HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքում և գործունեության մեջ» փոփոխություններ կատարելու օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքում և գործունեության մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը. թե´ ԲՀԿ-ն, թե´ ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին։ Նախագիծն ընդունվեց 71 կողմ 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկությունը տեղի ունեցավ երկու անգամ, քանի որ տեխնիկական խնդիրներ էին առաջացել։

Մինչ քվեարկությունը, սակայն, խորհրդարանում բանավեճ ծավալվեց։ Ամեն ինչ սկսվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթից, երբ նա, արձագանքելով ընդդիմադիրների ելույթին, վերջիններիս հասցեին քննադատական խոսք ասաց։ Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն ձեւակերպմանը, թե Նիկոլ Փաշինյանը հագել է Սերժ Սարգսյանի կոստյումը՝ Հովակիմյանն ասաց. «Ես, իհարկե, հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ՝ ոչ թե կոճակների, այլ մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումի մանրաթելերը, բայց մենք միշտ կրելու ենք մեր կոստյումը»,- ասաց նա։

Հովակիմյանն անդրադարձավ նաև ԲՀԿ պատգամավորներին՝ ասելով, թե նրանք փորձում են կառավարության որոշ անդամների կոմպետենտության հարցը կասկածի տակ առնել՝ այն դեպքում, երբ նույն խմբակցության պատգամավորը, տարիներ շարունակ լինելով պատգամավոր, միայն այս խորհրդարանում է ելույթ ունեցել։

«Լինելով 16 տարվա պատգամավոր` առաջին անգամ ելույթ է ունեցել այս տարվա հունվարին, դիմացինին կոմպետենտության մեջ մեղադրելու համար պետք է հիշողություն ունենալ»,- ասաց Հովակիմյանը՝ ընդգծելով, որ չնայած այդ խմբակցությունը տարիներ շարունակ մի քանի տասնյակ պատգամավոր է ունեցել, սակայն միշտ նույն 5-6 հոգին են ելույթ ունեցել։

ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանը հակադարձեց՝ Վահագն Հովակիմյանը երևի մաթեմատիկայից լավ չէ ու չի կարողանում հաշվել, թե իրենց պատգամավորներից քանիսն են ելույթ ունենում։

«Ձեր խմբակցությունն էլ 88 հոգի ունի, քանի՞սն են պարբերաբար ելույթ ունենում»,- հարցրեց նա։

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն էլ, դիմելով Վահագն Հովակիմյանին, ասաց. «Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել` առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ ելույթ ունեցավ, դուք առաջին անգամ էնքան բան չեք արել ձեր կյանքում, այլևս երբեք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին նման բան ասելու»։

Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ չի ուզում անդրադառնալ Վահագն Հովակիմյանի ելույթին, քանի որ նա՝ որպես հարակից զեկուցող, վատ ելույթ է ունեցել թե´ հանձնաժողովում, թե´ լիագումար նիստում։

«Հույս ունեմ` «Իմ քայլը» խմբակցությունը կվերանայի նման կարևոր նախագծերը նման մարդկանց վստահելու հարցը»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter