
Պաչյանի «Ցտեսություն, ծի՛տ» վեպը Մյունխենում կամերային օպերայի կվերածվի
Արամ Պաչյանի հետ զրուցելու երկու տարբերակ կա․ կա՛մ հանդիպում ես քաղաքում (ժամադրվելով, երբեմն էլ պատահական), կա՛մ նամակագրություն է՝ բացառելով սոցիալական ցանցերը։ Հիմա Արամը Երեւանում չէ, եւ նամակագրությունն է շփման միակ հնարավոր տարբերակը։ Էլեկտրոնային հասցեն ամեն անգամ տպելիս մի ուրիշ ոգեւորությամբ եմ սպասում պատասխան նամակին։ Վերջին անգամ Արամին տեսա, երբ նոր էր հրաժարվել ձեռնափայտից․ դեղնականաչավուն մեծ բլուզի գլխարկը գլխին քաշած՝ մի քիչ թեք, մի քիչ էլ արագ, Բաղրամյանն էր հատում։
-Մեկնում եմ, Անուշս, ուրախ կլինեմ, որ Եվրոպայում հանդիպենք։
Դրանից հետո մեկ էլ մարտի 19-ին «հանդիպեցինք» արդեն էլեկտրոնային նամակով․ Արամի ծննդյան օրն էր։
Երեկ տեղեկացա, որ Արամի «Ցտեսություն, ծի՛տ» վեպի հիման վրա կամերային օպերայի պրեմիերա է նախատեսվում, որը տեղի կունենա 2020 թվականին, Մյունխենում։ Նորից արագ հավաքեցի իմ սիրելի էլեկտրոնային հասցեն (իսկ այն իսկապես յուրահատուկ կրկնաբառ է) ու հարցրի ճամփորդության, պրեմիերայի ու տրամադրության մասին։
Մեջբերում եմ պատասխան նամակը․
«Բարեւ, Անուշս։
Բավարիան չքնաղ երկրամաս ա, էստեղ գերմանացիները բնությունը վերականգնել են, գրեթե նախնական ու կուսական վճիտ վիճակի բերել։ Ամբողջ օրը էկոլոգիական աղետի ու մոլորակը փրկելու մասին եմ մտորում` մեկ-մեկ հասնելով անգամ ռադիկալ ֆանատիզմի):
Օպերայի մասին․
Անուշս, նախնական աշխատանքները սկսված են։ Օպերայի մոտավոր հենքը ապրիլ- մայիս ամիսներին կստանանք, հետո՝ մայիսի երկրորդ կեսին, կվերադառնամ Երևան, իսկ արդեն աշնան ամիսներին դարձյալ կգամ Մյունխեն՝ գործը վերջնական փուլ հասցնելու համար։ Մյունխենի քաղաքապետարանն ու Մյունխենում գործող միջազգային ասոցիացիան են աջակցում ու հովանավորում նախագիծը, այսինքն` Գերմանիան։ Եվ իրոք որ ապրեն գերմանացիները ։)
Երաժշտությունը կգրի մյունխենաբնակ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, խորեոգրաֆիան` Լյուբա Ավակումովան է անելու (էլի մյունխենաբնակ)։ Դե երևանցիներից էլ անիմատոր Եվա Մուրադյանն է, ու քո ընկերը` արամը ։)
Կազմը կընդլայնվի ընթացքում` կախված նրանից, թե ինչպես կզարգանա գործի բնույթը։
Ընթացքից կաշխատեմ քեզ տեղյակ պահել` այսինքն էական բաների մասին, իսկ երբ մայիսի կեսերին վերադառնամ Երևան, գուցե զրուցենք նախագծի շուրջ և ոչ միայն ․․․
կարոտներով,
արամ»
Հ․Գ․ Հիշեցնեմ, որ Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծի՛տ» վեպը լույս է տեսել 2012 թվականին։ Հինգ տարի անց՝ 2017-ին, լույս է տեսել վեպի վերամշակված տարբերակը՝ վերջաբանի փորձով (առաջին հրատարակության օրինակները սպառվել են)։ Արամը դեռ 2017-ին վստահեցնում էր, որ գիրքը նույնն է, ինքն է փոխվել։
Երեկ «Էջ» հրատարակչությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակեց Պաչյանի «Ցտեսություն, ծի՛տ» վեպի երրորդ հրատարակության մասին նորությունը։ Վեպն արդեն («Ծիտ» վերնագրով) հասանելի է ընթերցողներին:
Վեպի առաջին տարբերակը հրատարակել է «Անտարեսը», իսկ երկրորդը՝ «Դարակ» հրատարակչությունը։ «ԱՐԻ» գրական գործակալության եւ անգլիական «Գլագոսլավ» հրատարակչության համագործակցության արդյունքում վեպը թարգմանվել եւ հրատարակվել է անգլերենով (թարգմանիչ՝ Նաիրի Հախվերդի)։ Վեպի արաբերենով թարգմանության իրավունքների պայմանագիրը ստորագրվել է 2017-ին («Ալ Արաբի» հրատարակչություն), ֆրանսերենով հրատարակության գործընթացը բանակցությունների փուլում է։
Վեպի «Վերջաբանի փորձը» Արամի ընթերցմամբ՝ այստեղ։
Գլխավոր լուսանկարը՝ «Բալկոն» հարցազրույցների շարքից։ Մյուս լուսանկարում՝ «Ցտեսություն, ծի՛տ» վեպի երեք հայերեն եւ անգլերեն գրքերի շապիկները (2012-2019թթ․)։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել