HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Փարիզի Աստվածամոր տաճարի երկու սյուները եւ հիմնական կառույցը պահպանվել են

Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել Փարիզի Աստվածամոր տաճարի երկու սյուները եւ հիմնական կառույցը։ Տաճարը անսպասելիորեն բռնկվել էր երեկ երեկոյան՝ ժամը 18։50-ի սահմաններում։ «Լիբերասիոն» պարբերականին տված հարցազրույցում հրշեջ-փրկարարների բրիգադի ղեկավար, գեներալ Ժան-Կլոդ Գոլեն ասել է, որ «կարելի է համարել, որ տաճարի հիմնական կառույցն իր ամբողջության մեջ պահպանվել է»։

Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել է հինգ հարյուր մարտական հաշվարկ, մեկ փրկարար լուրջ վնասվածքներ է ստացել։ Փարիզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հրդեհի պատճառը բացահայտելու նպատակով։ Քննիչների նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է պատահաբար, տաճարի տանիքում ընթացող շինարարական աշխատանքների հետեւանքով։ Գիշերը հարցաքննվել են շինարարության մեջ ներգրավված բոլոր բանվորները։

Դեռեւս երկու ամիս առաջ «Ֆրանս 2» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ տաճարի զանգակատունը հոսանքազրկվել է՝ հրդեհից խուսափելու համար։

Ֆրանսիայի Ժառանգության հիմնադրամը համազգային դրամահավաք է հայտարարել տաճարի վերականգնման համար։ Արվեստի գործերի մեծ հավաքածու ունեցող Պինոների ընտանիքին պատկանող «Արտեմիս» ներդրումային հիմնադրամը հայտնել է, որ 100 մլն եվրո կհատկացնի տաճարի վերականգման համար։ Աստվածամոր տաճարի վերակառուցմանն իր աջակցությունն է հայտնել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ_Ն։ 

«Լիբերասիոնի» փոխանցմամբ՝  նախագահ Էմանուել Մակրոնը գիշերը, ձայնի մեջ՝  հուզմունք, հույսի ուղերձ է հղել եւ կոչ արել միասին վերակառուցել տաճարը։ Պահպանված երկու աշտարակների առջեւ ելույթ ունենալով՝ նա նախեւառաջ հարգանքի տուրք է մատուցել հրշեջ-փրկարարներին։ «Ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել ամբողջ ազգի անունից։ Նրանց շնորհիվ հաջողվեց խուսափել վատագույնից»,- ասել է Մակրոնը եւ խոստացել, որ անձամբ ամեն ինչ կանի, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններից մեծագույն տաղանդները մոբիլիզացվեն՝ տաճարի վերակառուցման համար։ «Մենք գիտենք, թե ինչպես է կառուցվել այս տաճարը, բարելավվել։ Մենք այն կվերակառուցենք միասին, քանի որ այն ֆրանսիական ճակատագրի մի մասն է»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։ 

Լուսանկարները՝ «Լիբերասիոնի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter