HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորը ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուին հիշեցրեց փոխվարչապետ Ավինյանի հետ փոխկապակցված չրերի արտադրության պատմությունը

Խորհրդարանում շարունակվում է ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը: Այս պաշտոնում վարչապետ Փաշինյանն առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց «Հետք»-ի հրապարակումը, որի համաձայն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, որի ղեկավարը եղել է Գեղամ Գևորգյանը։

«Հիմնադրամը «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ համաձայնագիր է կնքել օգոստոսի 1-ին, որից մի քանի ամիս անց նշանակվել եք գյուղատնտեսության նախարար: Պատճառահետևանքային կապ կա՞ այս ամենի մեջ, թե ոչ, արդյոք Տիգրան Ավինյանը ձեզ վարձահատույց չի՞ եղել՝ աջակցելով Ձեր նշանակմանը՝ իրեն և իր ընտանիքի չրի արտադրության համար ձեր գլխավորած հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհի դիմաց»,- հարցրեց պատգամավորը։

Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ դրամաշնորհի տրամադրման գործընթացը սկսվել է շատ ավելի շուտ, և մինչ հեղափոխությունը գրեթե բոլոր փուլերն ավարտված են եղել։

«Բացի դա, հիմնադրամի տնօրենը որևէ իրավասություն չուներ տալ կամ չտալ որևէ դրամաշնորհ: Այն տրվել է մի քանի փուլ անցած տարբեր հանձնաժողովների կողմից, ընդ որում հանձնաժողովի կազմը սահմանել է երկու-երեք նախարար առաջ նշանակած անձը, որոշումը կայացվել է մեկ այլ նախարարի օրոք, այսինքն հիմնադրամի տնօրենը զուտ ստորագրել է փաստաթուղթ հիմնադրամի անունից»,- ասաց Գևորգյանը։

Գեղամ Գևորգյանն ասաց, որ դեռևս փետրվարին չէր կարող կանխատեսումներ անել, որ ամիսներ անց սկսվելու է հեղափոխություն, և Տիգրան Ավինյանը նշանակվելու է փոխվարչապետ։

Բաբաջանյանը հիշեցրեց, որ վերջինս եղել է Կարեն Կարապետյանի կառավարության կազմում և այսպես ասած՝ Իգնատի Առաքելյանի մարդը, ինչին Գևորգյանը կատակով արձագանքեց.

«Ես անկեղծ ասած մինչև էսօր գիտեի ուրիշ մարդու մարդն եմ: Ի՞նչ է նշանակում՝ Իգնատի Առաքելյանի մարդը, Իգնատի Առաքելյանն իմ լավ ընկերն է, եղել է նախարար, ում օրոք աշխատել եմ հիմնադրամում, բայց իմ կենսագրականում գրված է, որ տաս տարուց ավելի կառավարման համակարգում եմ աշխատել, չորս-հինգ վարչապետի հետ եմ աշխատել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter