HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լիլիթ Մակունց. «Նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ»

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին ի պատասխան` ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Կարծես բովանդակային քննարկումից բավականաչափ շեղվել ենք, և անհասկանալի տիրույթ է մտնում քննարկումը։ Իրականում կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել նախագիծ, որով ասում է՝ այս մոդելով իմ աշխատանքները լինելու են առավել արդյունավետ, քան նախկինում էր»,-ասաց Մակունցը։

Մակունցի խոսքով՝ այս փոփոխություններով բյուջեում որևէ հավելյալ ծախս չի նախատեսվում, աշխատատեղերի կրճատումն այս փուլում 60-70 է, որը պայմանավորված է քաղաքական ու հայեցողական պաշտոններով։

«Առաջարկ ներկայացնելը չի նշանակում ներկայացնել այլընտրանքային նախագիծ կառավարությանը, այն, ինչ ԼՀԿ-ի մեր գործընկերները ներկայացրել են, այլընտրանքային մոդելի նախագիծ է, որի իրավունքը մենք չունենք, դա կառավարության տիրույթում է, կարծում եմ` պարզապես իրատեսական պետք է ներկայացնել այդ ամենը»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այն քննադատություններին, թե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ներկայացված չեն նախարարության տեսքով, չնայած նախկինում Փաշինյանը նման խոստում էր տվել։

«Սա կառավարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նախագիծ է և չի վերաբերում խորհրդարանի վերահսկողական գործառույթներն ավելացնելուն, աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով փորձում է իր լիազորությունները դարձնել վերահսկելի, դա մեր գործառույթն է, հարգելիներս։ Այն պնդումը, որ մենք վերահսկողություն չունենք ԱԱԾ-ի ու ոստիկանության նկատմամբ, ճիշտ չի արտացոլում իրական պատկերը»,- ասաց նա։

Լիլիթ Մակունցը «Իմ քայլը» խմբակցության անունից առաջարկով դիմեց ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի համատեղ մշակեն նախագիծ, որով ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը, ինչպես մյուս կառույցներին կկարողանան հրավիրել ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին։

«Ինչ վերաբերում է ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարություններ դարձնելուն, այո, մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ՝ հաշվի առնելով թե´ մեր, թե´ տարբեր երկրների մտահոգությունները»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter