
ՍԴ անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այս պահին դռնփակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հովհաննիսյանն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հետ արդեն հանդիպել է։ Վաղը գումարվող նստաշրջանի օրակարգում է նաև ՍԴ անդամի ընտրության հարցը։ Հովհաննիսյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ քննարկել է սահմանադրական իրավունքին առնչվող հարցեր։
«Ես մտածում եմ, որ տպավորությունը լավ էր, մեր զրույցն ինձ դուր եկավ, ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, ու հուսով եմ, որ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,-լրագրողնեերի հետ զրույցում ասաց Գոռ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավորների հետ հանդիպմանը։
Մեր հիշեցմանը, որ խորհրդարանում ՍԴ անդամի ընտրության ժամկետների փոփոխության նախագծի քննարկմանը վիճելի էր դարձել նոր թեկնածու տերմինը, ինքն ինչպե՞ս է այդ հարցը մեկնաբանում, Գոռ Հովհաննիսյանն ասաց.
«Օրենքի փոփոխության արդյունքում նոր թեկնածու տերմինը չի փոխվել, մնացել է նույնը»։
Հարցին, թե ստացվում է՝ ինքը ևս համակարծի՞ք է, որ նոր թեկնածու տերմինը նշանակում է նախկինում չառաջադրված թեկնածու, Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց։
Մեկնաբանել