HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ցեմենտի ներմուծման տուրքի սահմանման նախագծի քննարկումները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ շահերի բախման մտայնություն են առաջացրել

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտայնություն է տեսնում այն հարցում, որ մեկ քաղաքական ուժ մի գործարարի շահն էր պաշտպանում «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ։

«Մտայնությունը իսկապես բարձրաձայնվել է, պետք է հասկանանք շահերի բախում է, թե ոչ, եթե բախում է, դրան պետք է հետևեն որոշակի գործողություններ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ականների ելույթում շահերի բախում չկա՞ր։

«Իմ մտահոգության առարկան շահերի բախումն է, ինչի մասին դուք բարձրաձայնեցիք»,- ասաց Միրզոյանը։

Դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը հեղափոխությունից հետո ասում էր, որ խորհրդարանում գործարարներ չեն լինելու, սակայն վերոնշյալ նախագծի քննարկումները ցույց տվեցին, որ մի ուժ պաշտպանում է գործարար-պատգամավորի շահերը, արդյոք սա չի՞ հակասում հեղափոխության գաղափարախոսությանը, ԱԺ խոսնակն արձագանքեց.

«Առաջարկում եմ նայել ԿԸՀ արձանագրությունները, թե քանի տոկոս վստահության քվե է ստացել այդ քաղաքական ուժը, որն իր կազմում ունի գործարար պատգամավորներ։ Քաղաքացիները քվեարկել են, մենք կարող ենք քաղաքական գնահատականներ հնչեցնել, բայց ոչ սրբագրել քաղաքացիների քվեարկությունը»։

Միրզոյանը հիշեցրեց, որ վարչապետը քաղաքական գնահատական հնչեցրել է ժամանակին այս հարցով, ինքն էլ կարող է հաստատել իր վերաբերմունքը, սակայն չեն պատրաստվում որևէ ոչ իրավաչափ գործողություններ կատարել։

«Եթե ես լինեի բիզնեսմեն նոր Հայաստանում, բացարձակ անհրաժեշտություն չէի տեսնի լինել խորհրդարանում, նախկինում դրա կարիքը եղել է՝ ապահովել պաշտպանվածություն, սակայն հիմա համարում եմ անիմաստ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ստացվում է՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է գալիս այն նախագծերի ժամանակ, որն իրեն անհրաժեշտ է, Միրզոյանն ասաց.

«Ես տենդենցի մասին այլ կարծիք ունեմ, եթե նիստերի հաճախելիության և քվեարկությունների վիճակագրությունը նայեք, այլ տենդենցի մասին կխոսեինք»,- ասաց նա։

Միրզոյանը վստահեցրեց, որ եթե որևէ պատգամավորի բացակայությունները լինեն անհարգելի՝ սահմանված չափից շատ, ապա կհետևեն համապատասխան գործողություններ, և դա վերաբերում է 132 պատգամավորներից յուրաքանչյուրին։

Հարց հնչեց Քաղաքացու օրվա տոնակատարությունների մասին, և այն քննադատությունների մասին, որ հնչում են 124 միլիոն դրամ գումարի հետ կապված։

«Մենք հասարակության մեջ արժեհամակարգային խնդիր ունենք, ի վերջո հեղափոխությունից էլ տարիներ առաջ մենք խոսում էինք արժեքների համակարգի մասին. քաղաքացու տոնը կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության, այդ ինստիտուտը կրթելու համար, և սրան ուղղել 124 միլիոն դրամ, կարծում եմ արժի»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանի համոզմամբ՝ հեղափոխությունը քաղաքացու զարթոնքն էր և քաղաքացու հաղթանակը։

«Տարիներ շարունակ խնդիր կար, հիմնական խնդիրն այն էր, որ Հայաստանում կարծես թե մարդիկ ու պետությունն առանձին զուգահեռ իրականությունում ապրեին, մարդիկ հաշտվել էին, որ պետական կառավարման համակարգը իրենցը չէր, իրենց չէր հաշվետու, հեղափոխության ժամանակ մարդիկ կանգնեցին ու ասացին՝ վերջ, այսուհետ այսպես պետք է լինի, ու դա ոչ թե եզակի ակտ պետք է լինի, այլ շարունականաբար արմատավորվի այս գիտակցումը մարդկանց մեջ, և նպատակային պետք է ծառայի սա»,- ասաց նա։

Հարց հնչեց նաև իր հաշվի մասին, որի վրա ԴԱՀԿ-ն կալանք էր դրել, Միրզոյանը մանրամասնեց, որ մեքենան սխալ վայրում կայանելու համար տուգանքի ծանուցում է ստացել, որով ժամանակին չի զբաղվել, ինչին էլ հետևել է ԴԱՀԿ-ի կողմից իր հաշվին կալանք դնելը։

«Ես ստիպված եղա կանխիկով գնել հեռուստացույցը, տուգանքը վճարել եմ, և բացարձակ վատ վարկային պատմություն չունեմ»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter