HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով նոր աղբատար մեքենաներ կգնի. կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» որոշման նախագծին, համաձայն որի՝ մեկ անձից գնման ընթացակարգով Երևանի քաղաքապետարանը կկարողանա աղբատար ավտոմեքենաներ գնել: Նախագիծը մշակել էր Երևանի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, և հստակ չեն դատարանի կայացող վճռի ժամկետները: Ըստ նախագծի հիմնավորման՝ Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքապետարանն առաջարկել էր աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով:

««Սանիթեք»-ը ֆիզիկապես չի հասցնում»

Նախագծի քննարկմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հայտարարեց, թե «Սանիթեք»-ի ոչ պատշաճ աշխատանքի պատճառով այսպիսի ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, քանի որ աղբատար մեքենաները պատշաճ տեխնիկական սպասարկում չեն անցնում: Մարությանը նշեց, որ «Սանիթեք»-ը այս պահին ֆիզիկապես չի հասցնում կատարել քաղաքի աղբահանությունը.

«Նրանք իրենց տրամադրության տակ ունեցած բոլոր մեքենաները դուրս են բերում աղբահանություն կատարելու, սակայն երբ դրանիցից մի քանիսը խափանվում են, այդ շրջաններում, որտեղ որ դրանք պետք է աղբահանություն իրականացնեին, խնդիր է առաջանում: Մենք նրանց ասեցինք՝ այս հարցերը լուծեք, իսկ իրենք պատասխանեցին, որ ֆինանսական խնդիրներ ունեն»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարության խոսքով՝ այս իրավիճակից ելնելով 2019-ի փետրվարին մրցույթ հայտարարեցին նոր աղբատար մեքենաներ գնելու համար, սակայն մրցույթը բողոքարկվել է դատարանում: Նա ասաց, որ օրենքով նխատեսված ընթացակարգերից հետո այդ մեքենաները կլինեն միայն հունիս-հուլիս ամիսներին, ուստի մինչ այդ ընկած ժամանակահատվածում աղբանահանությունը պատշաճ կազմակերպելու համար քաղաքապետարանը դիմել է կառավարությանը՝ մեկ անձից գնման ընթացակարգով մի քանի աղբատար մեքենաներ գնելու նախագծին հավանություն տալու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ կլինեն այդ ավտոմեքենաները, ինչին ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց՝ մոտավորապես մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց՝ որոշման ընդունումից հետո չի բացառվում, որ իրավիճակը կարող է վատթարանալ, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ քաղաքապետարանը այդ ընթացքում չկարողանա մեքենաներ գտնել:

Մհեր Գրիգորյանը դեմ է, որ պետությունը ներգրավվի որպես օպերատոր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծեց, որ եթե նոր մեքենաների բազայի վրա հետագայում որպես երկրորդ օպերատոր ստեղծվելու է աղբահանություն իրականացնող պետական հիմնարկ, ապա դա շատ վտանգավոր նախաձեռնություն է, քանի որ ըստ Մհեր Գրիգորյանի՝ դա շատ ավելի վատ է աշխատելու: Հայկ Մարությանը, հակադարձելով Մհեր Գրիգորյանի պնդմանը, հայտարարեց, որ իրենք ուսումնասիրել են եվրոպական փորձը և պարզ է դարձել, որ համայնքը և պետությունը աղբահանության պարտականությունը սկսել են մասնավորից կրկին իրենց ձեռքը վերցնել:

Մհեր Գրիգորյանի պնդմանը համաձայնեց նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ շեշտելով, որ որպես կանոն՝ պետությունը կամ համայնքը չեն կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել:

Ի տարբերություն Հայկ Մարությանի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ մեկ օպերատորի առկայության պայմաններում խնդիր չի տեսնում, քանի որ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները նույնպես իրականացվում են մեկ օպերատորի կողմից.

«Հարց է, թե հարաբերությունները ոնց են կարգավորում, որպեսզի պրոբլեմներ չլինեն: Գուցե գույքագրենք այսօր առկա խնդիրները, և փորձենք պայմանագրի լրացմամբ դրանք լուծել և բանկային երաշխիք պահանջել, որ դրանց խախտումները կհանգեցնի մեծ տուգանքների օպերատորի համար: Ես վստահ եմ, որ դուք այս հարցերը քննարկել եք, բայց ես շատ դեմ եմ, որ պետական հիմնարկ ստեղծվի, առավել ևս պետական օպերատոր: Այդ դեպքում մենք կգլորվենք հետ»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետը չհամաձայնեց փոխվարչապետի պնդմանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով միջազգային փորձը: «Մասնավորը կարող է իր քմահաճույքների համար լուրջ պրոբլեմներ առաջացնել համայքներում, որը մենք այսօր տեսնում ենք Երևանում»,- ասաց Հայկ Մարությանը:

Քննարկման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ «Սանիթեք»-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն, ինչպես նաև փորձեր կարվեն միջանկյալ լուծումներ տալ, այդ թվում՝ նոր ընկերություններ ներգրավվել:

«Լույս»-ը ահազանգում էր հակամրցակցային համաձայնության մասին

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցոմ հայտարարել էր, որ սա նոր Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել:

Ըստ Խաժակյանի՝ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է 900 միլիոն դրամանոց գնումը «ԿամԱԶ» ընկերությունից անելու համար, քանի որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում մեքենաների տեխնիկական բնութագրում ներկայացվել են այնպիսի պահանջներ, որոնց համապատասխանում է միայն «ԿամԱԶ» ընկերությունը, և այդպիսով, ըստ «Լույս» խմբակցության ղեկավարի, մյուս կազմակերպությունները, որոնք կարող էին մասնակցել մրցույթին, այդ հնարավորությունը չունեին, քանի որ մրցույթի տեխնիկական պահանջները կազմված էին հենց «ԿամԱԶ»-ի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter