HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը խոստանում է ՀԴՄ-ների ձեռքբերման որոշումները գաղտնազերծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել

«Հետք»-ը երեկ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի՝ նրանից պահանջելով տրամադրել ՀԴՄ սարքերի ձեռքբերման բոլոր պայմանագրերը։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել այդ պայմանագրերը՝ որակելով դրանք «պետական և ծառայողական գաղտնիք»։

Քիչ առաջ Պետական եկամուտների կոմիտեն ուղարկել է պարզաբանում, համաձայն որի՝ ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: 

ՊԵԿ-ի պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հետք» թերթից ՀՀ պետական եկամուտների կոմիտե հարցում էր ներկայացվել ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում կնքված պայմանագրերի վերաբերյալ: Քանի որ նշված գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների շրջանակներում, ՊԵԿ-ի կողմից պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել:

Միաժամանակ, ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպման և դրա արդյունքում պայմանագրերի կնքման գործընթացի ուսումնասիրության շրջանակներում հնարավոր չի եղել պարզել նշված գործընթացի՝ գաղտնի համարվելու հիմքերը, ինչպես նաև պարզվել է՝ քանի որ նշված որոշումների շրջանակում ՀԴՄ սարքերի գնման գործընթացն այլևս ավարտվել է, հետևաբար օբյեկտիվ հանգամանքների փոփոխության հետևանքով ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպման պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դարձել է աննպատակահարմար:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ գաղտնազերծվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ  տեղեկությունների գաղտնազերծման հիմք կարող է համարվել օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: Նշված իրավահարաբերությունները կարգավորող որոշումների գաղտնազերծումից հետո ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպման վերաբերյալ հարցումների շրջանակում հնարավոր կլինի հրապարակել պահանջվող տեղեկատվությունը»։

Մենք նաև դիմել էինք Աժ պատգամավորների՝ փորձելով ստանալ նրանց դիրքորոշումը՝ ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերը «պետական և ծառայողական գաղտնիք» որակելու և դրանք չհրապարակելու վերաբերյալ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը երեկ մեզ հայտնել է, որ դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ առաջարկելով գաղտնազերծել նոր սերնդի ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերը։

Արտակ Մանուկյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է և երկար տարիներ աշխատել է որպես գնումների ոլորտի մասնագետ։

Պատգամավորը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է նաև ՊԵԿ ուղարկված իր գրությունը, որով ՊԵԿ-ին առաջարկել է դադարեցնել «արատավոր պրակտիկան, երբ բովանդակային առումով պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տեղեկությունները դիտվում են որպես գաղտնի»։

«Քանի որ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը յուրահատուկ «տուրք է», որը վճարվում է տնտեսվարողների կողմից, կարծում ենք, որ այս գործընթացի հետ առնչվող կամայական տեղեկատվություն պետք է լինի թափանցիկ՝ մեծացնելով գործընթացի նկատմամբ վստահությունը։ Ի դեպ, սույն գործելաոճը բազմիցս շեշտադրվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, ինչպես նաև տեղ գտել կառավարության ծրագրում»,- գրել է պատգամավորը։

ՊԵԿ-ի կողմից նոր սերնդի ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերը պետական և ծառայողական գաղտնիք որակելու մոտեցումները, ըստ Մանուկյանի, վերանայման կարիք ունեն։ 

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս է՝ Պետական եկամուտների կոմիտեից չենք կարողանում ստանալ ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։

Մենք այդ պայմանագրերը ՊԵԿ-ից խնդրել էինք այն բանից հետո, երբ պարզել էինք, որ տնտեսվարողներին վերջին շրջանում մատակարարված ՀԴՄ սարքերը վաճառվել են ինքնարժեքից մոտ 70 % թանկ գնով։ Մասնավորապես կապվել էինք այդ սարքերը մատակարարած չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերության հետ և պարզել, որ մեկ սարքի ինքնարժեքը մոտ 90 հազար դրամ է, այն դեպքում, երբ ՊԵԿ-ը ներկայացրել է 160 հազար դրամ։

Նոր սերնդի ՀԴՄ սարքերի ձեռքբերման իրական գինը կարող ենք պարզել միայն մատակարարող ընկերությունների հետ կնքված պայմանագրերից, որոնք ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել՝ պատճառաբանելով, որ մատակարարող կազմակերպությունների ընտրության և գնման ընթացակարգերը սահմանվել են կառավարության գաղտնի որոշումներով և ենթակա չեն բացահայտման։

Ապրիլի 3-ին դիմել էինք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով պարտավորեցնել ՊԵԿ-ին տրամադրել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերը։ ՊԵԿ-ի իրավաբանական վարչությունը այս անգամ մերժեց տրամադրել պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ի մասին։ ՊԵԿ-ի պատասխանում դարձյալ նշված էր, որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն իրականացվել է կառավարության գաղտնի որոշման շրջանակներում և ենթակա չէ տրամադրման:

Տես նաև՝

Լուսանկարում՝ նոր սերնդի (ձախից) և հին ՀԴՄ սարքեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter