HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն անգամ չենք կարող մեզ թույլ տալ այդքան տղաների կորցնել, որ ուղղենք քաղաքական գործիչների, դիվանագետների սխալները»

Հարցազրույց «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանի հետ

-Օրեր առաջ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու իրենց տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը, պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջեւ շփումների հաստատման ուղղությամբ: Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը: Ինչո՞վ է այն առանձնանում նախորդ հանդիպումներից:

-Սկզբունքային փոփոխություններ, որոնք կցանկանայի տեսնել, դեռ չեմ տեսնում: Տեսնում եմ դիվանագիտական, խաղաղ մեթոդներով գործընթացի շարունակականությունն ապահովելու հայտարարություններ, ինչը լավ է: Նման պնդումներ անում է հայկական կողմը՝ ի տարբերություն ադրբեջանականի, որը միշտ սեղանին ունի ու երբեմն նույնիսկ բարձրաձայնում է հարցը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: Բացի դրանից՝ Ալիեւն իրեն թույլ է տալիս հայտարարել Երեւանը, Սեւանը, Սյունիքը գրավելու մասին: Նման հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի համաձայնությունը խաղաղ մեթոդներով կարգավորման շուրջ, բնականաբար, փաստում է, որ գործընթացում ինչ-որ բան մնում է շարունակական: Այո, կան տակտիկական փոփոխություններ՝ կապված կալանավորված անձանց հարազատների փոխանակման մասին մտադրությունների հետ, բայց ես նախ կցանկանայի սպասել, թե իրական ինչ մեխանիզմներով է դա իրականացվելու, որովհետեւ մենք մեծ փորձ ունենք, թե ինչպես է Ադրբեջանը ստորագրում փաստաթղթերի, հայտարարությունների տակ, այնուհետ չի կատարում դրանք: Մենք 2016-ին տեսանք Վիեննայի պայմանավորվածությունները Արցախ-Ադրբեջան սահմանին անվտանգության ապահովման մեխանիզմների կիրառման մասին, բայց դրանք մնացին թղթի վրա:

Նշված քայլը կարելի է ողջունել, բայց ես կասկածներ ունեմ, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է գործնական, իրական քայլեր կատարել՝ այնպիսի մեխանիզմներ մշակելու համար, որ այդ նախաձեռնությունն իրականություն կդառնա, այլ ոչ թե մնա թղթի վրա: Ելնելով նրանից, թե ինչ իրականությունում ենք ապրում, երբ ադրբեջանական հանրությունը ցուցաբերում է խիստ անհանդուրժողականություն հայկական կողմի նկատմամբ, ու կարելի է ասել, որ Ադրբեջանում հայատյացությունը նացիզմի մակարդակի է, ես բավական կասկածամտորեն եմ վերաբերվում նման գործընթացի սկսվելուն, բայց եթե սկսվի, ուրախ կլինեմ:

Որպես նման նախագծի առաջին փուլ՝ ես դիվանագիտական ամենաբարձր մակարդակով կպահանջեի, որ Ադրբեջանը վերջապես հայկական կողմին վերադարձներ մեր զինծառայողների գլուխները, որոնք կտրվել են ադրբեջանցիների կողմից ապրիլյան պատերազմի ժամանակ ու վերցվել իբրեւ ռազմավար: Եվ որպեսզի մենք չկորցնենք ադեկվատության զգացողությունը, հայկական հանրությանը պետք է հիշեցնել, որ ադրբեջանցի զինվորականներն այդ «հերոսական» քայլի համար պետական պարգեւներ են ստացել Ադրբեջանի նախագահի կողմից: Սա իրականությունն է, որտեղ մենք ապրում ենք: Եթե Ադրբեջանն իսկապես մտադիր է գնալ հանրությունների միջեւ շփման, ատելության նվազեցման, իսկ այդ ատելությունը միայն Ադրբեջանում է, Հայաստանում այն չկա, ապա, որպես մտադրությունների կատարման առաջին քայլ, Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր զոհվածների գլուխները: Կենդանի մարդկանց մասին խոսելուց առաջ մենք պետք է փակենք մահացածների էջը: Եթե Ադրբեջանը պատրաստ չլինի այս հարցում վերջակետ դնել, ապա ես չափազանց կասկածամիտ եմ կենդանի մարդկանց վերաբերող հարցերում: Եթե հանրությունը կռվում է մեռածների հետ, չի խոստովանում իր գործած հանցանքները, պետք է ծայրահեղ զգույշ լինել նման հանրության ու պաշտոնյաների հետ:

-Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, մամուլի ասուլիսում անդրադառնալով մոսկովյան հանդիպմանը, ասել է, թե հիմքեր ունի ենթադրելու, որ թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա: Ի՞նչ եք կարծում՝ Բաքվի շահագրգռությունն իրակա՞ն է:

-Չեմ տեսնում իրական շահագրգռություն Ադրբեջանի կողմից՝ փոխելու ստատուս-քվոն, որովհետեւ հայկական կողմը խեղաթյուրված բանակցություններից տասնամյակներ անց վերջապես առաջ է քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափի վերականգման անհրաժեշտությունը: Խոսել ինչ-որ կարգավորման մասին առանց հիմնական կողմի՝ Արցախի Հանրապետության, բավական բարդ է:

-Հավանական համարո՞ւմ եք Արցախի՝ բանակցային սեղան վերադարձը:

-Ոչ, չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է նման քայլի: Այստեղ դեր կխաղա Հայաստանի ու Արցախի հանդեպ Ադրբեջանում առկա մեծ ատելության իներցիան: Ադրբեջանում ամբողջ սերունդ է մեծացել Արցախն ու արցախահայությունը ոչնչացնելու լոզունգներով: Երբ Ադրբեջանի առաջին տիկինը հայտարարում է, որ Արցախի բոլոր բնակավայրերում ծածանվելու է ադրբեջանական դրոշը, եւ այլ մոտեցումն անընդունելի է, դա նշանակում է, որ նա արտահայտում է այն գաղափարներն ու տրամադրությունը, որ իրենք աճեցրել են ադրբեջանական հասարակության մեջ, որը լցված է ատելությամբ:

Այդ հասարակությունը կարիք ունի ուղղման, իսկ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալական գործընթաց է, ու այն երկարատեւ է: Եթե 20 տարի ատելություն են սերմանել, ես չեմ պատկերացնում, թե մի քանի տարում ինչպես կարելի է այն վերացնել: Այդպիսի ատելությունը կարելի է վերացնել ռազմական պարտության, միջազգային դատավարության արդյունքում, նյուրնբերգյան դատավարության նմանությամբ, երբ ադրբեջանական իշխանությունը պատասխանատվության կկանչվի ամենի համար՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա եւ այլն: Սակայն կարծում եմ, որ միջազգային հանրությունը դեռ պատրաստ չէ դրան: Պետք է իրատես լինենք: Հայկական կողմը ոչ մի դեպքում իրավունք չունի հավատալ Ադրբեջանի անկեղծությանը: Դեռեւս պետք է ելնենք նրանից, որ Ադրբեջանը մտադիր է հայ ազգի հետ խնդիրը լուծել ռազմական մեթոդներով: Վերջին 20 տարիներին Ադրբեջանը պատրաստվել է այդ մեթոդներին, եւ մենք դեռ ոչ մի փաստ, փաստարկ չունենք, բացի հայտարարություններից, որ այլ կերպ մտածենք: Մենք նույնպես պետք է ապավինենք բացառապես ռազմական մեթոդներին՝ ադրբեջանական քաղաքականությունը չեզոքացնելու համար: Դժբախտաբար:

-Դուշանբեում Փաշինյանի ու Ալիեւի հանդիպումից հետո սահմանին, կարծես, հարաբերական խաղաղություն է տիրում:

-Նման հարաբերական հանգստությունը Ադրբեջանի տակտիկական քայլն է, ավելի հստակ՝ Ալիեւի ցանկությունը: Նրանք չեն ցանկացել գնալ սրման: Բայց երբ որոշեն փոխել այդ մարտավարությունը, ակնթարթորեն կանցնեն այլ մեթոդներով աշխատանքի: Ադրբեջանական կողմից դեռ սկզբունքային փոփոխություններ չեմ տեսնում: Կրկնում եմ՝ կա հանրային ու քաղաքական ատելության իներցիան՝ գրավել Հայաստանը, ոչնչացնել Արցախը, ինչը դարձել է ադրբեջանական պետականության գաղափախոսության տարրերից մեկը:

Այո, նրանք խեղաթյուրված աշխարհընկալում ունեն, ադեկվատ չեն տեսնում աշխարհը, բայց ով ասաց, թե չեն կարող գործնական քայլեր կատարել՝ աշխարհն իրենց խեղաթյուրված ընկալումներին բերելու համար: Այո, եղել է նացիստական Գերմանիան, դա խեղաթյուրված հայացք էր աշխարհին, Եվրոպային, բայց մենք տեսել ենք իրական փորձեր՝ աշխարհի վզին փաթաթել նման մտածողությունը: Նացիստական ռեժիմները հակված են ագրեսիայի, ինքնաբավարարման ու ինքնաարդարացման համար նրանց անհրաժեշտ է դիմել էքսպանսիայի: Մենք պարզապես պետք է հասկանանք սա եւ ոչ մի դեպքում չթուլանանք:

-Ի վերջո, երկու կողմերը որքա՞ն են մոտ կամ հեռու խաղաղության հաստատումից:

-Խոսել խաղաղության մասին այս դեպքում ճիշտ չէ: Սա հայկական դիվանագիտության, քաղաքական մտքի, փիլիսոփայության եւս մի սխալ է վերջին 20 տարիներին: Մենք պատերազմական իրավիճակում ենք: Սա հրադադար է, ոչ թե խաղաղություն: Ավելին՝ անվտանգության տեսակետից 21-րդ դարում խոսել խաղաղության մասին բավական պայմանական է: Այսօր աշխարհում խաղաղությունն ու պատերազմը բավական պայմանական հասկացություններ են, սահմանազատել խաղաղությունը, ճգնաժամն ու պատերազմը գործնականում անհնար է: Այսօր Սիրիայում, Լիբիայում, Իրաքում կամ Աֆղանստանում խաղաղությո՞ւն է, թե՞ պատերազմ: Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ այս հասկացությունները հստակ չեն: Վերջին տարիներին խոսում են գորշ գոտիների մասին, որտեղ ո՛չ խաղաղություն է, ո՛չ պատերազմ:

Այսպիսի պայմաններում մենք պետք է խոսենք երկրի ներսում խաղաղությունը պահպանելու մասին: Հայկական պետականությունն ընդհանուր առմամբ դա անում է, բայց ինքներս գտնվում ենք տարածաշրջանում, որտեղ այդ հասկացությունները խեղաթյուրված են: Այն, ինչ ունենք այսօր, իմ կարծիքով, առավելագույնն է, որ կարող ենք ցանկանալ եւ ունենալ 21-րդ դարի սկզբին: Մտածել, որ կարող ենք դուրս գալ ավելի կայուն աշխարհ՝ ինչ-որ միջազգային պայմանագրեր կնքելով, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը, դա փոքր-ինչ ուտոպիստական է, տարածաշրջանը պատրաստ չէ խաղաղության, աշխարհը պատրաստ չէ մեծ համաձայնագրերի: Երբ փլուզվում են գլոբալ խաղաղության էլեմենտները, միամտություն է խաղաղության հույս ունենալ մեր տարածաշրջանում:

Կառուցել պետություն, ամրապնդել անվտանգության համակարգը, իսկ դրա համար ունենալ տնտեսությունը, որն ունակ է պահել քո բանակը, ունենալ հասարակություն, որը պատրաստ է ապրել նման պայմաններում եւ զարգանալ. այսինքն՝ մենք պիտի հրաժարվենք վատ գաղափարներից:

-Խաղաղության պատրաստվելո՞ւց:

-Ցանկանո՞ւմ ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի, ունեցիր բանակ, հասարակություն եւ տնտեսություն, որը պատրաստ է պատերազմի: Եթե դու պատրաստ ես, կվանես պատերազմը: Եվ եթե հաշվի առնենք, որ հայերի 80 տոկոսն ապրում է հայկական պետականության սահմաններից դուրս, մենք պիտի կենտրոնացնենք ամբողջ հայության ներուժը, որպեսզի կարողանանք ադեկվատ արձագանքել այդ սպառնալիքներին: Պետք է այդպես անել ոչ թե նրա համար, որ ճիշտ է, այլ անհրաժեշտ է:

Այն մոտեցումները, որոնք 2008-ին մշակվել ու փորձում էին իրականացնել հայկական նախկին իշխանությունները, պետք է մի կողմ դրվեն որպես մեր իրականությանը չհամապատասխանող: Հենց դրանք են հանգեցրել 2016-ի ապրիլին: Դրանք սխալ, պատերազմի բերող մոտեցումներ էին:

Մենք ամեն անգամ չենք կարող մեզ թույլ տալ այդքան տղաների, զինվորականների կորցնել, որ ուղղենք քաղաքական գործիչների, դիվանագետների սխալները: Եկեք փորձենք նոր Հայաստան կառուցել՝ մեր դիրքի, անվտանգության, պատերազմի վերաբերյալ նոր ընկալմամբ: Այսինքն՝ թավշյա հեղափոխությունը միայն սկիզբն է, դա առաջին եւ շատ փոքր քայլ է, այն սկզբունքորեն կարեւոր է, մենք որակն ենք փոխել, բայց առջեւում մեծ աշխատանք կա, որպեսզի եղածն ուղղենք ու շարժվենք առաջ:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter