HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշենում 70 հա հողակտորը կռվախնձոր է դարձել գյուղացիների և ներդրողի համար

Տավուշի մարզի Այրում համայնքի մեջ մտնող Բագրատաշեն բնակավայրին պատկանող 70 հա հողակտորը կռվախնձոր է դարձել համայնքի բնակիչների և լիբանանցի ներդրող Նիկոլաս Աբու Ֆայսալի համար: Գործարարը տարիներ առաջ Հայաստանում ստեղծել է «Գարդենիա լեբնիզ ֆարմս» ՍՊԸ, հողակտորներ գնել Եղվարդ և Բագրատաշեն համայնքներում և ինտենսիվ այգիներ հիմնել: Ընկերությունը Հայաստանում հիմնել է ամերիկյան տեսակի ընկույզի այգիներ և նպատակադրվել դրանք աճեցնել կաթիլային ոռոգման համակարգով: Եղվարդում խնդիրներ չեն եղել, բայց Բագրատաշենում ամեն ինչ հարթ չէ: Այդ ՍՊԸ-ն Բագրատաշենում գյուղացիներից գնել է 100 հա հողակտոր, 60 հա-ի վրա արդեն ծառեր է տնկել, պատրաստվում է համայնքի ռեզերվային հողերից 70 հա-ն էլ գնել: Մինչդեռ ավագանին այսօր ոչ միայն դեմ է ներդրողին հող վաճառելուն, այլև առաջարկում է այդ հողակտորը տրամադրել բացառապես Բագրատաշենի բնակիչներին:

Ներդրողը խաբված է

«Գարդենիա լեբնիզ ֆարմս» ՍՊԸ-ի հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալի ներկայացուցիչ Հասմիկ Ազիբեկյանը պատմում է, որ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ պայմանավորվածություն են ունեցել 70 հա հողակտորը գնելու վերաբերյալ: Հողակտորները չեն ունեցել վկայականներ: ՍՊԸ-ն իր միջոցներով չափագրման և սեփականության վկայականների հարցը կարգավորել է, քանի որ համայնքն իր միջոցներով չի կարողացել դա անել: Դրանից հետո, ըստ պայմանավորվածության, հողակտորը պետք է վաճառվեր լիբանանցու հիմնադրած ընկերությանը:

Մինչև այդ, ընկերությունը եղած հողերը ջրելու համար փոքր ջրամաբար է կառուցել, ջրագիծն արդիականացրել, որից հետո պետք է մեծ ջրամբար կառուցեր: Մեծ ջրամբարը կառուցելու մեկնարկին ներդրողն իմացել է, որ Բագրատաշենում դեմ են ծրագրի ընդլայնմանը և ջրամբարի կառուցմանը: Հասմիկ Ազիբեկյանը վստահ է, որ Բագրատաշենում ներքին խնդիրներ կան, որոնք կապվում են ներդրումային ծրագրի հետ:

«Չենք հասկանում, թե 1 հա հողակտորի վրա կառուցվող ջրամբարը բագրատաշենցիներին ինչու պետք է խանգարի կամ վնասի, երբ ներդրողի կողմից վերականգնվել է գյուղի 1200 մետր ընդհանուր ոռոգման համակարգը»,- ասաց Հասմիկ Ազիբեկյանը:

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ներդրողը, եթե Բագրատաշենում դեմ են 70 հա հողակտորը վաճառելուն, նրա ներկայացուցիչն ասաց.

«Ներդրողը նպատակ չունի, իհարկե, համայնքի բնակիչների կարծիքին դեմ զավթել կամ ձեռք բերել հողեր: Համայնքի առաջարկությունն էր, որ հողերի ցածր կարգը հաշվի առնելով՝ դրանք էլ գնեինք, մենք չէին հրաժարվել այդ հողերը գնելուց, բայց հիմա, եթե խնդիր է առաջացել, և բնակիչները հետաքրքրված են այդ հողերը ձեռք բերելու, այգիներ ստեղծելու և աշխատատեղեր ստեղծել, վստահ եմ, որ ներդրողը կփակի ծրագիրն այնպես, որ վնաս չհասցնի բնակիչներին»:

Փաստացի ներդրումային ծրագրի 2-րդ փուլը անհնար է դառնում իրականացնել ըստ նախնական պայմանավորվածության: Լրացուցիչ 70 հա հողակտորը գնելու դեպքում, ընկերությունը ծրագրել էր սեզոնին մինչև 70 աշխատակից ունենալ: Ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ 2019 թ.-ի աշխատանքների թեժ շրջանում 100 հա-ի համար կունենան մինչև 30 աշխատակից:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (Հայաստանում աշխատող անձինք ամեն ամիս հիմնադրամին պարտավոր են փոխանցել 1000-ական դրամ) տվյալներով՝ 2017, 2018, 2019 թվականներին «Գարդենիա լեբնիզ ֆարմս» ՍՊԸ-ի աշխատողների թիվը չի գերազանցել 11-ը: 

 

Այրումի ավագանին այլ ծրագրեր ունի

Ապրիլի 8-ին Այրում խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշում կայացրեց դիմել մարզպետին, վերջինս էլ՝ կառավարությանը, որպեսզի Բագրատաշեն բնակավայրի տարածում գտնվող 70 հա ռեզերվային հողը, առանց մրցույթի, վարձակալության տրամադրվի Բագրատաշենի բնակիչներին: Նախագծի հեղինակը Բագրատաշենից ընտրված ավագանու անդամներն էին՝ Մհերիկ Բաղդասարյանը, Վաան Հովհաննիսյանը և Արտակ Ղարագյոզյանը: Ավագանու նիստին մասնակցում էր Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ՝ Արտյոմ Նազարյանը:

«Ուզում ենք, որ մարդիկ գյուղին կպած լինեն, դրա համար ենք դիմում: Այդ ռեզերվային հողերն ի սկզբանե նախատեսված են եղել, որ հետագայում գյուղը զարգանա, բնակիչներ ավելանան»,- մինչև քվեարկությունն ասաց ավագանու անդամ Արսեն Զաքարյանը:

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն էլ նշեց, որ 65 հա հողակտորն արդեն սեփականության վկայական ունի, իսկ ևս 70 հա հողակատորի համար էլ կարող են վկայական հանել և օգտագործել:

Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արտյոմ Նազարյանը ներկայացրեց Բագրատաշեն բնակավայրի հողերի մասին տեղեկություններ: Բագրատաշենն ունի համայնքային սեփականության 196 հա հողակտոր, 100 հա բազմամյա տնկարկ, 256 հա վարելահող, արոտ՝ 598 հա, այլ հողեր՝ 205 հա, խոտհարքներ չունեն: Ազատ հողատարածքները 136 հա են:

«Ներդրողի հետ միասին չե՞նք կարող քննարկել, որ ինքն էլ ընդգրկվի այդ ծրագրի մեջ, օգնի ժողովրդին, մի մասը տա նրանց, մնացածն էլ ինքը վերցնի»,- հարց հնչեցրեց ավագանու անդամ Մհերիկ Բաղդասարյանը՝ նշելով, որ ներդրողը մեծ գումարներ ունի, որը գյուղացին չունի:

Մարզպետարանի ներկայացուցիչն այս տարբերակը հնարավոր համարեց և նշեց, որ այդ դեպքում լավ կլինի՝ ավագանին ներկայացնի ամբողջ 136 հա հողակտորը վարձակալության տրամադրելու մասին հարցը:

Ավագանու գրեթե բոլոր անդամները պնդում էին՝ եթե ժամանակին ոռոգման համակարգը գործեր, մարդիկ իրենց հողերը չէին վաճառի, այսօր համակարգը գործում է, և գյուղացիները ցանկանում են այգիներ հիմնել:

Մինչև այս հարցի քննարկումը, Այրումի ավագանին մարտի 29-ին որոշել էր Բագրատաշենի վարչական տարածքում գտնվող 1 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը 5 միլիոն դրամ մեկնարկային գնով աճուրդով վաճառել: Սա այն դեպքում, երբ լիբանանցի ներդրողն այդ տարածքում բնակիչներից հողակտորներ էր գնել 1 հեկտարը 2-3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

«Հետք»-ը տեղում պարզեց, թե համայնքի ավագանու որոշումներն ինչ տրամաբանությամբ են կայացվում. խոշորացված համայնքի մեջ մտնող բնակավայրերից ընտրված ավագանիներն ինչ հարց ներկայացնում են՝ մյուս բնակավայրերից ընտրված ավագանիները կողմ են քվեարկում: Այսինքն՝ եթե Բագրատաշենից ընտրված ավագանին որոշել է 5 միլիոն դրամ սահմանել հողամասի մեկնարկային գինը, ապա ավագանու մյուս 8 անդամները մեխանիկորեն կողմ են քվերակել, նույն տրամաբանությունը գործում է նաև մյուս բնակավայրերին վերաբերող որոշումների դեպքում:

Աճուրդում վաճառքի դրված հողակտորի վրա այսօր «Գարդենիա լեբնիզ ֆարմս» ՍՊԸ-ն ջրամբար է կառուցում: Թեև առաջացած տարաձայնություններին՝ շինարարական աշխատանքներն այստեղ ինտենսիվ շարունակվում են:

Այրում համայնքը պատրաստ է փոխհատուցել ներդրողի կատարած ծախսերը

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հաստատում է, որ ջրագիծն արդիականացրել է լիբանանցի ներդրողը, որը նաև ֆիլտրեր է տեղադրել կաթիլային ոռոգումն իրականացնելու համար:

