HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Զարուհի Բաթոյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում լրագրող, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է։

Զարուհի Բաթոյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքը սիրում է կյանքը, սիրում է մարդուն ու ամեն օրն ապրում է շնորհակալության զգացումով։ Անընդհատ ցանկություն ունի մարդկանց ասելու, որ իրենք ունեն պահի հնարավորությունը, եւ այդ պահը պիտի սիրելի ու ամենակարեւոր գործով զբաղվելուն տրվի։ Ուզում է ասել՝ մի կարեւորեք այն, ինչ խանգարում է, կոմպլեքսավորում, զրկում է ձեզ։

Մարդը, որ տխուր նստած է կանգառում կամ ավտոբուսի պատուհանից նույն թախիծով հետեւում է ընթացքին, պիտի ունենա հնարավորությունը գնահատելու ուրախությունը, իրեն տրվածը։

Սա է համարում իր հիմնական առաքելությունը, սա է իր էությունը, հիմնական բոլոր անելիքները ուղղված են մարդուն եւ հանուն մարդու են։ «Ո՞վ, եթե ոչ ես․․․» հարցադրումն այս իմաստով միշտ է պտտվում գլխում․․․

Ահագին պաթետիկ ստացվեց, չէ՞․․․ Բայց այս է։

Ինչու՞ է ըստ քեզ մարդուն սիրելու, արժեւորելու ձեւակերպումը պաթետիկ հնչում, երբեմն նույնիսկ անհավատալի։

Ցավոք, մարդուն ուղղված սիրով լցված տեքստը շատ վաղուց է ընկալվում որպես պաթետիկ, ոչ անկեղծ ուղերձ։ Մարդը վախենում է կամ խուսափում էմոցիոնալ երեւալուց, որովհետեւ մտածում է՝ թուլություն է։ Այս իմաստով ես ինքս ունեմ մտավախություն, կանխակալ վերաբերմունք, դրա համար որակում եմ «պաթետիկ», փորձում պաշտպանվել ասածս էմոցիոնալ տեքստից, որն իմն է, իմ տեսակն է բացում։

Նախկինում այս էմոցիոնալ դրսեւորումներից չեմ խուսափել, հիմա, ինքս էլ ունեմ մտավախությունը, որ ասածս չի ընկալվի իր անկեղծության մեջ․․․

Չե՞ս կարծում, որ մարդուն ուղղված «սիրով լցված» տեքստը կարող է ընկալվել որպես քաղաքական կոնտեքստ, որպես մանիպուլյացիոն գործիք։ Ի վերջո, քաղաքականությամբ զբաղվողի տեքստը մեկին չէ ուղղված, մղումներ, խնդիրներ ունի, որոնք լուծելի են դառնում այդ տեքստով։ Գուցե մարդն այս փորձառությունն ունենալո՞վ է վախենում, խուսափում կամ ծաղրում էմոցիոնալ տեքստը։

Երբ նշանակվեցի նախարար, օգնականս ասաց․ «Առաջ ինչ լավ էր․ գիտեինք՝ քեզ ով է սիրում, ով՝  չէ»․․․

Դադար՝ ժպիտով

Կարծում եմ՝ ճիշտ ես հարցի ձեւակերպման առումով, որովհետեւ կան հիմքեր նաեւ այդպես մտածելու, բայց, գիտես, մարդուն այդքան էլ հեշտ չի շփոթեցնել․մարդը տարբերում է շինծու եւ անկեղծ տեքստը՝ գոնե զգայական մակարդակում, որ հաստատ։

Տես՝ եթե մեկը տարիներ շարունակ հալածել է մարդուն, խլել է, վիրավորել եւ շարունակում է խոսել մարդասիրությունից, արժեքներից, իհարկե, այդ տեքստը կասկածելի է դառնում․դու գիտես, որ իր գործողությունը միշտ հակառակին է միտված եղել, էլ ինչպե՞ս կարող ես հավատալ խոսքին, որը լցված է «սիրով»։

Թեկուզ չհամաձայնեն ասածիս հետ, բայց ինձ համար փաստ է, որ քաղաքական գործիչը չի ասում տեքստ, չի տալիս խոստում, որը բացասական երանգ ունի։ Զարգացում, առաջընթաց, ապահով, անվտանգ դրական իմաստով բառերը քաղաքական տեքստի մաս են, բայց հարց է՝ ով է ասողը։ Այսինքն՝ ես տեքստը կարեւորում եմ մարդու եւ իր արժեհամակարգի, իր անցածի, իր փորձի, իր գործողությունների կոնտեքստում։ Սա է դառնում անկեղծության չափանիշը, որովհետեւ նույն բառը, նույն խոստումը հաճախ լսում ենք նույն ձեւով, բայց արդյո՞ք այդ նույն ձեւը թույլ է տալիս նույն կերպ արժեւորել այդ խոսքը․․․ Իհարկե ոչ։

2013-ին գրված մի բանաստեղծություն ունես․ «Բանաստեղծություն, որ ես չեմ գրել»։

«Համաժողով՝ քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքները

ապահովելու նպատակով:

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման

համակարգի կարգաբերման ուղղությամբ:

Սպասվում է անձրև և ամպրոպ:

Քննարկվել են ռազմական հոգեբանության խնդիրները:

Արքայազնը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաև Հայաստանում».

Բանաստեղծություն, որ ես չեմ գրել…

Ես ուզում էի քո մասին գրել

Կամ էլ Մայիսի,

Որը սիրեցի ընդմիշտ

և որն ավարտվում է շուտով..․

Բայց այն մյուսը, որը ես չեմ գրել

Ավելի շատ է ընթերցվում,

Ավելի շատ է ընթերցվում:

Այսօր առավոտյան՝ զրույցից առաջ, նորից կարդացի այս գործը։ Այն շատ է տարբերվում «Անմոռուկ» բանաստեղծական ժողովածուիդ մյուս գործերից։ Հիմա դու այս տեքստերն ամեն օր ես լսում, ձեւակերպումները, որոնք քաղաքական են, քաղաքացուն են վերաբերում, վերաբերում են եղանակին եւ վաղվան։ Ստացվում է՝ ինչ-որ իմաստով ապրում ես գրածդ, որը «դու չես գրել»։

Ես գրում եմ այն ամենի մասին, ինչն ապրում եմ, ինչն իմ շուրջն է․ մարդկային փոխհարաբերությունները, կյանքի նկատմամբ վերաբերմունքս, երեւույթների նկատմամբ մոտեցումներս գրածիս առանցքում են։ Հիմա հասկանում եմ, որ ցանկացած իրադրություն եւ երեւույթ կարելի է բանաստեղծորեն նայել։

Այս մեկը տարիներ առաջ եմ գրել, կարծում եմ՝ իրարից տարբեր աշխարհների, տարբեր իրավիճակների զուգահեռումն ու համախմբումն է մի տեղում։ Սա մարդու ներսի եւ դրսի առնչությունն է, ազդակը եղածին, որ ներսից է եկել։ Ցանկացած պատմություն, որը տեսանք, որին առչնվեցինք (թեկուզ առանցքում մենք չենք), կարող է դառնալ բանաստեղծական տեքստ։

Բայց նախարարության պատերի ներսում, որտեղ կոնկրետ տեքստերի առաջնահերթություն կա, հնարավո՞ր է զուգահեռ աշխարհների համադրման փորձ անել։

Չես պատկերացնի՝ ինչ շատ են նման զուգահեռները, որոնք մարդկային փոխհարաբերություններ են ընդգրկում, որի մեջ մարդու՝ մի հարթությունից մյուս հարթությունում հայտնվելու փոխակերպումն է։ Երբեմն փորձում եմ նկատածս տողի վերածել, որովհետեւ չամրագրել տեսածը, ապրածը, համեմատությունը մի տեսակ ափսոս է դառնում։ Շատ քիչ նշումներ եմ հասցրել անել, բայց ապրում եմ ինձ համար շատ կարեւոր մի ժամանակաշրջան, որը նախկին կյանքի ու պատկերացումների տրանսֆորմացիան է կրում․ ստացվում է՝ դու այլ աշխարհում ես, որտեղ այլ տեքստեր են, այլ իրադրություններ, բայց ինքդ ներսում նույնն ես, նույն արժեհամակարգն ունես, նույն հայացքը․․․ Չգիտեմ՝ ինչքանով եմ կարողանում բացատրել այդ փոփոխությունը։

Ես ինքս այդ փոփոխությունն այսպես եմ տեսնում․ ծանոթ էի գործունեությանդ դեռ շատ ավելի վաղ՝ մինչ հեղափոխությունը, մինչ պաշտոն ստանձնելը։ Հետո տեսա քեզ հեղափոխության բուն ընթացքում, բայց հեղափոխությունից հետո արդեն տեսնում եմ կերպարին, որը կոնկրետ ոլորտի պատախանատու է․ այսինքն տեսնում եմ մեդիատեքստի միջոցով։

Իմ՝ որպես նախարարի գործունեութան հարյուր օրը դեռ չի լրացել․ հիմա չեմ վախենում «լռելուց», պասիվ երեւալուց, որովհետեւ այս փուլում գործողություններն ու պատասխանատվությունները կոնկրետ են, եւ ինչ-որ բաներ ցույց տալու մղումներ չկան։

Կարծում եմ՝ ժամանակը կգա, երբ գործով ու փոփոխություններով կերեւա այն, ինչն ինձ հետ է պահում խոսելու ակտիվությունից։ Այս իմաստով մտավախություններ չունեմ, այլ մտահոգություններ ունեմ, որոնք կապված են մարդու կյանքը բարելավելու հետ, որովհետեւ իմ աշխատանքն անմիջապես «մարդու մասին է»․․․ Եվ այդ մարդը հաճախ հայտնվում է իմ կաբինետում, որտեղ շատ սիրուն ու արժեքավոր զրույցներ են լինում։

Պատկերավոր եւ ուժեղ է հնչում այդ «լռության» նկարագիրը, բայց ուզում եմ հասկանալ, երբ քաղաքացին ներկայանում է իր խնդիրներով, խնդրանքով եւ կամ դիմումով, պատկերը չի՞ փոխվում․․․ Չէ՞ որ միշտ չէ, որ լուծում կարելի է տալ հենց այդ պահին։ Երբ փակվում է կաբինետի դուռը, ու դու ի վերջո մենակ ես մնում բազմաթիվ քաղաքացիների բազմաբնույթ խնդիրների հետ, ինչպիսի՞ դրության մեջ ես հայտնվում։

Հա, շատ ծանր է, երբ մարդը դիմում է քեզ, եւ անմիջապես լուծում տալ չես կարող։ Շատ է պատահում, որ օգնականիս դիմում են ինձ հանդիպելու նպատակով՝ ասելով, որ որեւէ խնդիր կամ խնդրանք չկա, պարզապես հանդիպում են ակնկալում զրուցելու համար։

Ես սիրով եմ ընդունում քաղաքացիներին, աշխատանքային մեծ պատասխանատվության մեջ դիտարկում եմ որպես մեկ այլ պատասխանատվության ձեւ, որն ավելի կամ պակաս արժեք չունի, պարզապես կարեւոր է։ Ես լսում եմ մարդու պատմությունը, նաև կիսվում եմ իր հետ։

Ծանր դեպքեր շատ են եղել, բայց ավելի գերադասելի է լսել այս կարգավիճակում՝ նախարարության պատերի ներսում, որպես ոլորտի պատասխանատու, որովհետեւ ունեմ լիազորություններ, տիրապետում եմ ահռելի ինֆորմացիայի, ունեմ գործընկերներ, իշխանություն․․․

