HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Շիրակ Գյունաշյան․ Շինծու գործ

Սկիզբը

Շիրակ Գյունաշյանի նկատմամբ կայացված երկրորդ դատավճիռը կարող է խորհրդային տարիների «արդարադատության» ցցուն նմուշ լինել: Այստեղ Գյունաշյանի մեղքի ապացուցման փորձ անգամ չի արվել: Իրականում նրան դատապարտել են ոչ թե խուզարկությամբ Գյունաշյանի բնակարանում հայտնաբերված, դեռեւս 1975 թվականին գրված հոդվածի, այլ` 1970 ականներին Պետական անվտանգության կոմիտեի աչքից չվրիպած՝ Շիրակ Գյունաշյանի ծավալած գործունեության համար: 1969-ին «Հանուն Հայրենիքի» խմբի գործով առաջին անգամ չորս տարի ազատազրկման դատապարտվելուց հետո նա ազատ էր արձակվել 1972-ին: Ազատ արձակվելուց հետո ոչ միայն չէր կտրել իր կապերը հայ  այլախոհների հետ, այլեւ այլախոհական շրջանակներից դուրս նույնպես` չէր թաքցնում իր հայացքներն ու ազատորեն արտահայտում էր դրանք: Գյունաշյանի գործունեության հետ կապված, ՊԱԿ-ն իր ունեցած օպերատիվ տեղեկությունները ոչ մի կերպ չէր կարող տեղավորել նրա նկատմամբ կայացվող նոր դատավճռի հիմքում եւ դատապարտել 65 (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) հոդվածի 2-րդ մասով, այդ պատճառով էլ նախընտրում են 206-1 հոդվածը (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը):

1982 թ. փետրվարին Շիրակ Գյունաշյանը կալանավորվում է, իսկ մայիսին` քրեական օրենսգրքի 206-1 հոդվածով դատապարտվում երեք տարի ազատազրկման, որը պետք է կրեր խիստ ռեժիմի կալանավայրում: Պատիժը կրել է Հայաստանում: Ազատ է արձակվել 1985-ին ու կրկին շարունակել է իր գործունեությունը։

1987- ին` իր  ընկերների հետ միասին  հիմնադրել է «Հայ դատի  պաշտպանության ընկերություն» կազմակերպությունը: 1988-ից ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ: Նա էր «Էրեբունի» օդանավակայանից Արցախ առաքվող ռազմամթերքի ու սննդամթերքի համակարգողն ու կազմակերպիչը: Մինչեւ զինադադարի կնքումը` նրա հիմնական աշխատավայրը «Էրեբունի» օդանավակայանն էր: 1996 թվականին` նրա նախաձեռնությամբ ստեղծվեց  1960-80-ականների քաղբանտարկյալների հասարակական կազմակերպությունը` «Ակումբ-65»-ը:

Վախճանվել է 1997-ին, Երեւանում:

Շիրակ Գյունաշյանի գործով կայացված դատավճիռը

(Դատավճիռն  ամբողջական է,  ստացել ենք Դատական դեպարտամենտի արխիվից: Տեքստը եղել է ձեռագիր վիճակում):

Գործ N 65

1982թ

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայկական ՍՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

1982 թվի մայիսի 5-ին                      քաղ. Երեւան              

Նախագահությամբ`       Ալ. Թումանյանի

Ատենակալներ`    1. Օ. Աղաբեկյանի

                            2. Վ. Ղուկասյանի

Քարտուղարությամբ`        Գ. Մնացականյանի

Մասնակցությամբ պետական մեղադրող

Դատախազ`         Գ. Ղամարյանի

Պաշտպան`         Թ. Բադասյանի

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի Շիրակ Պավելի Գյունաշյանի, ծնված 1939թվականին Ախուրյանի շրջանի Հայկավան   գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մեկ երեխա, անկուսակցական, դատված 1969 թվականին Հայկական ՍՍՀ քր. օրի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդվածով ազատազրկման չորս տարի ժամանակով, ֆիզիկապես առողջ, աշխատել է հայստորգետնյա մետաղպաշտպանության արտադրական միավորման Արարատի ծառայության պետ, բնակվել է Երեւան Մարգարյան փողոցի 4-րդ շենքի 22 բնակարանում: Կալանքի տակ է 1982 թ. փետրվարի 16-ից:

Դատաքննությամբ, գործի նյութերով, ամբաստանյալի եւ վկաների ցուցմունքներով, դատաձեռագրային փորձաքննության եզրակացությամբ, ամբաստանյալի բնակարանում   կատարված խուզարկության առիթով կազմված արձանագրությամբ դատական կոլեգիան հաստատված համարեց հետեւյալը:

Ամբաստանյալ Շիրակ Պավելի Գյունաշյանը 1969 թվականին սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող հերյուրանքներ պարունակող թռուցիկներ տարածելու համար դատապարտվելուց եւ նշանակված պատիժը կրելուց հետո համապատասխան հետեւություն չանելով եւ լինելով ազգայնական տրամադրված, դժգոհելով կումունիստական կուսակցության եւ սովետական կառավարության կողմից տարվող քաղաքականությունից, հայ ժողովրդի դրությունը զրպարտչորեն համարելով ստրկական, 1980 թվականի վերջին սովետական պետական կարգերը արատավորող բովանդակությամբ ինը էջից բաղկացած կոչ է գրել, որտեղ նշել է, որ իբրեւ թե ռուս ազգը փոքրաթիվ ազգերի մասնավորապես հայերի նկատմամաբ վարում է ռուսական շովինիզմի, ռուս ազգի հեգեմոնյայի քաղաքականություն, որ իբրեւ թե հայը հանդիսանում է ռուսի ստրուկ:

Ամբաստանյալ Գյունաշյանն իր նամակում նշել է, որ իբրեւ թե սովետական իշխանության սխալ քաղաքականության հետեւանքով Հայաստանն անվերադարձ զրկվել է Թուրքահայաստանի ինչպես նաեւ Վրացական եւ ադրբեջանական հանրապետություններում գտնվող տերիտորիաներից եւ այսօր կանգնած է կործանման եզրին (գթ 220- 233):

Շիրակ Գյունաշյանին վերագրված մեղադրանքն ապացուցված է 1982 թվականի փետրվարի  9-ին նրա բնակարանում  կատարված խուզարկության ընթացքում  սովետական պետական եւ հասարակական կարգերն արատավորող ինը էջանոց կոչի հայտնաբերման, այդ կոչը Շիրակ Գյունաշյանի ձեռքով գրված լինելու առիթով դատաձեռագրային փորձաքննության եզրակացությամբ (գ.թ. 216-219):

Ամբաստանյալ Գյունաշյանն ընդունելով, որ սովետական պետական եւ հասարակական կարգերն արատավորող ինն էջանոց հերյուրանքներն ինքն է գրել, իրեն մեղավոր  ճանաչեց այդպիսինը գրելու համար, միաժամանակ նշեց, որ այն գրել է 1975 թվականին:

Դատական կոլեգիան գտնում է, որ ամբաստանյալ Գյունաշյանը նշված կոչը 1975 թվականին է վերագրում, հետապնդելով քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ:

Իրականում Գյունաշյանն այն չէր կարող այդ թվականին գրել, քանի որ այնտեղ նա որոշոակի նշել է, որ այժմ Հայաստանի արդյունաբերությունը 1913 թվականի համեմատությամբ աճել է 311 անգամ, եւ որ Հայաստանը 60 տարիների ընթացքում միշտ գերակատարել է պետական պլանները: Հետեւաբար այդ կոչը կարող էր գրվել Սովետական Հայաստանի 60 տարին լրանալիս, այն է` 1980 թվականի վերջում:

Բացի նշվածից, ինչպես երեւում է «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսությունը 60 տարում» գրքի 71 էջից արված քաղվածքից (գ.թ. 177), Հայաստանի արդյունաբերությունը 311 անգամ աճել է 1977 թվականին, որպիսի արդյունքը կարող էր տեղի ունենալ եւ հետեւաբար մարդկությանը հայտնի դառնալ այդ թվականից հետո, եւ ոչ թե առաջ:

Այսպիսով ամբաստանյալ Շիրակ Գյունաշյանը պատրաստել է սովետական պետական եւ հասարակական կարգերը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող   երկ, որպիսի արարքը համապատասխանում է Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 2061 հոդվածի հատկանիշներին:

Վերը շարադրվածի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օր-ի 293 եւ 294 հոդ- վածներով Հայկական ՍՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Շիրակ Պավելի Գյունաշյանին ճանաչել հանցավոր Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 2061 հոդվածով եւ ենթարկել ազատազրկման երեք (3) տարի ժամանակով: Պատիժը կրելու է խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1982 թվականի փետրվարի 16-ից:

Դատավճիռը վճռաբեկության կարգով գանգատարկման եւ բողոքարկման ենթակա չէ:

Նախագահ` Թումանյան

Ատենակալներ`

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter