
Հայկ Գևորգյան. «Պետք է հիշեցնեի, թե ով և ինչպես է Արարատի ցեմենտի գործարանը 17 տարի առաջ ձեռք բերել 200 հազար դոլարով»
Խորհրդարանում շարունակվում է իրանական գազի ներմուծման համար պետական տուրք սահմանելու կառավարության նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն անդրադարձավ պատգամավորների այն դիտարկմանը, որ քննարկումները լինեն բովանդակային։
«Արդեն մի քանի օր լսում ենք, որ հանձնաժողովի որոշ անդամներ, որոնք դեմ են, ժողովրդի թշնամին են: Մենք ժողովրդի թշնամին ենք, դուք էլ ժողովրդին պաշտպանում եք մեզնից։ Ժանրի կանոններով ես հիմա պետք է հիշեցնեի, թե ով, ինչպես 17 տարի առաջ ձեռք բերեց Արարատի ցեմենտի գործարանը 200 հազար դոլարով»,- ասաց նա։
Տեղից արձագանքեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ինչքա՞ն, ու շարունակում էր տեղից խոսել, սակայն Հայկ Գևորգյանը, առանց որևէ բան ասելու, շարունակում էր ելույթը։
«Էն դեպքում, երբ կային 35 միլիոն դոլար ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին, մեզ ասում եք ժողովրդի թշնամի՞… Ժանրի կանոններով պետք է վճարեի «Արարատցեմենտ»-ի վճարած հարկերը անցած տարիներին: Օրինակ՝ ինչպես է՝ 2017-ին վճարել էր 800 միլիոնից մի քիչ ավելի, իսկ 2018-ին հանկարծ վճարեց 2,1-2-,2 միլիարդ դրամ ավելի, հիմա պետք է հարցնեի՝ սա 60 տոկոսանոց ստվե՞ր էր, թե՞ ոչ»,- ասաց նա։
Պատգամավորը հարց ուղղեց՝ ինչպես է ստացվել, որ «Արարատցեմենտ»-ի արտադրանքը Վրաստան է արտահանվում 23,25 հազար դրամով, բայց Հայաստանի շուկայում վաճառվում է 50-60 հազար դրամով։
«Ժանրի կանոններով պետք է հարցնեի, թե ով է ժողովրդի թշնամին, բայց դրա կարիքը չկա։ Կարելի է խոսել նաև այն մասին, թե ինչ է նշանակում թանկ ցեմենտ: Թանկ ցեմենտ նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, որը որոշում է ցեմենտ օգտագործել պատը շարելու համար, մեկ տոննա ցեմենտ գնելիս 5 հազար, 10 հազար, 15 հազար դրամ չհիմնավորված գումար են վճարել սեփականատիրոջը, ու տարեկան սպառողները 2, 4, 6 միլիարդ դրամ չհիմնավորված գումար են վճարում»,- ասաց Գևորգյանը։
Պատգամավորն առաջարկեց՝ որպեսզի հնարավոր լինի պարզել ցեմենտի իրական ինքնարժեքը, պետք է գործարանի ղեկավարությունը թույլ տա աուդիտ իրականացնել այնտեղ։
Մեկնաբանել