HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանի հետ կապվող ընկերությունը Երևանում 0.7 հա հողակտոր է գնել. այն մշակողները անակնկալի են եկել

Երևան քաղաքի Շիրակի փողոցի սկզբնամասում՝ 13-րդ փողոցին հարող հատվածում, խորհրդային տարիներին կոլտնտեսություններ են եղել: Հայաստանի անկախացումից հետո գյուղատնտեսական նշանակության հողակտորները վարձակալության են տրամադրվել Շենգավիթի բնակիչներին: 2004 թ.-ից հետո վարձակալության պայմանագիր չի կնքվել, սակայն հողերը մշակող մարդիկ մինչ օրս շարունակում են նույն գործով զբաղվել: Բոլորովին վերջերս իմացել են, որ 3 հողակտոր՝ ընդհանուր 7000 քմ մակերեսով, վաճառվել է 2010 թվականին: Սեփականատերն էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականի անունով գրանցված ընկերությունն է:

Սամվել Մկրտչյանը Շիրակի փողոցի 2/15 հասցեի 4 հազար քմ հողակտորի համար մինչև 2004 թվականը Շենգավիթի թաղապետարանի հետ ունեցել է վարձակալության պայմանագիր: Հողակտորի վրա տնկել է տանձի, խնձորի, սալորի, ծիրանի, դեղձի, բալի, ընկույզի և այլ պտղատու ծառեր՝ 100-ից ավելի: Վարձակալության պայմանագրի ավարտից հետո սկզբում թաղապետարանը, հետո Երևանի քաղաքապետարանը վարձակալության պայմանագիր չեն կնքել: Բայց դա չի խանգարել, որպեսզի Սամվել Մկրտչյանը ջրի վարձ վճարի և ոռոգի այգին: Ամիսներ առաջ այգում աշխատանքներ կատարելու ժամանակ այցելել են երկու երիտասարդ և տեղեկացրել, որ պետք է ազատի այգու տարածքը. նրանցից մեկը ներկայացել է որպես սեփականատեր: Վերջինս Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է եղել, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է:

Այդ ամենից հետո հողի սեփականատերը դիմել է ոստիկանություն, որպեսզի կարողանա տարածքում չափագրումներ իրականացնել: Ոստիկաններն այցելել են Սամվել Մկրտչյանին՝ պահանջելով չխոչընդոտել սեփականատիրոջ գործունեությունը: Մկրտչյանին հարցրինք՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ է անելու, նա պատասխանեց. «Ես գիտեմ՝ իմ վերջին քայլը ինչ է լինելու: Այստեղ մի տեղ խրամատ եմ քանդելու, զենք եմ վերցնելու ու իմ վերջին կռիվը տամ: Ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, որովհետև ես արդեն դիմել եմ քաղաքապետին, թեժ գծին եմ դիմել, նամակով դիմել եմ վարչապետին»:

«Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի սեփականությունը դարձած 7000 քմ հողակտորը, բացի Սամվել Մկրտչյանից, մշակել են նաև Մուրադ Եղիազարյանը և Հարություն Մատինյանը՝ համապատասխանաբար 2000 և 900 քմ մակերես: Նրանք Սամվել Մկրտչյանից են իմացել, որ 10 տարի առաջ հողակտորը սեփականաշնորհվել է: Մուրադ Եղիազարյանը Հայաստանում չէր. տարիներ առաջ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, իսկ հողակտորը մշակելու համար այն տրամադրել է հարևանին: Զրուցեցինք Մատինյանի և Եղիազարյանի հետ: Նրանք, հնարավոր է, Սամվել Մկրտչյանի հետ դիմեն դատարան, քանի որ կարծում են, որ վարձակալն առաջնահերթ իրավունք ունի հողը գնելու հարցում:

«Արտաշատ սիթի» ՍՊԸ-ն՝ հողի սեփականատեր

Կադաստրի կոմիտեից ստացած տեղեկության համաձայն՝ Շիրակի 2/15 հասցեի հողը նշված ՍՊԸ-ի սեփականությունն է դարձել 2010 թ.-ին: Հողի մակերեսը 7000 քմ է, կամ՝ 0.7 հա: Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկության համաձայն՝ հողամասն օտարվել է այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշմամբ: 2010 թ.-ի հուլիսին Գագիկ Բեգլարյանը որոշում է ստորագրել, որով աճուրդի է դրվել սեփականության իրավունքով Երևան համայնքին պատկանող հիշյալ հողակտորը՝ 56 միլիոն դրամ մեկնարկային գնով: Աճուրդին մասնակցել են «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ն՝ ի դեմս այդ ժամանակվա տնօրեն Գագիկ Պողոսյանի, և ևս մեկ անձ: Պողոսյանը հողամասը գնել է 58 միլիոն 800 հազար դրամով:

Գագիկ Պողոսյանն է 2009 թ. ստեղծել «Արտաշատ սիթի»-ն: 2014թ. ապրիլի 29-ից «Արտաշատ Սիթի»-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցվել է Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին, իսկ մի քանի ամիս անց բաժնետոմսերը վերադարձվել են Գագիկ Պողոսյանին:

Գագիկ Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի անօրինական բան չի կատարել: «Սամվել Մկրտչյանին ասում եմ՝ ինչքան ծառ ունեք, դրա տասնապատիկը կտամ: Եթե պետք է, եղած ծառերը կտեղափոխեմ իր ասած ցանկացած տեղ: Դրանից բացի, ուզում եմ այգում կատարած իր աշխատանքների համար, որպես ազատամարտիկ, փոխհատուցում տամ: 60 միլիոն դրամ վճարել եմ հողի համար, այսօր ո՞վ է դա ինձ վճարելու: Եթե իմ գումարը կարող են վերադարձնել, եթե Սամվելն իմ վճարած գումարը պատրաստ է վերադարձնել, հողը ես կտամ իրեն: Ինքը պատրա՞ստ է 3000 քմ-ի համար 27 միլիոն դրամ վճարի՝ գումարած հարկերը, որ պետք է վաճառքից հետո վճարեմ: Եթե այո, ապա պատրաստ եմ հողի այդ հատվածը վաճառել իրեն»,- ասաց Գագիկ Պողոսյանը: Դիտարկմանը, որ հողի նախկին վարձակալները հնարավոր է՝ դատարան դիմեն, Գագիկ Պողոսյանը արձագանքեց. «Մենք օրենքի սահմաններում մինչև վերջ գնալու ենք, տեսնենք՝ ով կհաղթի»:

Գլխավոր լուսանկարում՝ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Պողոսյանը, Ջուլիետա Աբրահամյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter