HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԼՀԿ-ն «Պետական տուրքի մասին» օրենքի շուրջ պատգամավորների շահերի բախման հարցով ուսումնասիրություն է անելու

Պետական տուրքի մասին և հարակից ներկայացված նախագծերի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ խորհրդարանում շահերի բախման հարց կա։ Պատգամավորն ասաց, որ իրենց խմբակցությունում հարցը հանգամանալից քննարկել են և երեք կողմ բացահայտել։

«Առաջին կողմը կառավարությունն է, որը բերել է նախագիծ՝ ասելով, որ ցեմենտի ներմուծման համար տուրք սահմանենք։ Կողմ երկրորդ՝ մեր գործընկերները ԲՀԿ-ից ասում են՝ եթե ցեմենտի վրա տուրք եք սահմանում, բայց կլինկերի վրա չեք սահմանում, ուրեմն անիմաստ է: Կողմ երրորդ՝ «Իմ քայլի» մեր գործընկերներն ասում են՝ կլինկերի վրա չպետք է տուրք սահմանվի, ցեմենտի վրա լավ չի որ սահմանվի, բայց ամեն դեպքում քանի որ կառավարությունը ասել է, պետք է սահմանվի»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով՝ ԼՀԿ-ն էլ քննարկման չորրորդ կողմն է, որը փորձում է հասկանալ, թե ինչ են անում մյուս երեք կողմերը։

«Վանաձորից ինձ մի մարդ էր զանգել ու ասում էր, որ իմ տան հայաթում շինարարության համար, որ շուկայից ցեմենտ եմ առնում, հետո էդ ցեմենտը շաղախում եմ ջրի հետ, հիմա դուք խորհրդարանում ցեմենտի գինը թանկացնում եք»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանի վստահեցմամբ՝ իրենք՝ որպես ընդդիմություն, պարտավոր են առաջնահերթ խոսել քաղաքական խնդրի մասին, որն առկա է։

«Մենք գտնում ենք, որ օրենքը պետք է մերժել կամ հետ կանչել և լսումներով, փորձագետներով աշխատել, հասկանալ՝ ինչպես ենք հարցը լուծում, բայց ցեմենտն իր տեղը, կլինկերն իր տեղը, բայց էս դահլիճում հստակ տեսնում ենք քաղաքական ուժերի մեջ շահերի բախում: Էստեղ խնդիր կա, հստակ անուններով կասենք, թե ովքեր շահերի բախման հետ կախված խնդիր ունեն»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը, հղում կատարելով «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի չորրորդ հոդվածին, որը վերաբերում է շահերի բախմանը, հիշեցրեց, որ պատգամավորը շահերի բախման դեպքում պարտավոր է քվեարկությունից առաջ այդ մասին ասել և չփորձել քննարկվող հարցը ի շահ իրեն լոբբինգ անել։

«Մենք հետևում ենք Սահմանադրությանը, սիրելի՛ գործընկերներ, խնդրում եմ շահերի բախման մասին հայտարարությամբ հանդես եկեք և բացահայտեք շահերի բախումը, որովհետև դրա վերաբերյալ մենք ուսումնասիրություն ենք անելու»,- ասաց նա՝ հավելելով՝ նոր Հայաստան, նոր խորհրդարան, նոր ԱԺ կանոնակարգ-օրենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter