HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» մերժեց Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը վարչապետին ներկայացնելու առաջարկը

Խորհրդարանը մերժեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետին ներկայացնելու` «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ էր դիմել կառավարությանը՝ հետաքրքրվելով, թե օպտիմալացումների հետևանքով քանի հանրային աշխատող է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու կրճատումների արդյունքում, ինչպես է տնօրինվելու կրճատված աշխատողների ճակատագիրը և այլն, սակայն թե´ հարցապնդման պատասխանում, թե´ խորհրդարանական քննարկման ժամանակ այդպես էլ տվյալներ չներկայացվեցին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ անդրադարձավ այն հարցին, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի եկել խորհրդարան։

«Հարցը չէր ավարտվել, հարցն իրեն էր վերաբերվում, և նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանի հետ չի կարելի այդպես վարվել։

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Միքայել Մելքումյանը: «Քննարկումը ցույց տվեց, որ այն հարցերի պատասխանները, որոնք առաջադրված էին, մենք չստացանք, պարզ, հասկանալի, մարդկային լեզվով նախարարը պետք է ներկայացներ այն բոլոր վիճահարույց խնդիրները, և այն տխրահռչակ նամակի բովանդակությունը բացահայտվեր, որտեղ նշված էր 10 հազար կրճատվող մեր համաքաղաքացիների վերաբերյալ»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ կողմ են քվեարկելու նախագծին։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ մեկ հանդիպումը բավարար չէր նման որոշում կայացնելու համար, ուստի իրենք դեմ են քվեարկելու։

Նախագիծը մերժվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter