HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու գործով վկաների պնդմամբ՝ մեղադրյալի նկատմամբ բռնություն չեն կիրառել

30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում՝ կախված։

Կալանավորին խոշտանգելու գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։ Այսօրվա նիստին հարցաքննվեցին գործով վկաները։

Առաջինը վկայություն տվեց Հրաչ Նիկողոսյանը, որը դատարան էր հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ, ներկայացրեց, որ իրենց հերթապահության օրը «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխել կալանավոր Արմեն Աղաջանյանին, որը կալանավայր է մտել կալանքի մասին որոշում կայացրած դատավորի եւ դատախազի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով։

«Աղաջանյանը կտրուկ շարժում արեց, Արմեն Հովհաննիսյանը ձեռքերը ոլորեց։ Կրկնում էր, որ ինքը մեզ հետ պրոբլեմ չունի, որ իր հոպարը եւս համակարգում է աշխատել»,- ներկայացրեց վկան, հետո հավելեց, որ մի քանի րոպե հետո Արմեն Աղաջանյանին նստացրել են խուզարկության սենյակի սեղանին, նա հանգստացել է։

Վկան Արմեն Աղաջանյանի մարմնին վնասվածք չի նկատել, իսկ դատավոր Դավիթ Բալայանի այն հարցին, թե դատաբժշկական փորձաքննությունից հետո Աղաջանյանի մարմնի վրա հայտնաբերված բռնության հետքերը ինչպես կարող են առաջացած լինել, վկան պատասխանեց. «Դեմքը կարող է կպած լինել սեղանին, դրանից առաջացած լինի»։

Դատարանի դահլիճում հրապարակվեց վկային զննության ենթարկելուց հետո կազմված արձանագրությունը, ըստ որի՝ նրա դեմքին արյան հետքեր են նկատելի եղել։

Մյուս վկան՝ Արտուշ Միրաքյանը եւս պնդեց, որ կալանավորն ագրեսիվ վիճակում է կալանավայր մտել, փորձել են հանդարտեցնել։ «Մենք՝ ես, Հովհաննիսյան Արմենը, Նիկողոսյանը Հրաչը եւ Աբրահամյան Յուրան, նստած էինք։ Զանգեցին, ասացին, որ կալանավոր են բերել։ Օպերի հետ գնացին, ներս բերին, բոլորին քրֆում էր, հայհոյանքներ էր տալիս բոլորին։ Հովհաննիսյան Արմենն ասաց՝ այ ախպեր, ի՞նչ ես քրֆում, գնա հանգիստ կալանքը կրի»,- ներկայացրեց վկան՝ հավելելով, որ ինքը եւս կալանավորի մարմնի վրա բռնության հետքեր չի նկատել։

«Իջացրինք խուզարկության սենյակ, դուռը բացվեց, Աղաջանյան Արմենը եւ Հովհաննիսյան Արմենը մտան ներս, ես էն պահը լսեցի, որ Հովհաննիսյան Արմենը Աղաջանյան Արմենի ձեռքերը բռնել է»,- պատմեց վկան, ապա շարունակեց, որ կալանավորը կրկնել է, թե հիվանդանոց տանելու փոխարեն նրան տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Վկա Ա. Միրաքյանը կալանավորի որովայնի հատվածում նկատել է ամրացված բժշկական պարկ, եւ ըստ նրա՝ հենց այդ պատճառով էր կալանավորը կրկնել, որ հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունի։

Այսօր վկայություն տվեց ՔԿՀ եւս մեկ աշխատակից՝  Յուրա Աբրահամյանը։

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի՝ վկաների տված ցուցմունքները հակասում էին միմյանց, հակասում էին նաեւ դեպքի օրը կազմված արձանագրությանը, որը հրապարակվեց դատարանում։ Փաստաբանը կարծում է, որ այսօրվա վկաների ցուցմունքը չէր կարող արժանահավատ լինել, քանի որ նրանք ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի հետ անմիջական կապ ունեին։

Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի օր նշանակվեց մայիսի 15-ը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter