HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքսի հիդրոհանգույցների հիմնախնդիրը Հայաստանի ու Թուրքիայի միջև

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

 

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ 

  • Թուրքիայում գնալով աճում է ջրի ու հիդրոէներգիայի պահանջարկը, և նա վաղուց կատարել է իր ընտրությունն այդ հարցում։
  • Թուրքիան բազում ջրամբարներ ու հէկեր է կառուցել իր տարածքում, Արաքսի գետավազանը նույնպես դուրս չի մնացել նրա ուշադրությունից։
  • Անդրսահմանային գետերի վրա ջրամբարներ կառուցելով՝ Թուրքիան ջրային լուրջ լծակ է ձեռք բերել հարևան երկրներից մի մասի նկատմամբ։
  • Ջուրը կարող է լինել թե՛ համագործակցության հարթակ, թե՛ կոնֆլիկտի ոլորտ Հայաստանի ու Թուրքիայի միջև։
  • Թուրքիայի հետ ջրային խնդիրները թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն են Հայաստանի համար։
  • Հայաստանը (Արցախի հետ) ունի տարածաշրջանում հիդրոդոնորի և ջրային խաղացողի վերածվելու լուրջ պոտենցիալ։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

20-րդ դարում Թուրքիան լայն թափով իրականացրել է ջրամբարաշինություն, ինչը շարունակվում է նաև 21-րդ դարում։ Դա կապված էր (է) բազում գործոնների հետ․ Թուրքիայում նավթի ու գազի պաշարների գրեթե իսպառ բացակայություն, բնակչության ու տնտեսության աճ և դրան զուգահեռ՝ էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի պահանջարկի աճ, մաքուր էներգիայի ստացում, էներգետիկ անկախության մեծացում, խոշոր գումարների տնտեսում, տարածաշրջանի երկրների հետ մրցակցություն, գետահոսքերը վերահսկման տակ առնելով՝ հարևան երկրների նկատմամբ գործուն լծակի (շանտաժի միջոց) ձեռքբերում և այդ կերպ նրանցից տարբեր զիջումներ կորզելու հնարավորության ստացում, «Քրդական հարցի» մի շարք տարրերի (նաև ընտրական, ժողովրդագրական ու անվտանգության) լուծում, կրոնական, մշակութային տարբեր խնդիրների լուծում, անգամ ռազմական ներխուժումների ձեռնարկման հնարավորության ստացում, երկրի տարածքային ամբողջականության խնդրի կարգավորում և այլն։

Ելնելով այս ամենից՝ կարելի է ասել, որ Թուրքիան բացառիկ երկրներից է, որը ժամանակի ընթացքում սկսել է ջուրն օգտագործել ամենատարբեր նպատակներով, մինչդեռ ընդունված է համարել, որ ջրամբարների կառուցումը սովորաբար հետապնդում է 4 նպատակ․ ոռոգում (irrigation), հիդրոէներգիա (hydropower), ջրամատակարարում (water supply), ջրհեղեղներից պաշտպանություն (flood protection)։ Ջրային ոլորտում Թուրքիան վաղուց կատարել է իր ընտրությունը։ Ինչպես ժամանակին դիպուկ նկատել է Թուրքիայի նախկին վարչապետ և նախագահ Սուլեյման Դեմիրելը, զարգացած երկրների համար գետերն այսօր «բարաքյաթի», բարօրության ու երջանկության աղբյուրներ են, մինչդեռ չզարգացած երկրների համար՝ «դարդի» ու տառապանքների աղբյուր։ Դեմիրելի մտահղացմամբ՝ ջրամբարները պետք է դառնային Թուրքիայի բնակչությանը բարօրություն բերող, թուրքական պետությանը՝ եկամուտ ապահովող հուշարձաններ[1]: Եվ ահա նաև նույն Դեմիրելի զգալի ջանքերի շնորհիվ է, որ Եփրատն ու Տիգրիսը Թուրքիայի համար այսօր դարձել են հենց «բարաքյաթի» և ոչ թե «դարդի» աղբյուր։ Ավելին, նույն այդ ջանքերի շնորհիվ է, որ տվյալ գետերը «դարդի աղբյուր» են դարձել Թուրքիայի հարևան երկրների համար, քանի որ Թուրքիան, ջրամբարներ կառուցելով, կարողանում է վերահսկել անդրսահմանային գետերի հոսքը և ջրային լուրջ լծակ է ձեռք բերել առավել խոցելի հարևանների նկատմամբ։ Թուրքիայի կողմից ջրային նախագծեր իրագործելը վկայեց, թե նրա սակավաջուր հարևանները որքան զգայուն (sensitive) և խոցելի (vulnerable) են այդ ամենի հանդեպ։ Ընդ որում՝ թեև ամերիկացի քաղաքագետներ Ռոբերտ Քեոհեյնի և Ջոզեֆ Նայի կարծիքով՝ զգայունությունը (sensitivity) և խոցելիությունը (vulnerability) փոխադարձ կախվածության (interdependence) երկու հիմնական տարրեր են[2]՝ ջրային ոլորտում Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան հարևանների պարագայում հիմնականում գործ ունենք Թուրքիայից կա՛մ անհամաչափ փոխկախվածության (asymmetrical interdependence) հետ (օրինակ, Սիրիան), կա՛մ էլ պարզապես կախվածության (dependence) հետ (օրինակ, Իրաք)։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

2013թ․ դրությամբ՝ աշխարհում գոյություն ուներ 37․641 ջրամբար, որոնցից 26․938-ը (71․6%) ունեն մեկ հիմնական գործառույթ: Դրանցից 13․468-ը (50%) կառուցվել է ոռոգման, 4914-ը՝ (18%) հիդրոէլեկտրաէներգիա արտադրելու, 3205-ը (12%)՝ ջրամատակարման, 2603-ը (10%)՝ ջրհեղեղներից պաշտպանելու, մնացյալը՝ այլ նպատակներով։ Իսկ ահա մնացյալ 9328 բազմանշանակ ջրամբարներից 5167-ի (24%) դեպքում գլխավոր գործոնը խաղացել է ոռոգումը, 4579-ի (20%) դեպքում՝ ջրհեղեղներից պաշտպանությունը, 3984-ի (17%) դեպքում՝ ջրամատակարարումը, 3775-ի (16%) դեպքում՝ հիդրոէներգիայի ստացումը։ 2013թ․ Թուրքիայի ջրամբարների քանակը կազմել է 741, նրան բաժին է ընկել աշխարհի բոլոր ջրամբարների 2%-ը։ Այս ցուցանիշներով Թուրքիան զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ զիջելով ԱՄՆ-ին (9265 ջրամբար, 26%), Չինաստանին (5191 ջրամբար, 15%), Հնդկաստանին (5101 ջրամբար, 14%), Ճապոնիային (3076 ջրամբար, 9%), Կանադային (1166 ջրամբար, 3%), Հարավային Աֆրիկային (1114 ջրամբար, 3%), Իսպանիային (987 ջրամբար, 3%)։ Հավելենք, որ առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Բրազիլիան (684 ջրամբար, 2%) և Ֆրանսիան (622 ջրամբար, 2%)[3]։

Թուրքիայի Ջրային խնդիրների գլխավոր վարչության տվյալներով՝ ներկայումս երկրում գործում է 869 ջրամբար, որոնցից 71-ը համարվում են խոշոր։ Կառուցման փուլում է գտնվում ևս 873 ջրամբար։ Նույն աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայում ջրի տարեկան սպառումն արդեն հասել է 59 մլրդ մ3-ի, որից 43 մլրդ մ3-ը (72%) բաժին է ընկնում գյուղատնտեսությանը (ամենաշատ ջուր սպառող ոլորտ), 8 մլրդ մ3-ը (14%)՝ ինդուստրիալ ոլորտին, մնացյալ 8 մլրդ մ3-ը (14%)՝ ջրամատակարարմանը (կենցաղային կարիքների համար)։ Ակնկալվում է, որ 2023թ․ (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) Թուրքիայում ջրի սպառումը հասնելու է 100 մլրդ մ3-ի, որից 64 մլրդ մ3-ը (64%) բաժին է ընկնելու գյուղատնտեսությանը, 20 մլրդ մ3-ը (20%)՝ ինդուստրիալ ոլորտին, իսկ մնացյալ 16 մլրդ մ3-ը (20%)՝ ջրամատակարարմանը[5]։

Ելնելով նաև այս նկատառումներից՝ Թուրքիան տենդագին շարունակում է ջրամբարաշինությունը ողջ երկրում (և ոչ թե միայն անդրսահմանային գետերի վրա՝ Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Ճորոխ)։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ, ի հակադրություն այն համընդհանուր մոտեցման, թե Թուրքիան ջրային պաշարներով հարուստ երկիր է, իրականում Թուրքիան այդպիսի երկիր չէ (իհարկե Մերձավոր Արևելքի սակավաջուր երկրների հետ համեմատ՝ Թուրքիայի դիրքերն ավելի շահեկան են)։ Թուրքիայում տարեկան կտրվածքով մեկ շնչին բաժին է ընկնում 1500 մ3 ջուր, մինչդեռ ջրային պաշարներով հարուստ են համարվում այն երկրները, ուր այդ ցուցանիշը հասնում է 10․000 մ3 և ավելի։ Ջուրն անհավասարաչափ է բաշխված Թուրքիայի տարածքում, ինչը նույնպես խնդիրներ է ստեղծում նրա համար։

Թուրքիայում սուր է դրված նաև էլեկտրաէներգիայի խնդիրը, որի պահանջարկը շարունակում է աճել։ Ինչպես 2017թ․ նոյեմբերին հայտարարեց Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, վերջին 10 տարիներին Թուրքիան էներգակիրների ներկրման վրա ծախսել է տարեկան միջինը 55 մլրդ $, որից 44 մլրդ $-ը բաժին է ընկել նավթի ու բնական գազի ներկրմանը, իսկ մնացյալը՝ հանքանյութեր (ածուխ) ներկրելուն։ Հավելենք, որ Թուրքիան ընդհանուր առմամբ ներկրում է իր էներգետիկ կարիքների 80%-ը։ Երկրում սպառվող նավթի 92%-ը ներկրվում է արտերկրից, բնական գազի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 98%, իսկ ածխի դեպքում՝ 50%։ Ներկայումս Թուրքիայում արտադրվող էլեկտրաէներգիայի 70%-ը բաժին է ընկնում ջերմաէլեկտրակայաններին (նավթ, գազ, ածուխ և այլն), իսկ 30%-ը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին (հիդրոէներգիա - 20%, արևային, քամու, երկրաջերմային էներգիա - 9%, կենսազանգված - 1%)։ Ներկա դրությամբ Թուրքիայում գործում է նաև 627 հէկ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 28․200 մվտ, և որոնք տարեկան արտադրում են 98․200 գվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Կառուցման փուլում է գտնվում ևս 62 հէկ, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 4400 մվտ, և որոնք տարեկան արտադրելու են 13․600 գվտ/ժամ էլեկտրաէներգիա[9]։

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչու է Թուրքիան տենդագին շարունակում ջրամբարաշինությունը ողջ երկրում։ Ի դեպ, վերջերս Ստամբուլի Բիլգի համալսարանի դոցենտ Այշե Ույդուրանօղլուն հայտարարեց, որ թեպետ Թուրքիայում տարեկան հասանելի ջրի ծավալը 112 մլրդ մ3 է, 11 տարի անց Թուրքիան կարող է հայտնվել ջրի դեֆիցիտ ունեցող երկրների ցանկում։ Նրա խոսքերով՝ ներկայումս Թուրքիայում 1 շնչին բաժին է ընկնում 1519 մ3 ջուր, մինչդեռ 2030թ․, երբ Թուրքիայի բնակչության թիվը կհասնի 100 մլն-ի, այդ ցուցանիշը կնվազի մինչև 1120 մ3-ի, և Թուրքիան կկանգնի լուրջ խնդրի առջև։ Ույդուրանօղլուն մասնավորապես կարևորել է ջրամատակարարման գործընթացում ջրի կորուստը նվազեցնելը՝ ընդգծելով, որ դրա հիմնական պատճառը ջրային ցանցի հնացած, մաշված լինելն է, ինչի հետևանքով Թուրքիան ունի մոտ 50%-անոց ջրի կորուստ (դա բնորոշ է զարգացող երկրներին), մինչդեռ զարգացած երկրներում այդ ցուցանիշը կազմում է միայն 10-15%։

ԱՐԱՔՍԻ ԳԵՏԱՎԱԶԱՆԻ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ

Այժմ անդրադառնանք Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում ջրային նախագծեր իրագործելուն։ Ներկայումս Արաքս գետի և նրա վտակների վրա կառուցվել, կառուցվում և ծրագրված է կառուցել 14 ջրամբար՝ մի մասը հէկերով։ Դրանցից 1-ը բաժին է ընկնում Իգդիրի նահանգին, 4-ը՝ Էրզրումի նահանգին, 9-ը՝ Կարսի նահանգին։ Ընդ որում, խոսքը հիմնականում փոքր հէկերի (6-36 մվտ հզորությամբ) մասին է, ինչի համար էլ նրանց ընդհանուր հզորությունը կազմում է միայն 134 մվտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝ 252․25 գվտ/ժամ։ Նրանց է բաժին ընկնում Թուրքիայում արտադրվող հիդրոէներգիայի 0,355%-ը և Թուրքիայում ընդհանրապես արտադրվող էլեկտրաէներգիայի 0,096%-ը։ Ծրագրված է Արաքսի գետավազանի հէկերի ընդհանուր հզորությունը գրեթե եռապատկել՝ հասցնելով մինչև 387 մվտ-ի։

Սրանք կարող են փոքր թվեր թվալ Թուրքիայի մասշտաբով, սակայն իրականում զգալի դեր ունեն տվյալ տարածաշրջանի էներգետիկ կարիքները հոգալու համար։ Զուտ պատկերացում կազմելու համար նշենք, որ 280 մվտ հզորությամբ հէկն ամբողջովին բավարարում է, ասենք, 375․000 բնակչությամբ քաղաքի էներգետիկ կարիքները, կամ էլ տարեկան 200 գվտ/ժամը համարժեք է օրական 1 մլն բարել նավթի[12]։ Բացի այդ չմոռանանք, որ ծրագրված է եռապատկել (և անգամ ավելի) Արաքսի գետավազանի էներգետիկ հզորությունը, ինչպես նաև այն, որ նույն Արաքսը ջրառատության պլանում զիջում է անգամ Եփրատի վտակ (բազուկ) Արածանիին (այսինքն իրատեսական չէ նրա վրա կառուցել այնպիսի խոշոր ջրամբարներ ու հէկեր, ինչպիսիք կառուցվել են Եփրատի վրա)։

Հարկ է նշել նաև, որ Թուրքիան էլեկտրաէներգիա է ներկրում արտերկրից։ 2017թ․ Թուրքիան այդ նպատակով վճարել է 85․501․108 $, ինչը 60%-ով պակաս է 2016թ․ ցուցանիշից (213․614․469 $)։ Եթե 2016թ․ Թուրքիան Հունաստանից, Բուլղարիայից, Ադրբեջանից ու Վրաստանից ներկրել է 4․366․780․000 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ապա 2017թ․ Թուրքիան այդ 4 երկրներից, ինչպես նաև Չեխիայից ու Իրանից ներկրել է 1․667․694․000 կվտ/ժամ էլեկտրաէներգիա (ամենաշատը բաժին է ընկել Բուլղարիային՝ 743․197․000 կվտ/ժամ և 34․689․659 $)։ 2017թ․ Թուրքիան Ադրբեջանից ներկրել է 285․998․000 կվտ/ժամ էլեկտրաէներգիա (2016թ․՝ 359․635․000) և դրա դիմաց վճարել է 17․688․389 $։ Վրաստանից էլ Թուրքիան ներկրել է 257․549․000 կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ վճարելով 9․620․965 $։ Ստացվում է, որ Արաքսի հիդրոհանգույցները որոշակիորեն նպաստում են Թուրքիայի էներգետիկ անկախությանը և գումարներ տնտեսելուն։

Ներկայացնենք Արաքս գետի վրա կառուցվող երկու կարևոր ջրամբար, որոնք, ըստ ամենայնի, շահագործման կհանձնվեն 2019թ․ վերջին կամ 2020թ․ սկզբին։ Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում Արաքսի գետի վրա կառուցվում է Քարաքուրթի ջրամբարն ու հէկը։ Ջրամբարում նախատեսվում է ամբարել 590․520․000 մ3 ջուր։ Ամբարտակի բարձրությունը կազմելու է 124 մ (տարբեր տեղերում նշվում է նաև 137 կամ 142 մ), հէկի հզորությունը կազմելու է 99․5 մվտ, այն տարեկան արտադրելու է 346․32 (այլ տվյալներով՝ 380) գվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Նախագծի իրագործման թույլտվությունը տրվել է դեռևս 2011թ․։ Նախագիծը գնահատվում է 795.5 մլն (այլ տվյալներով՝ 1․5 մլրդ) լիրա։ Ակնկալվում է, որ Քարաքուրթի հիդրոհանգույցը Թուրքիայի տնտեսությանը կապահովի տարեկան 109․165․000 լիրայով։

Այսպիսով, Քարաքուրթի հիդրոհանգույցը կդառնա Արաքսի ավազանի խոշորագույն հիդրոհանգույցը։ Հիմնականում հենց Քարաքուրթի հէկն է հնարավորություն ընձեռելու եռապատկել Արաքսի ավազանի հէկերի հզորությունը։ Մյուս ջրամբարը կառուցվում է Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու՝ Իգդիրի նահանգի Թուզլուջա (Կողբ) շրջանում։ Թուզլուջայի ջրամբարում կամբարվի 190 մլն մ3 ջուր։ Նրա հէկի հզորությունը կազմելու է ընդամենը 20 մվտ: Նախագիծը գնահատվում է 350 մլն $[15]։

Այս երկու ջրամբարների կառուցումը մտահոգություններ է առաջացրել Հայաստանում։ Մասնավորապես, «Արարատյան դաշտի մակերևութային ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով» զեկույցում նշված է Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների կառուցման ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին․ «Արաքս գետի վրա մինչև ՀՀ սահման հասնելը Թուրքիայի կողմից նախատեսվում է կառուցել երկու ջրամբար Կարակուրտ և Թուզլուկա։ Ջրամբարներն ունենալու են ոչ միայն ոռոգման, այլ նաև հիդրոէներգետիկ նշանակություն և հետևաբար այլ կարգավորման ռեժիմ: Ներկայումս Թուրքիան Արաքս գետի և նրա վտակների վրա կառուցում է ջրամբարներ, որոնք կարող են էապես ազդել Արաքս գետի ջրի ելքերի վրա և հետևաբար Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վրա, քանի որ Արաքս գետի ջրերն Արմավիրի ջրանցքի միջոցով օգտագործվում են Արարատյան դաշտի մոտ 20000 հա հողատարածքների ոռոգման համար: Այսպիսով, վերը նշված ջրամբարների կառուցմամբ Թուրքիան հնարավորություն կստանա ամբարել մոտ 1.4 մլրդ. մ3 ջուր, այնինչ Սուրմալու հիդրոլոգիական դիտակետում 1964-2013թթ. ժամանակահատվածի համար Արաքսի գետի հոսքի ծավալը կազմել է 2.54 մլրդ. մ3: Ջրամբարների կառուցումից հետո այդ մեծությունը կարող է կազմել 1.1 մլրդ. մ3, որի 50%-ն էլի Թուրքիային է պատկանելու՝ համաձայն Կարսի համաձայնագրի: Արդյունքում ՀՀ-ին բաժին կհասնի 0.57 մլրդ. մ3 ջուր՝ ներկայիս 1.3 մլրդ. մ3-ի փոխարեն և Արարատյան դաշտի ոռոգման կազմակերպման համար կհանգեցնի խիստ բացասական հետևանքների: Այս թվերը խիստ մտահոգիչ են ու անպայման պետք է հաշվի առնվեն Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանում, և օր առաջ պետք է սկսել համակարգված միջոցառումների կազմակերպումը ջրային ռեսուրսների սպասվող նվազմանը դիմագրավելու համար:

Ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուրքիան ունեն 2 պայմանագիր: Առաջինը ստորագրվել է 1927թ. հունվարի 8-ին Կարսում նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև: Դա սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին: Այդ կոնվենցիայով սահմանային հատվածի վրա ջրերը բաշխվում են կողմերի միջև 50/50 հարաբերակցությամբ: Ընդ որում, կողմերը պարտավորվել են ձևավորել դիտարկման կետեր և ստեղծել համատեղ հանձնաժողով, որը պարբերաբար պետք է որոշեր այդ դիտակետերով անցնող ջրերի քանակը: Երկրորդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 1973թ. հոկտեմբերի 26-ին Անկարայում, նույնպես ստորագրվել է ԽՍՀՄ-ի կառավարության կողմից Թուրքիայի կառավարության հետ և վերաբերում է սահմանային Ախուրյան գետի վրա պատվարի և 525 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցմանը: Ջրամբարի կառուցումից հետո կողմերն իրավունք են վերապահել իրենց հասանելիք ջրի մասը (50%) վերցնել Ախուրյան և Արաքս գետի ցանկացած հատվածից (մինչև Իրանի սահման)՝ չխախտելով մյուս կողմի իրավունքները»[16]:

Թվում է, թե Հայաստանին կարող է ավելի շատ վնասել իր չափերով առավել խոշոր Քարաքուրթի ջրամբարը։ Սակայն վերջինս, թուրքական կողմի պնդմամբ, կառուցվում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, մինչդեռ Թուզլուջայի ջրամբարի կառուցման գլխավոր նպատակը շրջակա 70 գյուղերին խմելու ու ոռոգման ջրով ապահովելն է, 700.000 դյոնում (700 կմ2) ոռոգելը, Իգդիրի հովտում գյուղատնտեսությունը վերակենդանացնելը[17]։ Հատկանշական է, որ թուրքական կողմի պնդմամբ՝ Թուզլուջայի (Ունլենդի) ջրամբարի նախագիծն ի հայտ է եկել դեռևս 60 տարի առաջ[18]։  

Ինչպես արդեն նշել ենք, գյուղատնտեսությունն ամենաշատ ջուր պահանջող ոլորտն է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի վրա Թուզլուջայի ջրամբարի կառուցումն ավելի շատ բացասական հետևանքներ է ունենալու, քան իր չափերով ավելի խոշոր Քարաքուրթի ջրամբարը։ Հայաստանի վրա ազդեցության աստիճանը կախված կլինի նաև նրանից, թե ինչ արագությամբ Թուրքիան կփորձի լցնել Քարաքուրթի ջրամբարը։ Մենք հակված ենք կարծել, որ Թուրքիան (գոնե առաջիկայում) Քարաքուրթի ջրամբարի ջրերը չի օգտագործի ոռոգման նպատակով, քանի որ դա կարող է բացասաբար ազդել գետի հոսանքն ի վար ընկած Թուզլուջայի ջրամբարի գործունեության վրա։ Բացի այդ շրջակայքում շատ չեն գյուղատնտեսության համար պիտանի տարածքները (եթե չհաշվենք նրանից արևմուտք ընկած Բասենի դաշտը)։

Այս իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է Թուրքիայում՝ Եփրատ գետի վրա, Քեբանի (ամբարում է 31 մլրդ մ3 ջուր) ու Աթաթուրքի ջրամբարների (ամբարում է 48․7 մլրդ մ3 ջուր) օրինակը։ Քեբանի ջրամբարի ջուրը չի օգտագործվում ոռոգման նպատակով (Քեբանի հէկի հզորությունը կազմում է 1330 մվտ), ինչը, ըստ ամենայնի, արվում է նաև նրա համար, որպեսզի այդ կերպ վնաս չհասցվի Սիրիայի հետ սահմանից ոչ այնքան հեռու ընկած Աթաթուրքի ջրամբարին (հէկի հզորությունը կազմում է 2400 մվտ), ինչպես նաև Քարաքայայի ջրամբարին (հէկի հզորությունը 1800 մվտ)։ Ի տարբերություն Քեբանի ջրամբարի՝ Աթաթուրքի ջրամբարը շրջակա տարածքները ոռոգելու տեսանկյունից գտնվում է շատ ավելի բարենպաստ տեղանքում, ինչպես որ Քարաքուրթի ջրամբարի հետ համեմատ` Հայաստանի սահմանից ոչ հեռու կառուցվող Թուզլուջայի ջրամբարն է (Թուրքիայում Իգդիրի հովիտն անվանում են «Արևելյան Անատոլիայի Չուքուրօվա», Չուքուրօվան համընկնում է Դաշտային Կիլիկիայի բարեբեր տարածքներին)։

Այլ կերպ ասած՝ Եփրատ ու Արաքս գետերի վրա ջրամբարներ կառուցելու պարագայում ականատես ենք Թուրքիայի նմանատիպ մարտավարությանը։ Ամեն դեպքում Արաքսի գետավազանի խոշորագույն հիդրոհանգույց Քարաքուրթի ջրամբարը ջրով լցնելու բացասական հետևանքները Հայաստանի վրա չես համեմատի այն խոշոր վնասի հետ, որը Սիրիան կրեց Թուրքիայի կողմից Եփրատի խոշորագույն հիդրոհանգույց Աթաթուրքի ջրամբարը ջրով լցնելուց, երբ Սիրիայի խոշորագույն՝ Թաբքայի ջրամբարը գործում էր իր հզորության միայն 10%-ով[19]։

Ելնելով ջրի ու էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը բավարարելու (միգուցե նաև այլ) նկատառումներից՝ Թուրքիան չի պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով և ցանկանում է Արաքս գետի վրա կառուցել շատ ավելի խոշոր ջրամբար, քան Քարաքուրթի ջրամբարն է։ Խոսքը Սոյլեմեզի ջրամբարի մասին է, որի կառուցումը ծրագրված է Էրզրումի նահանգի Քարայազը, Քյոփրուքյոյ և Թեքման շրջաններում։ Ամբարտակի բարձրությունը կազմելու է 113 մ, իսկ հէկն արտադրելու է 202.69 գվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Սոյլեմեզի ջրամբարն ամբարելու է 1․4 մլրդ մ3, այդ ցուցանիշով այն կառուցվող (և ոչ թե ընդհանրապես) Ըլըսուի (Տիգրիս), Յուսուֆելիի (Ճորոխ) և Սիլվանի (Տիգրիս) ջրամբարների թվում զբաղեցնելու է 4-րդ տեղը (Տիգրիսի խոշորագույն հիդրոհանգույց Ըլըսուի ջրամբարի կառուցումն արդեն ավարտված է – Հ․Գ․)։ Նախատեսվում է Սոյլեմեզի ջրամբարի ջրերով ոռոգել մոտ 394․000 դյոնում (394 կմ2) տարածք[20]։ Ընդ որում, Սոյլեմեզի հիդրոհանգույցի կառուցումը ծրագրվել է 50 տարի առաջ[21]:

Սոյլեմեզի ջրամբարի պարագայում կարող է հարց ծագել, թե արդյոք այն չի խանգարի Արաքս գետի հոսանքն ի վար ընկած Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների գործունեությանը։ Կարծում ենք, որ թուրքական կողմը հաշվարկել է այդ ամենը և նաև այդ պատճառով է, որ Սոյլեմեզի ջրամբարը թեպետ ամբարելու է մոտ 10 անգամ ավելի շատ ջուր, համեմատած Թուզլուջայի ջրամբարի հետ, սակայն ոռոգելու է գրեթե կրկնակի քիչ տարածք՝ նրա հետ համեմատ։ Միգուցե նաև հաշվի է առնվել, որ Սոյլեմեզի ջրամբարից հետո Արաքսն ընդունում է Մուրց (Հասան-քալա) կարևոր վտակը, ինչպես նաև այլ վտակներ, ինչը դրականորեն կազդի Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների գործունեության վրա։

Այսպիսով, Արաքս գետի վրա ջրամբարներ կառուցելով և մասնավորապես ջուրը ոռոգմանն ուղղելով՝ Թուրքիան որոշակի վնաս կպատճառի Հայաստանին և ինչու ոչ՝ Ադրբեջանին (Նախիջևան) և Իրանին, որոնք նույնպես Արաքսի գետավազանի երկրներ են։ Ընդ որում, ջրային ապահովվածության տեսանկյունից Ադրբեջանն ու Իրանը շատ ավելի խոցելի երկրներ են, քան Հայաստանը։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ վերջին 45 տարում Արաքսի ավազանում տնտեսական գործունեության (ջրառը ոռոգման, խմելու-կենցաղային և արդյունաբերական ջրամատակարարման, հիդրոէներգետիկայի, ձկնատնտեսության նպատակով, ջրամբարների կառուցում և այլն) ազդեցության հետևանքով Արաքսի հոսքը նվազել է մոտ 15%-ով։ Այդ հարցում փոքր դեր չի խաղում նաև ավազանի բնակլիմայական գործոնների փոփոխության ազդեցությանը, ինչը Հայաստանում դրսևորվում է տեղումների քանակի նվազմամբ և գոլորշիացման ավելացմամբ[22]։

Թուրքիայի ջրային քաղաքականությունը վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ նա ՄԱԿ-ի միջազգային ջրահոսքերի ոչ նավարկելի օգտագործման իրավունքի մասին 1997թ. կոնվենցիայի (The 1997 United Nations Convention on the Law of the Non-Navigational Uses of International Watercourses) անդամ չէ։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածում կարևորվում է միջազգային ջրահոսքերի արդար ու խելամիտ օգտագործումը (equitable and reasonable utilization and participation), իսկ 7-րդ հոդվածում առաջ է քաշվում «առանց նշանակալից վնաս պատճառելու պարտավորությունը» (օbligation not to cause significant harm)[23]

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծում ենք, որ Հայաստանն անպայմանորեն պետք է ակնդետ հետևի Արաքսի գետավազանում Թուրքիայի կողմից ջրային նախագծեր իրագործելուն, ինչու ոչ՝ բարձրաձայնի տվյալ խնդիրների մասին, սակայն դրա հետ մեկտեղ շարունակ հաշվարկի (թարմացնի) իր հնարավոր վնասները՝ կախված ջրային այդ նախագծերի իրագործումից և մշակի այդ վնասները փոխհատուցելու ռազմավարություն։ Այս համատեքստում, մեր կարծիքով, հայկական կողմն անելիքներ ունի 2 ճակատում՝ ներքին և արտաքին։

Ներքին ճակատ - Փոխհատուցման միջոցներից մեկը կարող է լինել, օրինակ, ոռոգման ցանցերի արդիականացումը և ջրի կորստի (leakage) նվազեցումը։ Վերջերս Հայաստանի Ջրային պետական կոմիտեն հայտնեց, որ ոռոգման ցանցերի մաշվածության հետևանքով Հայաստանում ջրի կորուստները հասնում են 46%-ի[24]։ Ինչպես արդեն նշվել է, զարգացած երկրներում այդ ցուցանիշը կազմում է 10-15%։ Հայաստանի համար օգտակար կլիներ նորանոր առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը ջրային ոլորտում (վերջերս հանդիպեցինք նաև այսպիսի հոդվածի - Հայանիստում ձկնաբուծարանների հետադարձ ջրով 40 հա հողատարածք ոռոգելի է դարձել[25])։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել առկա ջրային ռեսուրսները, ընդ որում՝ թե՛ վերգետնյա, թե՛ ստորգետնյա։ Ի դեպ, Թուրքիայի կողմից Արաքսի գետահոսքը նվազեցնելու հարցում հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի ջրային բալանսը լրացվում է երկու անդրսահմանային ջրային աղբյուրների հաշվին․ 0.94 մլրդ մ3 ջրի գետային հոսքը կատարվում է Հայաստանի Արաքս գետից, իսկ 1.19 մլրդ մ3 դեպի Արարատյան արտեզյան ավազան է հոսում Թուրքիայի ստորգետնյա ջրերով։ Հայաստանի հարավում մոտ 0.77 մլրդ մ3 ստորգետնյա ջրեր Արարատյան ավազանից հոսում են դեպի Թուրքիա, Նախիջևան, Իրան և մոտ 0.19 մլրդ մ3 ջուր հոսում է դեպի Արաքսի ջրավազան: Հյուսիսում մոտ 0.1 մլրդ մ3 հոսում է դեպի Կուր գետի ավազան: Հայաստանի ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները, ըստ տվյալների, կազմում են 2.4 մլրդ մ3, որից 66%-ը բաժին է ընկնում Արարատյան հարթավայրին[26]։

Երկրորդ կարևոր քայլը ջրամբարաշինությանը նոր թափ հաղորդելն է՝ բնականաբար հաշվի առնելով հարցի բնապահպանական կողմը։ Այսինքն «Ադրբեջանի ճակատագրով չափազանց մտահոգ» Թուրքիան պետք է գիտակցի, որ Արաքսի ավազանում ջրային նոր նախագծեր իրագործելու և դեպի Հայաստան (նաև Ադրբեջան ու Իրան) Արաքսի գետահոսքը նվազեցնելու դեպքում հայկական կողմի (Հայաստան և Արցախ) պարտադրված քայլերից մեկը կարող է լինել դեպի Ադրբեջան գնացող գետերի հոսքի նվազեցումը, ինչը կրկնակի ծանր դրության մեջ կդնի Ադրբեջանին։ Ըստ ամենայնի, Թուրքիան հաշվի է առնում, որ իր կողմից Արաքսի գետահոսքի նվազեցումը լուրջ հետևանքներ չի թողնում «եղբայրական Ադրբեջանի» համար, քանի որ Արաքսը Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև Իրանի տարածքներից ստանում է նորանոր վտակներ։ Սակայն տվյալ իրավիճակը կարող է լրջորեն փոփոխվել, եթե հայկական կողմը (Հայաստան և Արցախ) որոշի նոր ջրամբարներ կառուցել դեպի Ադրբեջան հոսող գետերի վրա, վերահսկողության տակ առնել դրանց հոսքը և ջրի մի մասն ուղղել ոռոգման։

 Եվ, եթե մենք լուրջ քայլեր չձեռնարկենք ներքին ճակատում, ապա որոշակիորեն կնմանվենք Եգիպտոսին, որը վերջին շրջանում շատ էր բողոքում Եթովպիայից և անգամ սպառնում նրան՝ կապված Կապույտ Նեղոս գետի վրա «Վերածնունդ» հիդրոհանգույցը (Grand Ethiopian Renaissance Dam) կառուցելու հետ (Նեղոսի ջրերի 75%-ն ապահովում է Կապույտ Նեղոսը, իսկ ընդհանուր առմամբ Եթովպիայից եկող գետերը սնուցում են Նեղոսի ջրերի 85%-ը)։ Թեպետ Եթովպիան հայտարարել էր, որ «Վերածնունդ» ջրամբարի ջրերը չի օգտագործելու ոռոգման նպատակով, որ այն ունի միայն էներգետիկ նշանակություն (8900 մվտ հզորությամբ այդ հէկը համարվում է Աֆրիկայի խոշորագույն և աշխարհի 7-րդ խոշոր հէկը)՝ Եգիպտոսը չէր դադարում հնարավոր բոլոր միջոցներով (այդ թվում նաև՝ հետախուզական քայքայիչ գործունեությամբ ու պատերազմի սպառնալիքով) հակազդել նախագծի իրագործմանը (Եգիպտոսի բնակչության 96%-ը բնակվում է 3-18 կմ լայնությամբ Նեղոսի նեղ հովտում և Նեղոսի դելտայում, որոնք կազմում են այդ երկրի տարածքի ընդամենը 4%-ը)։ Մինչդեռ փորձագետներն ընդգծում են, որ Եգիպտոսն իր տարածքում Նեղոսի վրա կառուցած Ասուանի ջրամբարում (Նասերի լիճ) շոգ եղանակի պատճառով գոլորշացումից (evaporation) տարեկան կորցնում է 10 մլրդ մ3 ջուր, ինչը զգալիորեն գերազանցում է այն հիպոթետիկ ծավալը, որը նա կարող է կորցնել «Վերածնունդ» ջրամբարի կառուցումից (Նեղոսը գոլորշացումից տարեկան կորցնում է ընդհանուր 40 մլրդ մ3 ջուր, ինչի համար Եգիպտոսում նրա հոսքը կազմում է միայն 84 մլրդ մ3՝ Եփրատի ու Տիգրիսի ընդհանուր հոսքի չափ)[27]։

Այսինքն Հայաստանը չպետք է անտեսի իր ջրային ներքին խնդիրները և միայն բողոքի Թուրքիայի կողմից ջրային նախագծեր իրագործելուց, հատկապես, ինչպես ցույց է տալիս Եգիպտոսի օրինակը, ներքին խնդիրները կարող են շատ ավելի մեծ ջրի կորստի պատճառ դառնալ, քան վերին հոսքի երկրի (upstream country) կողմից ստորին հոսքի երկրին (downstream country) որոշակիորեն ջրազրկելը։ Հայաստանի պարագայում խնդիրն առավել բարդանում է նրանով, որ վերին հոսքի երկիրը (Թուրքիա) տնտեսական, ռազմական և այլ առումներով գերազանցում է նրան, մինչդեռ Նեղոսի պարագայում հակառակ պատկերն է․ ստորին հոսքի երկիր Եգիպտոսը Նեղոսի ավազանի ամենաուժեղ երկիրն է։

Արտաքին ճակատ – Ընդունված է համարել, որ ջուրը կարող է լինել ինչպես համագործակցության, այնպես էլ կոնֆլիկտի առարկա։ Փորձագետներ Հասան Չալաբին և Թարեք Մաջզուբը գտնում են, որ երբ գետերն անցնում են մի շարք երկրների տարածքներով, ապա առաջացնում են երկու տիպի խնդիր. ա) Երբ երկիրը ինքնուրույն շեղում է գետի հոսքը, որը սկիզբ է առել իր սահմաններից դուրս: բ) Երբ վերին հոսքի երկիրը ջրամբարների միջոցով սկսում է ամբարել ջուրը՝ նվազեցնելով ստորին հոսքի երկիր գնացող գետի հոսքը։ Նրանց կարծիքով՝ ժամանակակից ջրային վեճերի հիմքում ընկած է միջազգային ջրային իրավունքի անկատարությունը[28]։ Արտաքին ճակատում մեր խնդիրը բարդանում է նրանով, որ Թուրքիան ու Հայաստանը 1997թ․ ջրային կոնվենցիայի անդամներ չեն[29]։ Նկատենք, որ 1997թ․ կոնվենցիան թեև խոսում է միջազգային ջրահոսքի արդար ու խելամիտ, բայց միևնույն ժամանակ չի խոսում դրա հավասարաչափ օգտագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև չի հստակեցնում «զգալի վնաս» ասվածը և մեծ հաշվով ձեռնտու է ստորին հոսքի երկրներին (այն ունի մի շարք բացթողումներ[30]

Բացի այդ Հայաստանի ու Թուրքիայի միջև գոյություն չունի երկկողմ ջրային պայմանագիր, և, թերևս, արժե աշխատել այն մշակելու ուղղությամբ՝ հաշվի առնելով առկա իրողությունները (ներառյալ կլիմայական փոփոխությունները)։ Անհրաժեշտ է աշխատել նաև Արաքսի ավազանում հիդրոդիվանագիտությունն (hydro-diplomacy) ակտիվացնելու ուղղությամբ։ Միջազգային պրակտիկայում լայն տարածում են ստացել «գետավազանային կազմակերպությունները» (river basin organisation, RBO)։ 2013թ. դրությամբ աշխարհի 276 անդրսահմանային ավազաններից (transboundary basins) 116-ում գործում էր RBO։ Փորձագետների մի զգալի մասը համակարծիք է, որ RBO-ն առանցքային ինստիտուցիոնալ կառույց է՝ ջրային հարցերով համագործակցության, ջրային քաղաքականության համակարգման, ռիսկերի կառավարման ու կոնֆլիկտների լուծման համար[31]։  

Թուրքիան նաև չպետք է մոռանա, որ «ջրային հարվածներ» հասցնելու դեպքում Հայաստանը (Արցախի հետ) կարող է ջրային վնասների փոխլրացման պարտադրանքից համարժեք և անգամ ավելի զգայուն «ջրային հարվածներ» հասցնել նրա «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին։ Ընդ որում, խոսքը միայն ՀՀ տարածքում Արաքսի վտակների վրա նոր ջրամբարներ կառուցելու և ջրի մի մասը ոռոգմանն ուղղելու մասին չէ, ինչի մասին արդեն նշվել է (ներքին ճակատ)։ Փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ն իր դիրքորոշմամբ նաև կարող է նպաստել (կամ առնվազն չխոչընդոտել) իր սահմաններից դուրս ջրամբար կառուցելուն, ինչպես որ Արցախի ու Իրանի սահմանին Արաքս գետի վրա Խոդա Աֆարինի ջրամբարի կառուցման դեպքում է։ Այս պարագայում կարելի է որոշակի նմանություն գտնել արդեն Հայաստանի ու Չինաստանի միջև. Չինաստանը ոչ միայն ինքն է ջրամբարներ կառուցել Մեկոնգի ավազանում (իր տարածքում), այլև ֆինանսավորել է հարևան Լաոսում (արտերկրում) նույն Մեկոնգի ավազանում ջրամբարներ կառուցելու գործընթացը՝ այդպիսով պոտենցիալ վնաս պատճառելով ստորին հոսքի երկրներ Կամբոջային ու Վիետնամին[32]։ Թեպետ Չինաստանը Մեկոնգի հարցում ունի ամենավերին հոսքի երկրի կարգավիճակ (uppermost riparian status), նա ունակ է կառավարել Մեկոնգի ջրերի միայն 25%-ը, ինչը սահմանափակում է նրա պոտենցիալ հեգեմոն դերը գետավազանում[33]։ Ստացվում է, որ Չինաստանը գտել է իր պոտենցիալ հեգեմոն դերն ուժեղացնելու տարբերակ։

Այսպիսով, ներքին ու արտաքին ճակատներում Հայաստանի վերոնշյալ անելիքները կարող են զգալիորեն մեղմել առկա ջրային խնդիրները, մեծացնել ամբարվող ջրի ծավալը, նվազեցնել Սևանից ամենամյա ջրառը, և ինչու ոչ՝ ջրային լուրջ լծակ ընձեռել Ադրբեջանի նկատմամբ։ Վերջին հանգամանքը, սակայն, պահանջում է նաև Արցախի հետ համապատասխան աշխատանքների համակարգում (ինչպես իր գրքում նշում է պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը, Քարվաճառի շրջանը, որտեղից սկիզբ են առնում Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերը, չափազանց կարևոր է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության համար՝ հանդիսանալով ՀՀ ջրային անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ և միաժամանակ Արցախի հիդրոդոնոր[34])։ Կարծում ենք, որ Հայաստանը Թուրքիայից իր (վերգետնյա) ջրային կախվածությունը կարող է փոխարինել «Թուրքիա-Հայաստան (Արցախ)-Ադրբեջան» եռանկյունում փոխադարձ կախվածության առաջացմամբ։ Ընդ որում՝ Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի (ՀՀ, Արցախ) ջրային լծակը կարող է լինել շատ ավելի ծանրակշիռ, քան Թուրքիայի ջրային լծակը՝ Հայաստանի նկատմամբ։

Թուրքիան, անդրսահմանային գետերի վրա շարունակ նորանոր ջրամբարներ կառուցելով, գնալով առավել արդյունավետ է դարձնում իր ջրային լծակները հարևան երկրների նկատմամբ։ Սակայն ի տարբերություն, ասենք, Սիրիայի՝ Հայաստանը ջրային ոլորտում գտնվում է շատ ավելի շահեկան դիրքերում։ Այդ պատճառով էլ Թուրքիան չի կարող ակնկալել, որ Արաքսի մասով Հայաստանի հանդեպ նույն (Եփրատ-Տիգրիսի) մարտավարությունը կիրառելու դեպքում կստանա նույնատիպ արդյունքներ․ լրջորեն ջրազրկել Հայաստանը և ջրային լծակի գործադրմամբ ճանաչել տալ սեփական տարածքային ամբողջականությունը (1921թ․ Կարսի պայմանագիր)։ Հայտնի է, որ Սիրիան Ալեքսանդրետի սանջակը (ներկայիս Հաթայ նահանգ) երկար ժամանակ համարում էր իրենը, հրաժարվում էր այն ճանաչել որպես Թուրքիայի տարածք, հրաժարվում էր Թուրքիայի հետ որևէ բանակցություն վարել Հաթայով դեպի Միջերկրական ծով հոսող Ասի (Օրոնտաս) գետի վրա ջրամբարներ կառուցելու շուրջ, քանի որ այն չէր համարում անդրսահմանային գետ[35]։ Մինչդեռ նաև ջրային լծակն աշխատեցնելու շնորհիվ՝ Թուրքիան կարողացավ հասնել նրան, որ 2010թ․ հունիսին Սիրիայի հետ արձանագրություն ստորագրվեց սահմանին Ասի գետի վրա «Բարեկամության» ջրամբարի (Friendship Dam) կառուցման մասին[36]։ Վերջինիս հիմնարկեքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իրականացրեցին 2011թ․ փետրվարին (Սիրիայում ճգնաժամի մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ)[37]։ Այլ կերպ ասած՝ Բ․ Ասադն այդպիսով ճանաչեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։  

Ամփոփելով վերոհիշյալը՝ նշենք, որ ջրային հարցերը Հայաստանի ու Թուրքիայի միջև նույնպես կարող են լինել ինչպես համագործակցության, այնպես էլ կոնֆլիկտի առարկա։ Ներկայումս երկրորդ տարբերակը մեզ առավել հավանական է թվում մի շարք պատճառներով․ Թուրքիայում ջրի պահանջարկի մեծացում, Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում ջրային նորանոր նախագծերի իրագործում, ստորին հոսքի երկրների շահերի անտեսում, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ ջրային պայմանագրի բացակայություն և ընդհանրապես փակ սահմանի առկայություն, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, ինչպես նաև Ադրբեջանի գործոնը։ Այս համատեքստում մեջբերենք ՄԱԿ-ի՝ 2019թ․ Ջրային զեկույցը, ըստ որի՝ ջրային կոնֆլիկտներ (water conflicts) կարող են առաջանալ մի շարք պատճառներով՝ ներառյալ տարածքային վեճերը, ռեսուրսների շուրջ մրցակցությունը, քաղաքական-ռազմավարական առավելություն ստանալը և այլն (այս ամենը նկատելի է Թուրքիայի պարագայում)։ Օքլենդում (Կալիֆորնիա, ԱՄՆ) գործող Խաղաղօվկիանոսյան ինստիտուտը (The Pacific Institute), որը մասնագիտացած է ջրային հարցերով, տարբերակում է ջրային կոնֆլիկտների ժամանակագրական երեք փուլ՝ Trigger (բառացի՝ ձգան/շնիկ, ջուրը` որպես կոնֆլիկտի սկզբնապատճառ), Weapon (բառացի՝ զենք, ջուրը` որպես կոնֆլիկտի գործիք կամ զենք), Casualty (բառացի՝ զոհ/կորուստ, ջրային ռեսուրսները կամ ջրային համակարգերը` որպես հակամարտության զոհ)[38]։  Այլ կերպ ասած՝ Թուրքիան, Արաքսի ավազանում ջրային խոշոր նախագծեր իրագործելով, կարող է «զենքն ուղղել» Հայաստանի վրա (Trigger) և անգամ «կրակել» (Weapon), սակայն չենք կարծում, թե այդ ամենի հետևանքով Հայաստանը կհայտնվի զոհի (Casualty) կերպարանքում, հատկապես, եթե նա լրջորեն զբաղվի հատկապես ներքին ճակատում, ինչպես նաև արտաքին ճակատում վերոնշյալ խնդիրների կարգավորմամբ։

ՄԱԿ-ի՝ 2018թ․ Ջրային զեկույցի համաձայն՝ վերջին 100 տարում ջրի գլոբալ սպառումն աշխարհում աճել է 6 անգամ, իսկ 1980թ․-ից սկսած՝ այն տարեցտարի աճում է մոտ 1%-ով։ Ջրի դեֆիցիտը (water scarcity) գնալով ավելի շատ է զգացնել տալու՝ հատկապես հաշվի առնելով, որ աշխարհի բնակչությունը 2017թ․ 7․7 մլրդ-ի փոխարեն 2050թ․ պետք է կազմի 9․4-10․2 մլրդ մարդ[39]։ Ակնկալվում է, որ 21-րդ դարը դառնալու է «ջրային պատերազմների» (water war) դարաշրջան հատկապես սակավաջուր տարածաշրջաններում (և առաջին հերթին Մերձավոր Արևելքում), և այս խորապատկերին Հայաստանը (Արցախի հետ միասին) կարող է առավելագույնս ամրապնդել սեփական դիրքերը ջրային ոլորտում՝ թե՛ իր հիդրոանկախությունը պահպանելու, թե՛ հետագայում հիդրոդոնորի (hydro-donor) վերածվելու համար։

Հայաստանի ռազմավարական ջրային պաշարները 1672 մլն մ3 են, ազգային ջրային պաշարը՝ 35․855,6 մլն մ3։ Հայաստանի գետերը Կուր և Արաքս գետերի վտակներն են, և այս իմաստով այն որպես ջրային պաշարներ «արտահանող» երկիր է: Հայաստանում տարեկան վերականգնվող ջրային ռեսուրսները 9049 մլն մ3 են, այդ թվում` ՀՀ-ում ձևավորված 6859 մլն մ3 ջրային ռեսուրսից 3248 մլն մ3-ը` մակերևութային, 3611 մլն մ3-ը ստորերկրյա ռեսուրսներ են: Արաքս և Ախուրյան գետերով Հայաստան է հոսում 1190 մլն մ3 ջուր, վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1000 մլն մ3: Ջրօգտագործման և բնապահպանական նպատակներով տարեկան բաց է թողնվում 3900 մլն մ3 ջուր: Չօգտագործված (արտահոսք երկրից) ջրային ռեսուրները 5149 մլն մ3 են: Ընդ որում, ամենամեծ արտահոսքը Դեբեդ գետից է՝ 1187 մլն մ3 [40]

Ստացվում է, որ տարեկան դեպի Կասպից ծով (Ադրբեջան) է հոսում 5 մլրդ մ3 ջուր, մինչդեռ տարածաշրջանի շատ երկրներ խոշոր գումարներ են ծախսում ծովի (օվկիանոսի) աղի ջրից խմելու ջուր ստանալու վրա։ Աղազրկվող ջրի միջազգային ասոցիացիայի (International Desalination Association) տվյալներով՝ 1950-ականներին սկիզբ առած աղազրկման գործընթացը ժամանակի ընթացքում մեծ թափ հավաքեց և այսօր շուրջ 20․000 աղազրկման կայաններ՝ սկսած Չինաստանից մինչև Մեքսիկա, աշխատում են բավարարել մոլորակի աճող բնակչության ջրային կարիքները։ 2015թ․ դրությամբ աշխարհում գործող մոտ 18․000 աղազրկող կայանների հզորությունը կազմել է 86․55 մլն մ3 կամ 22 մլրդ 870 մլն գալոն, ինչը կազմում է ջրի համաշխարհային պահանջարկի մոտ 1%-ը (դրանից հետո կառուցվել է ևս մոտ 2000 աղազրկող կայան)։ Ջրի աղազրկման վրա տարեկան ծախսվում է 14 մլրդ $ (ոլորտի առաջատարներն են ֆրանսիական Suez and Veolia Group և հարավկորեական Doosan Heavy Industries & Construction Co. ընկերությունները)։ Մերձավոր Արևելքն աղազրկված ջրի խոշորագույն շուկան է, նրա սակավաջուր երկրները ներկայումս ծովի ջրի աղազրկման միջոցով հոգում են իրենց ջրային կարիքների 2/3-ը՝ շեշտը դնելով աղազրկման ջերմային տարբերակի վրա՝ խմելու ջուր ստանալու համար ծախսելով նավթ և բնական գազ։ Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency) տվյալներով՝ այս տարածաշրջանին է բաժին ընկնում աշխարհում ջերմային եղանակով աղազրկման կայանների 90%-ը։ Սաուդյան Արաբիան առաջատար է ջրի աղազրկման ոլորտում, նրան բաժին է ընկնում աշխարհում աղազրկված ջրի 1/5-ը (ապա գալիս են ԱՄՆ-ը, ԱՄԷ-ն, Չինաստանը, Իսպանիան ու Քուվեյթը)։ Քանի որ Պարսից ծոցի երկրները գյուղատնտեսության համար օգտագործում են իրենց սահմանափակ ստորերկրյա ջրերի մեծ մասը, նրանք մեծապես կախված են աղազրկված ջրից՝ բնակչության ու արդյունաբերության պահանջներն ապահովելու համար։ Վերջին շրջանում ջրի աղազրկման ծախսերը զգալիորեն նվազել են՝ շնորհիվ տեխնոլոգիաների կատարելագործման ու էներգաարդյունավետության։ IDA-ի տվյալներով՝ եթե 1960-ականներին 1 մ3 ջրի աղազրկումն արժենում էր 10 $, ապա 2010թ․ այն նվազել է մինչև 1 $-ի (3․79 $՝ 1000 գալոնի համար), իսկ ներկայումս՝ 50-90 սենթի։ Ջրի աղազրկման ամենամատչելի տարբերակը բաժին է ընկնում Սաուդյան Արաբիային ու ԱՄՆ-ին՝ հաշվի առնելով նրանցում էներգակիրների համեմատաբար ցածր գները։ Քամու ու արևային էներգիայի ավելի լայն օգտագործումը կնպաստի աղազրկման գործընթացի էժանացմանը։ Սակայն կան կարծիքներ, որ ջրի աղազրկումն առաջացնում է բնապահպանական խնդիրներ՝ քիմիական թունավոր նյութեր լցնելով օվկիանոս, նվազեցնելով թթվածնի քանակը նրանում և վնասելով նրա ֆլորան ու ֆաունան[41]։

Մեր կարծիքով՝ Հայաստանը (Արցախի հետ համատեղ) ունի հիդրոդոնորի վերածվելու և տարածաշրջանում ջրի գնորդներ (արաբական երկրներ, Իրան) գտնելու լավ հեռանկարներ։ Անկասկած ենք համարում, որ մոտ ապագայում Հայաստանը (Արցախի հետ համատեղ) կարող է ասպարեզ իջնել ջրային խաղացողի կարգավիճակով։ Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում ջրային խոշոր նախագծեր իրագործելը (ջրահոսքի նվազեցումը) Հայաստանին (Արցախ) կարող է դրդել ջրամբարաշինության ծավալները մեծացնելու համար՝ Ադրբեջանի դեմ ջրային լուրջ լծակ ձեռք բերելու և տարածաշրջանում ջրային խաղացողի և հիդրոդոնորի վերածվելու հեռանկարներով։ Դա նշանակում է, որ Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում հիդրոհանգույցներ կառուցելը կարող է Հայաստանի համար լինել թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն։ Չենք բացառում, որ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել «ադրբեջանական նավթային դարաշրջանի» (իրական) մայրամուտի և «հայկական ջրային դարաշրջանի» արևածագի մեկնարկներին, ինչը մեծապես փոխելու է իրավիճակը տարածաշրջանում։ Մասշտաբային ջրամբարաշինության այդ նոր փուլը կարելի է իրականացնել զգուշորեն՝ այն պատճառաբանելով Թուրքիայի կողմից Արաքսի գետահոսքի նվազեցմամբ, որպեսզի Ադրբեջանը Հայաստանից ու Արցախից եկող գետերի վրա նոր ջրամբարների կառուցումն ու ջրահոսքերի նվազեցումը չդիտարկի որպես պատերազմի առիթ (casus belli)։ Ամեն դեպքում հայկական կողմի հիդրոհանգույցները խիստ գրավիչ կդառնան Ադրբեջանի համար և կարող են հայտնվել նրա թիրախում։ Իսկ նման պատմական փորձ կա․ Իսրայելի բանակի նախկին հրամանատարներից Մոշե Դայանը հայտարարել էր, որ ջուրն Իսրայելի համար այնքան կարևոր է, որ 1967թ․ իրենք արաբների դեմ պատերազմի մեջ մտան նաև ջրային աղբյուրները վերահսկողության տակ առնելու համար։ Ընդ որում՝ 1967թ․ վեցօրյա պատերազմի արդյունքներով Իսրայելի տարածքը քառապատկվեց[42], և այսօր Իսրայելն իր ջրային կարիքների մի զգալի մասն (որոշ տվյալներով՝ 1/3-ը) ապահովում է Սիրիայից խլած Գոլանի բարձունքների ջրային ռեսուրսներով։ Ավելին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայելը միակ երկիրն է աշխարհում, որը երեք տասնամյակում ստորին հոսքի երկրից վերածվեց վերին հոսքի երկրի՝ հարևաններից տարածքներ խլելու շնորհիվ։ Եվ, եթե նախկինում Իսրայելը, երբ ստորին հոսքի երկիր էր, պահանջում էր անդրսահմանային գետերի ջրերի խելամիտ բաշխում, ապա վերին հոսքի երկիր դառնալուց հետո նա սկսեց առաջ քաշել ջրային ռեսուրսների նկատմամբ իր տարածքային բացարձակ սուվերենության (absolute territorial sovereignty) իրավունքը։ Ավելորդ չէ նշել նաև, որ հետագայում Իսրայելը հրաժարվում էր ստորագրել խաղաղության պայմանագիր, որը չէր երաշխավորի քաղցրահամ ջրերից իր օգտվելը։ Իսրայելը շարունակ մատնանշում է, որ վերջին 4 տասնամյակի ընթացքում 30 մլրդ $ է ներդրել Հորդանան գետի ավազանում, այդ թվում նաև՝ գրաված տարածքներում ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու համար[43]։

Իսրայելի այս օրինակը մեզ համար կարող է ուսանելի լինել երկու կարևոր ոլորտում․ ա) Հայկական կողմը (ՀՀ, Արցախ) նույնպես կարող է քայլեր ձեռնարկել ոչ միայն բուն Արցախում, այլև հարակից շրջաններում ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու, այդ ոլորտում ներդրումներ անելու ուղղությամբ, ինչը, ջրային օգուտներից բացի, կընդգծի նաև նրա շաղկապվածությունը տվյալ տարածքներին։ բ) Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման դեպքում հայկական կողմն իր պատասխան գործողությունները նախապես կարող է մշակել՝ առաջնորդվելով նաև ջրային ռազմավարության (ոչ միայն ռազմական, այլև՝ ջրային խորտակիչ հարված հասցնելու) տեսանկյունից։ Իսկ այդ համատեքստում առավել գրավիչ սցենար, քան դեպի Կուր գետ դուրս գալն է, դժվար է գտնել (Ադրբեջանում առկա ջրային ռեսուրսների մեծ մասը (որոշ տվյալներով՝ 70%-ը) ձևավորվում է արտերկրում, իսկ Կուր գետին և նրա վտակներին բաժին է ընկնում Ադրբեջանի ջրային ռեսուրսների 80%-ը[44])։ Ամեն դեպքում ջուրը, ինչպես որ Հայաստանի ու Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի (Արցախ) ու Ադրբեջանի պարագայում կարող է դառնալ ոչ միայն կոնֆլիկտի, այլև համագործակցության առարկա։ Այս հարցում ընտրությունը նաև մերն է։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Hulusi Turgut, GAP ve Demirel, 2000, p. 69

[2] Robert O. Keohane. Princeton University. Joseph S. Nye. Harvard University. Power & Interdependence (4th Edition), pp. 10-11

[3] Necati Agýralioglu, Ataturk Baraji ve Turkiye'ye Etkileri, 2014, pp. 82-85

[4] General Directorate Of State Hydraulic Works, DSİ, Hydraulic works 1954-2018, p. 27

[5] Ibid., p. 19

[6] Turkey's Policy on Water Issues, Ministry of foreign affairs, http://www.mfa.gov.tr

[7] Berat Albayrak: "Elektrik Üretiminde İthal Kömürün Payını Azaltacağız", T.C. Enerji ve Tabii Kaynaklar Bakanlığı, 06.11.2017

[8] General Directorate Of State Hydraulic Works, DSİ, Hydraulic works 1954-2018, p. 34

[9] Ibid., p. 44։

[10] "Türkiye 11 yıl içinde su fakiri olacak", T24, 22.03.2019

[11] Aras Nehri Üzerindeki Barajlar ve HES'ler, Enerji atlası

[12] Hydropolitics in the Third World: Conflict and Cooperation in International River Basins. By Arun P. Elhance. United States Institute of Peace Press, 1999, p. 198

[13] Türkiye'nin elektrik ithalatı faturası yüzde 60 azaldı, Sabah, 03.02.2018

[14] Karakurt Barajı ve Hidroelektrik Santrali (HES), DSI

[15] DSİ Kars 24. Bölge Müdürü Dündar, Tuzluca barajı ve Serdarabat regülatörünü inceledi, Kars Manset, 20.03.2018

[16] Լ. Ազիզյան, Արարատյան դաշտի մակերևույթային ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով, 2014թ․, էջ 40-41

[17] Tuzluca Barajı, Iğdır Ovası'nda Tarımı Canlandıracak, Haberler.com, 05.12.2013

[18] 60 yıllık hayâl, Ünlendi Barajı gerçek oluyor, Türkiye Gazetesi, 07.12.2017

[19] Timuçin Kodaman, Fırat - Dicle Meselesi ve Türkiye-Suriye İlişkilerine Etkisi, 2007, p. 40

[20] Söylemez Barajı için sözleşme imzalandı, Haber Türk, 30.04.2018

[21] Yarım asırlık rüya gerçek oldu, Haberler.com, 16.01.2017

[22] Արաքս գետ, ՀՀ Բնապահպանության նախարարություն, էջ 12

[23] International Water Law Project, International Agreements, 1997 UN Convention on the Law of the Non-navigational Uses of International Watercourses. Adopted by UNGA 21 May 1997; Entered into force 17 August 2014

[24] Կորուստները կազմում են մոտ 46 տոկոս, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտե, 13․03․2019

[25] Սառա Պետրոսյան, Հայանիստում ձկնաբուծարանների հետադարձ ջրով 40 հա հողատարածք ոռոգելի է դարձել, Հետք, 22․03․2019

[26] Հայաստանի ջրային ռեսուրսների ատլաս, ՀՀ Բնապահպանության նախարարություն

[27] Hydropolitics in the Third World: Conflict and Cooperation in International River Basins. By Arun P. Elhance. United States Institute of Peace Press, 1999, p. 57

[28] Water in the Middle East: Legal, Political and Commercial Implications, Editet by J. A. Allan and Chibli Mallat, 1995, p. 189.

[29] 12. Convention on the Law of the Non-Navigational Uses of International Watercourses, United Nations

[30] Կարեն Հարությունյան, Ջրի հիմնախնդիրը Մերձավոր Արևելքում (1945-2004թթ․), 2005թ․, էջ 29-31

[31] The rise of hydro-diplomacy. Strengthening foreign policy for transboundary waters, Benjamin Pohl and others, January 2014, p. 14

[32] Ibid., p. 27

[33] Hydropolitics in the Third World: Conflict and Cooperation in International River Basins. By Arun P. Elhance. United States Institute of Peace Press, 1999, p. 213

[34] Давид Бабаян, ''Гидрополитика азербайджано-карабахского конфликта'', 2019 г., стр. 112

[35] Cihan Yamakoğlu, Ortadoğu Sıcağında GAP ve Türkiye, 2015, p. 107

[36] Turkey, Syria sign protocol over joint dam project, World Bulletin, 23.06.2010

[37] Asi Nehri'ne dostluk barajı kurulacak, Timeturk, 07․02․2011

[38] World Water Development Report 2019|UN-Water - Leaving No One Behind, p. 17

[39] World Water Development Report 2018| UN-Water – Nature based solutions for water, p. 10

[40] Հայաստանում տարեկան վերականգնվում է 9049 մլն խմ ջրային ռեսուրս, Արմենպրես, 11․07․2016

[41] IDA Water Security Handbook Points to Robust Increase in Desalination and Water Reuse for 2019, International Desalination Association

[42] Hasan Taşkın, İsrail'in GAP Senaryosu, 2005, p. 20, p․ 65

[43] Hydropolitics in the Third World: Conflict and Cooperation in International River Basins. By Arun P. Elhance. United States Institute of Peace Press, 1999, p. 109․

[44] Water resources of Azerbaijan - Unece

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։