Չեմ վախենա ասել «իշխանություն» բառը, որովհետեւ իմ ընկալած ու ստանձնած իշխանությունը մարդու կյանքը փոխելու հնարավորություն է տալիս։ Հանուն այդ հնարավորության կարող ես կարգավիճակդ զոհողություն գնահատել, ուսերիդ կրել պատասխանատվությունը․․․ Պատկերացնում ես երեւի, որ այնքան պատմությունների ու այնպիսի բաներից ես սկսում տեղեկանալ, որ կգերադասեիր տեղյակ չլինել պարզապես․ իմանում ես բաներ, որոնցով որեւէ մեկի հետ կիսվելու հնարավորություն չունես․․․ Դու լցվում ես նմանատիպ հարցերով, խնդիրներով, ծանր է դառնում, բայց զուգահեռ գիտես, որ ինքդ ես ստանձնել այդ պատասխանատվությունը եւ չես կարող հաշվի չնստել սկզբունքիդ հետ, որն այս դեպքում մարդու կյանքն ամեն գնով բարելավելն է։

Ոլորտը, որը դու հիմա ղեկավարում ես, մշտապես քո ուշադրության կենտրոնում է եղել։ Նախկինում ունեցած հասարակական գործունեությանդ հիմնական մասը այդ բարեփոխումներին է ուղղված եղել։ Եթե այնպես պատահեր, որ նախորդ իշխանություններն առաջարկեին այս նույն ոլորտի նախարարի պաշտոնը ստանձնել, կհամաձայնեիր՝ ելնելով քո մշտական մտահոգություններից ու մարդու կյանքը բարելավելու փորձ կատարելու առաքելությունից։

Այսինքն Հանրապետականներն ինձ առաջարկ անեի՞ն, ու ես ընդունեի՞․․․ Իհարկե ոչ, չէր կարող նման բան լինել։ Ավելին ասեմ՝ քաղաքականությամբ ուղիղ իմաստով զբաղվելու կամ պաշտոն ստանձնելու նպատակ երբեւէ չեմ ունեցել, չեմ պատկերացրել ինձ պաշտոնյայի դերում(չհաշված մանկական տարիների մեծամտությունը)։

Ներկայիս դրությանը ընթացքն է բերել-հասցրել․ես գտել եմ մարդկանց, ովքեր միավորվել են մի գաղափարի շուրջ, հավատացել են միմյանց, կիսել են այն մտահոգությունները, որոնք ես էլ եմ ունեցել տարիներ շարունակ, եւ այդպես կամաց-կամաց ստացվել է այն, ինչ հիմա կա։

Այլ կերպ ասած՝ իշխանության գալու ձեւեր երբեք չեմ փնտրել, բայց կարեւորել եմ՝ ում հետ եմ աշխատում, ինչ թիմի մաս եմ։

Քաղաքապետարանում որպես ավագանու անդամ լինելու փորձս (այն ժամանակ որպես ընդդիմություն), հաստատեց, որ իրատեսական, խելամիտ, թեկուզ փոքր փոփոխությանը միտված առաջարկդ մերժվում է, որովհետեւ մեծամասնությունը չի կարեւորում այն, ինչ դու ես կարեւորում․ իրենց արժեհամակարգը, առաջնահերթություններն այլ են։

Հեղափոխական հարթակից ունեցած առաջին ելույթի փորձառությանը կուզեի՝ անդրադառնանք։ Դու արդեն կոնկրետ պատասխանատվություն էիր ստանձնել, կոնկրետ դիրքից էիր խոսում։

Բնականաբար ինձ շատ պատասխանատու էի զգում ցանկացած ելույթի եւ գործողության համար,  որովհետեւ այն դիտվելու էր որպես կոչ, որպես երազանքի իրականացման, ապագայի տեքստ, ծրագրային մի բան, որը կոնկրետ է։

Երբ հեղափոխական հարթակից պիտի խոսես, հասկանում ես, որ այդ տեքստը միայն պահի համար չէ, ծափահարության ու ոգեւորության համար չէ․․․ Ցանկացած բառ, որ արտաբերում ես, պլանի մաս է, որն իրագործելի պիտի լինի։

Հեղափոխության օրերի առաջին հանրային ելույթս կարծեմ  ապրիլի 17-ին էր․․․ Դա այն օրերից էր, երբ արդեն Հանրապետության հրապարակում էինք հավաքվում, կար փայտե ինքնաշեն «բեմը»։ Եկել էի երկու սայլակով, որովհետեւ գիտեի՝ մոտորասայլակը ծանր է այդ «բեմի» համար։ Ինձ բարձրացրին բեմ մյուս՝ թեթեւ սայլակով եւ ողջ ելույթիս ընթացքում պահեցին։

Տպավորիչ ու էմոցիոնալ օր էր․ արդեն մթնել էր, հրապարակի լուսավորությունն ու մարդկանց բազմությունը այնպիսի պատկեր էր ստեղծում, որը ոչ մի բանի հետ համեմատելի չէ իր հզորությամբ, իր ուժով, իր էներգիայով։ Գիտեի՝ դժվարը սկսելն է, որովհետեւ սովորական ամբիոն չի, սովորական հարթակ չի, քո փորձը չի․ սա ուրիշ, պատասխանատու, հեղափոխական հարթակ է։

Մի բան հստակ է, Անուշ, երբ հեղափական բեմում ես, ոչ մի բառ անպատասխան չի մնում, հարյուր հազարավոր աչքերը մեկ աչք են դառնում, ուղղվում քեզ, սպասում խոսքիդ, շնչում են մի շնչով, ուրախանում կամ զայրանում են, ամեն մտքից հետո ազդակ են տալիս։

Նիկոլ Փաշինայնի գործունեությանը ո՞ր պահից սկսած ես հետեում։ Հեղափոխությունից առաջ համակրե՞լ ես Փաշինյանին որպես քաղաքական գործիչ, որպես առաջնորդ։

Հետաքրքիր է, որ մտածում էի այս հարցի շուրջ, չնայած վստահ չէի իհարկե, որ խոսելու առիթ կբացվի։ Որքան էլ տարօրինակ է հնչում հիմա, չեմ հետեւել գործուենությանը։ Նիկոլ Փաշինյանի մասին իմացել եմ, երբ դեռ աշխատում էի հասարակական մի կազմակերպությունում՝ որեւէ կապ չունենալով քաղաքականության հետ։

Մեր կազմակերպության խոհանոցում մշտապես «Հայկական ժամանակ» օրաթերթի հին եւ թարմ համարների մի կույտ կար․աշխատակիցներից մեկը ֆանատիկ կերպով կարդում էր թերթը եւ հիանում խմբագրով։ Ինքն այս թեմայով զրուցակից էր փնտրում, եւ այդ մեկը ես եղա։

Շատ ավելի ուշ իմացա «Քաղաքացիական պայմանագրի» մասին, որը դեռ կուսակցություն չէր, այլ պայմանագիր էր բառիս բուն իմաստով․ ընկերներիցս մեկը՝ Արմանը Եղոյանն ուղղակի գարեջուր խմելով պատմում էր պայմանագրի մասին։ Այդ պահից սկսեցի հետեւել Փաշինյանի ելույթներին․․․ Ամենահետաքրքիրն այն է, որ հուսահատության պահերին, ծայրահեղ իրավիճակներում, երբ լացելուց բացի ուրիշ բան չես կարող անել, քնելուց առաջ Փաշինյանի ելույթներն էի լսում․ ստացվում է՝ այդ ելույթներն իմ մեջ հույս եւ պայքարելու, նոր լիցքեր էին արթնացնում։

«Եվ այդ մեկը դու՛ ես» ձեւակերպումն էր հաստատու՞մ։

Ինչ ասում էր Փաշինյանը, վստահում էի մի պարզ պատճառով, գիտեի, որ ապրված է ասում, գիտեի, որ անցել է ճանապարհով, որի փորձառությունից էլ ելույթ է ունենում։

«Եվ այդ մեկը դու՛ ես» կարգախոսը իմ ողջ կյանքի սկզբունքն է եղել․ այս իմատով որեւէ նորություն չկար, բայց կար հաստատումը, որ ինձ նման մտածող մարդիկ կան։ Մինչ օրս էլ ցանկացած իրադրության, գործի, փոխհարաբերության կոնտեքստում հիմնվում եմ այս կարգախոսի բովանդակային մասի վրա։

«Չայխանա» միջազգային մեդիահարթակում 2017-ին հրապարակվեց Արգամ Երանոսյանի հեղինակած «Սեքսն ու հաշմանդամությունը՝ համատեղելի» տեսանյութը, որի առանցքում դու էիր եւ քո փորձառության մասին պատմող նյութը։ Տեսանյութը քննարկվում է մինչեւ հիմա, որովհետեւ խնդիրը բարձրաձայնվել էր եւ շատ ուղիղ։ Ո՞րն էր հիմնական առիթը նման քայլի գնալու համար։

Շատ խոցելի հարցերում պետք է մեկը, ով իր վրա կվերցնի ամենադժվարը, հարվածը, կձեւակերպի, որ իրականությունն այլ է։ Այդ տեսանյութը այդպիսի մի օրինակ է,  սեփական փորձով հանրային կարծրատիպը եւ թյուր կարծիքը վերաձեւակերպելու հնարավորություն է, ուրիշ ոչ մի բան։

Ես ասել եմ եւ էլի կասեմ, որ տեսանյութն իմ մասին չէ, իմ անձնականի մասին չէ, որեւէ արտառոց բացահայտում չկա այդ նյութի մեջ։ Կարեւոր չի, թե ինչ եմ պատմում, այս պարագայում կարեւոր էր պարզապես թեման օրակարագ բերելը․ այն ուներ կոնկրետ առաքելություն եւ միտված էր կոտրել կարծրատիպը։

Ասում ես՝ մինչեւ հիմա խոսում են այդ տեսանյութի մասին․․․ Ես կարծում եմ՝ այդքան էլ լավ չի, որովհետեւ արդեն պիտի սովորական բան դառնար, ի վերջո խոսքը գնում է մարդու լիարժեք լինելու ձգտման մասին․․․ Այսպիսի թեմայի հետ ինչպե՞ս կարելի է խնդիր ունենալ։

Դադար

Երբ արդեն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ էիր, հարցազրույցներից մեկում նշում ես, որ չգիտես՝ կլինես քաղաքականության մեջ, թե չէ, բայց այդ նույն քաղաքականության մեջ կուզեիր տեսնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որովհետեւ միայն այդպես կարելի է փոփոխություն անել։

Կարծու՞մ ես՝ բոլոր ոլորտներում է նման փորձառություն անհրաժեշտ, օրինակ Պաշտպանության նախարարը պատերազմն անցնելու փորձառությու՞ն պիտի ունենա։

Մեծ հաշվով կարծում եմ՝ այդ փորձառությունը կարեւոր է, իհարկե հաշմանդամություն ունեցող մարդու դեպքում մի քիչ սուբյեկտիվ է, եւ դա նորմալ է։ Եթե հաշմանդամություն ունեցող մարդու տեսանկյունից ես նայում խնդիրներին, ինքդ անցել ես այդ խնդիրների միջով եւ ունես այդ փորձառությունը, ավելի հեշտ է դառնում բոլոր խմբերի խնդիրները դետալային հասկանալու, բազմազանության մեջ նայելու հնարավորությունը։

Մենք հիմա խոսում ենք տարբերվող մարդկանց մասին, ովքեր ունեն տարաբնույթ խնդիրներ, ովքեր տարբեր կերպ են աշխատում, տարբեր կերպ են արտահայտվում, կրթական տարբեր միջոցների կարիք ունեն․․․

Դադար

Երբ վարչապետը Գյումրի էր մեկնում նոր գործարկվող գնացքով, մի դիտարկում արեցի. եթե նկատել ես, վարչապետին ներկայացնում են գնացքը, ապա ցույց տալիս հաշմանադամություն ունեցող մարդու համար հարմարեցված հատվածը․ այդ պահին Փաշինյանը շրջվում է, հարցնում է՝ բա մուտքի հարցը, չէ որ կայարանի պլատֆորմն ավելի ցածր է, քան վագոն բարձրանալու աստիճանը։ Բացատրում են, որ հատուկ թեքահարթակ կա, որն այդ պահին իջեցվում է դեպի պլատֆորմ։

Հիմա վարչապետի այս հարցադրումը կարող է մանրուք թվալ, բայց ինձ համար կոնկրետ ազդակ է․ չունենալով տեղաշարժման խնդիր՝ ինքը նկատում է դետալը։ Եվ դա պատահական չէ։ Մի կողմից նման հարցադրումներն ու փոփոխությունները տեխնիկական, պրիմիտիվ բաներ են թվում, մյուս կողմից նախադեպ են դառնում ցանկացած հարցի այդ պրիզմայով նայելու համար։

«Անմոռուկ» քառատողը պիտի մեջբերեմ հիմա․

Ինձ մոռանալն այնքան հեշտ է․

Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,

սրճարանում պատահաբար ինձ չես գտնի։

Նեղ ու փոքրիկ այս քաղաքում

ինձ մոռանալն այնքան հեշտ է։

Հիմա ստացվել է այնպես, որ քեզ «հիշելը» ամենօրյա գործողություն է։ Կա կոնկրետ տեղ, պաշտոն, գործունեություն, որի մասին գրեթե ամեն օր նշում կա, բայց այն այլեւս նույն «հիշելը» չէ։

Փաստորեն միակ բանաստեղծությունս է, որ ակտուալությունը կորցրել է (ծիծաղում է)․․․ Հա, եղավ այնպես, որ հիմա այլ ուշադրություն է, հիշելու ուրիշ առիթ կա։ Հիմա քեզ նորից չեն հիշում որպես այս բանաստեղծության կոնտեքստ․ հիշում են ոլորտային պատասխանատվությունդ, պաշտոնդ, իշխանությունդ։

Բայց նախարարի հետեւում մարդը կորչում է, հա․․․ Ինձ էլի չեն «տեսնի», կտեսնեն կերպարը…

«Քաղաքականություն․ երբ մարում է փողոցում բոլորի աչքի առաջ համբուրվելու վերջին հույսը»․ այսպիսի ձեւակերպումով է սկսվում հարցազրույցներիցդ մեկը․․․

Հա, մարդիկ ինձ գուցե անընդհատ են «տեսնում»՝ հեռուստացույցով, ելույթ ունենալիս, հարցազրույց տալիս, բայց «չեն տեսնում» ինձ, կորցնում են ինձ տեսնելու հնարավորությունը, որովհետեւ կոնկրետ է, որ այդ մեկը Զառան կամ Զարուհի Բաթոյանն է, ով ղեկավարում է տվյալ ոլորտը։

Գիտես հակառակն էլ կարող եմ ասել, նոր կառավարությունը այս կարծրատիպն էլ է փորձում կոտրել։ Երբ վարչապետը էմոցիոնալ տեքստ է գրում, բանաստեղծություն է հրապարակում, կարող է թվալ, որ տրվել է էմոցիային, շեղվել է իր վարչապետ լինելու կերպարից, որովհետեւ այդպես «ընդունված չէ»։ Ես հասկանում եմ, որ կան բաներ, որոնք դժվարմարսելի են դեռ որ, բայց ընթացքը կտանի նրան, որ փոխվի նաեւ այդ ընկալումը։

Բալկոնի զրույցներում միշտ անդրադառնում ենք հեղափոխոթյան ձեւակերպումներին։ Գիտեմ, որ քո պարագայում հարցը մի քիչ նաիվ կհնչի, որովհետեւ հենց իրագործողների թիմում ես եղել, բայց, այնուամենայնիվ, տեղի ունեցածը անվանու՞մ ես հեղափոխություն եւ ինչու՞։

Իհարկե հեղափոխություն էր, որովհետեւ տեղի ունեցածը մարդուն է փոխել, քաղաքացին է փոխվել, դարձել է տերը եւ երկրի, եւ իր ճակատագրի, դարձել է որոշում կայացնող,եւ, եթե նույնիսկ ուրիշ վարքագծային կամ ոլորտային փոփոխություն նկատելի չլիներ, ապա այս փոփոխությունն ակնհայտ է։ Վստահ կարող եմ ասել, որ իշխանությունն էլ իր հերթին գիտի, որ ծառայում է այդ քաղաքացուն, որը ցանկացած պահի այլեւս կարող է փոխել վերաբերմունքը, եւ նոր մեկին տեսնել կառավարողի դերում։ Սա շատ կարեւոր է, սա է հեղափոխության առանցքը․․․ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ համոզմունք ունեմ, որ հեղափոխությունը շարունակվում է եւ դեռ տեւողություն ունի։

Հեղափոխությունից հետո ավագանու պարտավորություններ ստանձնած եւ վերջերս այդ լիազորությունները դադարեցրած Բալկոնի իմ հյուրը՝ Կարենը Անտաշյանը, բացատրում էր հեռանալու պատճառները։

Մեջբերում եմ․«Ես զգացի, որ կաղապարը քարանում է, եւ ես էլ մաս եմ դառնում նոր պնդացող համակարգի, հասկացա, որ սա չի ապրելու իմ ուղղությունը։ Հա, ես հեղափոխության «ամեն ինչ հնարավորի» ալիքի վրա եկա, մասնակցեցի, ընտրությունների միջով անցա ու տեսա նաեւ՝ ինչպես է սահմանվում նոր համակարգը, ինչպես է ամեն ինչ հստականում, եւ հասկացա՝ պատրաստ չեմ այդ կաղապարի հերթական ատամնանիվը լինել»։

Այսպիսի մտահոգություն դու չունե՞ս։

Կարդացել եմ Կարենի հետ ունեցած այս զրույցդ եւ շատ հարցերում համաձայն եմ իր հետ։ Ցավոք, կան կառուցվածքներ, որոնք կաղապարում են ազատ ստեղծագործողին, բայց առանց այդ կառուցվածքների անհնար կլինի արդյունավետ կառավարումը։

Հասարակական գործունեությունս հիմնված է եղել մասնակցիային, հորիզոնական կառավարման ձեւաչափի վրա, նախարարությունում արդեն բախվեցի հիերարխիկ կառուցվածքի հետ, որն ինձ համար եւս դժվարություն էր․․․ Բայց այլ ելք չկա, երբ բրգի ներքեւի օղակը պատասխան է ակնկալում ամենավերեւից, եւ որպեսզի քաղաքացու ուղերձը վեր բարձրանա եւ այնտեղից էլ արագ ազդակ լինի, անհրաժեշտ են կառավարման միջանկյալ օղակներ։

Հիերարխայի գործարկման պրոբլեմն է պատճառը, որ կառավարման այս ձեւին բացասական երանգ է հաղորդվել, որովհետեւ քաղաքացու ձայնն ինչ-որ պահի ընդհատվել է, ինչ-որ ստորաբաժանման վատ աշխատանքի հետեւանքով դուռը փակվել է, ու էլ չի բարձրացել վերեւ։

Համաձայն եմ իհարկե, որ այս պատկերի մեջ ստեղծագործական պահը դուրս է մղվում, քարանալու, կաղապարվելու մասին Կարենի դիտարկումը ճիշտ եմ համարում․․․ Առավելագույնը, որ կարող ես նման դեպքում քեզ թույլ տալ, ստեղծագործաբար աշխատելն է։

Նորից Անտաշյանի տեքստերից մեկը հիշեցի։ Հարցն ինքնս կարող էի ուղղել, բայց քանի որ Կարենն իր «Հեղափոխության օրագրում» գրել է, հղում կտամ։ Մեջբերում եմ․ «Սերժատյացությունը նիկոլամոլությամբ փոխարինողները չեն ըմբռնել հեղափոխության իմաստը»․ գրում է Կարենը։

Ի՞նչ ես կարծում՝ էյֆորիան դեռ շարունակվում է, կա անձի պաշտապունքը։ Մեկ տարի անց ի՞նչ ձեւակերպում կարելի է տալ այս իմաստով։

Էյֆորիան հաստատ չկա․ դա պահի կարեւորության մեջ էր, հիմա այլ է։ Կարծում եմ՝ մարդկանց երկու մեծ խումբ կա․ նրանք, ովքեր համբերատար են, սպասում են, տեսնում են պրոբլեմները, տեսնում են նաեւ դրանց լուծման ճանապարհները, որոնք ուրվագծվում են, հավատում են եւ հարկ եղած դեպքում կառուցողական քննադատություն են հնչեցնում։ Եվ ավելի փոքր խումբ, որին գուցե փողոց էր հանել այդ էյֆորիան եւ մինչ հիմա կես-կատակ, կես-լուրջ հարցնում են․ «Բա սրա՞ համար էինք փողոց փակում»։

Հարց, որ միշտ է հնչում Բալկոնում․քո եւ Հայաստանի հարաբերությունները։

Ինտիմ թեմա է եւ չեմ սիրում խոսել այդ հարաբերության մասին, ճիշտ այնպես, ինչպես չեմ ընկալում՝ ինչպես են  բանաստեղծություն գրել մոր կամ հայրենիքի մասին։

Տարիներ շարունակ համոված եմ եղել՝ Հայաստանից դուրս երբեք ապրել չեմ կարող, կարճ ժամանակով բացակայությունն անգամ կարոտի առիթ է։ Այստեղ ես ինչ լիարժեք ու լավ եմ զգում, չնայած որ մթնոլորտը միշտ ծանր է, լարված։ Այնուամենյանիվ, դրսում ինձ ապրելը պատժին հավասար է թվացել։

Տարօրինակ բան կատարվեց հեղափոխութոյւնից հետո․ զգացի, որ հիմա կարող եմ Հայաստանից գնալ, բռնացրի ինձ այդ մտքի վրա եւ սկսեցի մտածել պատճառի մասին․․․ Ինձ թվաց, որ հեղափոխությունն ի վերջո հնարավորություն է տվել հանգիստ, թեկուզ ոչ երկար ժամանակով հեռանալու համար։  Երբեք չէի մտածի, որ նման բանի կհանգեմ, բայց ներսիս տագնապն անցել էր։ Իհարկե, դա մինչեւ նշանակվելս էր, որովհետեւ հիմա նորից չեմ պատկերացնում երկրից գնալս․ հիմա պատասխանատվության այլ էտապ է եւ այն գերակա է։

Փաստորեն Հայաստանի հետ հարաբերությունը պատասխանատվությամբ ես սահմանում նաեւ։ Լինել այստեղ, որովհետեւ պետք ես, տագնապ կա, եւ լինել այստեղ, որովհետեւ պետք ես, կառուցողական գործողությունների կարիք կա։

Հա, անպայման։ Պատասխանատվությունից զատ մեծ սեր է նաեւ, այնպիսի սեր, որ երեխայի ու ծնողի միջեւ է լինում․․․ Չգիտեմ՝ մեր դեպքում ով է երեխան, ով ծնողը (ժպտում է)։

Հասկանում ես, որ գուցե այդ երեխան այնքան էլ իդեալական չի, խոցելի է, խնդիրներ ունի, բայց կապդ, մեկ է, շատ ամուր է։ Այս զգացողությունը սրվում է հատկապես մարզերում, երբ մեքենայի պատուհանից նայում եմ ու տեսում մարդկանց, դաշտերը, կիսավեր տները․․․ Ուզում ես գրկել իրենց, ասել, որ երջանիկ են լինելու։ Այդ սիրո զգացումն այլ տեղ չկա։ Այլ տեղ չկա նաեւ Հայաստանի հոտը․ ես օդի մեջ յուրահատուկ բույր եմ զգում, որը մեկ այլ տեղ երբեւէ չեմ զգացել։

Տես՝ ինչպես երրորդ դեմքով խոսելն է պաթետիկ հնչում, այնպես էլ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին խոսելը փաստորեն․․․ Բայց ասում եմ այն, ինչ կա, այն, ինչ նկատում եմ, զգում եմ։

Անկախ Հայաստանի պատմության ձեռքբերումներն ու կորուստները․․․

Ամենամեծ կորուստը ժամանակ է․ շատ եմ ափոսում, որ հաճախ ենք բաց թողել այն, երբ հակառակ դեպքում կարող էինք ավելի արագ առաջ մղվել։ Հիմա, եթե ոչ զրոյից, ապա շատ քչից ենք սկսում։ Այո, կան հիմքեր, եղել են ձեռքբերումներ, բայց զարգացման իմաստով այդ ձեռքբերումները էական փոփոխություն չեն մտցրել տնտեսության մեջ, կրթական, հասարակական, մշակութային եւ շատ այլ իմաստներով։

Ափսոսանքս մեծ է նաեւ հեռացողների համար․ ցավում եմ նրանց համար, ովքեր ճարահատյալ հավաքել են ճամպրուկներն ու հեռացել։ Մեր տան մոտ կայանատեղի է, որտեղից մարդիկ Ռուսաստան էին մեկնում․ տունը լքելու այդ պատկերը սարսափելի է․․․ Ես սրանից մեծ կորուստ ու մեծ դժվարություն չեմ պատկերացնում։

Գիտես՝ երեւի իմ անձնական պատմությունն անմիջապես կապ ունի հեռացողների ցավը վերապրելու հետ, որովհետեւ շատ փոքր էի, երբ գյուղից տեղափոխվեցինք մայրաքաղաք։ Շատ էի կարոտում գյուղը, անընդհատ մտածում էի, որ վերադառնալու ենք։

Իսկ ձեռքբերումնե՞րը։

Ձեռքբերումը ․․․ Չգիտեմ՝ կկարողանամ կոնկրետ ձեւակերպել, ինչպես կորուստ ձեւակերպելը ստացվեց։ Ձեռքբերումը գուցե քաղաքացին է, մարդը, ով, չնայած բարդություններին, մնաց, կոփվեց, դիմացավ, դիմադրեց, ու այդպես ստեղծվեց քաղհասարակությունը, որի շնորհիվ եղավ հեղափոխությունը։ Այդ քաղհասարակության վրա էլ հենված է ներկայիս կառավարությունը։ Այս մարդիկ են, որ հաճախ հեռանում են մասնավոր սեկտորից, ներդնում իրենց կարողություններն ու ժամանակը, բարձր պատասխանատվությամբ ստանձնում այս կամ այլ պարտավորությունները, որոնք վաղվա օրվան են միտված։

Ասացիր՝ իշխանությունը հնարավորություն է տալիս հնարավորինս ծառայել քո ոլորտում։ Իշխանության ընկալումն այդքանո՞վ է սահմանափակվում, այլ դրսեւորումներ չունի՞ քեզ համար։

Այո, ծառայություն է, եւ սա հենց այնպես չեմ ասում․․․ Երբ մեր քննարկումներին չկան տեսախցիկներ, ոչինչ չի ձայնագրվում, փոքր մի խմբով մենք շարունակում ենք նույն ձեւով խոսել, նույն մտահոգություններով կիսվել, հաստատել, որ իշխանությունը չես կարող այլ բանի համար գործածել բացի մարդու կյանքը բարելավելու նպատակն է։

Եվ, եթե այդ իշխանության ստանձնումը ենթադրում է նաեւ արմատական փոփոխություններ, ուրեմն դրան եւս պիտի պատրաստ լինես։ Ցավոք, նկատել եմ, որ նախարարության աշխատակիցն ասում է՝ այս ինչ հարցին չենք կարող լուծում տալ, որովհետեւ օրենքն այս է ասում, կառավարության որոշումն այս է։ Ուրեմն քննարկենք, օրենքի մեջ փոփոխություն մտցնենք, ոչ թե համակերպվենք եղածի հետ եւ իշխանությունն էլ շարունակենք ընկալել որպես ճիշտ չաշխատող գործիք։

Եթե փորձդ տարբերվում է տեսությունից, ունես հիմնավորված պրակտիկա, կարող ես գնալ փոփոխության՝ հանուն մարդու։ Այս է իշխանության իմաստը․հակառակը լինել չի կարող․․․ Մյուս բոլոր դեպքերում դու ծառայող ես։

Զառա, մտածե՞լ ես այն մասին, որ մի օր քաղաքականությունից նորից կվերադառնաս հասարակական գործունեությանը։ Եթե պաշտոնը բնականոն ընթացքի հետեւանք է, ապա այդ պաշտոնավարումից հետո ինչպե՞ս ես պատկերացնում վերադառնալու ընթացքը։

Երբ տպվում էր գիրքս, մտահոգություն ունեի, որ երկատված եմ․ հարցնում էի ինձ՝ հիմա բանաստեղծ ես, թե հասարակական գործիչ։ Մարինե Պետրոսյանն այդ առիթով ասաց՝ ինչու ես իրարից առանձնացնում այդ երկուսը․․․ Որքան էլ պարզ է հնչում, երբեւէ չէի պատկերացնի, որ կարելի է հաղթահարել այդ երկատվածությունը, ստանձնել դերեր, որոնք իրարից տարբեր են, բայց նույն մարդու մեջ են տեղավորվում։ Այս պարզ պատասխանն ինձ ստիպեց հասկանալ, որ այս էլ, այն էլ, ես եմ․ Զառան կամ Զարուհին Բաթոյան, ով գրում է, եւ ով նաեւ հասարակական գործունեությամբ է զբաղվում։

Հիմա, երբ խոսում ենք հասարակական գործունեությանը վերադառնալու մասին, որեւէ խնդիր չեմ տեսնում, ավելին՝ շատ լավ եմ պատկերացնում այդ վերադարձը։ Գիտեմ, որ այդ պահը գալու է, հանգիստ եմ, որովհետեւ ինքս ինձ հետ մնալուց երբեք չեմ ձանձրացել, միշտ եղել է զբաղմունք, որը սիրով եմ արել, եղել է աշխատանք, որը մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել։ Այսինքն կյանքի այս հատվածն էլ կարելի է փորձառություն դիտարկել․ դրանից իմ բնույթը չի փոխվում։

«Երրորդ տարածությունում» մի տեսակ ընդհատվեցիր, որովհետեւ քեզ թվաց՝ ասածներդ պաթետիկ հնչերանգ են ստանում։ Զրույցի ողջ ընթացքում մտածում էի այդ մասին, եւ հիմա, քանի մոտենում ենք ավարտին, ուզում եմ հարցնել՝ որեւէ բան կուզես ավելացնել այդ «տարածությունից»։

Այդ «երրորդը» էմոցիոնալ տարածությունն է, որին չեմ գնում գիտակցաբար եւ ազնիվ ասում եմ դրա մասին։ Երբ հայտնվում ես այդ էմոցիոնալ դաշտում կամ, ավելի ճիշտ, խոսում ես այդ տեղից, թուլանալու վտանգ է առաջանում․․․ Չէ՛, թուլանալ բառը տեղին չէր, բայց այլ բան հիմա մտքովս չի անցնում։

Հատկապես, երբ տարբեր առիթներով ուժեղ կնոջ բնութագրին ես անդրադառնում։

Հա, բայց էմոցիան թուլության հետ կապ չունի, ավելին՝ լինել էմոցիոնալ եւ լինել ուժեղ հակադիր բեեւռներ չեն։ Ես շատ էմոցիոնալ եմ, բայց դրա ցուցարդումն է, որ կարող է այլ տպավորություն ստեղծել, որովհետեւ, հասկանում ես, հիմա առաջնահերթություններն այլ են, իմ էներգիան այլ կողմ է ուղղված։ Չեմ կարող հաշվի չնստել ներկայիս զբաղվածության հետ, չեմ կարող տրվել այդ էմոցիային, գրելու ազատությանը․․․ Միեւնույն ժամանակ պատմական պահ է ինձ համար, որովհետեւ անմիջական մասնակիցն եմ նորի ստեղծման, փոփոխության, որն ինձ մեծ բավականություն է պատճառում, չեմ կարծում՝ զոհողության մասին արժե խոսել այս կոնտեքստում։

Հեղափոխությունից առաջ քեզ հարցրին վախերիդ մասին, դու պատասխանեցիր, որ հիմնական վախդ հեռավորությունն է․ մարդկանց միջեւ ընկած հեռավորությունը, երկրների միջեւ ընկած հեռավորությունը․․․ Վերջին երկու  տարիների իրադարձությունները հնարավորություն տվեցի՞ն հաղթահարել հեռավորության վախը, թե՞ հակառակը եղավ։

Հիմա այլեւս չեմ վախենում հեռավորությունից, որովհետեւ գիտեմ, որ ամենակարեւորը մեր մեջ է ապրում։ Եթե այն ժամանակ այդ ձեւակերպման մեջ նաեւ օտարության, հեռանալու վախն էր սահմանվում որպես հեռավորություն, ապա այդ էլ, գիտեմ, որ մեր հաղթահարելու հարցն  է, մեր մեջ է, մեր ձեռքերում։

Մեկնաբանություններ (1)

Սամվել Հովասափյան
Սիրելի Զարուհի, Նախ թույլ տուր քեզ դիմել դու-ով, որովհետև Բեռլինում տեղի Հայ համայնքի սրահում մեր հանդիպումից հետո և մանավանդ այս մեկ տարին հետևելով քո գործունեությանը, դու դարձել ես իմ ամենասիրելի և մտերիմ անձնավորություններից և մերձավորներից մեկը, ում ես սիրում եմ, որպես իմ ընտանիքի անդամ և այդ պատճառով էլ շատ ուրախացա երբ դու նշանակվեցիր նախարար։ Ցանկանում էի շնորհավորել և շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին այդ նշանակման համար, որովհետև զգում եմ, հավատում եմ, որ դու, քո համեստությամբ և բանիմացությամբ, ամենաճիշտ անձն ես, այդ պաշտոնի համար, սակայն մտավախություն ունեի, որպես մեծամիտ ընկալվել։ Գալով այս զրույցին, պետք է ասեմ, որ դու ամբողջովին գերազանցում ես ինքդ քեզ, այո, իհարկե որ կատարվել է հեղափոխություն և ես ինչ որ տեղ ինձ համարում եմ դրա ընթացքի հեռու մասնակիցն ու ջատագովը, գոնե վերջին տասը տարիներին։ Այստեղ ցանկանում եմ խոսքս ուղղել նաև հարգելի՝ Անուշ Քոչարյանին։ Այո քչացել են օտար բառերի գործածումը, բայց թախանձագին խնդրում եմ, մի ձայնակցեք նորարարներին, հեռու մնացեք օտար բառերի անհարգի գործածումից, օրինակ ծառայեք մեզ, դրանից կշահենք բոլորս և գրողը և ընթերցողը և հայոց լեզուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter