HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ի՞նչ հիմքով էր առաջին ատյանի դատարանը մերժել Հասմիկ Սարգսյանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանել է երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կապված Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Սարգսյանի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու փաստի հետ:

Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ու հայտնել, որ Ոստիկանության Սիսիանի բաժնում իրեն խոշտանգել են, սպառնացել, ինչի արդյունքում ցուցմունք է տվել այն մասին, որ հարևանուհու՝ Մարիետա Հովհաննիսյանի տանից 10 000 դրամ գումար է գողացել այն դեպքում, երբ իրականում գումարի չափը եղել է 4000 դրամ: Հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել և ամիսներ անց քրեական գործի վարույթը կարճվել է:

Կարճման և Հասմիկ Սարգսյանի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը տուժողը բողոքարկել է դատարան, և բողոքը  քննելով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է այն, ինչի դեմ Վերաքննիչ բողոք էր ներկայացվել:

Հասմիկ Սարգսյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պնդում է, որ Հասմիկ Սարգսյանին երեխայի ներկայությամբ  խոշտանգել են ու այսպիսով նրանցից ցուցմունքներ կորզել, ապա քննվող քրեական գործի շրջանակներում երեխային չեն հարցաքննել, Հասմիկ Սարգսյանի նկատմամբ չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար՝ նրա նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորվել է, թե ոչ, չեն ստուգվել ենթադրյալ խոշտանգում կատարելու վայրում տեսախցիկներ առկա են, թե ոչ:

Ղարագյոզյանը բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանը անգործություն է դրսևորել և իրավական գնահատական չի տվել իրենց մատնանշած հանգամանքներին, չի անդրադարձել հանգամանքին, թե ինչու երեխային չեն հարցաքննել, թե ինչու Սարգսյանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել, արժանահավատ է համարել այն անձանց ցուցմունքները, որոնք, Հասմիկ Սարգսյանի պնդմամբ, իրեն բռնության են ենթարկել: Ըստ Ղարագյոզյանի՝  ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել, որ արժանահավատ չեն կարող համարվել այն անձանց  ցուցմունքները, որոնք ենթադրյալ կապ են ունեցել բռնության հետ:

Ստորև ներկայացնում ենք առաջին ատյանի դատարանի դատական՝ արդեն բեկանված դատական ակտից որոշ մանրամասներ:

Այսպես, Սարգսյանի բողոքը քննելիս դատարանը համարել է, որ ըստ ներկայացված նյութերի՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրվել են Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով նախատեսված հնարավոր ողջամիտ ջանքերն ու միջոցները՝ գործի հանգամանքները պարզելու, քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: Մասնավորապես՝ հարցաքննվել են բոլոր հնարավոր այն անձինք, ովքեր կարող էին տեղեկություններ հայտնել քրեական գործով պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, Հասմիկ Սարգսյանի և մյուս անձանց ցուցմունքների միջև առկա էական հակասութունները պարզելու նպատակով իրականացվել են առերես հարցաքննություններ, քրեական գործով պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ ձեռք են բերվել բոլոր հնարավոր փաստաթղթերը:

Անդրադառնալով քննիչի կողմից թերի քննություն իրականացնելու Սարգսյանի պաշտպանների պնդմանը՝ դատարանը եզրակացրել էր, որ այն փաստարկված չէ, քանի որ բողոքաբերը չի մատնանշել ողջամիտ և անհրաժեշտ որևէ քննչական գործողություն, որպիսին քննիչի կողմից չի իրականացվել (մասնավորապես՝ ով պետք է լրացուցիչ հարցաքննվեր, ում միջև և ինչ հակասությունների վերաբերյալ պետք է իրականացվեր առերես հարցաքննություն, ինչպիսի փաստաթղթեր և նյութեր պետք է պահանջվեին):

Անդրադառնալով Հասմիկ Սարգսյանի պաշտպանի այն պնդումը, որ նախաքննական մարմինը զննություն չի իրականացրել ենթադրյալ բռնություն գործադրած անձանց աշխատասենյակներում՝ պարզելու համար այնտեղ առկա են արդյոք տեսախցիկներ և դրանց առկայության դեպքում առգրավվելու համար դրանց տեսաձայնագրությունները, ինչով կհիմնավորվեր, որ Հասմիկ Սարգսյանից խոշտանգումների արդյունքում են ցուցմունքները ձեռք բերել, դատարանը այն անտրամաբանական ու անհիմն է գնահատել:

Դատարանը գրել է, որ գործի նյութերի համաձայն՝ Սարգսյանի նկատմամբ ենթադրյալ ոտնձգությունը կատարվել է 2017 թվականի հուլիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, Սարգսյանն իր նկատմամբ կիրառված բռնության մասին հաղոդում է ներկայացրել միայն 2018 թվականի ապրիլի 12-ին, այսինքն՝ դեպքից ավելի քան 9 ամիս անց: Դատարանը հավանական չի համարում, որ հետաքննության աշխատակցի կամ քննիչի ծառայողական աշխատասենյակներում կարող են տեղադրված լինեն տեսախցիկներ, բացի այդ, ըստ դատարանի, անցած ժամանակահատվածը չափազանց երկար է և չնչին է հնարավորությունը որ այդ ընթացքում կպահպանվեին կատարված տեսաձայնագրությունները: Դատարանը փաստել է նաև, որ Սարգսյանն ու վերջինիս մյուս ներկայացուցիչները երբևէ նախաքննության փուլում հանդես չեն եկել նման միջնորդությամբ, և դրա պատճառը, դատարանի կարծիքով այն է եղել, որ նրանք նույնպես անհեռանկար են համարել այն գործողությունների արդյունավետությունը, ինչի չկատարումը ներկայումս որակում են որպես վարույթն իրականացնող մարնի անգործություն:

Անդրադառնալով Սարգսյանի դստեր՝ 10-ամյա Տաթևիկ Սարգսյանին չհարցաքննելուն, դատարանը եզրակացրել է, որ Սարգսյանն իր նկատմամբ կիրառվող բռնությանը դստեր կողմից ականատես լինելու հանգամանքի մասին հայտնել է քննիչ Ալեքսանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ` նշելով, որ քննիչ Ն. Սարգսյանի մոտ հարցաքննության գնալիս իր հետ է եղել դուստրը, ով ոստիկանության շենքում ականատես է եղել նրան, որ իր գորգոռալու պատճառով քննիչ Պ. Ալեքսանյանը մոտեցել է իրեն, ձեռքը բարձրացրել, որ իրեն հարվածի, սակայն իրեն չի հարվածել, քանի որ երեխան լացել է: Այսինքն՝  ըստ դատավորի՝ Սարգսյանի հայտնած տեղեկությունը չի վերաբերում իր նկատմամբ բռնություն գործադրելուն՝ կապված որոշակի ուղղվածությամբ տեղեկություն տրամադրելու հետ, և եթե ընդունենք անգամ, որ նրա հայտնածը համապատասխանում է իրականությանը, ապա Պ. Ալեքսանյանի կողմից իր վրա ձեռք բարձրացնելը տեղի է ունեցել իր աղմկելու պատճառով:

Բողոքում առկա այն պնդումը, որ վարույթն իրականացնող մարմինը Սարգսյանի նկատմամբ պետք է նշանակեր դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար տուժողի հոգեկան վիճակը, դատարանը նույնպես անհիմն է համարել:

«Փաստ է, որ տուժողը գտնվում է անելանելի հոգեկան վիճակում՝ կապված իր ընտանեկան դրության և սպառնացող պատժի կիրառման հետ: Գործի նյութերի համաձայն Հասմիկ Սարգսյանը 2017 թվականի հունվարին ամուսնալուծվել է, նա աշխատանք չի ունեցել ու վարձակալությամբ բնակվել է իր երեք անչափահաս երեխաների հետ և 2017 թվականի սեպտեմբերի 29-ին նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով պատիժ է նշանակել ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով, այդ դատական ակտի բողոքարկումը գտնվել է քննության փուլում ու այդ ընթացքում է, որ Հասմիկ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ-ում հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել: Այսինքն՝  այս հանգամանքները միանգամայն բավարար են հասկանալու համար, որ Հասմիկ Սարգսյանը հոգեկան ապրումներ ունի»- որոշման մեջ գրել է դատավորն ու նշել, որ հենց այս հանգամանքները կարող են դրդել Սարգսյանին վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ տրամադրելու, որ իր կողմից հափշտակված գումարի չափը եղել է ոչ թե 10 000 դրամ, ինչպես արձանագրվել է այդ գործի հետաքննության և նախաքննության ընթացքում, այլ 4000 դրամ:

Ըստ դատաական ակտի՝ Հասմիկ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ եթե քննվող վարույթի ընթացքում հաստատվի այդ հանգամանքը, ապա նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Դրա վառ ապացույցն է նաև այն, որ գործի նյութերով հաստատվել է, որ դեպքից մեկ երկու ամիս անց ինչպես նաև ՀՀ վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ Սարգսյանը և նրա պաշտպանը կապ են հաստատել տուժող Մ. Հովհաննիսյանի հետ և հետաքրքրվել՝ արդյոք նման բովանդակությամբ ցուցմունք կտա նա»,- գրել է դատավորը:

Բողոքի այն պնդումը, թե բնական է, որ բռնություն գործադրող անձինք իրենց դեմ ցուցմունք չէին տալու՝ հասկանալով, որ իրականությունը պատմելու դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության, դատարանը համարել է ընդունելի, սակայն, միևույն ժամանակ փաստել, որ անհիմն է բողոքաբերի մյուս փաստարկը, որ գործի վարույթի կարճման հիմքում դրվել են միայն այդ անձանց ցուցմունքները, քանի որ փաստ է, որ վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է նաև Մարիետա Հովհաննիսյանին, ով միանշանակ պնդել է, որ Սարգսյանն իրենից հափշտակել է 10 000 դրամ: 

Վերը նշված, ինչպես նաև այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ առաջին ատյանի դատարանը գտել էր, որ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի վիճարկվող որոշումը բխում է պատշաճ քննության արդյունքում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունից, Հասմիկ Սարգսյանի իրավունքների խախտման փաստը տվյալ դեպքում բացակայում է, ներկայացված բողոքը բավարարելու որևէ իրավաչափ հիմք չկա, ուստի այն ենթակա է մերժման:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը ևս նշեց, որ բողոքը ենթակա է մերժման, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են անհրաժեշտ գործողությունները: Մեղադրողը նշեց, որ Հասմիկ Սարգսյանը անձնական շահագրգռվածություն ունի այն բովանդակությամբ տեղեկատվություն տրամադրելու, որը կնպաստի ոստիկանների նկատմամբ հետապնդում իրականացնելուն և որևէ այլ ապացույցով նրա հայտնած տեղեկությունները հնարավոր չի եղել ստուգել:

Ըստ դատախազի՝ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն կատարելու անհրաժեշտությունը կառաջանար, եթե բացի Սարգսյանի ցուցմունքից որևէ  այլ հանգամանքով հիմնավորվեր, որ բռնություն է կիրառվել: Անդրադառնալով երեխային հարցաքննելու հանգամանքին՝ մեղադրողը նշեց, թե 10-ամյա երեխան կհարցաքննվեր, եթե ծայրահեղ անհրաժեշտություն լիներ, քանի որ հարցաքննությունը նրա համար սթրեսի առիթ կստեղծեր:

Հասմիկ Սարգսյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը հակադարձեց, որ երեխայի համար սթրեսը եղել է այն, որ իր ներկայությամբ մոր նկատմամբ վատ վերաբերմունք են դրսևորել:

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հարցրեց, թե ինչպես կարող է առանց քննության թողնվել այն փաստարկը, որ երեխայի ներկայությամբ վատ վերաբերմունք են դրսևորել որևէ անձի նկատմամբ, ապա իրեն հուզող հարցերի պարզաբանումները ստանալուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Ինչպես արդեն նշել ենք, Մխիթարյանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել Հասմիկ Սարգսյանի իրավունքների խախտումները, որոնք ինքն արձանագրել է դատական ակտում: Իսկ թե ինչ հիմնավորումներ է դրել Վերաքննիչ քրեական դատարանն իր դատական ակտը, դեռևս հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter