HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ցեմենտի շուկան՝ թվերով. ստվերի ու ինքնարժեքի մասին հարցադրումները

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելու նախագիծը։ Առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ կամ յուրաքանչյուր կիլոգրամի համար 22 դրամ, եթե խոսքը վերաբերում է մինչև մեկ տոննա ծավալին։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ, ապա՝ կրկին քվեարկություն տեղի ունենա։

Վերջին օրերին սա տնտեսական լրահոսի ամենաքննարկվող թեմաներից է, որի ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ցեմենտի արտադրության ու ներմուծման ոլորտի աշխատողներն ու տնտեսագետները մի շարք ցուցանիշներ ու կասկածներ են առաջ բերում ցեմենտի շուկայի վերաբերյալ։ Մասնավորապես, խոսվում է շուկայում եղած ստվերի ու դրա ծավալների կրճատման, տեղական արտադրության ինքնարժեքի կասկածելի ցուցանիշների, հարկերի և այլնի մասին։ Մեջբերվում են թվային տվյալներ, որոնք հաճախ չեն մանրամասնվում՝ թե ինչ ծավալի արտադրության ու ներմուծման մասին է խոսքը, ինչ դինամիկա է գրանցվել և այլն։ Այս հոդվածում փորձել ենք մեկտեղել այդ տվյալները։

Մինչ ցեմենտի շուկայի վերջին տարիների թվային պատկերը ներկայացնելը, շեշտենք, որ այս նախագծով առաջարկվող պետական տուրք եզրույցը հաճախ շփոթմամբ ներկայացվում է որպես մաքսատուրք։ Մինչդեռ, մաքսային դրույքաչափերը գործում են և սահմանված են Եվրասիական տնտեսական միության երկրների համար նշանակված միասնական սանդղակներով։

Կառավարությունն առաջարկել է ցեմենի ներմուծման համար 22 հազար դրամ պետտուրք սահմանել, որ պաշտպանի տեղական արտադրողներին, քանի որ ներմուծվող ցեմենտը շատ ավելի էժան է։ Բայց արդյունքում նույն շուկայի խոշորագույն տեղական արտադրող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչները դժգոհ են։ Դժգոհության առիթն այն է, որ կառավարությունը հրաժարվել է նոր տուրքեր սահմանել ցեմենտի արտարդրության հումքի` կլինկերի ներմուծման համար։


2018 թվականին ցեմենտի արտադրությունն աճել է 53.3%-ով, մինչդեռ շինարարությունը հանրապետությունում՝ ընդամենը 4.5%

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 546 հազար տոննա ցեմենտ, որը 2017 թվականի համեմատ աճել է 53.3%-ով։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների կտրվածքով 2018-ի ցուցանիշն ամենաբարձրն է։ Սակայն, իրականում, պաշտոնական այս ցուցանիշները կասկածի տակ են առնվում, քանի որ հիմնավոր ենթադրություններ կան, որ այս շուկայում նախորդ տարիներին ստվերը էական ծավալներ է ունեցել։

Բանն այն է, որ ցեմենտի արտադրության ավելի քան կիսով չափ աճը հակասում է երկրում կատարված շինարարության ծավալների դինամիային։ Մասնավորապես, ըստ Վիճկոմիտեի՝ նախորդ տարի շինարարության ծավալներն աճել են ընդամենը 4.5%-ով։ Մինչդեռ ցեմենի նման աճի պարագայում, ենթադրվում է, շինարարության ծավալների ավելի բարձր աճ պետք է գրանցված լիներ։

Ինչ վերաբերում հնարավոր վարկածին, որ ցեմենտի արտահանման ծավալներն են կտրուկ աճել, ապա սա ևս հերքվում է՝ դատելով Մաքսային ծառայության տվյալներից, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է ընդամենը 4 հազար տոննա ցեմենտ։

Ապրիլի 18-ին այս թեմայով Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած քննարկմանը նշված հարցին անդրադարձավ «Առնի թրեյդ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը։ «Տեղական ցեմենտի արտադրության ծավալն աճել է 53%-ով, իսկ կապիտալ շինարարությունն աճել է 2-3%-ով, հետևաբար 2-3 տոկոսանոց կապիտալ շինարարության աճն ինչպե՞ս կարող է ցեմենտի 53% աճ տալ։ Հետևաբար, եղել է ստվերային շրջանառություն, որը վերացել է»,- ասաց նա։

Ցեմենտի տեղական շուկայի ստվերի մասին երեկ Ազգային ժողովում բարձրաձայնեց նաև  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Անդրադառնալով շուկայում գերիշխող «Արարատցեմենտ» գործարանին, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սեփականությունը համարվող «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի մաս է կազմում, Հայկ Գևորգյանը նշեց .« Օրինակ՝ ինչպես է՝ 2017-ին վճարել էր 800 միլիոնից մի քիչ ավելի, իսկ 2018-ին հանկարծ վճարեց 2.1-2.2 միլիարդ դրամ ավելի, հիմա պետք է հարցնեի՝ սա 60 տոկոսանոց ստվե՞ր էր, թե՞ ոչ»։

Ներմուծումն աճել է 3.3 անգամ

Ըստ Մաքսային ծառայության՝ 2018 թվականին Հայաստան ներմուծվել շուրջ 182 հազար տոննա ցեմենտ, որի մաքսային արժեքը կազմել է 26.5 մլն դոլար։ 2017 թվականին ներմուծվել է մոտ 55 հազար տոննա ցեմենտ։ Այսինքն՝ նախորդ տարի ներմուծվող ցեմենտի ծավալները 3.3 անգամ աճել են։ Վերջին հինգ տարիների կտրվածքով՝ սա ևս ամենաբարձր ցուցանիշն է։

Հայաստանը, ինչպես բազմիցս հայտարարվել է, ցեմենտը ներմուծում է հիմնականում Իրանից։ Նախորդ տարի Իրանից ներմուծվել է ավելի քան 170 հազար տոննա ցեմենտ՝ 25.7 մլն դոլար մաքսային արժեքով։ 2017-ի համեմատ ներմուծումը եռակի աճել է։

Մոտ 10 հազար տոննա ցեմենտ էլ նախորդ տարի Հայաստանը ներմուծել է Վրաստանից։

Տնտեսագետներն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հենց այս տվյալների հիման վրա են հաշվարկել ու ստացել, որ նախորդ տարի ցեմենտի պահանջարկը Հայաստանում կազմել է մոտ 730 հազար տոննա՝ արտադրություն գումարած ներմուծում։ Եվ եզրակացրել են, որ 2017-ի համեմատ (մոտ 410 հազար տոննա) ցեմենտի պահանջարկը կտրուկ աճել է։ Սակայն այս պնդումը հիմնավոր չէ, քանի որ ինչպես նշեցինք վերևում, արտադրության վերաբերյալ տվյալները կասակածի տակ են առնվում։ Հետևաբար 2017-ին պահանջարկն, իրականում, շատ ավելի մեծ է եղել։ Սովորաբար, արտադրության տվյալները արհեստականորեն նվազեցվում են հարկերից խուսափելու նպատակով։

Նախագծի գլխավոր բացերից մեկը տեղական ցեմենտի «հանելուկային» ինքնաժեքն է

 Այս նախագծի դրական ու բացասական կողմերի մասին բազմիցս և բուռն քննարկումներ են տեղի ունեցել։ Արդյունքում երեկ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին, «Իմ քայլ»-ը՝ կողմ։

Սակայն գրեթե բոլոր քննարկումների հիմքում տեղեկան ցեմենտի «հանելուկային» ինքնարժեքն է։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մեկնաբանում է, որ 22 հազար դրամ պետական տուրքի չափը պատահական ընտրված չէ և բնականաբար այն ունի հիմնավորում։ Այդ հիմնավորումը, սակայն, որոշ մասնագետների համար համոզիչ չէ։

Ըստ նախարարության՝ ներմուծողները, վճարելով 22 հազար դրամ տուրք ամեն տոննայի համար, ցեմենտի ինքնարժեքը հասցնում են տեղեկան ցեմենտի ինքնարժեքին։

Նկատենք, որ այստեղ նախ սխալ է ընտրված ինքնարժեք բառը ներմուծվող ցեմենտի համար, քանի որ ներմուծվելու պարագայում գնի մեջ է ներառվում նաև արտադրող ընկերության շահույթը, արտահանողի ծախսերը և այլն։ Այսինքն՝ սա գինն է։ Եթե տվյալները դիտարկում ենք մաքսային ծառայության տրամադրած ներմուծման տվյալների հիման վրա, ապա այստեղ էլ խոսքը մաքսային արժեքի մասին է։

Ըստ նախարարության՝ տեղեկան շուկայի ինքարժեքը Հայաստանում 1 կգ-ի համար 36-41 դրամ է, որից 20 դրամը գազի և հոսանքի ծախսն է։ Մինչդեռ իրանական ցեմենտի գինը սահմանին 10 դրամ է, այսինքն՝ ինքնարժեքն, իրականում, 10 դրամից էլ պակաս է։

«Ասում եք՝ իրանական ցեմենը մրցունակ է, որովհետև գազն այնտեղ էժան է։ Հիմա, եթե հայկական արտադրողներին գազն ու հոսանքը մատակարարվեն անվճար, միևնույն է, հայկական ցեմենտի ինքարժեքն ավելի բարձր է ստացվում, քան իրանականը»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Ըստ նրա՝ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել այս հարցերը, հասկանալ, թե տեղական ցեմենի ինքնարժեքը նվազեցնելու հնարավորություն կա, թե՞ ոչ։

Ապրիլի 18-ին Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած քննարկմանը Տնտեսական զարգացման և և ներդրումների նախարարություն Արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը նշեց, որ 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու որոշման համար հիմք են ընդունվել ցեմենտի շուկայի խաղացողների տրամադրած ցուցանիշները։ «Խորը մասնագիտացված կառույցի վերլուծական աշխատանք չի արվել, բայց այդ 22 հազար դրամի համար հիմք է ընդունվել մեր կողմից ներմուծողների հետ հանդիպման ժամանած ստացված թվերը, որոնք ներկայացրել են հենց ցեմենտ ներմուծողները։ Ներկայացրել են այն բոլոր ծախսերի կառուցվածքը, որոնք նրանք կատարում են ցեմենտ ներկրելիս։ Առաջիկայում ավելի լայն քննարկում է նախատեսվում։   Այս նախագիծը եթնադրում է ժամանակավոր կիրառում»,- ասաց նա։

Ըստ «Առնի թրեյդ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի, սակայն, տեղական ցեմենտի ինքնարժեքը հասկանալու համար պետք է ասուդիտ արվի։ «Ձեզ տվել են՝ 10, 10, 10, դուք գումարել ու ստեցել եք 30: Բայց ի՞նչ գիտեք, որ այդ տասերը ճիշտն են։ Իրանական ցեմենտի գինը մեզ համար հասկանալը պարզ է ՝ սահմանի գին, ճանապարհ, մաքսազերծում։ Իսկ արտադրողի ինքարժեքը հասկանալու համար չի կարելի է առաջնորդվել ուղղակի արտադրողների կողմից տրված ցուցանիշների գումարմամբ»,-նշեց Ա. Խաչատրյանը

Տեղական ցեմենի ինքարժեքի վերաբերյալ կասկածներ ունի նաև Հայկ Գևորգյանը։ «… Այդ ինչպես ստացվեց, որ «Արարատցեմենտ»-ի արտադրանքը Վրաստան է արտահանվում 23-26 հազար դրամով, երբ Հայաստանի շուկայում վաճառվում էր 50-60 հազար դրամով։ Մենք այստեղ ինքարժեք ենք ուզում հաշվել։ Իսկ ինքնարժեքն այն թիվն է, որով այդ ապրանքը վաճառվում է մրցակցային շուկայում, ինչպիսին Վրաստանն է։ Վրաստանում հնարավոր չէ ինքարժեքից ավելի բարձր կամ չհիմնավորված գին սահմանել, որովհետև այնտեղ մրցակցություն կար»,- նախագծի քննարկման ժամանակ ասած Հայկ Գևորգյանը։ Պատգամավորի խոսքով՝ որպեսզի հնարավոր լինի պարզել ցեմենտի իրական ինքնարժեքը, պետք է գործարանի ղեկավարությունը թույլ տա աուդիտ իրականացնել այնտեղ։

Ցեմենտի ներմուծման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու նախահիծը, ինչպես նշեցինք, դեռևս պետք է ԱԺ ներկայացվի երկրորդ ընթերցման։ Նախագծի հեղինակները նշում են, որ ընդունվելու պարագայում այս կանոնը ժամանակավոր բնույթ է կրելու՝ մինչև կգտնվի ամենաօպտիմալ լուծումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter