HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ի՞նչ պետք է իմանան մարզպետները աճուրդի մասին, աճուրդները վերահսկելու համար

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 12-ին մարզպետների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հրահանգել էր «խոշորացույցի տակ վերցնել աճուրդի բոլոր փուլերը՝ բացառելու համար ապօրինության ցանկացած դրսեւորում ու օրենքի տառից ցանկացած շեղում»։

Համայնքներում իրականացվող աճուրդները վերահսկելու անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մեղրիի ազատ գոտու համար նախատեսված հողատարածքներն արդեն գնել են բիզնեսի գիտակները: Ասվեց, որ հողերը ձեռք են բերվել կեղծ աճուրդներով, գնորդը ապահովել է երկրորդ մասնակցի ձեւական ներկայությունը:

Ապօրինությունները բացառելու համար նախ՝ պետք է հասկանալ, թե աճուրդի փուլերից յուրաքանչյուրում ապօրինությունների ինչպիսի դրսեւորումներ կարող են լինել եւ ինչ է պետք անել դրանք կանխելու համար։

Առաջին փուլը աճուրդի մասին իրազեկումն է: Այս փուլում մարզպետները պետք է վերահսկեն, որպեսզի աճուրդի չդրվեն Հողային օրենսգրքի 60 հոդվածում ներառված պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը: Երկրորդը՝ պարզեն, թե ի՞նչպես է որոշվել օտարվող գույքի մեկնարկային գինը (արդյոք, այն ճի՞շտ է գնահատված)։ Երրորդ՝ հայտարարության մեջ տրվի օտարվող գույքի ողջ նկարագիրը եւ աճուրդի համար օրենքով սահմանված պայմանները:

Նախարարի հանձնարարականից հետո Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնական կայքում նոր լինկ ավելացրին, որտեղ համայնքներում օտարվող գույքի մասին տեղեկատվություն է հրապարակվում։ Հետեւելով երկու մարզպետարանների կայքերում հրապարակված տեղեկատվությանը, ինչպես նաեւ ուսումնասիրելով առաջիկա ամիսներին համայնքներում տեղի ունենալիք աճուրդների վերաբերյալ www.azdarar.am-ի հայտարարությունները, կարող ենք ասել, որ ապօրինությունները չեն բացառվելու։

Մարզպետարանների կայքերում մի քանի հայտարարություն է տեղադրվել, որոնք կազմվել են աճուրդի համար օրենքով սահմանված պահանջների խախտումով: Մասնավորապես, հայտարարություններում նշված չէ աճուրդում հաղթողին որոշելու կարգը, աճուրդի դրված գույքի նախավճարի եւ քայլի չափերը։ Մարզպետները, մինչեւ հրապարակվելը չեն վերացրել հայտարարության մեջ տեղ գտած թերությունները: Նույնաբովանդակ հայտարարություններ հրապարակվել են  www.azdarar.am-ում:

Արարարտի մարզի Բուրաստան համայնքում մայիսի 8-ին բնակելի կառուցապատման եւ արտադրական նշանակության հողերի աճուրդ-վաճառք է տեղի ունենալու։ Հայտարարության մեջ նշված է, որ հողերի օտարման մեկնարկային գինը սահմանվել է կադաստրային արժեքի 100%-ի չափով, իսկ «աճուրդի քայլի չափը՝ 5000 դրամից ոչ պակաս»։ Հայտարարությունը շարադրվել է հանելուկներով՝ նշված չէ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքը, հետեւաբար չի նշվել նաեւ նախավճարի չափը: Ինչ վերաբերում է քայլի չափին կամ հավելմանը, ապա անհասկանալի է, թե ավագանին յուրաքանյուր աճուրդի համար ինչ սկզբունքով է այդ չափը որոշում:

Ընդունված եւ կիրառելի տարբերակով՝ նախավճարի եւ քայլի չափը մեկնարկային գնի 5%-ն է համարվում: Բուրաստանի  համայնքապետարանն աճուրդի է դրել 1015 քմ հողատարածք, որի մեկնարկային գինը հաշվարկվել է կադաստրային արժեքի 100%-ով։ Մոտավոր հաշվարկով, այդ համայնքում բնակելի կառուցապատման հողատարածքի 1 քմ արժեքը 810 դրամ է։ Եթե նույնիսկ աճուրդի մասնակիցները երկուսը լինեն, ինչպես ընդունված է մեր արատավոր պրակտիկայում, եւ նրանցից միայն մեկը մեկ քայլ անի՝ 5%-ով հաշվարկելու դեպքում մեկնարկային գնին կավելանա 41,107 դրամ։ Մինչդեռ, համայնքապետարանը սահմանելով 5000 դրամ, վաճառքի արժեքը մեկ քայլի դեպքում նվազեցնում է 36 107 դրամով։

Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարումը ինքնանպատակ չէ, այն օտարվում է, որպեսզի այդ գումարով համայնքում զարգացման ծրագրեր իրականացվեն, ենթակառուցվածքներ ստեղծվեն։ Հետեւաբար, համայնքապետարանը պետք է շահագրգռված լինի հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավելու աճուրդային գործընթացում՝ ակտիվ եւ շահագրգիռ սակարկության ակնկալիքով։ Սակայն, աճուրդի հայտարարություններն արդեն նման սպասելիք չեն ձեւավորում: Նախորդ տարիներին իրականացված ուսումնասիրությունները փաստել են, որ աճուրդների 99%-ը մրցակցային չեն եղել՝ մասնակիցները երկուսն են եղել, որից մեկը ձեւական մասնակից է, ներկայանում է աճուրդին, սակայն սակարկությանը չի մասնակցում կամ գնային մեկ առաջարկ կանի, եթե քայլի չափը 1000 դրամ է սահմանված:

Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանը մայիսի 3-ին աճուրդի է դրել հողամաս, որի մեկնարկային գինը 60 000 դրամ է սահմանել, իսկ քայլի չափը՝ 1000 դրամ: Սահմանած 1000 դրամի պայմաններում, եւ վերը նկարագրված իրավիճակում, Կողբի համայնքապետարանը գույքը կվաճառի մեկնարկային գնին, լավագույն դեպքում, ավելացնելով 2000 դրամ:

Արարատի մարզի Ազատավան համայնքում մայիսի 6-ին աճուրդով վաճառվելու է 1499.79 քմ մակերեսով շենք-շինություն եւ զբաղեցրած 0.74536 հա մակերեսով հողամասը։ Աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 4 961 000  դրամ, սակայն նշված չէ քայլի չափը: Այս հայտարարությունը, արդյոք, հավանական մասնակցին ապակողմնորոշելու, ձեւական աճուրդ իրականացնելու համար չի արվե՞լ։

Վերին Դվին համայնքում մայիսի 6-ին աճուրդի է դրվել մի քանի լոտ հողամաս, որից մեկը մեկնարկային 15 մլն դրամ արժեքով։ «Աճուրդի օրը հաղթող կհամարվի այն անձը, ով կառաջարկի առավելագույն գումարը»,- նշված է հայտարարության մեջ: Ինչպե՞ս են համայնքապետարանում հաշվարկելու «առավելագույն  գումարը», եթե չեն հրապարակում նվազագույն հավելման չափը: Աճուրդի պայմանները չհրապարակելը հետին թվով ձեւակերպումներ անելու հնարավորություն չի՞ տալիս համայնքի ղեկավարին: Եթե 5%-ի փոխարեն որոշեն, որ հավելումը կատարվել է 1000 դրամով եւ երկու-երեք քայլով աճուրդն ավատվել է, մարզպետները կարո՞ղ են դա ապօրինություն համարել եւ չեղյալ հայտարարել աճուրդը: Կամ՝ հակառակը, կընդունե՞ն, որ տվյալ գույքի արժեքը ձեւավորվել է աճուրդի ժամանակ սակարկության արդյունքով:

Հողերի աճուրդը կարգավորվում է Հողային օրենսգրքով, որի 68-րդ հոդվածում շարադրված աճուրդի պայմանները թերի են: Մեկ տարի առաջ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ Հողային օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ ներկայացրինք Կառավարություն՝ առաջարկելով  աճուրդի դրված գույքի նախավճարի եւ նվազագույն քայլի չափ սահմանել մեկնարկային գնի 5%-ը: 

Կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած նոր իշխանությունը համայնքներում իր անելիքը պետք է սկսեր հենց այդտեղից՝ օր առաջ օրենքով կանոնակարգեր եւ հստակեցներ այն օրենսդրական բացերը, որոնք չարաշահումների, ապօրինությունների հիմք են տալիս: Սակայն, նոր իշխանությունն էլ չի ցանկանում հրաժարվել նախորդների արատավոր գործելաոճից, աճուրդների գործընթացը բարելավելու նախաձեռնողականություն չի ցուցաբերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter