
Փաշինյանն՝ իր խոստման մասին. «Չեմ կարծում, թե տարին մեկ պետական կառավարման մարմինների կարգավիճակ պետք է փոխենք»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վարչապետ Փաշինյանին հիշեցրեց իր չիրականացրած խոստման մասին։
«2018 թվականի մայիսի 1-ին մեր գործընկեր Շաքե Իսայանին պատասխանեցիք՝ միանշանակ է, որ ոստիկանությունը ու ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Հարգելի պարո՛ն վարչապետ, ինչո՞ւ չեք կատարում ձեր խոստումը»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ է քննադատվում նրա համար, որ մի բան հայտարարում է առանց այլ կարծիքներ հաշվի առնելու։
«Կան դեպքեր, երբ մեր հայտարարությունների վերաբերյալ մեր դիրքորոշումները հավասարակշռում ենք դրան հակադրվող կարծիքներով։ Այդ հայտարարությունն անելիս մենք չենք խոսել կոնկրետ ժամկետների մասին»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունն առաջիկայում կքննարկի նաև ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատանքի արդյունավետությունն այս կարգավիճակում։
«Եկեք արձանագրենք, որ մի տարի էլ չկա, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը այս կարգավիճակով են գործում, այսինքն ոստիկանությունը՝ որպես վարչապետին ենթակա մարմին, ուղիղ մի տարի է այս փոփոխությունը։ Ես ինքս էլ էդ մարմինների գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց չեմ համարում, որ մի տարին մեկ պետք է կարգավիճակ փոխենք»,- ասաց Փաշինյանը։
Գորգիսյանը չհամաձայնեց՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը երկրի ղեկավարին ենթակա մարմիններ են դեռևս 2002թ.-ից։
«Երբ Սերժ Սարգսյանը նախագահից պետք է դառնար վարչապետ, այս մարմինները իր ենթակայության տակ պահելու համար արվեց օրենսդրական փոփոխություն, բայց ֆորմալ որևէ բան չփոխվեց։ Եթե ոչ հիմա, պարոն վարչապետ, ապա ե՞րբ»,- ասաց նա՝ դիմելով Փաշինյանին։
Փաշինյանն արձագանքեց՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին չեն եղել, այլ կառավարությանն առընթեր են եղել։
«Չեմ կարծում, թե տարին մեկ պետական կառավարման մարմինների կարգավիճակ պետք է փոխենք: Ես ասում եմ՝ ինչ խնդիրներ տեսել ենք նախկինում, այսօր էլ ենք տեսնում, գործունեության որոշակի փուլ ամփոփելուց հետո կքննարկենք նաև այդ տարբերակը, հնարավոր է նաև փուլային լուծումների գնանք: Այն, որ ոստիկանության խորհրդարանի առաջ հաշվետվողականության մակարդակը բարձրացնենք, բայց սուպերվարչապետական համակարգի հետ կապված ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա՝ ԱԱԾ տնօրենը և ոստիկանության պետը եկել են ԱԺ հանձնաժողովներ և անձամբ հաշվետու եղել պատգամավորներին, այսինքն՝ սրանք աննախադեպ փաստեր են, որոնք ուզում եմ արձանագրենք»,- ասաց վարչապետը։
Մեկնաբանել