HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սաբոտաժի ու պոպուլիզմի մեղադրանքներ. բանավեճ` առաջնագծում ծառայության փոփոխության ԲՀԿ-ի նախագծի քննարկման ժամանակ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը վիճաբանություն առաջացրեց խորհրդարանում։ ԲՀԿ մի շարք պատգամավորներ առաջարկում էին օրենքով ամրագրել, որ զինծառայողը մեկ տարի ծառայելուց հետո նոր կարող է առաջնագծում զինծառայություն անցնել։ Նախագիծը և՛ կառավարության, և՛ գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն է ստացել, և քվեարկության պետք է ներկայացվեր լիագումար նիստերի օրակարգ ներառվելու կամ չներառվելու համար։

Նախագծի համահեղինակ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց մի քանի տվյալներ, թե քանի մահացու դեպքեր են եղել ԶՈՒ-ում, օրինակ, 2017-ին. 23 սպանության դեպք, 6 դժբախտ պատահար, անվտանգության կանոնների խախտման հետևանքով 11 զոհ, առողջական խնդիրների պատճառով 9 զոհ և այլն։

«Մեր նպատակը կանխարգելող միտում է, հորդորում եմ կողմ քվեարկել նախագծին՝ հնարավորություն տալով այն քննարկման առարկա դարձնել»,- ասաց նա։

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց Սիփան Փաշինյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մահվան դեպք խորը ցավ է, սակայն վերոնշյալ դեպքերը որևէ կապ չունեին ուսուցման ժամկետի հետ։ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտական հերթապահությունը սկսվում է զորակոչվելուց հետո հինգ ամիս անց, երբ զինծառայողները համապատասխան մարտական պատրաստվածության ուսումնառություն են ստանում։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ընդգծեց՝ հարցն արժանի է քննարկման, և կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին։

Սիփան Փաշինյանն արձագանքեց՝ նախագծի համահեղինակները դժբախտ պատահաների հետևանքով զոհված զինծառայողների վիճակագրություն են ներկայացնում, ինչը ներկայացված նախագծի հետ որևէ առնչություն չունի։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ պետք է պարտադիր զոհ լինի, որ դեմն առնեն. «Ո՞ւմ համար է գաղտնիք, որ մեկ տարին չբոլորած զինվորի համար հոգեբանական խնդիր է առաջնագիծ գնալը»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ասաց՝ այս հարցում պոպուլիզմը տեղ չունի, գլխավոր խնդիրը երկրի պաշտպանունակությունն ապահովելն է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ ասաց՝ խորհրդային բանակում ընդամենը մեկ ամիս է մարտական պատրաստվածություն անցել, իսկ պատգամավորների առաջարկած 12 ամիս պատրաստվածությունը պրոֆեսիոնալ պատրաստվածության ժամանակաշրջան է։

Նախագիծը օրակարգ չներառվեց 37 կողմ, 67 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը մերժումից հետ հայտարարեց՝ առաջնագծում պետք է ծառայեն բացառապես պայմանագրային զինծառայողները։

Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ իրենք ամեն օր ժողովրդի հետ հանդիպում են, արդյո՞ք նախագծին դեմ քվեարկողները հանդիպում են ամեն օր քաղաքացիներին թե ոչ: «Տիգրան Կարապետյանը ժպտալով դեմ է քվեարկել նախագծին, ինքը զինվոր որդի ունի՞»,- հարցրեց Պետրոսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց չշարունակել նախկին գործելաոճը, երբ քաղաքական մեծամասնությունը մերժում է կառավարության մերժումը ստացած նախագծերը օրակարգ ներառելը: «Եկեք քվեարկենք, պլենար նիստում ապացուցեք, որ ֆինանսական հիմքերը սխալ ենք հաշվել, ապացուցեք, որ պոպուլիզմ է: Վերջին հաշվով խորհրդարանը կիսապարապ վիճակով է, կառավարությունը նախագծեր չի գեներացնում, պատգամավորներին էլ մերժում եք»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանն էլ նկատեց՝ հարցը կարևոր է, պետք է էմոցիաներից վեր կանգնել, սակայն պետք է հնարավորությունները ռեալ գնահատել։

«Եթե գիտենք, որ մի բան մեր երկրում անհնար է, դրա մասին խոսելն էլ անհեթեթ է, ներողություն այս բառի համար»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով էլ ավանդույթ է դառնում, երբ «ընդդիմություն հանդիսացող, երբեմն տարբեր բաներ ներկայացող ֆրակցիաները բերում են նախագծեր, որոնց բովանդակությունը վիճելի է», և ունի պոպուլիստական բնույթ։

«Գևորգ Պետրոյանից ելույթ ենք լսում ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների մասին, լո՞ւրջ եք խոսում, ժողովուրդ»,- ասաց նա։

Տեղից խոսում էր Գևորգ Պետրոսյանը, Դանիելյանը կոչ էր անում իրեն չընդհատել։ «Ակնհայտ է, որ մարտավարություն է ընտրված սաբոտաժ անելու»,- ասաց Դանիելյանը։

Դանիելյանին արձագանքեց Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ ընդդիմությունը տարբեր բաներ չի ներկայացնում. «Պատգամավորների՝ քրեական հաստատություններ մուտք գործելու վերաբերյալ և դրան արգելք հանգիսացող խոչընդոտների վերաբերյալ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ միասին մենք նախագիծ ենք բերել, որը մերժվել է նախորդ քաղաքական մեծամասնության կողմից, էդ բանն էստեղ ասվում է, ասում եք՝ պոպուլիզմ է, մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, նայեք ով ինչ է խոսացել»,- ասաց Մարուքյանը։

Այս խոսքերից հետո ԲՀԿ-ականները սկսեցին ծափահարել։

«Մի հատ օրինակ կարո՞ղ եք ասել, որ կառավարությունը ուզեցել է լավ բան անի, մենք սաբոտաժ ենք արել: Ո՞վ  է սաբոտաժ անում, գործ արեք, արած լավ բանի համար կանգնած ենք թե՛ վարչապետի, թե՛ ձեր կողքին»,- ասաց Մարուքյանը։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց՝ իշխող ուժի պատգամավոր Համազասպ Դանիելյանը «տարրական բարոյականություն չունի», եթե հարցնում է, թե ինչ է արել ԲՀԿ-ն։

«Մի քիչ համեստ եղեք: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը և մեկ-երկուսը, որտե՞ղ կլիներ ձեր մեծամասնությունը, հաստատ ոչ ԱԺ-ում»,- ասաց Զոհրաբյանը։

Այնուհետև խոսք խնդրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, և կրկին բանավեճը շարունակվեց։ Նրա ելույթի ժամանակ տեղից խոսում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը: Հայրապետյանը նրան կոչ արեց լռել, ապա Մարուքյանը սկսեց խոսել, Հայրապետյանը կոչ արեց ԼՀԿ-ին փոխել հռետորաբանությունը։

Ի վերջո ելույթով հանդես եկավ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, նա կոչ արեց Նաիրա Զոհրաբյանին այլևս չասել, որ իշխող ուժի պատգամավորները խորհրդարանում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի, իր կամ Սասուն Միքայելյանի շնորհիվ։ Միրզոյանն ընդգծեց, որ իրենց թիմում անձինք են, որոնք տարիներ շարունակ իրենց քաղաքացիական բարձր դրսևորումներն են ներկայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter