HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հովհաննես Ռիժենկոն ինքնաձիգի փողն ուղղել է Արման Մկրտումյանի և որդու ուղղությամբ, ինչից հետո որդին կրակել է նրա դեմքին. գործը դատարանում է

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատանը տեղի ունեցած միջադեպի գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ, որը տեղադրված է տեղեկատվական համակարգում, որոշ մանրամասներ են ներկայացված տեղի ունեցած միջադեպից:

Նշենք, որ խոսքը  Արման Մկրտումյանի տան վրա 2018 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցած հարձակման մասին է: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք անձինք` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը:

Այսպես, ըստ մեղադրանքի Հովհաննես Յուրիկի Ռիժենկոն, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել հրազեն: Գագիկ Դանոյանի, վերջինիս դստեր ամուսնու Մայիս Մարտինի Մկրտչյանի և գործով ինքնությունը չպարզված անձի հետ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ըստ մեղադրանքի, Ռիժենկոն կատարել է ավազակային հարձակում, որը դրսևորվել է պահեստարան ապօրինի մուտք գործելով և ապօրինի ձեռք բերված զենքի գործադրմամբ: Այնուհետև բնակարան ապօրինի մուտք գործելուց հետո, հանդիպելով տուժողներ Արման և Գոռ Մկրտումյանների դիմադրությանը՝ վերջիններիս խմբով ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր կրած ինքնաձիգից փորձել է կրակոց արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով երկու կամ ավելի անձանց սպանությունը ավարտին չի հասցվել:

Ըստ մեղադրանքի`ավազակային հարձակումն իրականացնելու նպատակով Ռիժենկոն և մյուս անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն հանդիսացող « ԱԿՄ» տեսակի երկու ինքնաձիգ, «MP 654K» տեսակի 4.5մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակի հիմքի վրա գործարանային սարքավորումների և դետալների օգտագործմամբ ձևափոխված, 9 մմ տրամաչափի (9x18) փամփուշտներով կրակոցներ կատարելու համար հարմարեցված ինքնաշեն մեկ ատրճանակ, ինչպես նաև ձեռք են բերել դիմակներ, մեկ փաթույթ կպչուն ժապավեն, մետաղյա լինգ և հարթաշուրթ:

Ըստ գործի նյութերի` պայմանավորվածության համաձայն 2018 թվականի օգոստոսի 28-ին ժամը 22:00-ի սահմաններում, Հովհաննես Ռիժենկոն Գագիկ Դանոյանի, Մայիս Մկրտչյանի և ինքնությունը չպարզված անձի հետ «BMW X5» մակնիշի չպարզված ավտոմեքենայով գնացել է Արման Յուրիկի Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան մոտ: Հասնելով տեղ ավտոմեքենայի սրահում Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը, և Մայիս Մկրտչյանը հագել են դիմակները, որից հետո Մայիս Մկրտչյանը վերը նշված ինքնաշեն ատրճանակով զինված, ցանկապատի վրայով ցատկելով, ապօրինի մուտք է գործել հիշյալ առանձնատան բակ և բացել առանձնատուն մուտք գործելու համար նախատեսված երկաթյա դուռը: Այնուհետև, առանձնատան բակ ապօրինի մուտք են գործել «ԱԿՄ»  տեսակի ինքնաձիգերով զինված Հովհաննես Ռիժենկոն և Գագիկ Դանոյանը, իսկ ինքնությունը չպարզված անձը սպասել է ավտոմեքենայում:

Ըստ մեղադրանքի` Հովհաննես Ռիժենկոն սև գույնի սպորտային պայուսակով առանձնատան բակ է տեղափոխել նախապես ձեռք բերված կպչուն ժապավենը, մետաղյա լինգը և հարթաշուրթը: Տան բակում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով տեսնելով բակ մուտք գործած հիշյալ անձանց՝ Գոռ Մկրտումյանը և նրա հայրը` Արման Մկրտումյանը, դուրս են եկել բակ և հանդիպել նրանց: Ըստ մեղադրանքի` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը Արման և Գոռ Մկրտումյանների գույքը հափշտակելու նպատակով նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ, հարձակում են գործել նրանց վրա, մասնավորապես Հովհաննես Ռիժենկոն իր կրած մարտական դիրքի բերված, ինքնաձիգի փողն ուղղել է Արման և Գոռ Մկրտումյանների ուղղությամբ, սակայն Գոռ Մկրտումյանը իր ու հոր կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ոտնձգությունը կանխելու նպատակով ձեռքում առկա օրինական կերպով իրեն պատկանող  գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է Հովհաննես Ռիժենկոյին դեմքին, ինչից հետո Արման և Գոռ Մկրտումյանների և Հովհաննես Ռիժենկոյի միջև ծեծկռտուք է սկսվել:

Այդ ընթացքում Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանն, ըստ գործի,  իրենց հանցակից ընկերոջը Հովհաննես Ռիժենկոյին ազատելու նպատակով, ապօրինի կերպով իրենց կրած հրազեններով շարունակել են սպառնալ նրանց, այնուհետև Արման և Գոռ Մկրտումյաններին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, առանձնատան երկաթյա դռան մոտից Գագիկ Դանոյանը կրակահերթով 9 կրակոց, իսկ Մայիս Մկրտչյանը առաջին անգամ՝ Արման Մկրտումյանից 80 սմ հեռավորությունից, ապա երկրորդ անգամ՝ առանձնատան երկաթյա դռան մոտից ընդհանուր երկու կրակոց է արձակել Արման և Գոռ Մկրտումյանների ուղղությամբ, սակայն վերջիններիս կյանքից զրկելու հանցավոր մտադրությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցվել, քանի որ արձակած կրակոցներն Արման և Գոռ Մկրտումյանների կենսական օրգաններին չեն դիպչել և մահ չեն պատճառել:

Կրակոցների արդյունքում Արման Մկրտումյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ Գոռ Մկրտումյանին` առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմանական վնասվածք ըստ որում, Արման Մկրտումյանի ստացած ձախ գոտկային շրջանի և ձախ նստատեղի հրազենային միջանցիկ վնասվածքը պատճառվել է պղինձ պարունակող 9 մմ տրամաչափ ունեցող գնդակով՝ լիցքավորված հրազենից:

Ըստ գործի՝ ի վերջո Արման և Գոռ Մկրտումյաններին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին և վերցնել նրա ձեռքում առկա ինքնաձիգը, ինչը տեսնելով, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը դուրս են եկել տան բակից և մոտեցել արդեն առանձնատան դարպասի մոտ կայանված  ավտոմեքենային: Նույն ժամանակ առանձնատուն մուտք գործելու համար նախատեսված երկաթյա դուռը փակվել է, Գագիկ Դանոյանը մոտենալով դռանը փորձել է այն կրկին բացել, սակայն հասկանալով որ այն դրսից չի բացվում նույն ինքնաձիգով դեպի օդ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո Գագիկ Դանոյանը Մայիս Մկրտչյանի և ինքնությունը չպարզված անձի հետ հիշյալ BMW X5 մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Նշենք, որ միջադեպից օրեր անց՝ օգոստոսի 31-ին, Մայիս Մկրտչյանը կամովին հանձնել է ինքնաշեն ատրճանակը և «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը՝ մատնացույց անելով դրանց գտնվելու վայրը:

Գործով անցնող երեք մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, նրանցից ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում այս պահին գործի վերաբերյալ այլ մանրամասներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter