HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քաղաքացիները վերամշակման համար կհավաքեն թափոններ. Դավթաշենում մեկնարկել է «Էկո թաղամաս» ծրագիրը

Հռիփսիմե Մկրտչյանի հետ առաջին անգամ հանդիպեցինք 2018-ի մայիսին, Երևանի Զաքյան փողոցի վրա 5 ընկերներով ակցիա էին իրականացնում՝ հավաքում էին թղթի թափոնները։ Այդ օրվա ընթացքում հավաքել էին մոտ 700 կգ թուղթ։ Մեկ տարի հետո Հռիփսիմեն ընկերների հետ մշակել է «Էկո թաղամաս» ծրագիրը:  Խումբը Երևանի Դավթաշեն թաղամասում ամեն ամիս հստակ որոշված օրը թափոն է հավաքում։

«Մենք սկսեցինք «Թուղթը աղբ չէ» նախաձեռնությունից, փողոցում կանգնելով՝ իրազեկում էինք անցորդներին, որպեսզի միանան եւ հնարավորինս շատ թուղթ բերեն։ Սկզբնական շրջանում մարդկանց քանակը քիչ էր, հետո միանգամից սկսեց աճել, իսկ հիմա արդեն ունենք «Էկո աղբ» ՀԿ ն», - պատմում է Հռիփսիմե Մկրտչյանը։

«էկո աղբ» ՀԿ-ն հավաքագրում է թուղթ, ապակի, պլաստիկ եւ պոլիէթիլեն, որոնք հանձնում է վերամշակման գործարաններ։

Նախագծի համար որպես տարածք ընտրվել է Երևան համայնքի Դավթաշեն վարչական շրջանը, քանի որ պարզ կառուցվածք ունի. չորս թաղամասից է բաղկացած, նաեւ մոտ է գտնվում վերամշակման երկու գործարաններին։

Նախագծին մասնակցում են Դավթաշեն թաղամասի մոտ 100 ընտանիք, որոնք հավաքում են թափոնները, լվանում են պլաստիկը, տեսակավորում, ծալում ու տեղավորում պոլիէթիլենային տոպրակները։

«Մենք Դավթաշենի բակերով ենք շրջելու՝ հավաքագրելու թափոնը՝ ապակին, թուղթը եւ պլաստիկը։ Յուրաքանչյուր թափոնի տեսակի համար առանձին նշված ժամին մեքենա կշրջի։ Մարդիկ ոգեւորված են, ամենքն իր աղբամանը նետելուց առաջ մտածում է»,- ասում է նախագծի հիմնադիրը։

Թուղթը երկու տեսակի է բաժանվում՝ վերամշակումից հետո մի մասից պատրաստվում է զուգարանի թուղթ, մյուսից՝ ստվարաթուղթ։ Պոլիէթիլենային տոպրակներից նորից պոլիէթիլենային մեծ տոպրակներ են պատրաստում, իսկ պլաստմասսայի մի մասը Ռուսաստանի Դաշնություն են տեղափոխում, քանի որ Հայաստանում մշակում չի իրականացվում, մի մասից էլ պատրաստում են դույլեր, թասեր, գոգաթիակներ, ձագարներ, կախիչներ, ծաղկամաններ։ Ապակե շշերը նորից վերածվում են ապակու։

«էկո աղբ» ՀԿ-ն  բնակիչներից առաջարկ է ստացել` հավաքել նաեւ հացի կտորները, հագուստը եւ մետաղը, սակայն այս պահին ավելի շատ կենտրոնացած են պլաստիկ, թուղթ եւ ապակի հավաքելու վրա։ Վերամշակված իրերի մի մասն էլ «Կանաչ խանութ» հարթակի միջոցով վաճառում են՝ ստացած հասույթը ներդնելով նախագծի ծախսերի համար։

«Ցանկանում ենք հասնել նրան, որ քաղաքացիները սովորեն աղբը տեսակավորել, որից հետո տեղադրենք աղբամաններ»,- ասում է Հռիփսիմեն։

«Էկո թաղամաս»-ը փորձնական ծրագիր է, եթե ծրագիրը հաջողվի, կազմակերպիչները գաղափարը կտարածեն նաեւ այլ վարչական շրջաններում։

«Վեց ամիս է գործելու նախագիծը, հետո արդեն պարզ կդառնա հետագա պլանները։ Եթե ունենանք բեռնատար, մեր գործը կհեշտանա, նաեւ կկարողանանք մարզեր գնալ»,- հավելում է ՀԿ-ի նախագահը։

Երեւանի տարբեր փողոցներում տեղադրված թափոնների տեսակավորման աղբամանների համար Հռիփսիմեն եւ ՀԿ-ի մյուս անդամներն ուրախ են, սակայն, կարծում են, որ ավելի լավ արդյունքներ կլինեին, եթե թափոնահավաք այդպիսի խմբերը կարողանան համագործակցել։ «Ափսոսում եմ, որ նման կազմակերպությունները համագործակցության մեջ չեն մտել նախքան աղբամանների տեղադրելը, ինչն ավելի լավ կլիներ։ Մրցակցությունը միշտ է օգնում, սակայն այս դաշտում ավելի լավ կլիներ համագործակցություն, քան՝ մրցակցություն։ Մենք որեւէ մեկի համար չենք անում այս նախագիծը, անում ենք մաքուր միջավայր ունենալու համար»,- ասում է Հռիփսիմեն։

Մոտ երեք ամիս հետո «Էկո աղբ»-ի կողմից Երեւան քաղաքում կտեղադրվի սարքավորում, որի մեջ կգցեն պլաստիկ շիշը, իսկ երեք պլաստիկի դիմաց քաղաքացին կստանա տասը դրամ։ Սարքավորումը պատրաստում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Լուսանկարները տրամադրեց Հռիփսիմե Մկրտչյանը

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ
Շատ լավ նախագիծ է, բայց ես կխնդրեի որ դուք հստակ հասցե գրեք որ ես էլ կարողանամ բերել ամբողջ մեկ ամսում հավաքված թափոնները, թե արդեն մտածում եմ որ դա գոյություն չունի, պարզապես գովազդ է։
Ասյա
Շաաաաաատ հավանեցի նախաձեռնությունը , կարծես իմ մտքերը կարդացած լիներ մեր հերոսուհին, կցանկանա յի որ այդ նախաձեռնությունը իրականացվեր Երևանի բոլոր վարչական շրջաններում ։ Ես պատրաստ եմ աջակցել և միանալ Նոր Նորք վարչական շրջանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter