
Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հրաշալի ելույթներ ունեցան 89 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:
Հակոբ Մկրտչյանը երկամարտի 371 կգ արդյունքով (164+207) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ միաժամանակ սահմանելով Եվրոպայի ռեկորդ երկամարտում:
Դավիթ Հովհաննիսյանն էլ երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ վրացի Ռևազ Դավիտաձեն՝ երկամարտի 370 կգ արդյունքով:
Նշենք, որ մեծահասակների առաջնություններում սա Հակոբ Մկրտչյանի նվաճած առաջին չեմպիոնական տիտղոսն էր: 2014 թվականին հայ ծանրամարտիկը դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2018 թվականին էլ հաղթել էր Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Սրանք 2019թ. Եվրոպայի առաջնությանը ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջին մեդալներն էին երկամարտի արդյունքներով: Մինչ այս, կանանց մրցապայքարում 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ էր նվաճել:
Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և աշխարհի առաջնությունների և Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը դեռևս չեն մտել պայքարի մեջ:
Մեկնաբանել