HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան-Իրան առևտուրը 2018-ին. էներգակիրների կշիռն ու ցեմենտի ներմուծման զգալի աճը

2015 թվականի կեսերից և 2016 թվականի սկզբին, երբ Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցների մի մասը չեղարկվեց ու իրանական տնտեսությունը սկսեց փոքր-ինչ շունչ քաշել, Հայաստանում ակտիվորեն քննարկվում էր, թե ինչ օգուտներ կարող է քաղել մեր երկիրը ստեղծված իրավիճակից և ինչպես դիրքավորվել Իրանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում։ Շեշտվում էր հատկապես առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հարցը։ Սակայն հետագա տարիների վիճակագրությունը փաստում է, որ էական օգուտներ այդպես էլ չհաջողվեց քաղել։ Իրանը լիովին չազատվեց այդ պատժամիջոցներից, ու Արևմուտքը պարբերաբար «հիշեցնում» է Իրանին դրանց մասին։

Նախորդ տարի Իրանի և Հայաստանի միջև ապրանքների առևտրաշրջանառության որոշակի աճ է արձանագրվել։ Զգալի ավելացել է հատկապես Իրանից Հայաստան ներմուծումը։

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին Հայաստանը Իրան է արտահանել 94.2 մլն դոլարի ապրանք, որը 2017 թվականի համեմատ աճել է 12%-ով։ Միևնույն ժամանակ, Իրանից ներմուծվել է 269.4 մլն դոլարի ապրանք, որն աճել է 54.2%-ով։

Այդպիսով, Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 2018-ին կազմել է 363.6 մլն դոլար՝ աճելով 40.5%-ով։

Իրանի հետ Հայաստանի առևտրի հաշվեկշիռը բացասական է եղել ոչ միայն 2018 թվականին, այլև նախորդ տարիներին. Հայաստանը միշտ ավելի շատ ներմուծել է, քան արտահանել։

Իրանի կշիռը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կազմում 4.9% է։ Մասնավորապես, արտահանման կազմում այն 3.9% է, ներմուծման կազմում ՝ 5.4%:

Մինչև 2009 թվականը (նախորդող հինգ տարիներին) Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն անշեղորեն աճել է, ճգնաժամից հետո անկում է գրանցվել։ Վերջին տասը տարիների տվյալները ցույց են տալիս, որ 2009-ի անկումից հետո հաջորդող երեք տարիներին այն կրկին աճել է։ Սակայն այդ դինամիկան երկար չի պահպանվել։

Մաքսային ծառայության տվյալները Հայաստան-Իրան առևտրաշրջանառության վերաբերյալ (2018թ.) փոքր-ինչ տարբերվում են Վիճկոմիտեի տվյալներից: Ըստ Կոմիտեի պարզաբանման` թեև տվյալներն իրենց տրամադրում է Մաքսային ծառայությունը, սակայն հետագայում ճշգրտումներ են կատարվում՝ կապված գազի և էլեկտրաէներգիային տվյալների հետ։ Ըստ Վիճկոմիտեի՝ վերլուծություններ կատարելիս նպատակահարմար է հիմք ընդունել նրանց տրամադրած տվյալը։ Ամեն դեպքում, շեղումը մեծ չէ, և Մաքսային ծառայության տվյալները թույլ են տալիս հասկանալ, թե ինչ է ներմուծել ու արտահանել Հայաստանը, և ինչի հաշվին է աճել հարևանի հետ առևտուրը։

Այսպես, ըստ Մաքսային ծառայության՝ 2018 թվականին Հայաստանն Իրան է արտահանել 110 մլն դոլարի ապրանք, որի 83.5%-ը էլեկտրաէներգիան է։ Այսինքն՝ Իրանի հետ առևտրային հարաբերություններում շարունակում է որոշիչ դեր խաղալ էներգակիրների առևտուրը։ Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը ոչ թե փող է ստանում, այլ գազ։ Հայաստանն Իրանի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ` տալիս ենք էլեկտրաէներգիա, ստանում՝ գազ: Հայաստանի և Իրանի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքն իրականացվում է  2009-ից սկսած: Հայաստանը պարտավորվել է մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանին տալ  3 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Մասնավորապես, 2018 թվականին ներմուծվել է 567 մլն խմ գազ, որի դիմաց արտահանվել է 1 մլրդ 839 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա։  

Արտահանված էլեկտրաէներգիայի արժեքն, ըստ Մաքսային ծառայության, կազմել է շուրջ 92 մլն դոլար։ Այսինքն՝ եթե չլիներ էլեկտրաէներգիա-գազ փոխանակման գործարքն, ապա Հայաստանից Իրան արտահանումը չնչին ծավալների կհասներ։ Մեր հաշվարկներով՝ ամեն տարի Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 15-20 %-ն արտահանվում է Իրան։ 

Ի դեպ, հիմնականում այս փոխանակման գործարքով էր պայմանավորված Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աճը 2010 թվականից։ Իսկ մինչ այդ, երբ նման պայմանավորվածություն չկար, բացառությամբ 2009 թվականի, երբ առևտրի ծավալները նվազել են, նախորդող տարիներին աճ էր գրանցվում տարատեսակ ապրանքների հաշվին։ Բայց այսօր առևտրի կառուցվածքն այնպիսին է, որ այս գործարքով է պայմանավորվում աճը կամ անկումը։

Էլեկտրաէներգիան հանած՝ նախորդ տարի Իրան արտահանվող ապրանքների ծավալը կազմել է 18.1 մլն դոլար, որից 14.3 մլն դոլարը ոչխարի կամ այծի միսն է, մնացածը հիմնականում՝ անմշակ ալյումին, անտառանյութ, սկզբնական տարրերի, մարտկոցի և Էլեկտրական կուտակիչի թափոն-ջարդոն և այլն։

2017 թվականի համեմատ Հայաստանից Իրան արտահավող էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 36.8 մլն դոլարով կամ 67%-ով։ Արտահանվող էլեկտրաէներգիայի ֆիզիկական ծավալների աճն էլ կազմել է շուրջ 1.6 անգամ, որը համահունչ է ներմուծվող գազի ֆիզիկական ծավալների աճին։

Այսինքն՝ Հայաստանից Իրան արտահանման ծավալների աճը պայմանավորված է էլեկտրաէներգիայի ծավալների ավելացմամբ։

Իսկ մյուս համեմատաբար խոշոր ապրանքախմբի՝ ոչխարի կամ այծի մսի արտահանման ծավալները կրճատվել են 1.7 մլն դոլարով կամ 10.5%-ով։

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան ներմուծմանը, ապա այնավելի դիվերսիֆիկացված է։ Ըստ Մաքսային ծառայության` 2018 թվականին Հայաստանն Իրանից ներմուծել է 276.7 մլն դոլարի ապրանք։ Այս կազմում գազի կշիռը 31% է՝ 85 մլն դոլար։

Ներմուծվող մյուս խոշոր ապրանքախումբը ցեմենտն է, որի ծավալները նախորդ տարի կազմել են 25.7 մլն դոլար։ Եռյակում է նաև կոքս, բիտում եւ նավթամթերքի վերամշակումից այլ մնացորդ ապրանքախումբը՝ 14.5 մլն դոլար։

Ներմուծման կազմում էական կշիռ ունեն նաև միրգ, ընկուզեղենը, պարարտանյութերը, շինարարական ապրանքները՝ ապակի, սալիկներ, պոլիմերներ, երկաթյա ձողեր, մեքենաներ և սարքավորումներ, խողովարկներ, մետաղալարեր և այլն։

Ընդ որում՝ նշված ապրանքներից գրեթե բոլորի գծով էլ նախորդ տարի աճ է գրանցվել, սակայն առավել ակնհայտ է ցեմենտի ներմուծման ծավալների աճը։ Եթե 2017-ին Իրանից Հայաստան է ներմուծվել 4.7 մլն դոլարի ցեմենտ՝ մոտ 46 հազար տոննա, ապա 2018-ին այն կազմել է 25.7 մլն դոլար՝ մոտ 171 հազ. տոննա։

Ներմուծվող գազի ծավալներն էլ աճել են 27.3 մլն դոլարով կամ 47%-ով։

Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարվա տվյալներով Հայաստանից Իրան է արտահանվել շուրջ 150 անուն ապրանք, իսկ Իրանից Հայաստան է ներմուծվել շուրջ 600 անուն ապրանք։

Ներմուծվող իրանական գազի ծավալների մեծացման հայտարարություններ՝ անորոշության ֆոնին

Այս տարվա փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել էր Իրան: Այցի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցերը, այդ թվում՝ առևտրաշրջանառության, Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագրի, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, կնքվել են հուշագրեր, կարևորվել են Երան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորման աշխատանքները  և այլն։

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը առևտրի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ   Հայաստանը պատրաստ է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները և լինել իրանական գազի տարանցիկ երկիր։ «Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանելով վարչապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալը հնարավոր է կրկնապատկել։ «Ներկա հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել ծավալները։ Որքան ես տեղյակ եմ՝ այսօր առկա գազամուղի պոտենցիալի միայն կեսն է օգտագործվում»,-հայտարարել է նախարարը։

Վերջին տարիներին մշտապես է խոսվում Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացման անհրաժեշտության մասին, սակայն այդ ամենի վերաբերյալ, ինչպեսև ներկայում, դեռևս որոշակի ժամկետներ չկան։

Ընդհանուր առմամբ, մասնագետների գնահատմամբ, Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունները զարգաման մեծ ներուժ ունեն, սակայն ավելի մեծ են խոչընդոտները՝ սկսած բանկային համակարգից (ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում իրանական բանկային համակարգի նկատմամբ) մինչև ապրանքների տեսականու «աղքատությունը», որը Հայաստանը կարող է առաջարկել հարևան երկրին։ Եվ միայն մնում է սպասել՝ հասկանալու համար, թե Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցը տնտեսական ինչ արդյունքներ կտա, և քննարկված ծրագրերից որոնք իրականություն կդառնան։

Մեկնաբանություններ (1)

minas
The problem with Iran has never been the sanctions. The problem is Iran's extremely conservative and protectionist economic policies which are mainly driven to increase its export. In return, Armenia has very loose and liberal laws. So, in essence, Iran cherry picks what it wants to buy from Armenia but Armenia leaves its doors open on all Iranian products. Armenia sells millions of dollars of tobacco products to Iran's neighbor, Iraq, yet it can not do the same in Iran.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter