HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Կառավարությունը մտածել է տեղական արտադրողների և աշխատատեղերի մասին». խորհրդարանը քննարկեց ներմուծվող ցեմենտի տուրք սահմանելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել, որպեսզի տեղական արտադրողների շուկայական դիրքերը պահպանվեն։

Նախագծերի հիմնական զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նախագծերի մշակումից առաջ քննարկումները տևել են մեկ տարուց ավելի։

«Փորձում էինք գտնել այն հավասարակշռված մոտեցումը, որով պետք է մի կողմից պաշտպանել տեղական արտադրողների շահերը, իսկ մյուս կողմից՝ հաշվի առնել այնպիսի հետևանքները, որոնք ազդեցություն կարող են ունենալ ցեմենտ արտադրող կազմակերպությունների վրա, որոնք զբաղված են այլ գործունեությամբ։ Մեր հարևան շուկաներում վերջին տարիներին, որոշակի փոփոխություններով պայմանավորված, ցեմենտն անհամեմատ ավելի էժան է դարձել, քան ՀՀ-ում է»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ չնայած վերջին մեկ տարվա ընթացքում տեղական արտադրողը տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում ունի ինքնարժեքի որոշակի նվազեցում, սակայն 2018-ի վերջին ունեցել է մոտ 37 հազար դրամ ինքնարժեք։

«Սա նշանակում է՝ որպեսզի մենք մի կողմից պայմաններ ստեղծենք, որ տեղական արտադրողը կարողանա մրցել ներմուծվող ցեմենտի հետ, բայց մյուս կողմից չսահմանենք այնպիսի կարգավորումներ, որոնք իսպառ կբացառեն ներմուծվող ցեմենտի վաճառքի հնարավորությունը տեղական շուկայում, պետք է առաջարկեինք կարգավորման այնպիսի եղանակ, որ տեղական շուկայում իրենք կունենային մրցակցային գներ։ Մեր հաշվարկը ցույց է տալիս, որ 22 հազար դրամն այն չափն է, որից կարող էինք սկսել մեր քննարկումը»,- ասաց Խաչատրյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց պլաններում ներառել են ցեմենտի այն գինը, որը շուկայում հայտնի էր, և իրենց հաշվարկներն էլ այդպես են արել։

«Այս իմաստով իրենք պետք է պաշտպանված լինեն, որովհետև եթե օրենքը միանգամից ուժի մեջ մտնի, ապա իրենք դժվար իրավիճակում կհայտնվեն»,- ասաց Աղազարյանը։

Նախարարն արձագանքեց՝ եթե շինարարներն իրենց հաշվարկները կատարել են ավելի երկարաժամկետ նախագծերի կտրվածքով, ապա չէին կարող կանխատեսել, որ մեկ տարվա ընթացքում այսքան էժանացում կլինի։

«Բայց քանի որ դա փաստ է, բնականաբար, իրենց հետագա պլանները հաշվի են առել նաև այդ գործոնը նկատի առնելով: Ուզում եմ մի բան հստակ լինի՝ էս որոշման արդյունքում լինելու են շահողներ ու տուժողներ, մենք պետք է փորձենք գտնել էնպիսի հավասարակշռված ընդհանուր լուծում, որ ինչ-որ չափով երկու կողմերի շահերն էլ պաշտպանված լինի, պետք է գտնենք էնպիսի որոշում, որը կկարողանա բավարար թվալ երկու կողմերին էլ»,- ասաց Խաչատրյանը։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախարարը չի կարծում, որ պետք էր հավասար մրցակցային պայմաններ ապահովել։

«Դուք ասում եք՝ մեկը կամ մյուսը պետք է տուժի, բայց հնարավորինս մրցակցային պայմաններ… Ես համաձայն չեմ, էդ տուժելը հարաբերական է, որովհետև տարբեր գործոններ են ազդում։ Ի՞նչ եք կարծում՝ մեկ տարվա համար որևէ խոշոր կամ միջին ընկերության համար խաղի կանոն սահմանելը կարո՞ղ է բավարար լինել, որ կարողանա պլանավորել իր բիզնես ծրագիրը։ Մենք գնում ենք խոշոր ձեռնարկությունները փակելու կամ տրանսֆորմացիա անելու, որ նրանք դառնան կլինկեր աղացի ձեռնարկություն, թե՞ ուզում ենք էդ աշխատատեղերը պահպանենք»,- ասաց Մելքումյանը։

Նախարար Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ անհնար է սահմանել պետական տուրք, և տուժողներ չլինեն։ «Մենք հասկանում ենք, որ տուրքը սահմանում ենք՝ արտադրողների շահերից ելնելով, բայց հասկանում ենք, որ տուրքը վճարում են սպառողները, այսինքն չտուժող չկա, կարծում եմ՝ դա միանշանակ է»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ ոչ թե փորձում են խոշոր ձեռնարկությունները փակել, այլ հակառակը՝ շարունակել գործել։

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը ևս բարձրաձայնեց տեղական արտադրողին պաշտպանելու մասին հարցը։

«Որևէ ձևով ապացուցված չէ պարսկական ցեմենտի որակը, համաձայն ցեմենտների ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին կառավարության որոշման՝ ներմուծվող բոլոր ցեմենտները պետք է ենթարկվեն սերտիֆիկացման, սակայն Իրանից ներմուծվող ցեմենտը չի ենթարկվում սերտիֆիկացման, և որակական բավականին լուրջ խնդիրներ ունի»,- ասաց Բագրատյանը։

Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ կառավարությունը մտածել է տեղական արտադրողների և աշխատատեղերի մասին, և դա է պատճառը, որ նման փոփոխություններով նախագիծ է բերվել խորհրդարան։

«Դուք ասում եք արտադրողի, բայց մենք քննարկում ենք նախագիծը արտադրողների շահերը պաշտպանելու տեսանկյունից, որովհետև մեկը չեն, մի քանիսն են, և այս բանավեճը ծավալվել է հենց էն պատճառով, որ մեկ արտադրողի շահերը ինչ-որ փուլում սկսել է հակասել մյուս արտադրողների շահերին»,- ասաց Խաչատրյանը։

Նախագծի քննարկումը կշարունակվի վաղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter