HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հատել է 200-ը. ձերբակալվել է 7 կասկածյալ

Սուրբ Զատիկի օրը Շրի Լանկայի մի շարք եկեղեցիներում և հյուրանոցներում որոտացած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի, իսկ վիրավորներինը՝ 450-ի: Այս մասին հաղորդում է տեղական News First հեռուստաալիքը:

Շրի Լանկայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պայթյունների կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է 7 մարդ: Ըստ երկրի պաշտպանական գերատեսչության տվյալների՝ պայթյունները կատարել են մահապարտները, ընդգծում է BBC-ն:

Կասկածյալների ձերբակալման գործողությունների ժամանակ զոհվել է 3 ոստիկան: 

Հիշեցնենք, որ Սուրբ Զատիկի արարողությունների ժամանակ պայթյուններ են որոտացել Կոչիկադե, Բատիկալոա և Նեգոմբո քաղաքի եկեղեցիներում, ինչպես նաև մայրաքաղաք Կոլոմբոյի կենտրոնում գտնվող մի քանի հյուրանոցներում:

Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է անժամկետ պարետային ժամ մտցնելու մասին, ինչպես նաև որոշում է ընդունել արգելափակել խոշոր սոցիալական ցանցերի և մեսինջերների հասանելիությունը՝ նպատակ ունենալով բացառել չճշտված և կեղծ լուրերի տարածումը:

Շրի Լանկայում ընդհանուր թվով 8 պայթյուն է որոտացել: Առաջին 6 պայթյունները տեղի են ունեցել հենց Սուրբ Զատիկի արարողություններին՝ գրեթե միաժամանակ, Կոչիկադե, Բատիկալոա և Նեգոմբո քաղաքների եկեղեցիներում, ինչպես նաև Կոլոմբոյի կենտրոնում գտնվող «Շանգրի-Լա», «Սինամոն-Գրանդ» և «Քինգսբերի» հյուրանոցներում: Դրանցից երկու ժամ անց մայրաքաղաքային հյուրանոցներից ևս մեկում որոտացել է 7-րդ պայթյունը, իսկ դեռևս վերջինը եղել է Կոլոմբոյի արվարձան Դեմատագոդայում:

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Եվրոպական խորհուրդը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Թուրքիան, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներ:

Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային ցավակցական հեռագրեր են ուղարկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեռևս ոչ ոք պայթյունների պատասխանատվությունը իր վրա չի վերցրել, սակայն Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջեվարանդեն վստահեցրել է, որ իշխանություններին հայտնի են պայթյունների կազմակերպիչները:

BBC-ն ընդգծում է, որ 2014 թվականին Շրի Լանկայի իսլամական հանրությունը զգուշացրել է երկրի կառավարությանը, որ իսլամիստ-ծայրահեղականները միջազգային խմբավորումների աջակցությամբ կարող են գործողությունների դիմել: 2016-ին երկրի արդարադատության նախարարը հայտարարել էր, թե «լավ կրթված մուսուլմանական ընտանիքների էլիտային պատկանող» 32 ներկայացուցիչներ միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայում:

Ավելի ուշ վկայություններ հայտնվեցին հենց Շրի Լանկայում «Իսլամական պետության» ակտիվության մասին: 2019-ի հունվարին կղզու արևելյան ափին հայտնաբերվել էր վարժանքների համար նախատեսված ճամբար, որտեղ ըստ երկրի իշխանությունների՝ «Իսլամական պետության» անդամները պատրաստվում էին ահաբեկչական գործողությունների: Հաղորդվել էր, որ նրանք նախատեսում են պայթեցնել Անուրադհապուրա քաղաքի բուդդայական կոթողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։