HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին պնդում է՝ առանց իր իմացության գույքը 99 տարով հանձնել են վարձակալության, հետագայում՝ վաճառել

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու վերաբերյալ «Հետք»-ի հոդվածից հետո խմբագրություն էր դիմել «Հայ-ռուսական բարեկամության տուն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Հրաչյա Գրիգորյանը՝ պատմելով, որ ինքը ևս տուժել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանի գործողություններից:

Հրաչյա Գրիգորյանը «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ի 48 %-ի բաժնետերն է: Նա և մյուս բաժնետերերը 3 տարի առաջ պատահմամբ իմացել են, որ ՍՊԸ-ի տնօրեն, 46 % բաժնեմաս ունեցող Ռուզաննա Ավագյանը, մյուս բոլոր բաժնետերերից գաղտնի, ընկերության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1 հասցեում գտնվող 102 քմ տարածքը 99 տարի ժամկետով հանձնել է վարձակալության՝ ամսական 100․000 դրամ վարձավճարով: Նա այդ գումարի չափը ծիծաղելի է համարում:

Գույքի վարձակալը եղել է անշարժ գույքի առուվաճառքով, վարձակալությամբ զբաղվող «Էսկո» կոնցեռնի սեփականատեր Սարգիս Աղաբեկյանը:

Հրաչյա Գրիգորյանը դատարանում վիճարկել է 99 տարով կնքված վարձակալության այդ պայմանագիրը: «Այդ ընթացքում պատահական ինձ զանգահարեցին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները և այցելելով խնդրեցին գտնել մեր տնօրեն Ռուզաննա Ավագյանին։ Քանի որ ՍՊԸ-ի տարածքը փակ էր և չէր գործում, նրանք ինձ ներկայացրին վճիռ, որով պարզվեց, որ Ռուզաննա Ավագյանն ու Սարգիս Աղաբեկյանը կնքել են ձևական փոխառության պայմանագիր, ընդ որում՝ առանց նոտարական վավերացման, որով Աղաբեկյանը մեկ ամիս ժամկետով Ռուզաննա Ավագյանին տվել է 3 մլն դրամ գումար: Եթե նա մեկ ամսում այդ գումարը չվերադարձնի, ապա Ռուզաննա Ավագյանը պարտավորվում է  13 մլն 500 հազար դրամով Աղաբեկյանին վաճառել մեր բոլորիս սեփականություն հանդիսացող Սայաթ-Նովայի 1 հասցեում գտնվող գույքը»,- ասում է Հրաչյա Գրիգորյանը:

Ռուզաննա Ավագյանը պարտավորվել է փոխառության վերադարձն ապահովել Սայաթ-Նովա հասցեում գտնվող գույքով, իսկ գումարի վերադարձը ուշացնելու դեպքում 13 մլն 500 հազար դրամ գնահատված արժեքով այն օտարել Աղաբեկյանին։ Իբր հետագայում Ավագյանը հրաժարվել է ներկայանալ նոտարական գրասենյակ, կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող՝ Ռ. Ափինյան) հայցը բավարարել է և «Միքայել-Ռուզաննա» ՍՊԸ-ին պարտավորեցրել է Սարգիս Աղաբեկյանի հետ կնքել 13 մլն 500 հազար դրամ արժեքով 102,54 քմ տարածքի առուվաճառքի պայմանագիրը:

Հրաչյա Գրիգորյանն ասում է, որ այդ տարածքի կադաստրային արժեքը 27 մլն դրամ է: Բացի այդ, դատարան չի ներկայացվել ընդհանուր ժողովի որոշում, որը կհավաստեր, որ մյուս սեփականատերերը տեղյակ են այս գործարքից և համաձայն են այդ գործարքին: Ավելին, մյուս սեփականատերերը գործին մասնակից չեն դարձել:

«2017թ. մարտին իմանալով այդ դատական ակտի մասին՝ անմիջապես այցելեցի Կենտրոն վարչական շրջանի դատախազ Արմեն Աֆանդյանին: Նա ասաց, որ գնամ ոստիկանություն և հաղորդում տամ կատարվածի մասին, եթե հիմքեր լինեն քրեական գործ կհարուցվի: Աֆանդյանն իր գործողություններով և անգործությամբ օժանդակում էր Սարգիս Աղաբեկյանին: Դրանից հետո պարզվեց, որ Աղաբեկյանը վիճելի գույքը 30 մլն դրամով վաճառել է ոմն Արա Հովհաննիսյանի: Նա ցանկացել է անշարժ գույքի սեփականության վկայական հանել կադաստրից, սակայն մերժել են, քանի որ հարուցված քրեական գործի պատճառով արգելանքի տակ է եղել»,- պատմում է Հ. Գրիգորյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ 2 ամիս անց Աղաբեկյանի և Հովհաննիսյանի միջնորդության հիման վրա, Աֆանդյանին ենթակա դատախազ Հ. Խաչատրյանը, Աֆանդյանի հրահանգով, գույքը կալանքից հանել է:

Գույքի վերադարձը դժվարացնելու նպատակով, Արա Հովհաննիսյանն այն գրավադրում է «Էվոկաբանկ»-ում: Հրաչյա Գրիգորյանի փոխանցմամբ՝ գույքը գնահատվում է 252 մլն դրամ և Արա Հովհաննիսյանի մորեղբայրը՝ վառելիք ներմուծող «Սի Փի Էս» ընկերության սեփականատեր Աշոտ Սալնազարյանը, բանկից ստանում է 300 հազար ԱՄՆ դոլար:

Այդ գույքի վրա հետագայում դարձյալ արգելանք է դրվել և մինչ օրս արգելանքի տակ է:

Հրաչյա Գրիգորյանն ասում է՝ որպեսզի այլ ապօրինություններով չորոշվի տարածքը վարձակալությամբ տրամադրել, տարածքի ապակիներին պարտադրված փակցրել է գրություն, որ քրեական գործով տարածքը կալանքի տակ է և վարձով չի կարող տրվել։

«Մեր բողոքների հիման վրա Ռուզաննա Ավագյանին և Սարգիս Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել: Գույքը ճանաչվել է իրեղեն ապացույց, մենք էլ՝ տուժողներ, սակայն, քննությունն առաջ չի գնում դատախազ Աֆանդյանի հովանավորությամբ»,- ասում է Հրաչյա Գրիգորյանը:

Սարգիս Աղաբեկյանը քննիչի որոշմամբ մեղադրյալի կարգավիճակ է ստացել 2018թ. փետրվարի 26-ին: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացմանը օժանդակելը): Իսկ Ռուզաննա Ավագյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ:

Սարգիս Աղաբեկյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս գործարքում իրեն մեղավոր չի ճանաչում, իր գործողությունները կատարվել են օրենքի շրջանակներում։ «Որևէ մի օրենքի հետ կապված ես խնդիր չունեմ, որովհետև իմ գործողությունները միշտ եղել են օրենքի սահմաններում»,- նշեց նա։

Աղաբեկյանը գործի վերաբերյալ շատ մանրամասներ չհայտնեց, նշեց՝  գործը քննության փուլում է, տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք։

 

Սարգիս Աղաբեկյանը, չնայած այս պահին նախաքննական մարմնի կողմից մեղադրյալի կարգավիճակ ունի, սակայն ընդգծում է, որ իր արարքի իրավական գնահատականը տալու է դատարանը։

«Հրաչյա Գրիգորյանը այստեղ-այնտեղ գովում է, որ դատախազության որոշակի աշխատակիցների հետ կապի մեջ է։ Դրա հետ կապված համապատասխան մարմնին էլ եմ ասել։ Ես կարող եմ որպես քաղաքացի ենթադրել, որ ինքը ոչ իրավաչափ հարաբերությունների մեջ է ինչ-որ պաշտոնատար անձանց հետ»,- ասաց Սարգիս Աղաբեկյանը։

Հարցին՝ արդյոք տարածքը վարձակալելիս տեղյակ եղել է, որ դրա թույլտվության համար ընդհանուր ժողովի որոշում է պետք, Աղաբեկյանը չմանրամասնեց, ասաց՝ դա «Միքայել-Ռուզաննա» ընկերության ներքին հարցն է եղել, իր հետ որևէ առնչություն չունի:

Աղաբեկյանը նաև չմանրամասնեց տարածքն այլ անձի վաճառելու գործարքը, այն կրկին համարեց նախաքննական գաղտնիք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter