HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանը հիշեցրեց Փաշինյանի չիրականացրած խոստման մասին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է կառավարության կառուցվածքի և գործունեության և հարակից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկում, որով առաջարկվում է օպտիմալացնել կառավարության կառուցվածքը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը նախագծերի փաթեթի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանին հիշեցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը։

«Վարչապետի թեկնածու Փաշինյանը մայիսի 1-ին թե 8-ին, ԱԺ բարձր ամբիոնից պատասխանելով պատգամավորի հարցին՝ ասաց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, ուզում եմ իմանալ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում, որպես իշխող ուժի վարչության անդամ այդ հարցը Ձեզ եմ հղում»,- ասաց Մարուքյանը։

Մարությանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է փոխվել, որ վարչապետի խոստումը դրժվում է, և այն ինչ հետևանք կարող է ունենալ հետագայում։

Վահագն Հովակիմյանն արձագանքեց, որ կառավարությունն ինքն է որոշում, թե ինչ կառուցվածք ներկայացնել։

«Համոզված եմ, որ կառավարությունում եկել են այն համոզման, որ կառավարության ծրագրի իրագործման համար այս կառուցվածքն է պետք, կառավարությունը բերել է այն կառուցվածքը, որով կարողանալու է իրագործել իր ներկայացրած ծագիրը, արդյոք հաջորդ փուլում անհրաժեշտություն կլինի նման փոփոխության, չեմ կարող ասել, բայց այս պահին կառավարությունն այնպիսի կառուցվածք է ներկայացրել, որն անհրաժեշտ է համարում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ չի վիճարկում, որ կառավարության մենաշնորհն է ներկայացնել կառավարության կառուցվածք, սակայն հարակից զեկուցողից պարզապես փորձում է ճշտել, թե ինչու է դրժվում վարչապետի խոստումը։

Հովակիմյանը կոչ արեց նույն հարցը հղել վարչապետին՝ վստահեցնելով, որ պատգամավորը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Էդմոն Մարուքյանն իր ելույթում ներկայացրեց կառավարության կառուցվածքի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկների փաթեթը։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է 14 նախարարություն ներառել կառավարության կազմում, դրանք են՝ ազգային անվտանգության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտաքին գործերի, գյուղատնտեսության, իրավական հարցերի, կրթության, գիտության և սպորտի, մշակույթի, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման, ներքին գործերի, շրջակա միջավայրի պաշտպանության և պաշտպանության նախարարություն:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքեց այն հարցին, թե ինչու է կառավարությունը որոշել ոստիկանությանը և ԱԱԾ-ին նախարարության ձևով չներառել կազմում։

«Կարող էր և այդպես լինել, բայց մեր ներկայացրած կառուցվածքով սրանք քաղաքականություն իրականացնող մարմիններ են, ոլորտի ենթաօրենսդրական ակտերը կընդունի տվյալ ոլորտը համակարգող նախարարությունը կամ կլինի կառավարության որոշումներով, բայց քաղաքականությունը կիրականացվի կառավարության կողմից։ Չկա այդպիսի ոլորտ, որը դուրս է մնում խորհրդարանական վերահսկողությունից։ Ես ողջունում եմ «Լուսավոր Հայաստանի»՝ կառավարության ալտերնատիվ կառուցվածքը, այն հնարավորություն է տալիս համեմատելու, այն կարող է լինել ինչ-որ մի կառավարության կառուցվածք, բայց մենք այս կառուցվածքն ենք ներկայացրել որպես մեր բացառիկ լիազորություն»,- ասաց Զեյնալյանը։

Հանձնաժողովը քվեարկության ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկների փաթեթը. հանձնաժողովում ներառված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միաձայն դեմ քվեարկեցին փաթեթին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter