HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գագիկ Ծառուկյանը «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներին հորդորեց պատռել աշխատանքից ազատման ծանուցագրերը

ԱԺ պատգամավոր, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հանդիպեց գործարանի աշխատակիցների հետ։ Նշենք, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, աշխատակիցները գործարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ ստացել էին աշխատանքից ազատման ծանուցագրեր։ Նրանք պահանջում էին հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։

Ելույթի սկզբում պատգամավորը նշեց, որ արդեն 16 տարի աշխատում է գործարանի աշխատակիցների հետ, մշտապես նրանց հարգել և լսել է, լուծել բարձրաձայնված խնդիրները։

Պատգամավորը հայտնեց, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր բաժանվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ընդունած որոշման նախագծի փաթեթի պատճառով։ Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար պետական տուրքը սահմանել 22 000 դրամ։

«Հանձնաժողովը որոշում է կայացրել և ասում է՝ թող կլինկերը (ցեմենտի հիմնական բաղադրամաս) տուրք չվճարի, ցեմենտը վճարի։ Մենք էլ ասում ենք՝ եթե դու տենց օրենք ես ընդունել, ուրեմն մենք էլ կլինկեր կբերենք, ցեմենտ չենք բերի, որ մեր գործարանը չխորտակվի, ոչ մի բան չլինի։ Ես պատգամավորներին ասել եմ՝ հարցը բարձրացնելու ենք, ես էլ եմ վաղը գնալու խորհրդարան։ Ես նեղացած եմ եղել հանձնաժողովից, խի՞ եք սաղ թողում Ծառուկյանի վրա։ Էս երկրում մի հատ Ծառուկյան կա՞»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

Պատգամավորը բարկացավ, որ հանձնաժողովին չի մտահոգում՝ այս որոշման ընդունումից հետո 400-1000 ընտանիք անգործ է մնալու։

«Ո՞նց կարելի է։ Այդ 1000 ընտանիքից ամեն մեկը երեխա ունի։ Այսօր մենք ունենք 650 հազար ընտանիք, 1,5 միլիոն վարկառու։ Ես առողջացման ծրագիր եմ առաջարկում, որ հարկավոր է քայլ կատարել, մարդկանց մատից փուշ հանել, հնարավորություն տալ, որ մարդը կարողանա գոնե բարեկեցիկ կյանքից օգտվի»։

Ծառուկյանը նաև ներկայացրեց գործարանի ծախսերից մի քանի տվյալ։ Ասաց՝ եթե գործարանը մեկ ամիս աշխատի, 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար, պետք է վճարեն 3 միլիոն դոլար գազի վճար, 1,5 միլիոն դոլար՝  էլեկտրաէներգիայի վճար՝ չհաշված հումքը և աշխատողների աշխատավարձը։

Ես ասել եմ ՝ հեղափոխությունը խոստումներ է, հեղափոխությունից հետո այդ խոստումները պետք է իրականանան, որ ժողովրդի կյանքում փոփոխություն լինի՝ պարտքերը փակվեն, ապրելավիճակը փոխվի»,- հավաքվածներին ասաց պատգամավորը։

Ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը գործարանի աշխատակիցներին հորդորեց պատռել աշխատանքից ազատման ծանուցագրերը և գցել։ Խոստացավ՝ վաղը անձամբ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կտեղեկացնի՝ «պետք է ժողովրդի մատից փուշ հանել, հնարավորություն տալ»։

 
Գլխավոր լուսանկարը՝ ընկերության աշխատակիցների նախորդ բողոքի ակցիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter