HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճևանի նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կոմիտեի հայտնած նախնական տվյալներով՝ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողատեսքերի օտարման աճուրդի կազմակերպիչ, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն օտարվել են ՓԲ ընկերությանը։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, անձնական այլ դրդումներով՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու և օգուտներ ունենալու նպատակով, դարձյալ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով 0.44672 հա, 0.29718 հա և 0.63508 հա մակերեսով հողատարածքները օտարել է իրականում իր շահերը ներկայացնող աներորդուն:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 11-ին Կարճևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (երկու դրվագ):

Հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, մասնավորապես՝ աճուրդին մասնակցելու հայտերը կազմվել և դրանք ստորագրողներին են ներկայացվել հետին ամսաթվերով, հրապարակային սակարկություններ որպես այդպիսին չեն անցկացվել, սակայն կազմվել, ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» կեղծ արձանագրություններ և Կարճևան համայնքի ղեկավարի կեղծ որոշումներ, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ  օտարված 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:

Կարդացեք նաև

 

Ով է սեփականաշնորհել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շրջակայքի հողերը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter