HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ պատասխանների ընթացքում աշխատում էի քաղաքական գնահատականներ չտալ». Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ անդամ

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց, նրա թեկնածությունը մերժվեց 24 կողմ, 75 դեմ ձայների հարաբերակցությամբ, քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։

Փակ-գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Մինչ քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տարատեսակ հարցեր էին հղում Գոռ Հովհաննիսյանին թե՛ աշխատանքային ստաժի, թե՛ ներկայացրած թղթերի վերաբերյալ: Պատգամավորները դժգոհում էին, որ ՍԴ դատավորի թեկնածուն թղթերը ներկայացրել է ոչ թե հայերեն, այլ գերմաներեն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր համար զարմանալի են քաղաքական մեծամասնության այն փաստարկները, թե Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը խոցելի է, փաստաթղթերը ամբողջական չեն ներկայացվել։ Նա հարցրեց, թե ինչու է ԱԺ ղեկավարությունը գրանցել նրա թեկնածությունը, եթե թղթերն ամբողջական չեն եկել։

«Է, կարելի էր ի սկզբանե ասել՝ դեմ ենք թեկնածուին, չենք ուզում այս թեկնածուն դառնա ՍԴ դատավոր։ Հա, ես էլ չեմ կիսում թեկնածուի ֆեյսբուքյան որոշ ստատուսներ, իմ համախոհն էլ չի, բայց կարծես այստեղ համախոհի չենք փնտրում, որ մեր պատկերացրած բառերով գնահատական տա ՍԴ նախկին որոշումների վերաբերյալ, Քոչարյանի գործին, բայց ես կարծում եմ, ունենք շատ լավ թեկնածու ՍԴ-ի դատավորի համար»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանի համոզմամբ նաև՝ ՍԴ անդամի թեկնածուն որևէ կապ չունի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխող քաղաքական ուժի հետ։

«Կարող է հռետորական արվեստին լավ չի տիրապետում, բայց մենք ունենք պրոֆեսիոնալ իրավաբան թեկնածու: Մենք խմբակցությունում դրական ենք տրամադրված»,- ասաց Մարուքյանը։  

Մարուքյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ ներկայացված փաստաթղթերի առնվազն զգալի մասը հայերեն թարգմանություն չի ունեցել, գերմաներեն են եղել, աշխատանքային փորձի ապացույցները կցված չեն եղել, կարող էին կառչել օրենքի տառին ու կասեցնել նախագահի առաջադրած թեկնածուին։ «Բայց մենք կարծում ենք, որ օրենքի տառը օրենքի ոգու նկատմամբ գերակա չպետք է լինի»,- ասաց Միրզոյանը՝ նկատելով, որ առաջարկել են շտկել ձևական սխալները, և դրա համար գրանցել են Հովհաննիսյանի թեկնածությունը։

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ելույթներից հետո ասաց՝ իր մոտ տպավորություն է, որ պատգամավորները փորձում են այս կամ այն դրույթը մեկնաբանել ի վնաս իրեն։

«Կուզենայի անպայման օգնել մեր երկրին մի ոլորտում, որտեղ ես մասնագետ եմ, որից ես գլուխ եմ հանում, ու որտեղ խնդիրներ եմ տեսնում։ Ես չափազանց կարևորում եմ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու համար մասնագիտական պատրաստվածությունը և քաղաքական չեզոքությունը: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ իմ պատասխանների ընթացքում ես աշխատում էի քաղաքական գնահատականներ չտալ, դա իմ խնդիրը չէ, ես մասնագետ եմ, ուզում եմ աշխատել ՍԴ-ում որպես դատավոր, որի խնդիրը քաղաքական գնահատական տալը չէ, այլ իրավական խնդիրների լուծումը»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter