HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանը մտահոգված է, որ կողմերին բաժանված խաղաքարտերը կարող են խառնվել»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

-Պարոն Սաֆարյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին՝ կոչ անելով ՀՀ վարչապետին «քայլեր ձեռնարկել՝ անհապաղ դուրս բերելու հայկական զինված ուժերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ հիմնվելով միջազգային հանրության պահանջների վրա՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման»: Պաշտոնական Բաքվի կողմից նման տոնայնության կոչեր, կարծես, առաջին անգամ ենք լսում՝ ի տարբերություն նախկինում արված ռազմաշունչ հայտարարությունների: Ո՞րն է պատճառը՝ ըստ Ձեզ:

-Պետք է չմոռանալ, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով վերջին ամիսներին տեղի ունցած շփումները կամ երկխոսությունը (դրանք մեզ ծանոթ առարկայական բանակցություններ չեն) ուղղված են բանակցությունները վերսկսելուն: Ըստ էության՝ քննարկվում է հարցերի շատ լայն շրջանակ՝ բանակցությունների պատմություն, միջավայր, ձեւաչափ, կանոններ, առարկայական հարցեր եւ այլն: Առայժմ այս խնդիրներից ոչ մեկով չկան համաձայնություններ, ու դա տեսանելի է կողմերի եւ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից: Եվ կողմերի միջեւ այդ կոշտ դիրքավորումն ու կամային պայքարը դեռեւս շարունակվում է՝ դրանց շուրջ հնարավոր համաձայնությունները սեփական շահերին մոտ դարձնելու հեռահար նպատակով:

Վերոհիշյալ հայտարարությունը նույնպես այդ դաշտում է: Ադրբեջանը մտահոգված է, որ Հայաստանի նոր իշխանությունների նոր մոտեցումների արդյունքում նախկինում եղած խաղի կանոններն ու կողմերին բաժանված խաղաքարտերը կարող են խառնվել, որտեղ ինքը նույն Արցախին բանակցություններից դուրս թողնելու, հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելու առումով տակտիկական հաջողություններ է գրանցել, իսկ Արցախից Հայաստանի «դուրս գալը» բանակցությունների նախապայման դարձրել:

Ըստ այդմ՝ Ադրբեջանը փորձում է հին գծի մեջ հայտարարություններ անել՝ հույս փայփայելով, որ դրանք նաեւ նոր սահմանվող խաղի կանոնները կլինեն: Նաեւ տեսանելի է, որ պաշտոնական Բաքուն մտահոգված է ԵԽԽՎ ամբիոնից Արցախի խնդրի վերաբերյալ Փաշինյանի հայտնած դիրքորոշումներից՝ Արցախի ժողովրդավարացման հարցում ԵԽԽՎ աջակցության անհրաժեշտության, հասարակություններին խաղաղության պատրաստելու ու հասարակությունների միջեւ շփումներն ինտենսիվացնելու ու այլ թեմաներով, որոնք պայքարի նոր հարթություններ են բացում իր համար, ինչը ցանկալի չէ: Հետեւաբար, քանի որ դրանց հավանություն տալ չեն կարող, պատասխանում են այս դաշտում՝ կեղծիքի դիմելով, թե այն, ինչ իրենք են պահանջում, հենց դա է միջազգային հանրության պահանջը: 

-Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը բանակցում է Ադրբեջանի հետ ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ իր սեփական կետից: Արդյոք նոր կառավարության օրոք կարգավորման գործընթացը շարունակվում է, թե սկսվում է նոր էջից:

-Սերժ Սարգսյանի թողած կետը լավրովյան պլանն է, որը նա էլ մերժում էր, ինչպես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ բացահայտեց, իսկ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էլ՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի չկատարված համաձայնությունները, որոնք խոր փակուղի էին մտել, եւ վերջապես՝ Ադրբեջան-Հայաստան ղեկավարների միջեւ հայհոյախոսության հասած հռետորաբանությունը:

Ես կարծում եմ, ու նաեւ դա են ցույց տալիս վերջին ամիսների փաստերը, Փաշինյանը չի շարունակում Սերժ Սարգսյանի քաղաքական գիծը, իհարկե, շարունակում է նախկինում ընդհատված կետից, բայց միանգամայն սեփական հայեցակարգով՝ նոր էջից: Ավելին՝ տեսանելի է, որ շատ առումներով չի կրկնում նախորդների սխալները, իսկ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունն ավելի ընդգրկուն ու լայն հայեցակարգ ունի:

-Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքները հնացած են, բայց պաշտոնական Երեւանը, մեծ հաշվով, չի մեկնաբանել այդ հայտարարությունը: Հակասություն տեսնո՞ւմ եք պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումների մեջ: Համամի՞տ եք Արցախի արտգործնախարարի ասածին:

-Ըստ էության, հակասություն չեմ տեսնում Ստեփանակերտի ու Երեւանի միջեւ: Երեւանի «լռությունը» կամ «լուռ համաձայնությունը» միանգամայն տեղավորվում է Հայաստանի նոր իշխանությունների որդեգրած մոտեցման մեջ, այն է՝ իր կարգավիճակի, իրեն առաջարկված լուծումների ու առաջարկների ընդունելիության կամ անընդունելիության մասին պետք է նախեւառաջ խոսի Արցախը:

Նույն մադրիդյան առաջարկների մասով ՀՀ վարչապետը նաեւ մեկ կանոն է առաջ քաշել՝ պետք է բոլորը՝ երեք համանախագահներն ու հակամարտության բոլոր երեք կողմերը, ապացուցեն, որ դրանք միանման են կարդում եւ մեկնաբանում: Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, շարունակում է առարկել «բանակցային ակումբ» Արցախին վերադարձնելու դեմ, ըստ այդմ՝ փորձելով տորպեդահարել նաեւ Հայաստանի առաջ քաշած պահանջ-կանոնի կյանքի կոչումը, այն է՝ մադրիդյան առաջարկներում նշված 3 սկզբունքների ու 6 խնդիրների միատեսակ ընթերցումը: Հետեւաբար, սա երկրորդ պատճառն է, թե ինչու Երեւանը վերաբերմունք չի հայտնում նույն մադրիդյան առաջարկների վերաբերյալ, եւ դա ճիշտ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter