HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության կառուցվածքի և գործունեության փոփոխության մասին օրինագծի քննարկմանը վստահեցրեց՝ կառավարությունը որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, բացի ինտուիցիայից։

«Օպտիմալացումը կատարվում է` ապավինելով կառավարության ինտուիցիային, չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության առանձին անդամների ինտուիցիան, բայց էս դեպքում, երբ գործ ունենք քաղաքացիների ճակատագրերի հետ, որոնց մի մասն արդեն գործազուրկ է, մի մասն էլ դառնալու է գործազուրկ, այս օպտիմալացման արդյունքում, նման դեպքում ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ որքան էլ պատգամավորները խաչաձև հարցեր տվեցին, թե որքան գումար է տնտեսվելու օպտիմալացման արդյունքում, միևնույն է, չտրվեցին բովանդակային պատասխաններ։

«Ասվեց, որ ոչինչ հնարավոր չէ ասել, մինչդեռ փոխվարչապետի և ֆինանսների նախարարի նամակագրական էպիստոլյար ժանրից ընդամենը վերջերս տեղեկացանք, որ եթե անգամ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայող դառնա գործազուրկ, դրանից շահելու է հայոց պետականությունը»,- հիշեցրեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այն հարցերին, թե ինչ է պատահելու գործազուրկ դարձած հպարտ քաղաքացիներին, կառավարությունից պատասխանում են՝ մնալու են ռեզերվում։

«Նստելու են պահեստայինի նստարանին, վստահ եմ՝ ես էլ, դուք էլ չեք կասկածում` նստելու են հավերժ»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ մշակույթի նախարարության միաձուլմանը կրթության և գիտության նախարարության կազմում։

«Եթե Հայաստանն այսօր եզակի մրցունակ բրենդ ունի համաշխարհային շուկայում, դա մեր մշակույթն է, եթե նախկին որոշ նախարարներ մշակույթի ոլորտի քաղաքականության հիմնաքար համարել են մահացած որևէ արվեստագետի պանիխիդայի մենյուն կազմելը, դա հիմնավոր պատճառ չպետք է լիներ մշակույթի նախարարության դուռը փակելու համար։ Նույնիսկ անիմաստ եմ համարում ՊՈԱԿ-ների աջաբսանդալի մասին խոսել, որ այդպես էլ չհասկացանք` ինչ էին մտածել, ինչ էին ուզում անել, և որ ամենասարսափելին է՝ ինչեր կարող են անել։ Գաղափարը ցնցող էր՝ իրար միացնել Կոմիտասի քառյակը, Կոմիտասի տուն-թանգարանը, էս տրամաբանությամբ չեմ բացառում նաև Կոմիտասի անվան փողոցը և բոլոր էն տղաներին, ում անունը Կոմիտաս է»,- ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով, եթե մշակույթի՝ այս պահին պատասխանատուի համար Սոս Սարգսյանը ժանր է, օպերան էլ թատրոն չէ, ուստի մշակութային այս թրենդում որևէ բան չի կարելի բացատրել։

Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ այդպես էլ չասվեց, թե որն է օպտիմալացման պատճառը, թե որքան գումար է խնայվելու, որքան աշխատող է կրճատվելու և ինչ ճակատագիր են ունենալու վերջինները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter