HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը

Այսօր երեկոյան՝ ժամը 18։50-ին, հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը Եվրոպայի ամենահաճախ այցելվող պատմական հուշարձանն է՝ կառուցված 12-14-րդ դարերում։ Հրշեջներին դեռեւս չի հաջողվել մարել հրդեհը։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն իր թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են։

Ֆրանսիական «Լիբերասիոն» պարբերականը հաղորդում է, որ տանիքի մեծ մասը այրվել եւ փլուզվել է՝ հսկայածավալ դեղնավուն ծուխ առաջացնելով։ «Ֆրանսպրես» գործակալության տեղեկության համաձայն՝ տաճարում գտնվողները տարհանվել են։ Ականատեսները տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում հրդեհի տեսարանից։

«Բի բի սի»-ին հիշեցնում է, որ անցյալ տարի Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման նպատակով դրամահավաք էր իրականացվել։ 

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի պատճառով նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է այսօր՝ ժամը 20։00-ին, նախատեսված իր ելույթը, որը չափազանց սպասված էր եւ պետք է արձագանքեր «դեղին բաճկոնավորներ»-ի շարժման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։    

Թվիթերյան իր գրառման մեջ նախագահ Մակրոնն ասել է. «Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է: Մի ամբողջ ազգի զգացմունք: Մտածմունք բոլոր կաթոլիկների եւ բոլոր ֆրանսիացիների համար: Բոլոր մեր հայրենակիցների պես, ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»:

Լուսանկարը՝  «Ֆրանսպրեսի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։