«Մարդիկ պատրաստակամություն են հայտնել՝ վերանորոգելու առուները: Իրենք մոտ 15 հազար տոննա տարողությամբ ավազան են ցանկանում կառուցել, որի միջոցով կոռոգեն իրենց այգիները: Ջրավազանի ջրի պաշարները, հնարավոր է, գիշերվա ժամերին պոմպակայանի միջոցով մղվի, պահեստավորվի և ցերեկային ժամերին դրանից օգտվեն Բագրատաշենի բնակիչները»,- ասաց Արայիկ Պարանյանը:

Նա ձգտում է, որ համայնքում չմշակվող հողատարածք չլինի և ուրախ կլինի, որ Բագրատաշենի բնակիչները մշակեն դա, եկամուտը մնա գյուղում: Համայնքի ղեկավարը տեսնում է, որ գյուղացիների կողմից այգիներ հիմնելու միտում կա, բայց նաև ներդրողի մասին է մտածում:

«Չեմ ուզում իրենց շահին կպնեմ, որովհետև մարդիկ ներդրում են կատարել, այսօր այդ առուն մաքրել են»,- ասաց Պարանյանը:

Անդրադառնալով 70 հա հողակտորի սեփականության վկայականների և չափագրման հարցին՝ Արայիկ Պարանյանը հաստատեց, որ ներդրողի միջոցներով է չափագրումն արվել, բայց նշեց նաև, որ համայնքն ի վիճակի է եղել իր բյուջեով այդ ծախսը կատարել: Համայնքի ղեկավարի խոսքով՝ իրենք պատրաստ են փոխհատուցել չափագրման և վկայականների ծախսերը:

«Ավագանին սկզբում ասում էր՝ վաճառենք այդ հողը, բյուջե գումար կմտնի, հետո ասեցին՝ չվաճառենք, վարձակալությամբ տանք: Մենք առաջարկել ենք, որ չենք օտարի և վարձակալության կտանք: Հետո արդեն եղավ այն, ինչ տեսաք: Հանրային լսումներ արվեցին և մարդիկ եկան, դեմ արտահայտվեցին, որ չենք ուզում մեր հողերը ոչ մեկին տալ»,- ասաց Արայիկ Պարանյանը՝ բացառելով, որ ներդրողի համար խնդիրներ են ստեղծում, ինտրիգներ կան և այլն:

Համայնքի ղեկավարը նշեց, որ 35 դիմումատու կա, որոնք համայնքին խնդրում են հողակտորներ տրամադրել իրենց վարձակալական հիմունքներով: Հարցին՝ վճարունա՞կ են դիմողները, հողեր մշակո՞ւմ են այսօր, Պարանյանը պատասխանեց, որ կան մարդիկ, ովքեր մշակում են, կան նաև այնպիսիք, որոնց՝ նոր հող ձեռք բերելու տրամաբանությունն ինքը չի հասկանում:

«Կան, որ նույնիսկ իրենց հողերի վարձերը չեն տվել: Տրամաբանությունը չգիտեմ: Հողի պարտք ունի, սեփական հողի, բայց նորից ցանկություն է հայտնում հող ձեռք բերելու: Որ պարտք ուներ, այդ հողը չէր մշակում»,- ասաց Պարանյանը:

«Մենք ուզում ենք հողը տալ հողի վրա ապրող մարդկանց. այդքան բան»

Բագրատաշենից ընտրված ավագանու անդամ Վաան Հովհաննիսյանի խոսքով՝ նախկինում, երբ այդ տարածքներում ջուր չկար, մարդիկ չէին ձգտում այդտեղ հող ունենալ, իսկ այսօր, երբ ոռոգման խնդիրը, կարծես թե, լուծվում է, նրանք մտածում են հող ունենալու մասին:

«Մենք ուզում ենք հողը տալ հողի վրա ապրող մարդկանց. այդքան բան»,- մեզ հետ զրույցում ասաց Վաան Հովհաննիսյանը: Ավագանու անդամ Մհերիկ Բաղդասարյանն էլ վստահեցնում է, թե համայնքի ավագանին ներդրողի հետ որևէ տարաձայնություն չունի, իրենց հուզող հարցն այն է, որ համայնքի բնակիչները հող են ուզում:

«Մենք համայնքի կողմից ընտրված ավագանի ենք: Այսօր ամբողջ հարվածը մեր վրա է գալիս, բայց մենք ժողովրդի ձայնն ենք բարձրացնում»,- ասաց Մհերիկ Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով, երբ հողը մշակելու ցանկություն ունեցող բագրատաշենցիներին հող տրամադրելուց հետո ռեզերվային տարածքում հող կմնա, իրենք ուրախ կլինեն դա տրամադրել ներդրողին: Բաղդասարյանն ընդգծում է, որ Բագրատաշենն Այրում համայնքի միակ գյուղն է, որ ինքն իր ուժերով ամեն տարի 50-60 հա այգի է հիմնում:

«Այդպիսի գյուղ ոչ թե պիտի ներդրող բերեն, այլ տեղում կառույցներն այնպես զարգացնեն, որ ժողովուրդը շահագրգիռ լինի ինքն իր գրպանից ներդրում անել»,- կարծում է Մհերիկ Բաղդասարյանը:

«Թող ջուրը տան, կտեսնեք, որ ամեն ինչ կամաց ընկնելու է իր տեղը»

Հող տրամադրելու դիմում գրած քաղաքացիներից շատերը հրաժարվեցին տեսախցիկի առջև ու իրենց անունով խոսել: Դիմում գրած քաղաքացիներից միայն մեկը՝ Սեյրան Սեյրանյանը, համաձայնեց խոսել: Նա մոտ երկու ամիս առաջ է դիմում գրել:

«Մեր հողն ենք ուզում: Ես ինքս սեփական հող չունեմ, բայց միայն հող ուզելով չի, էնպես չլինի, որ հողը տան, ջուր չլինի, պրինցիպիալ հարցեր լինեն: Թող ջուրը տան, կտեսնեք, որ ամեն ինչ կամաց ընկնելու է իր տեղը: Եթե ջուրը տան, գյուղացին հաստատ կմշակի հողը»,- ասաց Սեյրանյանն ու հիշեցրեց, որ նախկինում, երբ լիբանանցի գործարարի գնած տարածքներում ոռոգման խնդիր չի եղել, այնտեղ դեղձի այգիներ են եղել:

Սեյրանյանը կտրականապես դեմ է, որ հողը տրամադրվի ներդրողին: «Ամեն ինչ պատրաստ ենք անել, որ էդ հողերը մեր ձեռքից չվերցնեն,- ասաց Սեյրան Սեյրանյանը,- իմացանք, որ փաստորեն արդեն ջուրը կարա գա, ու հողերը տալիս են ուրիշին, ինչ-որ օտարերկրացու: Չի լինելու, թող չփորձեն, մենք մեր հողերը հաստատ մշակելու ենք: Բայց էնպես չլինի, որ հողերը տան, ջուրը չտան, չմշակենք ու մեր ձեռքից վերցնեն»,- նորից կրկնեց Սեյրան Սեյրանյանը:

Բագրատաշենի բնակիչ Սմբատ Ջալալյանն էլ անցյալ տարի «Գարդենիա լեբնիզ ֆարմս» ՍՊԸ-ին է վաճառել իրեն պատկանող հողը:

«Մենք հողը չծախեցինք, մենք հողը նվեր տվեցինք: 3200 դոլարով ո՞վ է 1 հա 800 մետր հող ծախում Բագրատաշենում»,- ասաց Ջալալյանն ու նշեց, որ հողը, որն ինքը վաճառել է, Խորհրդային Միության ժամանակ գերազանց հող է եղել, և դրանում տնկված ծառերը չորացել են ջուր չլինելու պատճառով:

«Իմ ծառը եղել է 5 տարեկան, երբ ես այդ հողը վերցրել եմ, իսկական բերք տալու ժամանակն էր, դեղձի այգի էր, ջուր չլինելու պատճառով չորացել է»,- պատմեց Ջալալյանը: Վերջինս վստահ է. եթե ջրի խնդիր չլիներ, Բագրատաշենի ոչ մի բնակիչ հող չէր վաճառի:

«Խաբեցին, հողերը ծախեցինք, կանգնեցի կողքի, գյուղացին ո՞վ է այստեղ: 21 տարի ես այդ հողում ոչ մի բան չեմ ցանել. երկու տարի ցորեն եմ ցանել, տակ եմ տվել»,- ասաց Սմբատ Ջալալյանը:

Հ.Գ. Չի բացառվում, որ մարզպետը մերժի վիճելի հողի հարցով Կառավարությանը դիմելու առաջարկը: Թե այդ սցենարի դեպքում ինչ քայլեր են ձեռնարկելու ավագանու անդամները, դեռևս հստակ չէ: Ավագանու անդամ Մհերիկ Բաղդասարյանը հույս է հայտնում, որ պետությունը չի ցանկանա հողը չտալ քաղաքացուն, իսկ Վահան Հովհաննիսյանը ասում է, որ, եթե, այնուամենայնիվ, նման բան լինի, իրենք կդիմեն վարչապետին:

Մեկնաբանություններ (1)

Hayk
Գյուղացիք պիտի ամաչեն, չխոսան: Լիբանանցին եկել ջուր է քաշում, հիմա վրա են պրծել, հող գուզեն: Լիբանացին որ գնաց, էդ ջրի հարցը չի լուծվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter