HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ցմահ դատապարտյալը դրական վարքագիծ է դրսևորել, և նոր հանցանքի հավանականությունը բարձր է»,- ասում է քրեակատարողական ծառայությունը

«Սիրելի՛ զինվոր, սիրելի՛ եղբայր, ինչպես կցանկանաս անվանել կատարվածը՝ արդեն ուշ է, որևէ բան փոխել հնարավոր չէ: Հայրենիքը կորցրեց չորս զինվորի, չորս օջախի ծուխ մարվեց, չորս երիտասարդի կյանք մարվեց, ովքեր կարող էին լինել և՛ հայրենիքի լավ զինվոր, և՛ լավ քաղաքացի: Բայց տեղի ունեցավ սարսափելին, երեքը երկնքում են, չորրորդը՝ մարդասպանի խարանով՝  բանտում»,- քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում հեղինակած գրքույկում գրել է ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող Աշոտ Մանուկյանը:

Ինչպես ինքն է բնութագրում, «Մարդասպանի խարանով» Արմավիրի բանտում պատիժ կրող Աշոտ Մանուկյանին սպանված երեք զինծառայողների հարազատները ներել են, բայց Քրեակատարողական ծառայությունը, կարծես թե, ներել չի ցանկանում:

Մարտի 29-ին ծառայությունը բացասական եզրակացություն է տվել նրա պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ:

«Աշոտ Մանուկյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ, և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է»,-գրված է քրեակատարողական ծառայության զեկույցում:

Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Միհրան Պողոսյանը հարց է բարձրացնում. անձը պետք է բացասակա՞ն վարքագիծ դրսևորեր, որպեսզի նրա նոր հանցանք կատարելու ռիսկայնությունը ցածր լիներ:

«Նույնիսկ քերականական առումով այստեղ խնդիր կա. ստացվում է, որ դրական վարքագիծ դրսևորելն անպայմանորեն խոսում է այն մասին, որ անձը նոր հանցանք կատարելու համար բարձր ռիսկայնություն ունի»,- ասում է Միհրան Պողոսյանը:

Սպանության հանգամանքները

Աշոտ Մանուկյանը 1996 թվականին գտնվել է զինվորական ծառայության մեջ, երբ կատարել է երեք ժամկետային զինծառայողների սպանությունը: Նրանցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել: 19-ամյա երիտասարդի արարքում դրված է եղել զենքերը հափշտակելու դիտավորությունն, ինչպես 1990-ականների զինվորական մի շարք այլ սպանությունների գործերով: Ինքը` Մանուկյանը, պնդում է, որ զենքերի հափշտակության նպատակ չի ունեցել: Պողոսյանի խոսքով՝ Մանուկյանը զինվորների սպանությունից հետո  զենքերը վերցրել է, բայց երբ հասել է Երևան, դրանք պահել է, երկու-երեք օր առանց զենքերի և հանցագործություն կատարելու շրջել Երևանում՝ մինչև ձերբակալվելը, գործում առկա չեն զենք վաճառելու նախնական պայմանավորվածության, ենթադրյալ գնորդի վերաբերյալ տեղեկություններ: Ըստ Պողոսյանի՝ Աշոտ Մանուկյանը կատարած արարքից վախեցած է եղել և միգուցե հետապնդումից վախենալով, գուցե որպեսզի դեպքի վայրում զենքերը չմնան առանց հսկողության և նոր հանցանք չկատարվի, վերցրել է դրանք:  Ըստ որում՝ պաշտպանի խոսքով դեպքի վայրում եղել են նաև փամփուշտներ և այլ ռազմամթերք, որոնք ևս իրացման ենթակա են եղել, բայց Մանուկյանը դրանք չի վերցրել:

Մանուկյանն ասում է, որ սպանությունը տեղի է ունեցել  կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության, երիտասարդ տարիքում բռնկվող լինելու, արարքները շատ ծանրութեթև չանելու արդյունքում:

Արարքի հետևանքները միայն Աշոտ Մանուկյանը չի կրել

«Աշոտ Մանուկյանի կողմից կատարված սպանությունն առաջին հերթին հենց իր` Մանուկյանի համար է ցավալի. դա ակնհայտորեն երևում է պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծից»,- ասում է Միհրան Պողոսյանը:

Պաշտպանի խոսքով 1996 թվականին տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար Մանուկյանը գնդակահարության է դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

«Հանցագործություն, ողբերգություն տառապանքներ...» անունը կրող գրքույկում Մանուկյանը տեղի ունեցած սպանության մասին որոշ հանգամանքներ է պատմում, նշում, որ կենցաղային հարցի շուրջ վիճաբանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լքել էր իր զորամասն ու գնացել մեկ այլ զորամաս: Գրքույկում իր մտքերը շարադրում է զինվորների հետ խոսելու ձևով ու նրանց հորդորում տաքարյուն չլինել, կոնֆլիկտի չբռնվել, ինչ-որ քայլ անելիս մի պահ կանգ առնել ու մտածել, շեշտում, որ իր կատարած հանցավոր արարքի պատճառով ոչ միայն իր ու երեք զինծառայողների, այլ վերջիններիս հարազատների կյանքն է փչացել:

«Պատժի կրման առաջին տարիները շատ ծանր են անցել, քանի որ 1990-ականներին մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ վերաբերմունքը շատ խիստ էր: Անձնական գործում ծնողների բազմաթիվ դիմումներ կան: Նրանց չէր թույլատրվում տեսակցել իրենց՝ մահապատժի դատապարտված որդուն, և այս անձինք օր օրի սպասել են, որ իրենց որդու նկատմամբ մահապատիժն ի կատար է ածվելու՝ առանց նրան տեսակցելու»,- ասում է Միհրան Պողոսյանն, ով ուսումնասիրել է Մանուկյանի անձնական գործը:

Տուժողները ներել են Աշոտ Մանուկյանին

Տարիների ընթացքում պետության վերաբերմունքը փոխվել է, տեսակցությունների առումով խնդիր չի առաջացել, և Աշոտ Մանուկյանը սկսել է իր կատարած արարքի վերլուծման ու ուղղման ճանապարհով գնալ:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ դրա մասին է խոսում տարիներ շարունակ տուժողի նկատմամբ Մանուկյանի վերաբերմունքն ու նրա պատրաստակամությունը՝ հետագա իր կյանքը նվիրել նրանց՝ որպես իրենց կորցրած երեխաների՝ ինչ-որ չափով փոխհատուցում:

«Աշոտ Մանուկյանն իրականում հետադարձ հայացք նետելով՝ հիմա շատ կուզենար վերադառնալ տվյալ պահը՝ այսօրվա գիտակցությամբ, որպեսզի թույլ չտար նման հանցանքի կատարումն իր կողմից: Զղջման քավարանի միջով անցնելը միանգամից չի եղել, այլ տարիների ընթացքում սեփական վարքագիծը վերագնահատելու, սեփական վարքագծով այլ ընտանիքների, այդ թվում՝ իր ընտանիքը դժբախտության մեջ դնելու շատ դժվարին  ճանապարհ է եղել դա»,- ասում է նրա պաշտպանն ու նշում, որ դեպի ուղղումը գնալու միտումը Մանուկյանի մոտ նկատվում է ցանկացած առումով, անգամ ՔԿՀ-ին գրված դիմումներն են տարիների ընթացքում ավելի գրագետ դարձել:

Մանուկյանը ազատազրկման դատապարվելուց հետո վերականգնել է կապը դասընկների հետ, փորձել սոցիալիզացվել, այնտեղ ամուսնացել է, այժմ սովորում է, կապ է պահպանել տուժողների հետ, ու իր անթույլատրելի արարք կատարելու հանգամանքն ընդունելով՝  փորձել փոքր-ինչ մեղմել նրանց վիճակը: Պատահական չէ, որ տուժողները վերջերս նոտարական կարգով հայտարարություն են տվել, որ Մանուկյանից պահանջ չունեն ու դեմ չեն նրա ազատ արձակմանը:

Աշոտ Մանուկյանի ընտանիքը ևս անմասն չի մնացել այս գործընթացներից: Պաշտպանի խոսքով՝ Մանուկյանի պատիժ կրելու տարիների ընթացքում նրա ընտանիքը և՛ նյութական, և՛ հոգեբանական աջակցություն է տրամադրել տուժողների ընտանիքներին:

«Ես փորձել եմ առաջին հերթին հասկանալ տուժողների վերաբերմունքը այս ամենին՝ հաշվի առնելով նաև մեկ շատ կարևոր առանձնահատկություն. մահացած երեք զինվորականներից երկուսը հարազատ եղբայրներ են եղել, այսինքն մի ընտանիք ունեցել է երկու կորուստ, և չնայած անդառնալի ցավին՝ տուժողները որևէ պահանջ չունեն Աշոտ Մանուկյանից և նրա ընտանիքից: Ընդհակառակը. նրանք գտնում են, որ Աշոտ Մանուկյանն արդեն իսկ կրել է իրեն հասանելիք պատիժն, ուղղվել է, և չեն առարկում որպեսզի նա պայմանական ազատ արձակվի»,- նշեց Միհրան Պողոսյանը:

«Հանցագործություն, ողբերգություն, տառապանք...» գիրքը

Պաշտպանի խոսքով՝ Մանուկյանի հեղինակած գրքույկը որոշ զորամասերում տարածում ունի՝ իբրև հանցագործությոնների կանխման միջոց: Նրա անձնական գործում առկա է տեղեկություն այն մասին, որ Մանուկյանն այս գրքի բազմաթիվ օրինակներ ուղարկել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, որպեսզի գիրքը տարածում ստանա զինված ուժերում, և 18-19 տարեկան պատանիները հասկանան, որ իրենք գործ ունեն ոչ միայն իրենց, այլ նաև դիմացինի կյանքի հետ, ու ոչ մի դեպքում ծայրահեղ քայլերի չգնան, գիտակցեն, որ բացի թշնամու հարձակման վտանգից և ռեալ առկայությունից չկա որևէ այլ խնդիր, որը հնարավոր չէ ծառայակցի հետ լուծել առանց զենքի:

Մանուկյանը իր հեղինակած գրքում սպանության հանգամանքների մասին չի մանրամասնում: Պաշտպանն ասում է՝ դա ավելի շատ հոգեբանական խնդիր է:

«Ինքն ամեն օր վերհիշում է այդ ամենն ու ապրում իր թույլ տված սխալով: Գրքի մեջ չի ցանկանում մանրամասնել սպանության հանգամանքները՝ միգուցե այլ անձանց մոտ վճռականություն չառաջացնելու, միգուցե այն պատճառով, որ եթե սպանության հանգամանքների մասին խոսի, տպավորություններն այլ կլինեն...Ինքը զղջում է, բայց դրա մասին խոսելը շատ դժվար է»,- ասում է պաշտպանը:

Դատապարտյալի  հետ անմիջական շփում ունեցող պաշտոնյաները՝ գործընթացից դուրս

Վերջին շրջանում ցմահների թեման լայնորեն քննարկման առարկա էր դարձել: Ցմահ ազատազրկման դատապարտված մեկ անձ` Կարեն Օգանեսյանը, ազատ արձակվեց: Համաներումից առաջ էլ խոսվում էր այն մասին, որ ցմահների նկատմամբ ևս պետությունը պետք է  որոշակի դրական վերաբերմունք ցուցաբերի: Միհրան Պողոսյանի խոսքով՝ թվում էր, թե իրավիճակ է փոխվել, սակայն ժամանակը եկավ ապացուցելու, որ Կարեն Օգանեսյանի ազատ արձակումը բացառիկ և յուրահատուկ դեպք էր:

Պողոսյանը հիշեց, թե հանրությունը որքան ցավագին ընդունեց ցմահներից ոմանց ներման խնդրագրերի հարցը: Այդ ժամանակ իրավապաշտպան կառույցների, այլ քաղաքացիների հայտնած մտքերում կարմիր թելով անցնում էր այն գաղափարը, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը ինչ-որ վերաբերմունք պիտի դրսևորի տուժողների նկատմամբ, որ տուժողները ևս իրավունքներ ունեն, որոնք ազատ արձակման հարցի քննարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն: Քննարկումներում հնչեց նաև տեսակետ, որ պետությունն արդեն իսկ տուժողների նկատմամբ իր պոզիտիվ պարտականությունը կատարում է, երբ  տվյալ անձին դատապարտում է ազատազրկման, և ներման կամ այլ գործընթացներում չպետք է հաշվի առնվի նրանց դիրքորոշումը:

«Ես չեմ գտնում, որ տուժողների դիրքորոշումը չպետք է հաշվի առնվի, բայց չեմ գտնում նաև, որ տուժողների դիրքորոշումը պետք է վճռորոշ լինի: Այսինքն՝ դա գնահատման արժանի կարևորագույն փաստերից մեկն է, բայց ոչ վճռորոշ»,- այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Միհրան Պողոսյանն ու նշեց որ, ըստ էության, այս հարցում վճռորոշ հանգամանք գոյություն չունի, և յուրաքանչյուր գործ պետք է գնահատել՝ հանգամանքների համակցության մեջ:

«Պատժի նպատակը անձին ուղղելն է, սոցիալականացնելը, որպեսզի սոցիալական արդարությունը վերականգնվի, նոր հանցանք տեղի չունենա: Այս պարագայում սոցիալական արդարությունը կլիներ այն, որ այդ մահացած անձինք կյանք վերադառնային, որը, ցավոք, հնարավոր չէ, ուստի սոցիալական արդարությունը վերականգնելու այլ միջոցներ պետք է գտնել»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ շեշտելով, որ տուժողների դիրքորոշումը պատասխանն է` սոցիալական արդարությունը վերականգնվել է, թե՞ ոչ:

«Իրականում 19 տարեկան պատանին կատարած հանցանքի համար 24 տարի՝ իր կյանքից ավելի, պատիժ է կրել: Արդյոք սոցիալական արդարությունը չվերականգնվե՞ց, երբ դատապարտյալն իր հանցանքի նկատմամբ ունի այն վարքագիծն, ինչ Աշոտ Մանուկյանը... Ինքը զրկել է կյանքից մարդկանց, ու ինքը ևս, ըստ էության, զրկված է եղել կյանքից: Տուժողները ունեին խորը  ցավ, բայց այնպես չէ, որ Աշոտ Մանուկյանի հարազատները հրճվանք են ապրել տեղի ունեցածով ու նույնքան ցավ չեն զգացել: Դա ոչ միայն տուժողների, այլ նաև Աշոտ Մանուկյանի հարազատների ծանր վիշտն է: Այո, տուժողներն անձինք են կորցրել, որն անդառնալի կորուստ է, բայց այնպես չէ, որ Աշոտ Մանուկյանի հարազատները նրան չեն կորցրել: Ինձ պատմում են, որ երբ ծնողներով հանդիպում են, գրկում են իրար ու  իրար հետ լաց լինում»,- ասում է Միհրան Պողոսյանը:

Անդրադառնալով Աշոտ Մանուկյանի անձնական գործում առկա տվյալներին՝ Միհրան Պողոսյանը փաստում է. պատժի կրման 24 տարիների ընթացքում  նրա դրսևորած վարքագիծը միանշանակ դրական  է եղել, և քրեակատարողական հիմնարկների պատասխանատու անձինք, որոնց վրա պարտականություն է եղել Մանուկյանի ուղղումն ապահովելու, որոնք մշտական շփում են ունեցել նրա հետ, նրան օբյեկտիվորեն գնահատել են իբրև դրական դատապարտյալ:

Մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում սակայն, դատապարտյալի ազատ արձակման հետ կապված զեկույցն ու միջնորդագիրը ոչ թե քրեակատարողական հիմնարկն է ներկայացնում, այլ քրեակատարողական վարչությունը՝ դատապարտյալի  անձնական գործի հիման վրա: Ասել է թե փաստաթղթի հիման վրա է կազմվում զեկույցը, իսկ այն պաշտոնատար անձինք, որոնք մշտական շփման մեջ են դատապարտյալի հետ, գործընթացից դուրս են մնում, որոշում կայացնողները  անձի հետ չեն շփվում: Պաշտպանի խոսքով` սա լուրջ խնդիր է:

«Մանուկյանն ուղղվել է, թե ոչ, ես չեմ կարող ասել, ոչ ոք թղթով չի կարող ասել, որովհետև  1996 թվականին ես Աշոտ Մանուկյանին չեմ ճանաչել: Իր վարքագծի ցանկացած փոփոխությունը գնահատում են քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք, ովքեր անմիջական շփման մեջ են գտնվել նրա հետ. իրենք կարող են բնութագրել Աշոտ Մանուկյան անձի էվոլյուցիան»,- ասում է Միհրան Պողոսյանը, բայց միևնույն ժամանակ նշում, որ նրա գործում առկա փաստաթղթերը նայելիս այդ անձն իր համար դրական է:

Ըստ պաշտպանի՝  քրեակատարողական ծառայության եզրակացությունը հիմնազուրկ է

«Մենք գտնում ենք, որ նոր հանցանք կատարելու հետ կապված ռիսկայնությունը բարձր գնահատելը դիտավորյալ գործողություն է ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանի նկատմամբ, որովհետև որևէ քննադատության չի դիմանում այս ամենը՝ օրենքի տրամաբանությունից նայելով»,- ասում է պաշտպանը: Վերջինիս համար կտրականապես անընդունելի է Աշոտ Մանուկյանի վերաբերյալ զեկույցում տրված եզրակացությունը՝ համաձայն որի՝ նա «պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ, և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է»:

Պաշտպանը մեջբերեց Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որտեղ նշվում են այն չափանիշները, որոնց հիման վրա գնահատվում է  դատապարտյալի ուղղման հանգամանքը: Այս հոդվածը սահմանում է ինչպես վարքի, այնպես էլ նոր հանցանք կատարելու հետ կապված որոշակի չափանիշներ:

Վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում դատապարտյալի տույժերի առկայությունն ու բացակայությունը: Սահմանված չափանիշներից ելնելով, փաստորեն, Աշոտ Մանուկյանը բնութագրվել է դրական:

Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելուն, ապա այս դեպքում հաշվի են առնվում մի քանի հանգամանքներ՝ դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին, հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը, ռեցիդիվի առկայությունը, իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը, նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ, որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները, մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին, ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը, սոցիալական միջավայրը, առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը, դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

Վերլուծելով Մանուկյանի գործն ու օրենսդրական կարգավորումները` Միհրան Պողոսյանը   պնդում է, որ Մանուկյանի պարագայում պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ բացասական եզրակացություն տալը ոչ մի հիմք չունի:

«Միակ հանգամանքը, որ գուցե հիմք ընդունած լինեն, նրա տարիքն է: Մանուկյանը 42 տարեկան է, համեմատաբար երիտասարդ, բայց եթե դա են հիմք ընդունում, ապա պետք է սահմանել, որ, օրինակ, անձը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի 70 տարեկանից»,- ասաց Միհրան Պողոսյանն՝ ընդգծելով նաև որ բացառված չէ՝  70 տարեկան անձը ևս նոր հանցագործություն կատարի:

«Այս անձը իր կյանքի ավելի մեծ մասն անց է կացրել քրեակատարողական հիմնարկում, քան ազատության մեջ: Իր վարքագծից և գրած գրքից ակնհայտ է, թե  ինչ վերաբերմունք ունի իր կատարած հանցանքի նկատմամբ: Քրեակատարողական հիմնարկում ամուսնանցել է, սովորել, բնութագրվում է դրական, ռեցիդիվ առկա չէ, պատճառված վնասն իր միջոցներով հարթել է այնքանով, որքանով դա հնարավոր է, քրեակատարողական ծառայության զեկույցում նշված է, որ քրեական ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, մանակցում է մարզական միջոցառումներին, ինքնակրթվում է, բացասական հակումներ չունի, ընտանիքի հետ կայուն կապ ունի, համոզված եմ, որ ազատության մեջ տուժողների ընտանիքները գտնվելու են նրա խնամքի ներքո»,- նշեց Պողոսյանն ու շեշտեց, որ եթե պետությունը գտնում է, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք չպետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեն, ապա դա օրենքով պետք է նախատեսված լինի, բայց օրենքը նման բան չի նախատեսում:

«Ստացվում է, որ պետությունը գնում է այն ճանապարհով, որ ցմահ ազատազրկվածներն ազատ արձակման որևէ հնարավորություն չպետք է ունենան»,- եզրակացնում է Միհրան Պողոսյանը` հարց բարձրացնելով, թե  ո՞ր չափանիշի հիման վրա է պետությունը գտել, որ Աշոտ Մանուկյանն ունի նոր հանցանք կատարելու բարձր ռիսկայնություն:

«Չի կարող այս փաստաթղթի տակ ստորագրած անձը քմահաճուքի հիման վրա գրել, որ նոր հանցանք կատարելու հավանականություն կա: Այդ քմահաճույքն օրենք է. օրենքը կոնկրետ նախատեսում է, թե որ պայմաններում է բարձր այդ ռիսկայնությունը: Մենք չենք հրաժարվելու այսպիսի զեկույցով գնալ դատական քննության: Այս հարցին ի վերջո դատարանը պետք է պատասխան տա, և ես հուսով եմ, որ Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս քրեակատարողական ծառայության, եթե չի հրաժարվի այս զեկույցից, ապա գոնե կփորձի դատարանում մեզ բացատրել թե ի՞նչ չափանիշներով է գնահատել, որ Աշոտ Մանուկյանի նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր գնահատել»,- ասաց Պողոսյանն ու նկատեց, որ եթե դատարանը մերժի Աշոտ Մանուկյանին ազատ արձակել, ապա պիտի հստակ հանգամանքեր նշի, որպեսզի քրեակատարողական հիմնարկը հնարավորություն ունենա իմանալու, թե էլ ինչ պիտի անի, որպեսզի  դատապարտյալն ուղղվի:

Ինչո՞ւ է պետությունը խուսափում ցմահների խնդրից

Ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերով հետաքրքրվելով՝ Միհրան Պողոսյանը նկատել է մի օրինաչափություն. երբ դատապարտյալների ազատ արձակվելու հետ կապված տուժողների առարկություն առկա չէ, քրեակատարողական հիմնարկները եզրակացություն են տվել, որ նրանց ազատ արձակումը նպատակահարմար չէ, իսկ երբ տուժողները ազատ արձակման հետ համաձայն չեն, Քրեակատարողական հիմնարկները  նպատակահարմար են գտել նրանց ազատ արձակումը՝ վստահ լինելով, որ այդ պարագայում դատարաններն ազատ չեն արձակի:

«Ես կարծում եմ, որ պետությունը դեռևս խուսափում է ցմահների հետ կապված հստակ դիրքորոշում ու վարքագիծ դրսևորելուց: Այս խնդիրը տարիներ շարունակ կախված է Հայաստանի Հանրապետության դիմաց ու ուղղակի քաղաքական կամք է պետք՝ այս ամենին գնահատական տալու համար: Ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր ցմահների նկատմամբ պետությունը պետք է նույնանման վերաբերմունք դրսևորվի, բայց պետությունը պետք է այս անձանց գործերին անդրադառնա առանձին -առանձին՝ յուրաքանչյուրի կատարած արարքը, դրսևորած վարքագիծը գնահատի, որպեսզի մենք ունենանք այնպիսի պետություն, որի համար անգամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքները գերակա են»,- ասաց Միհրան Պողոսյանը` նշելով, որ այս պահին ինքն այդ միտումը չի տեսնում Արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության գործողություններում:

Պաշտպանի կարծիքով` վախ կա, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները կսկսեն պայքարել իրենց իրավունքների համար:

«Այդ դեպքում պետությունը պարտավորված կլինի աշխատանք կատարել նրանցից յուրաքանչյուրի հետ ու կպարզվի, որ ցմահ ազատազրկման ենթարկվածներից մոտ կեսը  ենթակա են ազատ արձակման»,- նշեց Պողոսյանը:

Վերջինս նորից հիշեց, թե ինչ ճամբարների էր բաժանվել հասարակությունը, երբ քննարկվում էր ցմահների ներման հարցը, և կարծիք հայտնեց, որ պետությունը չի կանխատեսում, թե ինչ կկատարվի հասարակության ներսում, երբ այս անձանց խնդիրներով զբաղվելու իր պոզիտիվ պարտականությունն իրականացնի:

«Խնդիրը կառավարել չկարողանալու պատճառով իրենք խնդրին ընդհանրապես ընթացք չեն տալիս»,- եզրահանգում է Միհրան Պողոսյանը:

Ցմահ ազատազրկման դատապարտված և պատժից ազատված Կարեն Օգանեսյանի և Աշոտ Մանուկյանի գործերը համեմատելի են

Միհան Պողոսյանը եղել է ցմահ ազատազրկման դատապարտված և 2018-ին ազատ արձակված Կարեն Օգանեսյանի պաշտպանը: Օգանեսյանի օրինակը բերելով` փաստաբանը համոզմունք է հայտնում, որ այո, ցմահ ազատազրկվածներին պետք է կյանք վերադառնալու հնարավորություն տալ, եթե նրանք իրենց վարքագծով արժանացել են դրան:

«Մինչև օրս շփման մեջ եմ Կարենի հետ: Ինքն իր ընտանիքի հետ է, ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ  նա կարող է այս ընթացքում հակաօրինական գործողություն կատարած լինել կամ կատարել»,- նշեց Միհրան Պողոսյանը:

Հատկանշական է, որ թեև Օգանեսյանը տասը տարի փորձաշրջանով էր ազատ արձակվել,  2018-ին հայտարարված համաներման մասին օրենքով նաև նրա նկատմամբ հսկողությունն է վերացվել: Օգանեսյանի ընտանիքը նրա ազատ արձակման ժամանակ ԱՄՆ-ում էր, այժմ արդեն տեղափոխվել է Հայաստան:

«Եթե մենք այն ժամանակ չգնահատեինք Կարեն Օգանեսյանի դեպքն ու անհատական վերաբերմունք չդրսևորեինք, ապա այս մարդն այս ամենից կզրկվեր, ու ոչ ոք չի կարող ասել, թե քրեակատարողական հիմնարկում դրանից հետո իր կյանքն ինչպես կստացվեր»,- նշեց Միհրան Պողոսյանն ու կարծիք հայտնեց, որ թեև Կարեն Օգանեսյանի և Աշոտ Մանուկյանի գործերում որոշակի տարբերություններ կան` դրանք համեմատելի են. Կարեն Օգանեսյանի դեպքում տուժողների ներկայացուցիչներն ԱՄՆ-ից են, բայց բողոք չեն ներկայացրել, Աշոտ Մանուկյանի գործով ևս տուժողները բողոք չունեն, Կարեն Օգանեսյանն ինչպես Աշոտ Մանուկյանը զղջացել է կատարվածի համար, Օգանեսյանը ՔՀԿ-ում աշխատել է, Աշոտ Մանուկյանն այժմ  հոգեբանություն է սովորում:

Ի դեպ, պաշտպանի խոսքով` ազատ արձակվելու պարագայում Աշոտ Մանուկյանն աշխատանքի առաջարկ ունի:

Պաշտպանն առաջիկայում կբողոքարկի նրա վերաբերյալ քրեակատարողական ծառայության զեկույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter