HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայաստանի հելսինկյան խումբ

սկիզբը

Խորհրդային Միությունում առաջին Հելսինկյան խումբը ձեւավորվեց Մոսկվայում, 1976 թվականին: Այնուհետեւ հայտարարվեցին ուկրաինական, լիտվական, վրացական եւ հայկական նմանօրինակ խմբերի ստեղծման մասին: Թվարկված բոլոր հելսինկյան  խմբերը ենթարկվում էին դաժան հետապնդումների ու ճնշումների: Խմբերում ներգրավված իրավապաշտպանները դատապարտվում էին երկարատեւ ազատազրկման: Հայաստանի հելսինկյան խմբի կազմակերպիչ Շահեն Հարությունյանը եւ խմբի անդամ Ռոբերտ Նազարյանը կալանավորվում են 1977 թ. դեկտեմբերին, իսկ խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը` 1979-ի հուլիսին: Իրավապաշտպանների շրջանում չընդմիջվող կալանավորումներ էին ծավալվում մյուս հանրապետություններում եւս: 1977-79 թթ․ ընթացքում Ուկրաինայում, Լիտվայում, Վրաստանում ու Հայաստանում հելսինկյան խմբերի բոլոր ակտիվ անդամներն արդեն երկարատեւ պատժաչափերի էին դատապարտվել ու կալանավայրերում էին։ Միայն Վրաստանի հելսինկյան խմբի ղեկավար Զվիադ Գամսախուրդիան 1977 թ․ թուլակամություն ցուցաբերեց եւ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ հանդես եկավ իր եւ մյուս այլախոհների ու իրավապաշտպանների գործունեության դատապարտման հրապարակային հայտարարությամբ: Նույն թվականին նման հայտարարությամբ հանդես գալուց հրաժարված Վրաստանի Հելսինկյան խմբի անդամ Մերաբ Կոստավան, դատապարտվեց։ Հետագայում նրա պատժաչափը երկու անգամ ավելացրեցին։ Միայն գորբաչովյան պերեստրոյկայի շնորհիվ՝ 1987-ին նա ազատ արձակվեց։ 1981 թ. վերջին Մոսկովյան հելսինկյան խմբի անդամներից ազատության մեջ էին մնացել երեքը` Ելենա Բոները, Նաում Նեյմանը եւ Սոֆյա Կալիստրատովան, որի նկատմամբ արդեն քրեական գործ էր հարուցվել: 1982 թ. սեպտեմբերի 6-ին, տոտալ հետապնդումներին ու բռնություններին այլեւս չկարողանալով դիմակայել, Մոսկվայի հելսինկյան խմբի դեռեւս չկալանավորված երեք անդամները հայտարարեցին խմբի գործունեության դադարեցման մասին: Այս հայտարարությունը ոչ թե սպասվող հերթական կալանավորումներից խույս տալ էր նշանակում, այլ քարոզչական խնդիր էր լուծում եւ նպատակ էր հետապնդում ցույց տալ աշխարհին, որ ԽՍՀՄ-ում՝ առանց կյանքը վտանգելու անհնար է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Ահա համատարած հալածանքների այս եռուն շրջանում` 1982 թ. հունվարին, առաջին պատժաչափն ավարտելով, կալանավայրից ազատ է արձակվում Էդուարդ Հարությունյանը եւ անմիջապես սկսում է զբաղվել Հայաստանի հելսինկյան խմբի աշխատանքների ակտիվացմամբ: Կալանավորումների նախկին ալիքից խուսափած կամ փոքր պատժաչափեր ստացած (ինչպես Սիրվարդ Ավագյանը, որը շինծու` 222 հոդվածով (խուլիգանություն) մեկ տարի ազատազրկման էր դատապարտվել) ու ազատ արձակված խմբի նախկին անդամներն ի մի գալով` կրկին ակտիվ գործունեություն են ծավալում: Հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով ու դիմումներով, ինքնահրատ գրականության տարածմամբ, հայ քաղբանտարկյալների պաշտպանությամբ:

1982 թ. նոյեմբերին կալանավորվում են Հայաստանի hելսինկյան խմբի հետ բոլոր առնչվողները: Ռաֆայել Օհանյանը եւ Սիրվարդ Ավագյանը կալանավորվում են նույն օրը` 1982 թ. նոյեմբերի 6-ին, իսկ Էդուարդ Հարությունյանը, Էդմոնդ Ավետյանը, Գեորգի Խոմիզուրին եւ Ռաֆայել Պապայանը` նոյեմբերի 10-ին: Այսպիսով, Մոսկովյան հելսինկյան խմբի գործունեության դադարեցման մասին հայտարարությունից երեք ամիս անց, վերջնականապես դադարեց գործել ԽՍՀՄ տարածքում գործող վերջին` Հայաստանի հելսինկյան խումբը:

Էդուարդ Բագրատի Հարությունյանը ծնվել է 1926 թ., Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է Բաքվի ժողտնտեսության ինստիտուտը: Աշխատանքի է անցել Երեւանում: 1961-ին պաշտպանել է թեկնածուական թեզ ու ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում: Չնայած այն հանգամանքին, որ եղել է համոզված կոմունիստի ընտանիքի զավակ, ունեցել է ընդգծված ազատամիտ հայացքներ: Նրա ազատամտությունը սկզբնական շրջանում չէր հակադրվում կոմունիստական գաղափարախոսությանը: Հարությունյանը համարում էր, որ խորհրդային հասարակության մեջ առկա անարդարությունները խորթ են կոմունիստական գաղափարախոսությանը, եւ դրանց մեղավորներն առանձին մարդիկ են, ոչ թե` հասարակարգը: Նրա այս մոլորությունը, սակայն, երկար չի տեւում: Ցուցաբերած ազատամտության պատճառով 1967- ին հեռացվում է աշխատանքից: Սկսվում է տարիներ ձգվող հալածանքների մի մեծ շղթա: Էդուարդ Հարությունյանը բախվում է խորհրդային իրականությանը եւ ինչ-որ պահից գիտակցում, որ հարկավոր է պայքարել այդ իրականության դեմ: Նրա հոդվածներն արգելում են հրապարակել, համապատասխան աշխատանք գտնելը դառնում է անհնար: 1972-ին Մոսկվայում նա մտնում է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն եւ փորձում դեսպանատան աշխատակիցներին փոխանցել իր հոդվածները: Նրան ձերբակալում եւ հոգեբուժարան են տեղափոխում: Ազատ են արձակում միայն այն բանից հետո, երբ մայրն սպառնում է` որդուն ազատ չարձակելու դեպքում ինքնահրկիզվել հենց Լենինի դամբարանի մոտ:

1977-ին ստեղծվում է Հայաստանի հելսինկյան խումբը: Խմբի ղեկավար է դառնում Հարությունյանը: Նա էլ գրում է խմբի հռչակագիրը եւ մեծ եռանդով լծվում Խորհրդային Միությունում իրավապաշտպանի ծանր գործին: 1977-ի դեկտեմբերին կալանավորվում է Հելսինկյան խմբի անդամ Ռոբերտ Նազարյանը, իսկ մոտ մեկ տարի անց՝ Շահեն Հարությունյանը։

Էդուարդ Հարությունյանը նոր համախոհների` Սամվել Օսյանի, Ռաֆայել Օհանյանի, Սիրվարդ Ավագյանի, Համբարձում Խլղաթյանի եւ այլոց հետ շարունակում է հանդես գալ Հայաստանի հելսինկյան խմբի անունից:

1979-ի հուլիսին նրան կալանավորում ու մեղադրանք են ներկայացնում 206-1 հոդվածով (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը): 1980-ի մարտին Հարությունյանը դատապարտվում է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը կրելու համար տանում են Սիբիր: Ազատ է արձակվում 1982-ի հունվարին եւ, չնայած մտահոգիչ առողջական վիճակին, անմիջապես վերսկսում է իրավապաշտպանական գործունեությունը: Նա ազատության մեջ ընդամենը 9 ամիս մնաց: Բայց այդ ինն ամիսների ընթացքում կարողացավ` ողջ ԽՍՀՄ-ում իրավապաշտպանների նկատմամբ ամենախիստ հետապնդումների շրջանում վերականգնել ու  ակտիվացնել Հայաստանի հելսինկյան խումբը:

Նրա առողջական վիճակը ծայրահեղ քայքայված է եղել: Շահեն Հարությունյանը պատմում է , որ Էդուարդ Հարությունյանի ազատ արձակվելուց հետո իրենց տանը հավաքվել են ինքը, Ռաֆայել Պապայանը, Գեորգի Խոմիզուրին, Էդմոնդ Ավետյանը եւ Էդուարդ Հարությունյանը: Այդ օրը բոլորը նրան համոզում են, որ դադար տա, մի փոքր հանգստանա, ակտիվ գործունեություն չծավալի եւ զբաղվի իր առողջական խնդիրներով: Սակայն, նա հրաժարվել է ընդունել նրանց առաջարկները:

Խորհրդային ՊԱԿ-ը նրա նկատմամբ առավելագույնս դաժան վարվեց: Քայքայված առողջությամբ Հարությունյանին երկրորդ անգամ կալանավորում ու դատապարտում են երեք տարի ազատազրկման եւ պատիժը կրելու համար կրկին Սիբիր տեղափոխում: Սրանով չբավարարվելով` տարբեր պատրվակներով նրան էտապով կալանավայրից կալանավայր էին տեղափոխում, ինչն էլ ավելի էր հյուծում նրան: 1984-ին ծանր հիվանդ վիճակում բանտային հիվանդանոցից նրան կրկին կալանավայր են տեղափոխում: Նման դաժան վերաբերմունքի պատճառը կալանավայրից տարբեր ատյաններ, այդ թվում` Միացյալ ազգերի կազմակերպություն գրած նրա ըմբոստ նամակներն էին: 1984 թ. դեկտեմբերի 5-ին ծայրաստիճան ծանր առողջական վիճակում գտնվող Հարությունյանին խորհրդային իշխանությունները ազատ են արձակում: Պատճառը մեկն էր՝ որ նա կալանավայրում չմահանա եւ իրենց համար ավելորդ գլխացավանք չդառնա։ Ազատ արձակվելուց 12 օր անց` դեկտեմբերի 17-ին 58 տարեկանում նա վախճանվում է: Նրա մարմինն, իր ցանկությանն ընդառաջ, հողին է հանձնվում հայրենի Թալիշ գյուղում:

Ֆրանսիական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ու միջոցներով նրա գերեզմանին տապանաքար է դրվում, բայց խորհրդային իշխանությունները հանում են այն ու բարբարոսաբար ջարդում:

Ռաֆայել Լյուդվիգի Օհանյանը ծնվել է 1925 թվականին, Կիրովական (Վանաձոր) քաղաքում: ՀԽՍՀ քր. օր.-ի 133-րդ հոդվածով (ընտրական իրավունքի իրականացման  արգելք հանդիսանալը) 1950-ին դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամանակով: Ազատ է արձակվել երեք տարի անց` 1953-ին:  Նա կոմունիստական գաղափարների կրող էր: Հավատում էր, որ կոմունիստական կուսակցությունը լցված է պատեհապաշտներով, վերածվել է բյուրոկրատական կառույցի, եւ հարկավոր է զտել կուսակցությունը, վերադարձնել մարքս-լենինյան գաղափարախոսության ու ծրագրերի հարթություն: Այս կապակցությամբ գրել է դիմում-գանգատներ ԽՍՀՄ պետական մարմիններին  ու կոմունիստական կուսակցական ղեկավարությանը: Իր պատկերացումների եւ իրական կյանքի միջեւ առկա հակասությունը 1970-ականներին նրան մղել է, պետական մարմիններին ու կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաներին դիմումներ գրելու փոխարեն, ավելի ակտիվ գործողությունների: 1978-79 թթ. որոշում է հեռանալ Խորհրդային Միությունից, բայց ԽՍՀՄ-ից ելքի թույլտվություն ստանալ չի հաջողվում՝ խորհրդային իշխանությունները մերժում են: Աջակցության համար 1979-ին դիմում է Հայաստանի հելսինկյան խմբին: Այդ առիթով էլ ծանոթանում է Էդուարդ Հարությունյանի հետ, ինչին հետեւում է նրա մասնակցությունը Հելսինկյան խմբի աշխատանքներին: Էդուարդ

Հարությունյանի առաջին կալանավորումից հետո ՊԱԿ-ը բավարարվում է Օհանյանին նախազգուշացում հայտարարելով: 1982-ին Հարությունյանի ազատ արձակումից հետո Օհանյանը վերսկսում է իր համագործակցությունը Հելսինկյան խմբի հետ եւ նույն թվականի նոյեմբերին կալանավորվում, իսկ 1983-ի հունիսին` ՀԽՍՀ քր. օր.-ի 206-1-րդ (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը) եւ 208-1-րդ (միլիցիայի աշխատողին կամ ժողովրդական դրուժիննիկին վիրավորանք հասցնելը) հոդվածներով դատապարտվում է երեք տարի ազատազրկման: 1987-ին մեկնել է ԱՄՆ մշտական բնակության, որտեղ էլ 2000 թվականին վախճանվել է: Դին տեղափոխել են Հայաստան եւ հողին հանձնել նրա ծննդավայր Վանաձորում:

Սիրվարդ Արտաշեսի Ավագյանը ծնվել է 1952-ին, Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում: Աշխատավայրի ղեկավարությանը քննադատելու, նրանց հետ ունեցած հակասությունների պատճառով ենթարկվել է տարաբնույթ հալածանքների, ընդհուպ` հոգեբուժական: 1979 թվականից մասնակցել է Հայաստանի hելսինկյան խմբի աշխատանքներին: 1978-80 թթ. ընթացքում խմբի անդամների նկատմամբ տեղի են ունենում մի շարք դատավարություններ, դրանց թվում` նաեւ շինծու քրեական մեղադրանքներով: 1980-ի մարտին, ՀԽՍՀ քր. օր.- ի 222 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) Սիրվարդ Ավագյանին նույնպես շինծու մեղադրանք են առաջադրում ու դատապարտում մեկ տարի ազատազրկման: Ազատ արձակվելուց հետո շարունակում է հանդես գալ Հայաստանի հելսինկյան խմբի անունից: Խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանի միջոցով կապեր է հաստատում խորհրդային այլ հանրապետությունների իրավապաշտպանների հետ: Մշտապես գտնվում է Պետանվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում: Հայաստանում մարդու իրավունքների եւ հայ քաղբանտարկյալների վիճակին վերաբերող փաստաթղթերը Մոսկվա տանելիս, 1982 թ. նոյեմբերին ձերբակալվում է Երեւանի երկաթգծի կայարանում: 1983-ի հունիսին դատապարտվում է երեք տարի ազատազրկման 206-1 (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը ) եւ 208-1 (միլիցիայի աշխատողին կամ ժողովրդական դրուժիննիկին վիրավորանք հասցնելը) հոդվածներով: Նախաքննության եւ դատաքննության ընթացքում, ինչպես նաեւ կալանավայրում, շարունակում է հանդես գալ որպես Հայկական հելսինկյան խմբի անդամ: Ազատ արձակվելուց հետո շարունակում է զբաղվել իրավապաշտպանությամբ: 1987-ին մեկնում է ԱՄՆ մշտական բնակության: Ապրում է Բոստոնում:

Հայաստանի հելսինկյան խմբի գործով կայացված դատավճիռը

(Դատավճիռն ստացել ենք Դատական դեպարտամենտի արխիվից, ձեռագիր վիճակում):

                                                                                                                                                      Գործ N 10

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայկական ՍՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

1983թ. հունիսի 6-ին           Երեւանում

Նախագահությամբ`       Հր. Կարապետյանի

  Ատենակալներ`    1. Հ. Հովհաննիսյանի

  1. Օ. Աղաբեկյանի

  Քարտուղարությամբ`    Կ. Մելքոնյանի

Մասնակցությամբ պետական մեղադրող

Դատախազ`    Գ. Պիվազյանի

Թարգմանիչ`    Վ. Վերմիշյան

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

1Հարությունյան Էդուարդ Բագրատի, ծնվել է 1926թվականին Ադրբ. ՍՍՀ Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, չամուսնացած, բարձրագույն կրթությամբ, չաշխատող, դատված` 1980թ. մարտի 10-ին ՀՍՍՀ Գերագույն դատարանի կողմից քր. օր 206-1 հոդվածով ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով, պատիժը կրելուց ազատվել է 1982թվականի հունվարի 13-ին, մշտական բնակավայրը` Երեւան Հ. Ներսիսյանի 1 բնակ. 5, կալանքի տակ է 1982 թվականի նոյեմբերի 10-ից:

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր-ի 206-1 հոդվածով:

2Օհանյան Ռաֆայել Լյուդվիգի, ծնվել է 1925 թվականին Կիրովական քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, չի աշխատել, դատված` 1950 թ. Երեւան քաղաքի Սպանդարյան շրջ. Ժողդատարանի կողմից քր. օր-ի 133 հոդ. ազատազրկման 6 տարի ժամանակով, պատիժը կրելուց ազատվել է 1953թ.հունվարի 24-ին, դատվածությունը մարված, մշտական բնակավայր` Կիրովական Զաքարյան 6 բնակ. 12, կալանքի տակ է 1982թվականի նոյեմբերի 6-ից:

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր 206-1 եւ 208-1 հոդվածներով:

3Ավագյան Սիրվարդ Արտաշեսի, ծնվել է 1952թ Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, չի աշխատել, դատված 1980 թվականի մարտի 10-ին Երեւան քաղաքի Սպանդարյան շրջ. քր. օրի 222 հոդ 1-ին մասով ազատազրկման մեկ տարի ժամանակով, պատիժը կրելուց ազատվել է 1981թվականի մարտի 10-ին, մշտական բնակավայրը` Եղեգնաձորի շրջ. Մալիշկա գյուղ, կալանքի տակ է 1982թ. նոյեմբերի 6- ից:

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր. 206-1 եւ 208-1 հոդվածներով:

Նախաքննությամբ եւ դատավարությամբ ձեռք բերված ապացույցներով, դատական կոլեգիան ապացուցված է համարում հետեւյալը.

Ամբաստանյալ Էդուարդ Բագրատի Հարությունյանը դեռեւս 1976 թվականից, ինքնագլուխ հանդես գալով գոյություն չունեցող այսպես կոչված Հայկական Հելսինկյան խմբի ղեկավար, զբաղվել է սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող երկեր պատրաստելով, ինչպես նաեւ այլ անձանցից այդպիսի նյութեր ձեռք բերելով ու տարածելով, որի համար ՀՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից 1980 թվականի մարտ ամսին դատապարտվել է ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամանակով: Պատիժը կրելուց հետո նա որեւէ քայլ չի արել հանրօգուտ աշխատանքով զբաղվելու եւ ուղղման ճանապարհն ընտրելու, այլ շարունակել է նույն հանցագործությունը, այս անգամ գործով մյուս ամբաստանյալներ Ռաֆայել Լյուդվիգի Օհանյանի եւ Սիրվարդ Արտաշեսի Ավագյանի համագործակցությամբ:

Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը «ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին» ուղղված խնդրանքը եւ «Հայկական եկեղեցու դիմումը ՍՍՀՄ Գերագույն սովետի  նախագահությանը» վերնագրով երկու տարբերակներից ռուսերեն լեզվով մեքենագրված տեքստում, որպիսին պատրաստել է ինքը, հանդես է եկել իբրեւ «մարդու իրավունքների պաշտպանող սովետական կոմիտեի ներկայացուցիչ» եւ խնդրել է Վազգեն առաջինին, դիմել սովետական կառավարությանը «կալանավայրերից եւ հոգեբուժական հիվանդանոցներից բաց թողնելու բոլոր քաղաքական հայ բանտարկյալներին»:

Ամբաստանյալ Հարությունյանը խեղաթյուրված ձեւով մեկնաբանելով ՍՍՀՄ Սահմանադրութունը գրել է, որ իբր «Սովետական ժողովուրդը իրավազուրկ է, միշտ սարսափի ու վախի մեջ, սովետական կառավարությունից», որ այսպես կոչված «քաղաքական բանտարկյալները» դատապարտվում են միայն իրենց քաղաքական համոզմունքների համար: Նա դատապարտվածներին պահելու պայմանները ներկայացրել է շուռ տված ձեւով:

Այնուհետեւ առանց խղճի խայթի, սովետական ժողովրդին եւ քրիստոնեական եկեղեցուն նախատել է սովետական կառավարությունից եւ հատկապես ՊԱԿ մարմիններից «վախենալու» հարցում:

Ամբաստանյալ Հարությունյանը շարունակելով զրպարտիչ հայտարարությունները սովետական կառավարության հասցեին բառացիորեն գրել է. «մենք չենք պատկերացնում, որ մեր կառավարությունը ավելի շատ է վախենում մեզանից, քանի որ ամենավախկոտ կառավարությունն է աշխարհում», որ «մեր կառավարությունը խլում է այն ինչ վատ է դրված, խլում է այն ժամանակ, երբ զոհը անզոր է»:

Դրանից հետո դիմելով Վազգեն առաջինին՝ պահանջում է օգնություն ցույց տալ «քաղաքական բանտարկյալների» ընտանիքներին, այնքան մեծ գումարով, որ շոկային վիճակ առաջանա սովետական կառավարության մոտ»:

Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը 1982թ. ընթացքում պատրաստել է 71 թերթից առանց վերնագրի ձեռագիր տեքստ, որի մի մասը տպագրել է չորս օրինակից, տարածելու նպատակով նշված տեքստը նույնպես իր մեջ պարունակում է սովետկան պետությանը եւ կառավարությանը արատավորող բազմաթիվ հերյուրանքներ: Բացահայտ թշնամական  վերաբերմունք դրսեւորելով սովետական կարգերի նկատմամբ, փորձել է արատավորել սովետական պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, տեքստի մեջ գրելով որ «սովետական պետությունը կանգնած է վերջնական կործանման եզրին, որ ժողովրդի կենսամակարդակը գնալով ընկնում է, քանի որ սովետական կառավարությունը չի մտածում իր ժողովրդի մասին, միայն խոստումներ է բաժանում, որոնք չեն կատարվում»:

Նույն տեքստում զրպարտիչ կարգով գրել է, որ իբր ժողովուրդը այդ ամենը հասկանում է, սակայն բանտարկվելուց վախենալու պատճառով լռում է»: Այնուհետեւ շարունակելով  վարկաբեկիչ արտահայտությունները սովետական ժողովրդի նկատմամբ գրել է, որ իբր «սովետական մարդիկ հանրային սեփականության թալանելը գողություն չեն համարում եւ գողանում են ինչ կարող են», որ սոցիալիզմի օրոք հարբեցողությունը չարիք չի համարվում, սովետական մարդը խմում է որպեսզի մոռացվի, քանի որ բացարձակապես զրկված է քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքներից»:

Ամբաստանյալ Հարությունյանը զրպարտչական հերյուրանքներ դրսեւորելով նաեւ սովետական պետության արտաքին քաղաքականության նկատմամբ հայտարարում է, որ «ՍՍՀՄ-ը համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ կատարել է տերիտորյալ նվաճումներ, մատնանշելով Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովիան, որ օկուպացրել է Չեխոսլովակիան, Լաոսը, Կամպուչիան եւ ճնշել ապստամբությունը Լեհաստանում եւ Հունգարիայում»:

Ամբաստանյալ Է. Հարությունյանը անհիմն մեղադրանք է բարդել սովետական պետության հասցեին «ազգային անհավասարություն» կիրառելու հարցում, պնդելով որ իբր «սովետական կառավարությունը վերացրել է Կալմիկիան, Չեչենո-ինգուշական ու մի շարք այլ սովետական սոցիալիստական ավտոնոմ հանրապետությունների պետականությունը, նրանց ժողովրդին վտարելով այդ տեղից, տեղը բնակեցնելով ռուս գյուղացիների: Հոդվածի վերջում զրպարտանքներ թափելով սովետական պետության հասցեին «հակասովետական քաղաքականություն տանելու, մարդկանց իրավունքները ոտնահարելու, սովետական քաղաքացիներին իրենց համոզմունքների համար հալածելու հարցում» որպես օրինակ մատնանշելով քրոջը` Սիլվա Հարությունյանին եւ իր հանցակիցներ Ռաֆայել Օհանյանին ու Սիրվարդ Ավագյանին, որոնք իբր «իրենց համոզմունքների համար հալածվում եւ հետապնդվում են պետական անվտանգության կոմիտեի կողմից»:

Ամբաստանյալ Հարությունյանը հասել է զրպարտության ու հերյուրանքների գագաթնակետին, հայտարարելով որ «արդարության համար մարտնչող ժողովրդի հալածողները կուսակցության մարմիններն են»:

Վերջապես ամբաստանյալ Է. Հարությունյանը 1982 թվականի ընթացքում տարածելու նպատակով գործով մյուս ամբաստանյալ Ռաֆայել Օհանյանին եւ Սիրվարդ Ավագյանին է տվել Կանադայում հրատարակվող «Հորիզոն» շաբաթաթերթի 1982թ. հունիսի 14-ի համարը որտեղ զետեղված է սովետական պետությանը եւ հասարակությանը արատավորող բովանդակության «Խ. Միության հայ բանտարկյալների հարցը» վերնագրով հոդվածը:

Նրանց է տվել նաեւ սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող այլ նյութեր, որոնց բովանդակությունը մանրամասն նշված է գործում գտնվող փաստաթղթերի զննության արձանագրության մեջ:

Ամբաստանյալ Ռաֆայել Լյուդվիգի Օհանյանը եւ Սիրվարդ Արտաշեսի Ավագյանը սկսած  1979 թվականից պատրաստել եւ տարածել են սովետական պետական ու հասարակական կարգն արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող դիմում-գանգատներ եւ այլ փաստաթղթեր, այդ հողի վրա կապեր հաստատելով ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանի հետ, որ իրեն համարել է գոյություն չունեցող այսպես կոչված «Հայկական հելսինկյան խմբի ղեկավար»: Հանցավոր գործունեությամբ զբաղվելու համար դեռեւս 1980 թվականի նոյեմբերի 23-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1972 թվականի դեկտեմբերի 25-ի հրամանագրի համաձայն ՀՍՍՀ պետական անվտանգության կոնիտեի կողմից Ռ. Օհանյանին արվել է պաշտոնական նախազգուշացում, չնայած դրան 1982 թվականի հունվար ամսին, երբ Էդուարդ Հարությունյանը ազատվել է պատիժը կրելուց, նրանք կրկին կապերի մեջ են մտել միմիանց հետ եւ շարունակել իրենց հանցավոր գործունեությունը:

Ամբաստանյալներ Ռ. Օհանյանը եւ Ս. Ավագյանը նշված ժամանակահատվածում պատրաստել եւ տարածել են սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող հետեւյալ փաստաթղթերը.

Մեքենագրված տեքստ դիմում ռուսերեն լեզվով մեկ թերթի վրա, 21 օրնակից, հասցեագրված ԱՄՆ պրեզիդենտ Ռեյգանին, ինչպես նաեւ նույն տեքստի ձեռագիր օրինակը մեկ թերթից, կատարված Ռ. Օհանյանի կողմից:

Մեքենագրված տեքստ դիմում ռուսերեն լեզվով մեկ թերթի վրա 11-օրինակից, հասցեագրված ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահությանը Ռ. Օհանյանի անունից:

Մեքենագրված տեքստ դիմում ռուսերեն լեզվով երեք թերթի վրա հասցեագրված ՍՍՀՄ պետ. անվտանգության կոմիտեր նախագահին Ռ. Օհանյանի անունից:

Մեքենագրված տեքստ դիմում ռուսերեն լեզվով երեք թերթի վրա չորս օրինակից հասցեագրված ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահության նախագահին Ռ. Օհանյանի անունից:

Մեքենագրված տեքստ դիմում ռուսերեն լեզվով տպագրված մեկ թերթի վրա, հասցեագրված ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահին Ռ. Օհանյանի անունից:

Ձեռագիր տեքստ առանց վերնագրի մեկ թերթի վրա, որը սկսվում է «մեր պարտիայի» եւ վերջանում «թալանվելու մասին» բառերով, կատարված Ռ. Օհանյանի կողմից:

Մեքենագրված տեքստ դիմում մեկ թերթի վրա 8 օրինակից հասցեագրված ԱՄՆ-ի պրեզիդենտ Ռեյգանին Ս. Ավագյանի անունից:

Մեքենագրված տեքստ-բողոք ռուսերեն լեզվով չորս թերթի վրա երեք օրինակաից հասցեագրված ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալին Ս. Ավագյանի անունից:

Մեքենագրված տեքստ-դիմում ռուսերեն լեզվով մեկ թերթի վրա 21 օրինակից հասցեագրված ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահության նախագահին Ս. Ավագյանի անունից:

Կանադայում հայերեն լեզվով հրատարակված «Հորիզոն» շաբաթաթերթի 1982թվականի հունիսի 14-ի համարի 2-րդ էջում տպագրված «խորհրդային միության հայ բանտարկյալների հարցը» հոդվածի քսերոքսով պատճենահանված 8 օրինակները:

Ամբաստանյալներ Ռ. Օհանյանը եւ Ս. Ավագյանը գրում են իբր «սովետական երկրում կատարվող օրինախախտումների դեմ արդարացի պայքարի համար տեղական մարմինները իրենց հալածում եւ հետապնդում են» հայտարարում են, որ Հայկական ՍՍՀ-ում տիրում է անարխիա եւ կամայականություն, որ մեր երկրում չեն պաշտպանվում մարդու իրավունքները: Այնուհետեւ շարունակելով ակնհայտ հերյուրանքներ տարածել սովետական կարգերի եւ ժողովրդի նկատմամբ, նշում են իբր «սովետական մարդիկ կորցրել են մարդկային կերպարը եւ ընդունակ են ցանկացած դաժանությունների»:

Ամբաստանյալներ Ռ. Օհանյանը եւ  Ս. Ավագյանը ԱՄՆ-ի պրեզիդենտ Ռեյգանին հասցեագրված  դիմումում փորձել են արատավորել  սովետական կառավարության մարմինները, նրանց գործողությունները համեմատելով Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ֆաշիստների կատարած արարքների հետ:

Ամբաստանյալ Ռ. Օհանյանը առանց վերնագրի մի թերթի վրա ձեռագրով գրված տեքստում բացահայտ զրպարտչական հերյուրանքներ է թույլ տվել սովետական միության կոմունիստական կուսակցության հասցեին, նշելով իբր «ՍՄԿԿ շարքերը լեփլեցուն են օպորտունիստներով եւ ձախ էսեռներով, պահանջել «զտում» կատարել կուսակցության շարքերում, ցինիկ կերպով հայտարարելով, որ կուսակցության ղեկավարները «միայն մտածում են պետությանը եւ ժողովրդին թալանելու մասին»:

Բացի վերը նշվածից, ամբաստանյալներ Ռ. Օհանյանը եւ Ս. Ավագյանը տարածելու նպատակով Է. Հարությունյանից ստացել են նրա կողմից պատրաստված, սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող «ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին» ուղղված տեքստ-խնդրանքը, «Հայկական եկեղեցու դիմումը ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը» վերնագրով երկու տարբերակի դիմումներ եւ կանադայում հրապարակվող «Հորիզոն» շաբաթաթերթում զետեղված «խ. միության հայ բանտարկյալների հարցը» հոդվածը որը քսերոքսով բազմացրել են 8 օրինակից եւ 1982 թվականին նոյեմբերի 6- ին ցանկացել տեղափոխել Մոսկվա, սակայն երկաթգծի Երեւանի կայարանում բռնվել են միլիցիայի աշխատակիցների կողմից:

Ամբաստանյալներ Օհանյանը եւ Ավագյանը դրսեւորելով հակակրանք սովետական վարչական մարմինների նկատմամբ, իրենց ծառայական պարտականությունները կատարող միլիցիայի աշխատակիցներին հասցրել են վիրավորանք, նրանց անվանելով «բռնակալներ» «սալդաֆոններ», «ֆաշիստներ» եւ համանման այլ արտահայտություններ:

Ամբաստանյալներ Է. Հարությունյանը, Ռ. Օհանյանը եւ Ս. Ավագյանը դատական նիստը ձախողելու եւ պատասխանատվությունից խույս տալու նպատակով հրաժարվեցին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ըստ էության ցուցմունքներ տալուց եւ տարբեր միջնորդություններ անելու պատրվակով հանդես եկան սովետական պետական եւ հասարակական կարգերը արատավորող ակնհայտ հերյուրանքներով եւ բացահայտ զրպարտիչ հայտարարություններով:

Ավելին ամբաստանյալներ Է. Հարությունյանը եւ Ռ. Օհանյանը քննչական մեկուսարանում նախապես կազմելով նույն բովանդակությամբ երկուական թերթի ձեռագիր փաստաթուղթ այն ներկայացրին դատական կոլեգային իբրեւ «բացարկ» հայտարարելու միջնորդագիր, դրանով իսկ չընդունելով մեղադրանքը եւ չզղջալով կատարած հանցագործության համար:

Ամբաստանյալներ Է. Հարությունյանը, Ռ. Օհանյանը եւ Ս. Ավագյանը նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում նույնպես անհիմն պատճառաբանությամբ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը, չնայած չեն էլ ժխտել իրեղեն ապացույցներ ճանաչված սովետական պետական ու հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող զրպարտիչ երկերը, դիմում-բողոքները ու համանման այլ փաստաթղթերը իրենց կողմից կազմելու եւ տարածելու հանգամանքը: Ամբաստանյալ Հարությունյանը իր ցուցմունքներում ընդունել է, որ «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին» ուղղված դիմում-խնդրանքը 16 տպագիր էջից «Հայկական եկեղեցու դիմումը ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահությանը» վերնագրով երկու տարբերակից տեքստը, «Հորիզոն» շաբաթաթերթի 1982թ. հունիսի 14-ի համարը այսպես կոչվող «հայկական հելսինկյան խմբի գործունեության մասին» ձեռագիր տեքստի հետ միասին տվել է ամբաստանյալներ Ռ. Օհանյանին եւ Ս. Ավագյանին մի քանիսը ընթերցելու եւ պահելու, իսկ մնացածը տարածելու նպատակով:

Ամբաստանյալ Է. Հարությունյանի մեղադրանքը հիմնավորված է նաեւ քրոջ` Սիլվա Հարությունյանի ցուցմունքներով այն մասին, որ իր բնակարանում հայտնաբերված տեքստերը պատկանում են եղբորը, ամբաստանյալ Ավագյանի ցուցմունքներով եւ առերես հարցաքննությամբ այն մասին, որ սովետական պետության եւ հասարակության նկատմամբ զրպարտչական հոդվածով «Հորիզոն» շաբաթաթերթը իրեն տվել է Հարությունյանը:      

Ամբաստանյալ Է. Հարությունյանի կատարած հանցանքը հիմնավորված է նաեւ իրեղեն ապացույցներ ճանաչված փաստաթղթերի զննության արձանագրությամբ, դատաձեռագրային փորձաքննության եզրակացությամբ եւ գործի մյուս տվյալներով:

Ամբաստանյալներ Ռ. Օհանյանին եւ Ս. Ավագյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված է նրանց մոտ հայտնաբերված իրեղեն ապացույցներ ճանաչված սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող բազմաթիվ նյութերով, դրանց զննության արձանագրությամբ, տեխնիկական եւ ձեռագրային փորձաքննության եզրակացություններով, վկաներ Ե. Հարությունյանի, Շ. Հարությունյանի ցուցմունքներով եւ գործի մյուս տվյալներով:

Վերջապես ամբաստանյալներ Է. Հարությունյանի, Ռ. Օհանյանի եւ Ս. Ավագյանի հանցավոր արարքը հիմնավորված է նաեւ ՍՍՀՄ տարբեր քաղաքներում հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի, ինչպես նաեւ սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելու համար նախկինում դատապարտված անձանց հետ կապեր ունենալու, Հայկական ՍՍՀ-ում նրանց քր. օր-ի 65-67 հոդ. հոդ. 206-պրիմ հոդվածով դատապարտման մասին, սովետական պետությանը եւ հասարակությանը արատավորելու եւ վարկաբեկելու նպատակով աղավաղված ու խեղաթյուրված հաղորդումներ փոխանցելու փաստով:

Ամբաստանյալ Ռ. Օհանյանի եւ Ս. Ավագյանի կողմից տրանսպորտային միլիցիայի վարչության աշխատակիցներին, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու ժամանակ վիրավորանքներ հասցնելու մեղադրանքը հիմնավորված է որպես վկաներ հարցաքննված միլիցիայի աշխատակիցներ Ռ. Ալեքյանի, Վ. Կուլիջանյանի ցուցմունքներով եւ գործի մյուս տվյալներով:

Այսպիսով դատական կոլեգիան հիմնավորված է համարում, որ ամբաստանյալներ Է. Հարությունյանը. Ռ. Օհանյանը եւ Ս. Ավագյանը պատրաստել ու տարածել են Սովետական պետական եւ հասարակական կարգերը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող երկեր, դիմումներ, գանագատներ, ձեռագիր եւ տպագիր տեքստեր եւ այլ փաստաթղթեր:

Բացի դրանից ամբաստանյալներ Ռ. Օհանյանը եւ Ս. Ավագյանը վիրավորանք են հասցրել իրենց պաշտոնական պարտականությունները կատարող միլիցիայի աշխատակիցներին:

Դատական կոլեգիան պատիժ սահմանելիս հաշվի է առնում կատարված արարքի հանրորեն վտանգավորությունը եւ ամբաստանյալների անձնավորությունը, որ երեքն էլ նախկինում դատվել են եւ բնութագրվում են միայն բացասական:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օր-ի 293-294 հոդ. հոդ. Հայկական ՍՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Էդուարդ Բագրատի Հարությունյանին ՀՍՍՀ քր. օր-ի 206-պրիմ հոդվածով դատապարտել ազատազրկման (3) երեք տարի ժամանակով, որը պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1982 թվականի նոյեմբերի 10-ից:

Ամբաստանյալ Ռաֆայել Լյուդվիգի Օհանյանին դատապարտել ազատազրկման ՀՍՍՀ քր. օր-ի 206-պրիմ հոդվածով (3) երեք տարի ժամանակով եւ քր. օր-ի 208-պրիմ հոդվածով 6 ամիս ժամանակով, քր. օր-ի 37 հոդվածի հիմունքներով թողնել կրելու ազատազրկում (3) երեք տարի ժամանակով խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվելով 1982 թվականի նոյեմբերի 6-ից:

Ամբաստնյալ Սիրվարդ Արտաշեսի Ավագյանին դատապարտել ազատազրկման ՀՍՍՀ քր. օր-ի 206-պրիմ հոդվածով (3) երեք տարի ժամանակով, քր. օր-ի 208-պրիմ հոդվածով 6 ամիս ժամանակով, քր. օր-ի 37 հոդվածի հիմունքներով թողնել կրելու ազատազրկում 3 տարի ժամանակով ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1982 թվականի նոյեմբերի 6-ից:

Դատապարտյալ Ռ. Օհանյանի բնակարանից հայտնաբերված «Էրիկա» մակնիշի գրամեքենան, որը գտնվում է Հայաստանի տրանսպորտային դատախազությունում պետականացնել:

Անձնական խուզարկությամբ դատապարտյալ Սիրվարդ Ավագյանի մոտից առգրավված 855 ռուբլին եւ դատապարտյալ Ռաֆայել Օհանյանի մոտից առգրավված 272 ռուբլին, որը գտնվում է Հայաստանի տրանսպորտային դատախազությունում հանձնել նրանց տնօրինությանը, իսկ Ռ. Օհանյանի բնակարանից խուզարկության ժամանակ առգրավված 700 ռուբլին, որը նույնպես պահվում է տրանսպորտային դատախազությունում հանձնել նրա կնոջը եւ երեխաներին:

Դատապարտյալ Ս. Ավագյանից վերցրած դեղին մետաղից խաչով շղթան ու երկու ականջօղերը (գտնվում են տրանսպորտային դատախազությունում) վերադարձնել նրան:

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով բողոքարկման ու գանգատարկման ենթակա չէ:

նախագահ`

ատենակալներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter