
Զարթոնքի համայնքապետը որոշել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը որոշել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացնել մարզպետարան: Պատճառաբանել է, որ չի ցանկանում գյուղում պահպանել լարվածությունը: Վերջինս համայնքը ղեկավարում է արդեն 23 տարի՝ 1996 թվականից:
Նշենք, որ երեկ՝ վաղ առավոտյան, երբ գյուղացիները բողոքի ակցիայի միջոցով պահանջում էին համայնքապետի հրաժարականը, ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։
Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից:
Մինչ ուշ երեկո համայնքում է եղել նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ փորձելով իրավիճակը հանդարտեցնել և լուծում գտնել:
Հիշեցնենք, որ Զարթոնքում բողոքի ակցիաները սկսվել էին ավելի վաղ: Գյուղացիները նշում էին, որ նա թույլ է տվել բազմաթիվ չարաշահումներ և համայնքը լավ չի կառավարում:
Մեկնաբանել