HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կոմպասս» կենտրոնը որոշել է պարզել, թե Գյումրիում սկսված փողոցաշինության պատճառով որքան վնաս է պատճառվել մարդկանց, պետությանը, բիզնեսին

Անցած տարի Գյումրիում սկսված փողոցաշինության հետ կապված բնակչության ուրախությունն արագ փոխվեց դժգոհության ալիքի, երբ անհասկանալի տրամաբանությամբ քանդեցին գրեթե բոլոր գլխավոր փողոցների մայթերը, հանեցին հին եզրաքարերը՝ նորով փոխարինելու նպատակով: Հետիոտնը, չունենալով այլընտրանք, հայտնվեց փողոցում՝ սեփական կյանքի անվտանգության համար չունենալով որեւէ երաշխիք, ավելացան ավտովթարները՝ քանդված փողոցների պատճառով:

«Կոմպասս» կենտրոնը Գյումրիում ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ուսումնասիրություն-վերլուծություն էր կատարել, բոլոր առաջարկները, դիտողություններն ուղարկել են համայնքապետարան, որպես մեծածավալ աշխատանքների առաջնային պատասխանատուի: Կենտրոնի ֆինանսական գծով պատասխանատու Կարեն Պետրոսյանի համոզմամբ, քաղաքում կա եւս մեկ կառույց, որ պետք է պատասխանատվություն կրի իրականացվող շինաշխատանքների պատճառած անհարմարությունների համար:

«Շիրակի մարզի դատախազությունն ու դատախազ Կարեն Գաբրիելյանը նույն փողոցաշինության ոլորտում բավական անգործունյա վիճակում են: Տպավորություն է, որ մենք այդ կառույցը չունենք կամ, որ իրենք ունեն որոշակի հետաքրքրություններ ու այդ պատճառով իներտ են,- ասում է «Կոմպասս» կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը,- ինչքա՞ն վթարներ են եղել քաղաքում, ինչքա՞ն մարդ է տուժել՝ նկատի ունեմ ընկնելուց ստացած վնասվածքները, ստատիստիկա չկա: Ոչ ոք այս խնդիրների պատճառով պատասխանատվություն չի կրել ոչ վարչական առումով, ոչ էլ պատշաճ իրավական գնահատական է տրվել: Մենք առաջիկայում հարցումներ ենք անելու՝ թե դատախազությանը, թե ոստիկանությանը, որ հասկանանք, թե ոչ ճիշտ պլանավորած աշխատանքների արդյունքում որքան վնաս է պատճառվել մարդկանց, պետությանը, բիզնեսին»:

Համայնքային բյուջեների վերլուծությունները թույլ են տալիս զրուցակցիս պնդելու, որ ցանկացած աշխատանքի պլանավորում քաղաքապետարանը կատարում է տարերային մեթոդով՝ ոչ մի մաթեմատիկական հիմնավորվածություն, ոչ մի փորձագիտական կարծիք, ոչ մի էկոնոմետրիկ վերլուծություն: Նույն աշխատելաոճը հայտնաբերել են Գյումրիում իրականացվող փողոցաշինության ծրագրում:

«Մի օրինակ բերեմ, արդեն հասկանալի կլինի: 2018թ-ի հուլիսին սկսեցին քանդել Վազգեն Սարգսյան 32 հասցեում գտնվող տնտեսագիտական համալսարանի դիմացի հատվածը: Շինարարին հարցրինք, թե հուլիսի վերջին որ քանդում եք, կհասցնե՞ք մինչեւ ուսումնական տարին սկսվելը մայթերը սարքել, մանավանդ որ մեր փողոցը նորմալ, բարեկարգ փողոց էր՝ հապճեպ քանդելու իմաստը չէինք տեսնում: Մեզ պատասխանեցին, թե օրերի հարց է՝ մինչեւ սեպտեմբերի կես կասֆալտենք, ուղղակի էստեղ պրոբլեմ առաջացավ, որ իրենք չնշեցին, թե որ թվականի սեպտեմբերը նկատի ունեին,- Կարեն Պետրոսյանն ուսերն է թոթվում,- որպես տնտեսվարող, մենք էս ընթացքում հավելյալ, ամեն ամիս, 30 հազար դրամի հավելյալ ծախս ենք կատարում ուսանողների ոտքի հետ շենք մտնող հողն ու ավազը մաքրելու համար: Ով կամ ովքեր պետք է փոխհատուցեն մեր չնախատեսած ծախսերը, անհասկանալի է»:

Ճանապարհաշինությունը, հանդիսանալով համայնքային հիմնական լիազորություններից մեկը, Գյումրիում վերջին տարիներին մեծ կարեւորություն է ձեռք բերել, ավելին՝ բացի ՏԻՄ բյուջեով սահմանված աշխատանքներից 2018թ-ից քաղաքում իրականացվում են միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ոլորտային ծրագրեր: ՎԶԵԲ-ով ֆինանսավորվող ծրագրում արձանագրված թերությունները կենտրոնի աշխատակիցներին ստիպել են ուսումնասիրել նաեւ համայնքային բյուջեով 2015-2018թթ-ին Գյումրիում իրականացված փողոցաշինության ցուցանիշները եւ ստացել հետեւյալ պատկերը:

Համայնքային բյուջեի կառուցվածքում ճանապարհաշինության ոլորտում կատարված ծախսերը 2015-18թթ. համապատասխանաբար կազմել են 14,2 %, 13,6 %, 10,6 %  եւ 10,3 %: Հատկանշական է, որ 2018թ-ի պլանավորած ցուցանիշը 2017թ-ի նկատմամբ 4,8 % -ով ավելի է: Ավելին, 2018թ-ի պլանավորած ցուցանիշը 15 %-ով գերազանցում է 2017թ-ի կատարողականը: Տարբեր տարիներին ընթացիկ նորոգված կամ հիմնանորոգված փողոցների համադրումից պարզվել է, որ կան փողոցներ, որոնք ամեն տարի ընթացիկ նորոգման են ենթարկվում՝ անգամ հիմնանորոգումից հետո։ 2016թ-ին ընթացիկ նորոգված 70 փողոցներից 33-ը 2017թ.-ին կրկին նորոգվել են։ Նշված 33 փողոցից 3-ը 2015թ-ին հիմնանորոգվել են, իսկ 2017թ-ին՝ 33-ից 32 փողոցում 3-րդ անգամ ընթացիկ նորոգման աշխատանքներ են իրականացվել։

2018թ ընթացիկ նորոգման ենթարկված 68 փողոցից 27-ը (39,7%) չորրորդ տարին անընդմեջ ենթարկվել են ընթացիկ նորոգման, իսկ 15-ը (22%) երրորդ տարին անընդմեջ։ Ցանկում կան փողոցներ, որոնք 2018թ-ին 2-րդ անգամ են ենթարկվել ընթացիկ նորոգման՝ 13 փողոց կամ ընթացիկ նորոգված փողոցների 13 %-ը։ Սա խոսում է ընթացիկ նորոգումների ոչ արդյունավետության, ինչպես նաև հիմնանորոգված փողոցներում արված աշխատանքի ցածր որակի մասին։ 2015թ-ին հիմնանորոգված երկու փողոցները, որոնցում հաջորդ տարիներին ընթացիկ վերականգնման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, շինաշխատանքներ են իրականացրել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն եւ «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն։ Պարզվել է, որ 2018թ-ին «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ պայմանագրեր չեն կնքվել, իսկ «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրում ձեռքբերման գինը նախորդ տարիների համեմատ նվազել է 40-50 %-ով։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ 2015-2016թթ կնքած պայմանագրերում երկու տարում էլ միջինից բարձր գին է սահմանվել:

«Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել 2018թ-ի համայնքային բյուջեից փողոցաշինությանը արված հատկացմանը: Շատ լավ իմանալով, որ սկսվելու է ՎԶԵԲ-ի 23 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, բյուջեում փողոցաշինության համար հատկացվող գումարը պլանավորվել է նախորդ տարվա նկատմամբ 15%-ով ավելի, սա անհասկանալի է մեզ համար: Խնայված գումարն, ինչպես պարզեցինք, ուղղվել է քաղաքային տրանսպորտային պարկի ստեղծմանը, բայց եթե այդքան անհրաժեշտ էր պարկի ստեղծումը, ապա կարելի է պարզապես այդ նպատակով գումար պլանավորել բյուջեում: Սա խոսում է բյուջետավորման ոչ պրոֆեսիոնալիզմի մասին,- ասում է Կարեն Պետրոսյանը,- խնայված գումարների մասով, որ կոչվում է չբաշխված միջոցներ եւ մեխանիկորեն տեղափոխվում է հաջորդ տարի, մենք քաղաքապետարանին առաջարկեցինք հանրային լսում անել, հրավիրել բոլոր թաղամասերից բնակիչների եւ քննարկել թե ինչի վրա ծախսել այդ գումարը: Քաղաքում, որն ունի այդքան քանդված փողոց, մի՞թե առաջնահերթը դա է, գուցե մշակութային որեւէ օջախ նորոգելն ավելի նպատակահարմա՞ր է: Ի վերջո, հանրային տրանսպորտն այս պահին Գյումրիում մասնավորն է ապահովում եւ դեռ կարող էր մեկ-երկու տարի էլ ապահովել»:

Համայնքային բյուջեի ու քաղաքում իրականացվող ծրագրերի մեծ մասի հիմքում գյումրեցու շահը դրված չէ, նկատում է զրուցակիցս: Փողոցաշինության այս ծրագրով դա ավելի է շեշտվում: «Ուրեմն ինչ, վարչապետը պետք է գար հասներ Գյումրի, որ պարզ դառնար, թե հասարակ գյումրեցու համար տարրական անցումային ուղիներ չե՞ն ապահովել, որ հոկտեմբեր ամսին Գյումրիում փողոցաշինություն չի՞ կարելի սկսել: Ստացվում է, որ մինչ այդ պահը շինարարին ու քաղաքային իշխանություններին դա որեւէ կերպ չի հուզել: Երբ հարց ես բարձրացնում, թե ով է մեղավոր, բոլորը մեղքը գցում են մեկը մյուսի վրա, իսկ ես կասեմ, որ այստեղ ամենամեծ խնդիրը ծրագրի կառավարելիությունն է. ո՞վ է պրոյեկտի պատասխանատուն, ինչու՞ մի քանի ամիս չգործեց վերահսկող խումբը եւ ո՞վ է եղել այդ ժամանակամիջոցում ծրագրի պատասխանատուն վերահսկողության առումով, այս հարցերին առայժմ հստակ պատասխաններ չունենք»:

«Կոմպասս» կենտրոնը պարզել է, որ 2018թ-ին իրականացրած աշխատանքների դիմաց շինարարը չի վարձատրվել, եւ որ կատարողականները վերջերս են ստորագրվել: «Մենք հարցրեցինք շինարարին, թե ինչու է սկսել աշխատանքների 2-րդ փուլը քանի դեռ առաջին փուլի ակտերը ստորագրված չեն: Հարցրել ենք, թե կոնկրետ ինչ երաշխիքներ ունեն, որ ասֆալտապատում են անում, քանի դեռ հողային աշխատանքների մասով նախնական փուլի կատարողականի համար չեն վարձատրվել: Տպավորություն է, որ Գյումրու փողոցաշինական ամենամեծ ծրագրում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը կամ էլ ամեն ինչ արվում է ինչ-որ անհասկանալի պայմանավորվածության հիմքով: Եվ հարցը միայն շինարարը չէ՝ քաղաքում բոլորը քանդում են՝ շինարարը, էլցանցը, ջրմուղը, բոլորն ունեն պրոբլեմ, իսկ ամենամեծ պրոբլեմը վերահսկողության բացակայությունն է»,- նկատում է Կարեն Պետրոսյանը:

Գյումրիում փողոցաշինական ծրագրի առաջին փուլի ավարտ սահմանվել է հունիսի 30-ը: Ծրագրի 2-րդ փուլն այս տարի չի մեկնարկի՝ այդ փուլում նախատեսված է 33 փողոցի հիմնանորոգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։