HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավաբանների համար գիտությունը ցատկահարթակ է, իսկ փիլիսոփաներին այն չի ձգում

Արամի-Տերյան խաչմերուկում գտնվող եռահարկ սեւ շենքը վերջին տարիների ընթացքում տարբեր «էլիտար» կառուցապատողների ու իշխանությունների պատճառով բազմաթիվ հուշարձաններ կորցրած Երեւանի այն քիչ կանգուն արժեքներից մեկն է, որը բավականին հին ու հարուստ պատմություն ունի: Այս պահին էլ հարեւանությամբ՝ Արամի ու Բուզանդի փողոցներում ընթացող շինարարական թոհուբոհի պայմաններում թվում է, թե ինչ-որ հաջողությամբ պատմամշակութային շենքը կարողացել է սպրդել ոմանց ամենակուլ աչքից:  

068A6889.jpg (974 KB)

Շենքը կառուցվել է 1910-ականներին: Սա նախկին Ցարսկայա փողոցի վրա գտնվող եւ մեծահարուստ Թադեւոսյանների գերդաստանին պատկանած 3 շենքերից մեկն է ու միակը, որ կանգուն է մինչ օրս: Այն եղել է Ֆադեյ Թադեւոսյանի բնակելի տունը, որը հայտնի գործարար էր ու զբաղվում էր ալյուրի մատակարարմամբ: Ի սկզբանե շենքն ունեցել է 2 հարկ. երկրորդը եղել է բնակելի, իսկ առաջինը ծառայել է որպես օժանդակ տարածք: 1930-ականներին ավելացվել է երրորդ հարկը: 1921-ին Ռոմանոս Մելիքյանն այս շենքում բացել է երաժշտական ստուդիա, իսկ 1923-ին այստեղ հիմնվել եւ որոշ ընդմիջումով մինչեւ 1949 թ. գործել է Երեւանի պետական կոնսերվատորիան, որը հետագայում տեղափոխվել է քաղաքի այլ վայր: Ավելի ուշ այստեղ է գործել նաեւ Հայկական պետական մանկավարժական հեռակա ինստիտուտը:    

068A6881.jpg (844 KB)

Արամի 44 շենքում ներկայում գիտնականներ են աշխատում. այստեղ է տեղակայված ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը, որը հիմնադրվել է 1969-ին: Բայց մինչ այդ էլ այս ոլորտներում գործել են համապատասխան գիտական ստորաբաժանումներ, որոնք, բնականաբար, ինստիտուտի մակարդակ չեն ունեցել:

068A6532.jpg (1.99 MB)

Այսպես՝ դեռ 1944-ին Պատմության ինստիտուտին առընթեր ստեղծվել է փիլիսոփայության սեկտոր, որը 1947-ին դարձել է առընթեր ԳԱ նախագահությանը: Իրավագետների առանձին հետազոտական խմբի կազմավորման հետեւանքով 1959-ին վերանվանվել է փիլիսոփայության եւ իրավունքի սեկտոր, իսկ դրանից 10 տարի անց դարձել առանձին ինստիտուտ: Ընդ որում՝ սոցիոլոգիան անվան մեջ ամրագրվել է ավելի ուշ (ըստ ներկա տնօրեն Լիլիթ Ղազանչյանի՝ դա եղել է իր նախորդ, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի օրոք, որը կառույցը ղեկավարել է 1996-2018 թթ.), բայց մինչ այդ էլ ինստիտուտում գործել է կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա:  

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Նոր ղեկավար, հին խնդիրներ. ֆինանսներ եւ կադրեր

ՓՍԻԻ-ն ակադեմիական համակարգի այն քիչ ինստիտուտներից է, որի տնօրենը երիտասարդ է: Իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ղազանչյանն այդ պաշտոնը ստանձնել է այս տարվա փետրվարին, սակայն ինստիտուտում աշխատում է 2008-ից, եղել է գիտքարտուղար, փոխտնօրեն:

068A6547.jpg (1.11 MB)

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ գիտական հաստատության ղեկավարի բարձր պաշտոնը վստահել են երիտասարդին, Ղազանչյանն ասում է, որ ինստիտուտի խնդիրներին ծանոթ է, յուրաքանչյուրին անձամբ գիտի, եւ աշխատակիցները վստահել են իրեն, գուցե նաեւ դեր է խաղացել իրավաբան լինելը, քանի որ մասնագիտորեն կարող է պաշտպանել աշխատակիցների շահերը:

Տնօրենն ասում է, որ, ի տարբերություն այլ ինստիտուտների, ՓՍԻԻ-ն համատեղում է միանգամից 4 տարբեր ուղղություն՝ փիլիսոփայություն, սոցիոլոգիա, իրավունք եւ քաղաքագիտություն: Այս դեպքում, նրա խոսքով, ոլորտներից ցանկացածում որեւէ հետազոտություն կատարելիս գիտնականները շփվում, համագործակցում են մյուս ճյուղերի մասնագետների հետ, ինչից շահում է գիտական աշխատանքը:

068A6546.jpg (1.45 MB)

Ինստիտուտն ունի 59 աշխատակից, որից 53-ը գիտաաշխատողներ են, այդ թվում՝ 2 ակադեմիկոս, 1 թղթակից անդամ, գիտությունների 15 դոկտոր եւ 20 թեկնածու: Լիլիթ Ղազանչյանը նշում է, որ իր նպատակն է թարմացնել եւ արդիականացնել հաստատությունը՝ ավելի շատ երիտասարդների ներգրավելով, սակայն դա դժվար է անել ակադեմիայի համակարգում ցածր աշխատավարձերի պարագայում: Այս դեպքում ամենադժվարը իրավաբանների ներգրավելն է, քանի որ նրանք մեծ գումարներ են վաստակում այլ վայրերում: ՓՍԻԻ-ի աշխատողներից 20 հոգի ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազ. դրամ: Քանի որ դրանով հնարավոր չէ երիտասարդների հրապուրել, այլընտրանքային ճանապարհներ են փնտրում, այդ թվում՝ ներպետական համագործակցությունների միջոցով: 

ՓՍԻԻ
Infogram

Երիտասարդներին գիտություն բերելու համար որոշակիորեն օգնում է գործակցությունը բուհերի հետ: ՓՍԻԻ-ի աշխատողների մի մասը դասավանդում է բուհերում, ինչն օգտակար է կրթություն-գիտություն կապին եւ կադրերի հոսքին: Ներկայում ինստիտուտում սովորում է 9 ասպիրանտ եւ 23 հայցորդ: 

Տնօրենը նկատում է, որ ասպիրանտուրա ընդունվելը նախկինում ավելի բարդ էր, մրցակցությունն ավելի մեծ էր, քանի որ տղաների համար գործում էր տարկետման իրավունքը: Հիշում է, որ երբ ինքն էր ընդունվում ասպիրանտուրա, մեկ տեղի համար 20 հոգի էր դիմել, իսկ հիմա, քանի որ բանակի հարց չկա, գիտությունը, կարծես, մի փոքր կորցրել է հրապուրանքը:

068A6501.jpg (1.40 MB)

Բացի տարկետումից, ըստ Լ. Ղազանչյանի, երիտասարդներին գիտությունը գուցե այդքան էլ չի գրավում, քանի որ նրանք բավական տեղեկացված չեն մերօրյա գիտության ոլորտից՝ ձեռքբերումներից, հաջողություններից:

«Հիմա դաշտը բաց է, պետք է հավաքել երիտասարդների, ովքեր բանիմաց են, լեզուների են տիրապետում, շփվող են: Գլոբալացման դարաշրջանում անհնար է կաղապարված լինել քո փոքր աշխարհում եւ զուտ գիտությամբ զբաղվել, որովհետեւ ներկայում իրավունքից մինչեւ տնտեսություն ամեն ինչ գլոբալացվում է: Եվ հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ ուզած-չուզած պետք է գնա այդ քայլերին՝ շփում պետք է ստեղծել բոլոր ոլորտներում»,- ասում է Լիլիթ Ղազանչյանը:

068A6491.jpg (1.47 MB)

Ակադեմիական համակարգի խնդիրներից մեկը սահուն սերնդափոխությունն է. բանն այն է, որ գրեթե բոլոր ինստիտուտներում կա տարիքային «փոս»՝ միջին տարիքի գիտնականների պակաս: Երիտասարդները գալիս, որոշակի մակարդակի են հասնում գիտական ինստիտուտներում, ապա շատ ավելի բարձր աշխատավարձով գործ գտնում դրանց պատերից դուրս, այդ թվում ՝ արտերկրում, այսինքն՝ ինստիտուտները ցատկահարթակ են դառնում նրանց համար: Ի տարբերություն երիտասարդների, որոնք գալիս ու գնում են, ավագ սերունդն աստիճանաբար «մաղվում է», սակայն մեծերի ու երիտասարդների մեջ մեծ բաց կա:  

068A6572.jpg (1.30 MB)

Տնօրենն ասում է, որ տարիքային «փոսն» առաջացել է 1990-ականներին, երբ շատերը հեռացան գիտությունից, ինստիտուտներ էլ կային, որտեղ լաբորատորիաներ փակվեցին: Այդ «փոսը», սակայն, հետագայում չլրացվեց, այնինչ եթե նման ընթացքը շարունակվի, ըստ մեր զրուցակցի, գիտական ինստիտուտները կարող են փակվել: Լիլիթ Ղազանչյանը նշում է նաեւ, որ սերնդափոխությունը սահուն պետք է լինի. չի կարելի աշխատանքից ազատել մեծահասակ գիտնականներին՝ ասելով, որ տարիքն առել են: Մի կողմից՝ կա սոցիալական խնդիր, մյուս կողմից՝ այդ սերունդն իր գիտելիքը պետք է փոխանցի երիտասարդներին:

068A6592.jpg (1.33 MB)

ՓՍԻԻ-ն, տնօրենի հավաստմամբ, լավ ցատկահարթակ է, մասնավորապես, իրավաբանների համար, որոնք պետական համակարգում մեծ առաջընթաց են ունենում: Ակտիվ են նաեւ քաղաքագետները: Փոխարենը սերնդափոխության արտահայտված խնդիր ունեն փիլիսոփաները: Ղազանչյանի կարծիքով՝ հանրապետությունում փիլիսոփաներ քիչ են մնացել, ու առհասարակ նման մասնագետներ պատրաստող ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետն էլ ուսանողների պակաս ունի: Մյուս կողմից՝ վերջիններիս համար, մեր զրուցակցի դիտարկմամբ, գիտությունը գրավիչ չէ. նրանք ավարտում են բուհը, սակայն գիտական ինստիտուտ չեն գնում:

Պատմամշակութային շենքի պատշգամբները քայքայվում են

Ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող շենքում խորհրդավորություն կա: Տնօրենն ասում է, թե շենք մտնելիս այնպիսի զգացողություն է, կարծես եկեղեցի մտնես: Ըստ նրա՝ այստեղ միջավայրը, մթնոլորտը գիտությամբ է լցված:

068A6482.jpg (1.39 MB)

Շենքում հիմնականում պահպանվել է խորհրդային ժամանակներից մնացած կահավորանքը: Որոշակի վերանորոգում արվել է մի քանի տարի առաջ, սակայն կրկին թարմացման խնդիր կա: Լ. Ղազանչյանն ասում է, որ իրենք համեստ են, շքեղ վերանորոգում չեն ցանկանում, հիմա ինստիտուտն իր միջոցներով վերանորոգում է տանիքը, ջեռուցման խնդիր չունեն: 

068A6893.jpg (88 KB)

Արամի 44-ի գլխավոր հարցերից մեկը երկրորդ եւ երրորդ հարկերի բացօթյա պատշգամբների ամրացումն է, որոնք աստիճանաբար քայքավում են, ստիպված չեն օգտագործում:

068A6886.jpg (159 KB)

Աշխատողները նկատում են, որ եթե ամրացում չարվի, փողոցի անցորդների համար դրանք կարող են վտանգավոր լինել: Տնօրենը նշում է, որ երկու տարի առաջ դիմել են քաղաքապետարան, սակայն որեւէ աջակցություն չի եղել: Այնինչ սա ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճ ունեցող կառույց է:

068A6883.jpg (196 KB)

Ձեռքբերումները

Երիտասարդ տնօրենն ասում է, որ չնայած ՓՍԻԻ-ն ԳԱԱ համակարգի ամենափոքր ինստիտուտներից է, առաջատարների թվում է հայաստանյան եւ արտերկրյա հրապարակումների առումով:

068A6596.jpg (1.42 MB)

Լիլիթ Ղազանչյանը ձեռքբերում է համարում իրենց միջազգային կապերը: ՓՍԻԻ-ն համագործակցության պայմանագրեր, հուշագրեր ունի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Լատվիայի, Լիտվայի, դաշնագրեր՝ Գերմանիայի, Ռումինիայի հետ: Ներկայում ակտիվ համագործակցում են ԱՄՆ-ի հետ, մտադիր են կապեր ստեղծել Կալիֆոռնիայի պետական համալսարանի հետ: Այս կապերի շնորհիվ  է նաեւ, որ հայ գիտնականները մասնակցում են միջազգային կոնֆերանսների, գիտահետազոտական ուսումնասիրություններն են խորացնում, տպագրվում են արտասահմանում: Ինստիտուտը նաեւ շատ հյուրեր է ունենում, որոնց կսպասի հատկապես այս տարի, քանի որ նշելու է իր 50-ամյակը:  

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter