեցինք նաև, որ գինը ներառում է նաև փոխադրման գումարը։

Նշենք, որ ՊԵԿ-ի «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը» այս սարքերից ներկրել է ավելի մեծ խմբաքանակով, և պետական գնման պարագայում վստահաբար կարող էր նաև 185 դոլարից ցածր գնով ձեռք բերել։

Ընկերության հետ ունեցած այս նամակագրությունից հետո մեզ այլ բան չի մնում ենթադրել, քան այն, որ ՊԵԿ-ը չի տրամադրում պայմանագրերը, որպեսզի չբացահայտվի սարքի ձեռքբերման իրական արժեքը։

Կառավարությունն իրականում սուբսիդիա չի տրամադրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո, երբ նոր սերնդի ՀԴՄ-ների գինը հայտարարվեց 60 հազար դրամ, կառավարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարեց, որ սարքի արժեքի մնացած 100 հազար դրամը կսուբսիդավորվի «պետության կողմից»։

Հայտարարությունում նշված էր նաև, որ այն տնտեսվարողները, ովքեր հունվար ամսին արդեն իսկ գնել էին ՀԴՄ-ները 160 հազար դրամով, հետ կստանան իրենց վճարած 100 հազար դրամը։

Սակայն չկար կառավարության որոշում, որի հիմքով՝ պետբյուջեից տրամադրվելու էր նշված 100 հազար դրամ սուբսիդավորումը։

«Հետք»-ը գրավոր տարբերակով հարցրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, թե իրավական ի՞նչ ակտի հիման վրա է որոշվել տրամադրել սուբսիդավորումը։ Բացի այդ, հարցրել էինք նաև, թե որտեղի՞ց է հատկացվելու սուբսիդավորման գումարը:

ՊԵԿ-ի պատասխանը, որը ստացել ենք կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հակասում է կառավարության պատասխանին։ Ըստ ՊԵԿ-ի՝ «լրացուցիչ սուբսիդավորման անհրաժեշտություն» չկա, քանի որ ՀԴՄ-ների ձեռքբերման գումարն ամբողջությամբ վճարվել է մատակարարներին։

Ստացվում է՝ սարքերի գնի 100 հազար դրամը չի սուբսիդավորվել, ինչպես հայտնել էր կառավարությունը։ Եթե սարքերի մատակարարներին ամբողջ գումարն արդեն իսկ վճարվել է, նշանակում է՝ դրանք 160 հազար դրամով վաճառելու դեպքում ՊԵԿ-ի «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը» ոչ թե հոգալու էր իր կատարած ծախսերը, այլ լրացուցիչ շահույթ էր ապահովելու։ Ենթադրվում է՝ ՊԵԿ-ը նվազեցրել է սարքերի գինը՝ նախկինում կուտակած շահույթի հաշվին կամ էլ «PAX»-ի սարքերը ներկրվել են հենց 60 հազար դրամով (մեծ խմբաքանակի դեպքում ընկերությունը զեղչում է գինը)։

ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը թույլ կտան պաշտոնապես հաստատել, թե ՊԵԿ-ի ենթակայությամբ գործող «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը սարքերի իրացումից մինչ այժմ որքան շահույթ է ստացել։ Գուցե պարզվեր, որ այժմ տնտեսվարողները նույնիսկ այդ 60 հազարը վճարելու անհրաժեշտություն չունեն։

Սակայն այս ամենը հաշվարկելու համար մեզ պետք են հստակ տվյալներ՝ ձեռք բերված սարքերի քանակ և գին. այս տվյալները մեզ համար ապացուցող փաստաթղթերը միայն գաղտնի պահվող պայմանագրերն են։

«Հետք»-ը հարցում է ուղարկել կառավարություն, որպեսզի գործադիրի միջնորդությամբ ստանա ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։

ՀԴՄ-ներ մատակարարած չինական ընկերության ներկայացուցիչը փոխկապակցվում է Կարեն Կարապետյանի և Վարդան Հարությունյանի մտերիմներին

ՀԴՄ-ների նոր խմբաքանակը՝ «PAX S900» սարքերը, ինչպես արդեն նշեցինք, գնվել են չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերությունից։

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ սարքերը ներկրողը անմիջապես «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ն է, սակայն քանի դեռ չունենք պայմանագրերը, չենք կարող պնդել, որ չինական այս ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունները գնման գործընթացում միջնորդի դեր չեն խաղացել կամ պայմանագրի կողմ չեն եղել։

Մանավանդ այն դեպքում, երբ պարզում ենք, որ այդ ներկայացուցիչ ընկերությունները («Սմարթ Սոլյուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ներ) փոխկապակցվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին և գործընկերներին։

Հենց Կարեն Կարապետյանի և Վարդան Հարությունյանի օրոք է ՊՈԱԿ-ին թույլատրվել «Պաքս Թեքոնոլջի» ընկերությունից գնել ՀԴՄ-ներ և վաճառել 160 հազար դրամով։

«Սմարթ Սոլյուշնս»-ը այժմ ՀԴՄ-ների սպասարկմամբ է զբաղվում Երևանում, իսկ «Թորփայս»-ը՝ Շիրակի մարզում։ Նոր սերնդի ՀԴՄ-ների սպասարկմամբ զբաղվելու իրավունք ՊԵԿ-ից ստացել են նաև այլ ընկերություններ, սակայն Երևանում մեզ հետ զրուցած տնտեսվարողները պատմեցին, որ երբ հունվարին գնացել են ՊԵԿ-ի գրասենյակ ՀԴՄ գնելու, իրենց այնտեղ ուղղորդել են սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ Սոլյուշնս»-ի հետ՝ ամսական 1200 դրամով։

Նշենք, որ անկախ այն հանգամանքից՝ արդյոք այս ընկերությունները գնման պայմանագրերի կողմ են, թե ոչ, դրանք այժմ կայուն եկամուտ ունեն նոր սերնդի ՀԴՄ-ների սպասարկումից։

ՀԴՄ-ների սպասարկման ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք առնչություն ունեն նախկին պաշտոնյաների հետ, մանրամասն կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։

Ինչպես կառավարությունը նպաստեց, որ «Պաքս»-ի ՀԴՄ-ները ներկրվեն առանց մրցույթի և ՊԵԿ-ի նախագահի միանձնյա որոշմամբ

Հիշեցնենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը սկսվել է 2013թ.-ին։ Առաջին փուլով դրանք պարտադրվեցին խոշոր հարկատուներին՝ 369 600 դրամով, ապա միջին հարկատուներին՝ 280 000-ով։ Երկու արժեքներն էլ գերազանցում էին սարքերի ( MS 2351 մոդելի) ինքնարժեքը, որ, ըստ ՊԵԿ-ի, այն ժամանակ կազմում էր մոտ 195 հազար դրամ։

Կառավարությունը դեռևս վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք թույլ էր տվել «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ին վաճառել սարքերն այդքան բարձր գներով, որպեսզի հետագայում շահույթն ուղղվի այլ հարկ վճարողների կողմից ձեռք բերվող ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը կամ անվճար տրամադրմանը (սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին)։

2014թ. հուլիսի 3-ի որոշմամբ ՀԴՄ-ների իրացման արժեքը տարբեր հարկ վճարողների համար որոշ չափով նվազեց՝ դառնալով 60-150 հազար դրամ, իսկ գյուղերում գործող տնտեսվարողների համար՝ 30-75 հազար դրամ։ Սակայն այս որոշումը ուժի մեջ մնաց մինչև 2017թ. հուլիս։

Կարեն Կարապետյանի կառավարությունը չեղարկեց ՀԴՄ-ների վաճառքի գործող գները և սահմանեց, որ սարքերի իրացման գները որոշելու է ոչ թե կառավարությունը, ինչպես նախկինում, այլ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը։

Իսկ ՊԵԿ-ի նախագահն այդ ժամանակ Վարդան Հարությունյանն էր, ով հայտնի է Կարեն Կարապետյանի հետ գործընկերային կապերով։ Երկու պաշտոնյաները իրար հետ երկար տարիներ աշխատել էին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա»)։ Վարդան Հարությունյանը իր պաշտոնը ստանձնել էր Կ. Կարապետյանի նշանակումից մոտ մեկ ամիս անց։

Մի քանի ամիս անց էլ գործադիրը նոր որոշմամբ ուղղակի վերացրեց ՀԴՄ-ները մրցույթով ձեռք բերելու պահանջը։

Այս ամենի հետևանքով՝ ՊԵԿ-ին ենթակա «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակին» թույլատրվեց առանց մրցույթի ձեռք բերել ՀԴՄ-ներ, որոնց իրացման գինը որոշելու էր ՊԵԿ-ի նախագահը։

Վարդան Հարությունյանը մոտ երկու ամիս անց իր հրամանով սահմանեց նոր սերնդի ՀԴՄ-ի իրացման գինը՝ 160 հազար դրամ։ Միանձնյա որոշմամբ սահմանված այս գինն է, որ ՊԵԿ-ը ներկայացնում է որպես սարքի ինքնարժեք։

Նոր սերնդի «PAX S900» ՀԴՄ-ների մի խմբաքանակ, որ այժմ վաճառվում է տնտեսվարողներին, արտադրվել է այդ որոշումից մեկ ամիս անց՝ 2018թ․ փետրվարին։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մարտի 29-ի որոշմամբ՝ ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացն ազատականացրել է։ Այսինքն՝ գործադիրը թույլ է տալիս թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց ներկրել նոր սերնդի ՀԴՄ։

Թեև այս որոշմամբ ՀԴՄ-ների ձեռքբերման մենաշնորհը վերանում է, սակայն այսկերպ ՊԵԿ-ը հնարավորություն է ստանում խուսափել հարկատուների նոր ձեռք բերած ՀԴՄ սարքերի արժեքի մասնակի փոխհատուցումից։

Մինչդեռ ՊԵԿ-ը հենց փոխհատուցման հիմնավորմամբ է խոշոր և միջին հարկատուներին տարիներ շարունակ ինքնարժեքից բարձր գնով՝ շուրջ 369 000 և 280 000 դրամով ՀԴՄ սարքեր վաճառել։

Գործադիրը մինչև շուկայի ազատականացումը պետք է ուսումնասիրի ՊԵԿ-ի՝ ՀԴՄ-ներ վաճառած գրասենյակի ունեցած շահույթները, մանավանդ, երբ պարզել ենք, որ սահմանված վերջին՝ 160 հազար դրամ արժեքը ևս ինքնարժեքը չէ։

Տես նաև՝

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
Հոդվածում նկարագրվածը մի քանի դրվագներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներ է պարունակում. առանց մրցույթի պետական միջոցներով գնում կազմակերպելը, սպասարկման համար մենաշնոր ունեցող ընկեությանն ուղղորդելը: Եթե լավ փնտրեն, կա նաև հակամրցակցային գործունեություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը: Սա նաև հաղորդում է՝ հանցագործության մասին, դատախազությունը պարտավոր է ընթացք տալ ու ստուգել: Տղեքի համար նորմալ է, սաղ կյանքերը BY տրուբա են ծախել, ու միանգամից վարչափետ ու դիրեկտոր են դարձել, բայց տրուբի մտածելակերպը չի փոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։