
Հայկ Գևորգյան. «Մենք գործ ունենք մանյակների հետ»
«Նման բան հնարավոր չէր, որ լիներ նույնիսկ տեսականորեն, որ ես վրաերթի ենթարկեմ մեկին ու անօգնական թողնեմ, գնամ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը, ում երեկ ազատել են կալանքից:
Թե ինչի հետ էր կապված իր դեմ իրականացված գործողությունների շարքը, լրագրողն առաջարկում է հարցնել նրանց, ովքեր դա ծրագրավորել են: Հայկը նշեց, որ չգիտի ու չի հասկանում՝ արդյոք դա զգուշացո՞ւմ էր, թե՞ վախեցնում էին:
«Տրամաբանություն փնտրել եմ ու չեմ գտել: Եկել եմ այն համոզման, որ մենք ուղղակի գործ ունենք մանյակների հետ,- ասաց Հայկը:- Բայց որ դա պայմանավորված է իմ գործունեությամբ, ես վայրկյան անգամ չեմ կասկածում»:
Հայկը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Նա պայմանավորվել է էկոնոմիկայի նախարարության լրատվության բաժնի պետի հետ՝ հարցազրույց անցկացնելու նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի հետ: Հարցազրույցի ավարտից հետո Հայկը նստել է իր մեքենան, որը կանգնած է եղել նախարարության շենքի մոտ, «նույն մայթի վրա՝ դեպի պատը»:
Երբ Հայկը փորձել է ավտոմեքենայով հետընթաց կատարել, նկատել է, որ մեքենայի հետևը մարդ է կանգնած: Նա մտածել է, թե դա ավտոկայանատեղիի տեսուչն է. պատրաստվել է 100 դրամանոց տալ: Սակայն սպասել է, բայց վերջինս այդպես էլ չի մոտեցել: Երբ «տեսուչը» փոքր-ինչ հեռացել է մեքենայից, Հայկը մի քանի սմ հետ է վարել ավտոմեքենան: Այնուհետև «տեսուչը» կրկիին հետ է եկել ու կանգնել մեքենայի հետևը: Ըստ լրագրողին՝ նույն տեսարանը կրկնվել է մի քանի անգամ:
Հայկը ստիպված ավտոմեքենայի ձայնային ազդանշանն է սեղմել, և «տեսուչը» մի կողմ է քաշվել: Լրագրողը, հետևելով նրան, մեքենան կամաց հետ է վարել, միաժամանակ ուշադիր նայելով, թե արդյոք այլ մեքենա չկա՞: Այդ ընթացքում «տեսուչը» բղավել է՝ «վայ, ոտս», ու Հայկի խոսքով՝ սկսել է նայել կողքերը, թե ով իրեն կտեսնի: Ընդ որում, երբ նա բղավել է, գտնվել է հարեւան ավտոմեքենայի հետնամասում: Լրագրողը մեքենայից իջել է, ասել, որ ոստիկան կկանչի, «տեսուչն» էլ, ով, ինչպես հետագայում է պարզվել, Աշոտ Ֆրանգուլյանն է, որեւէ բան չի ասել, եւ Հայկը հանգիստ հեռացել է:
Վերջինս նշեց, թե այդ պահին հասկացել է, որ իր «գլխին սարքում են»: Բայց քանի որ այդ օրերին ոչ մի գրություն, ծանուցում չի ստացել, մտածել է, որ դա գուցե իրեն է թվացել: Միաժամանակ հունվարի 13-ի առավոտյան նրանց շենքի մոտ է հայտնվել հիշվող համարանիշով մի ավտոմեքենա, որը հետևել է Հայկի կնոջը: Բացի այդ՝ հարևաններից հարցրել են լրագրողի երեխաների մասին: Հայկի կինը կոնկրետ չի հիշում նշյալ ջիպ ավտոմեքենայի համարնիշը, բայց այն եղել է 0-ներով և 1-ով:
Հայկի խոսքերով՝ ոստիկանությունը ստեղծել է «ժամանակի մեքենա». իրեն հարցաքննության են կանչել հունվարի 17-ին՝ հունվարի 20-ին հարուցված քրեական գործով: Նա վստահ է, որ գործը «սարքողները» ունեն հունվարի 13-ի կադրերը, և եթե իսկապես ինքն այդ մարդուն վրաերթի ենթարկած լիներ, ապա այդ կադրերը հեռուստաընկերություններով անդադար կցուցադրվեին: Բայց քանի որ նման բան չի եղել, այդ կադրերը, ըստ երեւույթին, կոչնչացվեն:
Եվ հակարակ որ դեպքը տեղի է ունեցել «ուրբաթ 13-ին», բայց Հայկը նշում է, որ ինքը սնահավատ չէ. դա պարզապես պատահականություն էր:
Այժմ, երբ իրեն ազատ են արձակել, Հայկը չի հասկանում, թե ինչու մինչ հիմա իրավապահները չեն վերադարձնում իրենից առգրավված անձնական իրերը՝ ակնոցը, գրիչը, ձայնագրիչը, լուսանկարչական սարքը եւ հեռախոսը:
Հ. Գևորգյանը նշեց, որ անազատության մեջ քրեակատարողական հիմնարկում լսել է շատ պատմություններ, որոնք, ըստ նրա, չափազանցված չեն: Նա գիտի 25 հոգու «Նուբարաշենում» հայտնվելու պատճառները, որոնցից 19-ին «քաղմասներում ծեծել ու խոշտանգել են»:
Հայկը դատարանների հետ հույս չի կապում, որովհետև գիտի, որ Հայաստանում «ոստիկանություն-դատարան կապը շատ սերտ է». դրանում համոզվել է վերջին օրերի ընթացքում: Սակայն նա ստիպված է անցնել ներպետական բոլոր ատյաններով, որպեսզի կարողանա դիմել Եվրադատարան: Այժմ նրա համար կարևորն այն է, որ ամբողջ գործը բացահայտվի, մեղավորները պատժվեն ու իր «բարի համբավի վրա բիծ չմնա»:
Հայկը նշեց, որ աշխատանքի բերումով լրագրողներեն ավելի շատ են վտանգի տակ, բայց նաև ավելի շատ են պաշտպանված, իսկ հասարակ քաղաքացիներին (իրավապահները) ուղղակի «կուտեն մի քանի րոպեում»:
«Եկեք փորձենք բոլորին պաշտպանել»,- հավելեց նա:
Մեկնաբանել